‘Խմբագրական. Ի՞նչ եղավ մարտի մեկի իշխանական վարկածը’

2745

Ամեն անգամ, երբ մոտենում է Մարտի մեկի հերթական տարելիցը, ես նույն հարցի պատասխանն եմ ուզում ստանալ. արդյո՞ք Հայաստանում կա գեթ մեկը, ով դեռ պատրաստ է պաշտպանել 2008-ի մարտի մեկի պաշտոնական վարկածը: Ամեն անգամ հարցս մնում է օդում կախված՝ կամավորներ չեն գտնվում, բայց ես իմ փնտրտուքը շարունակելու եմ այնքան երկար, որքան պետք կլինի:

Բնականաբար, առաջնային հետաքրքրություն է ներկայացնում այն, թե արդյո՞ք պաշտոնական վարկածի կրողներն առկա են իշխող ուժի կամ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում: Փորձը հուշում է, որ այդտեղ էլ, որտեղ թվում էր` պետք է անվերապահորեն իշխեր պաշտոնական տեսակետը, դա պաշտպանել ցանկացողներ չեն երեւում: Ավելին՝ երկիմաստ հայատարարությունների պակաս, կարծես, չի զգացվում. սերժական իշխանությունն ու քարոզչությունը միշտ էլ փորձել են խաղեր տալ Մարտի մեկի թեմայով, այսպես ասած` չեզոք երրորդի դիրք գրավել՝ հակաբարոյական եւ հակատրամաբանական պահվածք միաժամանակ:

Վերջին` համեմատաբար թարմ օրինակներից կրթության նախարար, ՀՀԿ անդամ Ա. Աշոտյանի մեկնաբանությունն էր, որն ահագին ուշագրավ է այդ իմաստով: Նախքան Աշոտյանի մեկնաբանությանն անդրադառնալը, եւս մեկ անգամ արձանագրենք, թե ինչու՛ եւ ինչո՛վ է կարեւոր Մարտի մեկի պաշտոնական վարկածի հետ կապված հարցադրումը:

Պաշտոնական վարկածը. զինված խռովություն

Նախ հիշենք, թե ի՛նչ է եղել 2008-ի մարտի մեկին` ըստ պաշտոնական վարկածի: Եթե քիչ թե շատ մարդկային լեզվի ու տրամաբանական համակարգի բերենք այն, ինչը` իշխանական վարկածը, ըստ սահմանման, չի կարող հանգել լիարժեք տրամաբանության եւ մարդկային լեզվի, ապա մարտի մեկին ընդդիմությունը` պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով կազմակերպել է խռովություն: Ընդդիմության ներկայացուցիչները նախապես պատրաստել են զենքի պաշարներ, ինչի ապացույցներն, իբր, հայտնաբերվել էին Ազատության հրապարակում մարտի մեկի առավոտյան կատարված զննության արդյունքում (համապատասխան կադրերը ցուցադրվել են հեռուստատեսությամբ): Նույն օրվա երեկոյան ընդդիմության ներկայացուցիչներն, իբր,  կազմակերպել էին զինված ապստամբություն, որի ընթացքում կրակել են ոստիկանության վրա (հատկապես ավտոբուսների հետեւից, ինչի ապացույցները խոստացվել է ցուցադրել), հարձակվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա, թալանել խանութները եւ այլն: Այս ամենը կանխելու նպատակով իշխանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Խռովությունը ճնշվել է, արդարությունը վերականգնվել է, օրինական իշխանությունը պահպանվել է: Ամփոփ ասած՝ 2008-ի մարտի մեկին ընդդիմությունը գործել է ծանրագույն պետական հանցագործություն:

Պաշտոնական վարկածի սնանկությունը

Իհարկե, անհրաժեշտ է շեշտել, որ պաշտոնական վարկածի որեւէ հիմնարար դրույթ այդպես էլ երբեք չի հաստատվել նույնիսկ իշխանությանը ենթակա դատական համակարգի կողմից:

Այսպես.

ա. որեւէ մեկը չի դատապարտվել Ազատության հրապարակում առավոտյան գտնված զենքի գործով (առհասարակ այդ զենքի ո՛ւմ պատկանելը եւ մնացած այլ հարցերը ցայսօր պաշտոնապես մնացել են անպատասխան),

բ. որեւէ մեկն այդպես էլ չի դատապարտվել խանութի թալանների կամ մեքենաներ այրելու համար,

գ. այդպես էլ չի ներկայացվել ավտոբուսների հետեւից կրակելու եւ առհասարակ ոստիկանության վրա զինված հարձակում գործելու ապացույցը,

դ. դրա փոխարեն` տասնյակ ընդդիմադիրներ դատապարտվել են ոստիկան հրելու, իսկ մի մասն էլ՝ «իշխանություն յուրացնելու» վերացական մեղադրանքով:

Բազմիցս կրկնվել է, եւ երբեք չպետք է հոգնենք կրկնել, որ միայն այս չորս կետը բավական է, որպեսզի իշխանական վարկածից չմնա ոչինչ, բացի օդը տատանող դատարկաբանությունից: Իշխանական վարկածն, ուրեմն, երբեւէ չի հաստատվել նունիսկ պաշտոնական դատական մակարդակով, չնայած բոլորս էլ գիտենք մեր երկրի դատաքննչական մարմինների տաղանդն՝ անապացուցելին ապացուցելու գործում:

Չեմ հիշում նաեւ, որ երբեւէ որեւէ պաշտոնյա կամ իշխող ուժի ներկայացուցիչ որեւէ առիթով պնդի պաշտոնական վարկածը՝ սկսած դեռ 2008-ի առաջին կեսից: Դրա փոխարեն` երկիմաստ հայտարարություններ բավականին հաճախ են եղել, այդ թվում` Սերժ Սարգսյանի մակարդակով: Իշխանական քարոզչության նպատակն այս իմաստով պարզից էլ պարզ է՝ իբր, խեղճ ու բարի Սերժը կապ չունի Մարտի մեկի հետ, նա չէր ուզում, բայց այդպես ստացվեց (ի դեպ, մինչ գրում էի այս տողերը, պարզվեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը գրեթե բառացի հենց այդպես էլ ասել է): Իսկ այն, որ Մարտի մեկի արդյունքում հենց Սերժն ու իր թիմն են եկել իշխանության, բնականաբար` այս «բարի» վարկածն անտեսում է:

Եթե պաշտոնական վարկածը երբեք չի հաստատվել իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա հասկանալի պատճառներով` այն նույն մակարդակով երբեք նաեւ ուղղակիորեն չի հերքվել: Պատճառը պարզ է. եթե հերքվում է Մարտի մեկի պաշտոնական վարկածը, ուրեմն` հերքվում է Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի իշխանության օրինակարգությունը: Եթե մարտի մեկին տեղի չի ունեցել զինված խռովության եւ պետական հեղաշրջման փորձ, ուրեմն` իշխանության գործողությունները եղել են անհամաչափ, ուրեմն` իշխանությո՛ւնն է պետական հանցանք գործել: Այստեղ միջին՝ երրորդ տարբերակ չկա ու չի կարող լինել: Կողմերից որեւէ մեկը գործել է ծանրագույն պետական հանցագործություն, իշխանությունը զավթելու փորձ է արել՝ դա եղել է կա՛մ ընդդիմությունը, կա՛մ իշխանությունը, եւ այստեղ երրորդ կողմ չկա, ու առավել եւս դա չի կարող լինել Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այս ամենի ոչ թե երրորդ` չեզոք կողմն է, այլ անմիջապես ներգրավված, շահագրգռված, առաջնային սուբյեկտ: Ուրեմն` իշխանության որեւէ ներկայացուցիչ նույնպես պետք է հստակ կամ ա՛յս, կամ ա՛յն կողմն արտահայտվի:

Աշոտյանի հայտարարությունը. մեջբերում

Իսկ այժմ դառնանք Ա. Աշոտյանի հայտարարությանը, որը կարեւոր է տվյալ դեպքում այնքանով, որ եզակի չէ, այլ բնորոշ է սերժական վարչակարգի, այդ թվում հենց իր` Սերժի հրապարակային մեկնաբանություններին Մարտի մեկի վերաբերյալ: Շեշտենք, որ տվյալ դեպքում մեզ հետաքրքիր չէ Աշոտյանի հայտարարությունն ինքնին: Չենք պատրաստվում բանավեճի մեջ մտնել դրանում հնչած դարակազմիկ դրույթների հետ: Մեզ սա հետաքրքիր է միայն ու միայն որպես Մարտի մեկի հետ կապված իշխանության ներկայացուցչի հերթական ինքնախոստովանություն:

Նախ՝ համառոտ մեջբերում. «Ցավում եմ, որ ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը… այս 6 տարիների ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ժամանակ մահացած մարդկանց արյունն է ու հիշատակը… Սա քաղաքական սնանկության ամենաակնառու երևույթներից մեկն է… Հիշում եմ, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ և փաստացի սակարկում էր Մարտի 1-ը, զոհերի հիշատակը և այդ իրադարձությունները առհասարակ… Ես ողջունում եմ, օրինակ, Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքն ունի նման առիթ` նման բան անելու, ինչը, օրինակ, չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի մեկի ողբերգական հրապարակում կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնում եք, եթե բոլորն այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը…»: Տեսնենք, թե ի՛նչ է այս մեկնաբանությունը որպես Մարտի մեկի փաստացի գնահատական:

Տարերային աղե՞տ, թե՞ ծանր հանցանք

ա. Մարտի մեկի դեպքերը որակվում են որպես «ողբերգական»: Սա շատ անորոշ եւ ապաքաղաքական ձեւակերպում է, համենայն դեպս` իշխող ուժի, այսինքն՝ մարտի մեկին կատարվածի սուբյեկտներից մեկի ներկայացուցչի շուրթերով: Ըստ պաշտոնական վարկածի, որի կրողը պարտավոր է լինել Աշոտյանը (չլինելու դեպքում` պետք է հրաժարական տար շատ վաղուց), մարտի մեկին տեղի է ունեցել ծանրագույն պետական հանցագործություն՝ զինված խռովությամբ, բռնի ուժով իշխանությունը զավթելու փորձ, որը ճնշվել է: Սոսկ ողբերգություն կարող է լինել տարերային աղետը կամ կենցաղային ինչ-որ միջադեպ, բայց այստեղ խոսքը կոնկրետ հանցանքի մասին է: Իշխող ուժի ներկայացուցիչը պարտավոր է որոշակի լինել այս հարցում, այլապես սեփական իշխանական դիրքի օրինակարգությունն է կասկածի տակ դնում: (Եթե կարծում եք, որ չափազանցում եմ, ահա` մի հատված Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցից. «Մարտի 1–ը, ես ձեզ էլի եմ ասում, ընդամենը պատահական պատահար է եղել, և չի կարելի մեղավորներ ման գալ, գտնել՝ ովքեր են դրանք»):

Հանցագործնե՞ր, թե՞ հերոսներ

բ. Մարտի մեկի զոհերի հիշատակը համարվում է քաղաքական կապիտալ: Սա նույնպես չի կարող համատեղվել պաշտոնական վարկածի հետ: Ըստ այդմ՝ մարտի մեկի զոհերը պետք է գնահատվեին որպես ոստիկանության վրա հարձակված եւ ոստիկանության ինքնապաշտպանական գործողությունների հետեւանքով զոհված հանցագործներ: Որեւէ մեկը կարող է մարդկայնորեն վերաբերվել ցանկացած զոհի, բայց պաշտոնական վարկածի կրողը լինելով` չի կարող թեկուզեւ զոհված հանցագործի հիշատակից դրական շրջարկում խոսել կամ ընդունել, որ նրա հիշատակը կարող է լինել քաղաքական կապիտալ, թեկուզեւ` «սնանկ քաղաքական ուժի» համար: Միգուցե հարգարժան նախարարը կասկածո՞ւմ է, որ այդ մարդիկ հանցանք են գործել: Իհարկե, մենք երբեք չենք իմանա այս հարցի ուղիղ պատասխանը, բայց անուղղակիորեն պատասխան արդեն ունենք:

Լո՞ւրջ

գ. ՀԱԿ ներկայացուցչի բանակցությունները ԲՀԿ ներկայացուցչի հետ գնահատվում են որպես Մարտի մեկի հիշատակի դրժում: Զարմանալի արձագանք` իշխող ուժի ներկայացոցչի կողմից: Ստացվում է, որ Մարտի մեկն ունի պատասխանատու, եւ այդ պատասխանատուն ԲՀԿ-ն է: Ճիշտ է, դա արձանագրված չէ Մարտի մեկի գործով ընթացած դատական վճիռներում, եւ բանտերում հայտնվել են ամենեւին էլ ո՛չ ԲՀԿ անդամները: Այսինքն, Աշոտյանն ինչ-որ բան ունի հաղորդելու Հայաստանի արդարադատության համակարգին, բայց, չգիտես ինչու, չի կատարում իր քաղաքացիական պարտքը:

Առավել հետաքրքրասերների մոտ հարցեր են առաջանում: Եթե Մարտի մեկի պատասխանատուն` ի դեմս այն ժամանակվա իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ի, գտնվել է, ապա որքանո՞վ են մեղսակից կոալիցիայի մյուս անդամները: Չէ, խոսքը ՀՅԴ-ի մասին չէ: Օրինակ, ի՞նչ էր անում այդ օրերին կոալիցիայի ավագ անդամ ՀՀԿ-ն, որի ներկայացուցիչն է պարոն նախարարը: Գուցե պետք է ենթադրենք, որ մարտի մեկին «չար» ԲՀԿ-ն կրակում էր «սնանկ» ՀԱԿ-ին, իսկ ՀՀԿ-ի արդարության մաքրամաքուր մարտիկների գունդը փորձում էր կանգնել երկուսի արանքում՝ խաղարարար առաքելությամբ:

Աշոտյանը` տոլստոյյան ուսմունքի հետեւո՞րդ

դ. Աշոտյանն ասում է, որ հասկանում է Նիկոլ Փաշինյանի զգացմունքները մարտի մեկի Հրապարակի հետ կապված: Նիկոլ Փաշինյանի զգացմունքները թողնենք իրեն՝ Փաշինյանին, բայց ահա՛ Աշոտյանի կողմից դրանք հասկանալը նույնիսկ ոչ թե սոսկ զարմանալի է, այլ, կարելի է ասել` արգո նախարարի հրաժարականի եւ ընդդիմության շարքերն անցնելու բավարար հիմք է:

Իրոք, ըստ պաշտոնական վարկածի` Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործության՝ զինված խռովության կարեւոր մասնակիցներից է, նա նաեւ դատվել եւ դատապարտվել է որպես իշխանության զավթման փորձի պարագլուխներից մեկը: Արդյո՞ք այդ հանցանքը հիշելու Նիկոլի ցանկությունն է հասկանում Աշոտյանը: Արդյոք նա հասկանում է ծանրագույն պետական հանցանքի տարելիցը հիշելու ցանկությո՞ւնը, հասկանում է պետական հանցագործի՞ն: Սա ի՞նչ տոլստոյյան հումանիզմ է:

Եթե բացառենք, որ Աշոտյանը տոլստոյյան տիպի ինչ-որ տարօրինակ աղանդի հետեւորդ է, ապա մնում է եւս մեկ անգամ փաստել՝ կրթութան նախարարը, կարկառուն հանրապետականը լուրջ խնդիրներ ունի Մարտի մեկի պաշտոնական վարկածի հետ:

Աշոտյանը պետք է պահանջի Սերժի հրաժարականը

ե. Աշոտյանը հարցնում է` պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի պես տանը մնային այդ օրը: Սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է: Եթե նախկին կետերի առնչությամբ կարող էինք սոսկ ենթադրել, որ Աշոտյանն ինչ-որ կասկածներ ունի Մարտի մեկի պաշտոնական վարկածի վերաբերյալ, եթե «դ» կետում մեր ենթադրություններն առավել ամուր հիմք ստացան, ապա այստեղ հասանք մի կետի, երբ կարող ենք վստահորեն խոսել ոչ թե ենթադրության, այլ շատ ամուր հիմքեր ունեցող եւ գրեթե անհերքելի վարկածի մասին:

Իրոք, ի՞նչ է ենթադրում Աշոտյանի ճարտասանական՝ «ինչ կլիներ, եթե բոլորը տանը նստեին մարտի մեկին» հարցադրումը: Պարզ է, որ դա ենթադրում է, որ եթե մարտի մեկին մարդիկ տանը մնային, ապա դա կհանգեցներ ինչ-որ բացասական, շատ սխալ բանի: Այդպես է բխում Աշոտյանի հարցի տրամաբանությունից, ըստ որում` որեւէ ա՛յլ բան դրանից բխել չի կարող:

Մի անգամ էլ արձանագրենք: Եթե հետեւելու լինենք Մարտի մեկի պաշտոնական վարկածին, ըստ որի` այդ օրը տեղի է ունեցել զինված խռովություն, իշխանության բռնազավթման փորձ, ապա պարզ է, որ ա՛յդ տրամաբանության մեջ` եթե մարդիկ տանը մնային, ապա պետական այդ հանցագործությունը տեղի չէր ունենա, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց ահա Աշոտյանի տրամաբանությամբ` ճիշտ հակառակն է ստացվում. նա ասում է` պատկերացնո՞ւմ եք, ինչ տեղի կունենար, եթե մարդիկ տանը մնային, եւ ակնհայտորեն նկատի ունի, որ այդ օրը տանը մնալը սխալ էր, ընդ որում` ա՛յն աստիճան սխալ, որ դրա հետեւանքները պատկերացնելն իսկ այնպիսի մի բան է, որը մանրամասնելու կարիք չունի՝ այնքան ինքնին պարզ է, որ զուտ հռետորական հարցի է արժանի (հռետորական հարցերը ձեւակերպվում են այն դեպքում, երբ պատասխանն ինքնին պարզ է եւ բացատրության կարիք չունի): Հետեւաբար, պաշտոնական վարկածի տրամաբանության տեսակետից` Աշոտյանը դրական է համարում առավել շատ մարդկանց մասնակցությունը պետական հանցագործությանը եւ բացասական է համարում հանցագործությանը չմասնակցելը («տանը մնալը»): Ավելին, չմասնակցության հետեւանքներն այնքան ծանր կարող էին լինել, որ դա նույնիսկ «պատկերացնելու» բան չի:

Նույն հաջողությամբ Աշոտյանը կարող էր հարցնել` բա պատկերացնու՞մ եք` ինչ տեղի կունենար, եթե, օրինակ, Սարդարապատի մարտի օրը մարդիկ տանը նստեին, ճակատ չգնային. այս տիպի հարց տալն ինքնին նշանակում է հարց տվողի միանշանակ կողմնորոշում, գնահատական:

Տվյալ դեպքում մեզ չի մնում այլ տարբերակ, քան` ոչ թե ենթադրելու, այլ այս անգամ արդեն պնդելու, որ համաձայն ՀՀԿ անդամ Աշոտյանի` մարտի մեկին ճիշտ էին ընդդիմության գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, այդ թվում, օրինակ, Աշոտյանի եւ, ինչն ավելի կարեւոր է՝ մարտի մեկին տանը չմնացած մարդկանց կամքի ճնշման միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանի եւ նրա ողջ քաղաքական թիմի հրաժարականը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի խորհրդարանը գրավողներն արդեն հայտնի են’