‘Խմբագրական. Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանը՝ հակազդելու համաժողովրդական շարժմանը’

3160

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝ ներքաղաքական բալանսը դանդաղ, բայց հետևողականորեն ու արագացման միտումով փոխվում է ի վնաս Սերժ Սարգսյանի: Քառյակը՝ ի դեմս Կոնգրեսի, Բարգավաճի, ՀԺԿ-ի ու Ժառանգության, հետևողականորեն մեծացնում է ճնշումը վարչախմբի վրա՝ մեկը մեկի հետևից զրկելով նրան ուժերի հարաբերակցությունը հօգուտ Սերժ Սարգսյանի փոխելու համար անհրաժեշտ գործիքներից:

Հոկտեմբերի 10-ին իր բազմահազար ներկայությամբ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում միացյալ ընդդիմությանը հրապարակավ թիկունք կանգնեց նաև հայաստանյան հասարակությունը՝ վարչախմբի դեմ պայքարը վերածելով համաժողովրդական շարժման: Այս փաստն ինքնին էապես թուլացրեց Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի դիրքերը, և առաջին արդյունքն իրեն սպասել չտվեց. Սերժ Սարգսյանը վախեցավ առաջ բրթել սահմանադրական «բարեփոխումներ» կոչվող ավանտյուրան: Երկրորդ արդյունքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանը ստիպված ներքաղաքական պայքարում նախաձեռնությունն ամբողջությամբ զիջեց միասնական ընդդիմությանը, մի բան, որ իշխանափոխության ճանապարհի կարևորագույն հանգրվան է: Այս գործոններն իրենց հերթին ուժեղացնում են վաղվա սպասվելիք հանրահավաքի պոտենցիալը:

Հիմա, ի՞նչ ունի Սերժ Սարգսյանը ձեռքի տակ, որ կարող է հակադրել շարժմանը և հասնել նրան, որ շարժումը չհասնի իր նպատակին՝ Սերժ Սարգսյանին ու նրա վարչախմբին իշխանությունից հեռացնելուն: Գնանք հերթով:

— Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ կարճ ժամանակում էական նվաճումներ արձանագրել տնտեսական ոլորտում, որ կփոխի ժողովրդի տրամադրությունները: Իհարկե ոչ: Արդեն 6 տարի շարունակ Սերժ Սարգսյանն արել է մեկ բան՝ հարստացել ի հաշիվ Հայաստանի ու նրա ժողովրդի: Ցանկացած նրա ընդունած որոշման տակ եղել է անձնական, ոչ թե պետական ու հանրային շահ: Թքած ունենալով տարրական բանականության, մասնագիտական հիմնավորումների, ժողովրդի կարծիքի վրա (կենսաթոշակային, շրջանառության հարկ, կարմիր գծեր, արագաչափեր, «Որոտանի» ՀԷԿ, գազի պայմանագիր և հազար ու մի նման օրինակներ):

— Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանի իշխանությունը հայաստանյան հասարակությանն առաջարկել մի այնպիսի հեռանկար, որ, նախ՝ հասարակությունը հավանություն տա, երկրորդ՝ վստահի, և երրորդ սատար կանգնի իրեն, այլ ոչ թե միացյալ ընդդիմությանը: Որ երկրում գերիշխող կդառնան արդարությունը, օրինականությունը, բարոյականությունը: Իհարկե ոչ՝ մարդասպան Լիսկայի նշանակումը միայն բավարար է սա գիտակցելու համար:

— Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը ժողովրդին ցույց տալ պետության համար արված մեկ, գոնե մեկ գործ, որ արել է: Լինի ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում: Չկա նման բան: Չփչացնենք մեր տրամադրությունը ու հերթով չհիշենք Հայաստանի արտաքին քաղաքական նվաստացումները բոլոր ուղղություններով:

Սա՝ որպես Սերժ Սարգսյանի վիճակի ստարտային նկարագրություն: Հիմա, երբ շարժումն արդեն ծավալվել է, Սերժ Սարգսյանը ունի երկու տարբերակ՝ գնալ այս հակադրության հանգուցալուծման՝ կա՛մ քաղաքական, կա՛մ էլ՝ ապօրինի, այսինքն՝ բռնության ճանապարհով: Քաղաքական ճանապարհով Սերժ Սարգսյանը պարտված է, քանի որ, նախ, ամենայն քաղաքական բան հակացուցված է Սերժ Սարգսյանի կրիմինալ կառավարմանը, և ինքն այդ դաշտում ուղղակի անզոր է: Եվ երկրորդ, ինչպես արդեն նշեցինք՝ իր զինանոցում չունի որևէ գործիք, որով կարող է հասարակական աջակցությունը թեքել իր կողմը, կամ գոնե չեզոքացնել այն խորագույն ատելությունն ու զզվանքը, որ ժողովուրդը տածում է նրա վարչախմբի հանդեպ:

Իսկ ունի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այս շարժումը բռնությամբ ճնշելու միջոց: Դա էլ չունի, և ահա թե ինչու:

Նախ՝ ամենակարևորի մասին: Ծավալված համաժողովրդական շարժումը (ինչպես նախկինում) գործելու է բացառապես օրինականության շրջանակներում, վերին աստիճանի կազմակերպված, և չի խախտելու Հայաստանի Սահմանադրության և օրենքների որևէ կետ: Այսինքն՝ բռնության որևէ փորձի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Սերժ Սարգսյանի վրա: Երկրորդ մարտի 1 Սերժ Սարգսյանը չի մարսի, ավելին՝ ստիպված կլինի երկար տարիներ արևածագն ու արևամուտը դիտարկել միևնույն նեղլիկ պատուհանից:

Երկրորդ՝ հասարակական նման մասշտաբային համախմբումը կանգնեցնելու և ճնշելու համար ոստիկանական և զինված ուժեր (որովհետև նման ալիքը միայն ոստիկանությամբ հնարավոր չէ ճնշել) օգտագործելու համար Սերժ Սարգսյանը չունի բավարար վստահություն վերը նշված երկու համակարգերում էլ: Զինված ուժերում Սերժ Սարգսյանի հեղինակության անկումը օբյեկտիվ իրականություն է՝ պայմանավորված Ղարաբաղյան հակամարտության, արտաքին քաղաքական այլ հարցերում Սերժ Սարգսյանի շարունակական հակապետական ու ձախորդ քաղաքականությամբ, որի հետևանքներն իրենց մաշկի վրա առավել, քան մնացածը, զգում են զինված ուժերը: Նրանք էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի կառավարման ցանկացած օր թուլացնում է Հայաստանը և փոխում է ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Ադրբեջանի:

Ուժային կառույցների հնարավոր ներգրավումը հավանական չէ նաև այն պարզ ու հիմնական պատճառով, որ սկսված շարժումն իր էությամբ հասարակության պահանջներից ու մեր պետության զարգացման անհրաժեշտությունից ծագած շարժում է, խորապես բնական, և ոչ թե դասական պայքար է իշխանության համար: Ժողովրդավարական ուժերի, խոշոր կապիտալի, մանր ու միջին բիզնեսի, գյուղացիության այս դաշինքը չի կարող արհեստածին լինել: Ու հիմա նման ընդգրկուն համախմբման դեմ ոչ մի ուժային կառույց, եթե առաջնորդվում է սթափ տրամաբանությամբ, դուրս չի գա: Իսկ գոնե բանակի վերջին շրջանի գործունեությունը վկայում է դրա մասին: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա բացի մի քանի մահապարտներից, ովքեր գիտեն իրենց իրավական ճակատագիրը իշխանափոխությունից հետո, մնացածներն, ըստ էության, նույն խնդիրների առաջ կանգնած մեր հարևան, բարեկամ, ընկերներն են՝ կքած վարկային լծի, կենսաթոշակային թալանի, սոցիալական դժվարությունների, համակարգային անարդարության տակ: Ավելին, լինելով այդ համակարգի ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանի, Սաշիկի, Միշիկի և այլոց փոխարեն հանիրավի ստանում են ատելության, զզվանքի ու անեծքների մի հսկայական չափաբաժին: Քաղաքական ու քաղաքագիտական վերլուծությունները՝ մի կողմ: Զուտ մարդկայնորեն իրենք էլ են զզված: Իրենք էլ են մտահոգ՝ իրենց ընտանիքների ու երեխաների ապագայի առումով: Իրենք էլ են դժբախտ, որ շրջապատի ու բարեկամության մի հսկայական մասը այսօր դեգերում է օտար երկրներում՝ լավ կյանքի ակնկալիքով: Ու որ այդ ճակատագիրը սպառնում է նաև իրենց:

Ուժի կիրառումը բացառվում է նաև նրանով, որ այս իշխանությունը մերժված է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր անկյուններում, որտեղից եկող աջակցությունը նրան սովորաբար դարձնում էր լկտի, սանձարձակ: Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը կուչ եկածի, լքվածի, մերժվածի իշխանություն է:

Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն այս շարժմանը հակադրվելու որևէ ռեսուրս չունի: Կարող է, իհարկե, ասել «չէ», մի քիչ չեմուչում անել նորաթուխ հարսի պես, բայց կտա՛, ի վերջո՝ կտա իշխանությունը: Ուրիշ ճար չունի: Իհարկե հընթացս կփորձի ջրեր պղտորել: Շարժման օրակարգում փորձել խցկել արտաքին քաղաքական կեղծ «օրակարգեր», կիրառել հին ու մաշված թեզը՝ թե ոչ մեկն էլ մի բան չի: Մեյդան բերել զանազան քաղաքական ծաղրածուների՝ շարժմանը հարվածելու հիմնական նպատակով: Բայց նորից ենք կրկնում: Այս շարժումն այնքան բնական ու ֆունդամենտալ է իր ձևավորման, զարգացման ու համախմբման մեջ, որ նման կեղծիքներն ու մանր-մունր երևույթները չեն կարող ազդել նրա հաջողության վրա:

Ուրեմն՝ բոլորս դեպի հոկտեմբերի 24-ի հանրահավաք: Մենք հետևողականորեն, առանց հապաղելու, բայց նաև առանց շտապելու, իրականացնում ենք իշխանափոխություն: Վաղվա հանրահավաքը կարևորագույն քայլ է այդ ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով ՍԴ-ից պետք է տեղափոխել ԱԺ. Օմբուդսմեն’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 26-28-ին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում’