‘Խմբագրական. «Ինծիլիգենցիան», «ստրուկ» ժողովուրդը, անկախությունը’

2642

Ամեն անգամ, երբ մի որևէ քաղաքական հոսանք, լինի դա մեծ շարժում, թե փոքր խմբակ՝ ձախողվում է, այդ հոսանքի ներկայացուցիչների զգալի մասը, որպես կանոն, սկսում է վերարտադրել հին հայկական մուղամը՝ «ստրուկ», «անկախությունը չսիրող», «5000-անոց» ժողովրդի մասին: Հոգ չէ, թե այդ նույն մարդիկ նույն ջանասիրությամբ դեռ երեկ ներբողներ էին ձոնում ժողովրդին: Այդպես է հայ մտավորականը՝ որպես ռուսական նարոդնիկական ինծիլիգենցիայի ճյուղավորում և պատճեն. նրա հարաբերությունները «նարոդի» հետ միշտ բարդ են, միշտ անհավասարակշիռ, հուզական ծայրահեղություններով արդարված: Այս շրջանն իրոք անվերջ է, եթե հաշվի առնենք, որ ռուս «ինծիլիգենցիան» առաջին անգամ գնաց դեպի ժողովուրդը 1880-ականներին, իսկ 1890-ականներին վերապրեց իր առաջին հիասթափությունը ժողովրդից, որից հետո այդ դժբախտ սիրո պատմությունը ցայսօր կրկնվում է անվերջ, այդ թվում՝ Հայաստանում: Իսկ այն, որ անկախ նրանից, որ հայ առաջադեմ մտավորականությունն այսօր արևմտամետի տոգա է «պրիմերկա» անում, նա մնում է ռուս «ինծիլիգենցիայի» տիպիկ դրսևորում և մաս՝ կասկածից վեր է: Նույնիսկ նրա ցուցադրական հակառուսականությունը փոխառված է ռուս ինծիլիգենցիայից, եթե մի քիչ փորես այդ հակառուսականությունը:

Ժողովրդի կամքն՝ անկախության հիմք

Այսօր նորից ունենք բոլորին հայտնի իրավիճակ, երբ ուղղակի կամ անուղղակի տարածվում է մեր ժողովրդի՝ իբր «ստրուկ», «հակաանկախական» լինելու մասին միտքը: Այդ հանրային խոսքի վերլուծությունը, ի դեպ, շատ մատչելի և համոզիչ կերպով կատարել է Մարինե Պետրոսյանը (http://www.tert.am/blog/?p=13213), այնպես որ ինձ մնում է արդեն կատարված աշխատանքի վրա ավելացնել իմ երկու լուման:

Ի՞նչ քաղաքական հետևանքներ են բխում «ժողովուրդը ստրուկ» է, «անկախություն չի ուզում», «դավաճան» է, «5000-անոց» է պնդումներից: Ինչպես էլ վերաբերվենք ժողովրդավարությանը և դրա շրջանակներում հասկացված ժողովրդի հղացքին, փաստն այն է, որ այսօրվա աշխարհում հենց այդ հայեցակարգի շրջանակներում է ձևակերպվում պետությունների անկախությունը և ներքին օրինակարգությունը: Այսինքն՝ այն, որ այս կամ այն պետությունն անկախ է և ինքնիշխան, իրավականորեն ձևակերպվում է որպես տվյալ պետությունը ձևավորող ժողովրդի՝ հասարակության կամքի արտահայտում, ինքնորոշում: Գիտենք և թարմ օրինակներ էլ ունենք, որ եթե տվյալ երկրի քաղաքացիները դեմ են արտահայտվում իրենց երկրի անկախացմանը, ինչպես, օրինակ, վերջերս տեղի ունեցավ Շոտլանդիայում (բայց նաև ոչ վաղ անցյալում եղել է կանադական Քվեբեքում և այլուր), ապա դա համարվում է բավարար և անվիճելի հիմք բոլորի համար, և անկախության կողմնակիցների խնդիրը մնում է շարունակել համոզել ժողովրդին, որ անկախությունն ավելի ճիշտ է՝ հաջորդ անգամ հարցը հանրաքվեի դնելու համար: Իհարկե, մի քիչ ավելի վաղ շրջանում անկախությունները այդքան հեշտ չէին նվաճվում՝ սովորական էր զինված պայքարով անկախությանը հասնելու ձևը, բայց, միևնույն է, վճռական էր համարվում տվյալ ժողովրդի կամքն անկախ ապրելու՝ որպես նույն զինված պայքարի օրինակարգ հիմնավորում:

Ո՞վ է կասկածի տակ դնում անկախությունը

Չարժե իսկ հիշեցնել, որ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը նույնպես իրավականորեն ձևակերպված են որպես Հայաստանի ժողովրդի կամք՝ արտահայտված 1991-ի հանրաքվեում: Դա է Հայաստանի անկախության միակ և անփոխարինելի իրավական հիմքը: Եթե Հայաստանի ժողովուրդը դեմ քվեարկեր անկախությանը, ապա, ով որքան ուզում էր իրեն ճղեր, Հայաստանի անկախությունը չէր լինի օրինակարգ՝ այսօրվա աշխարհում ընդունված չափանիշների տեսակետից:

Եթե որևէ մեկը հրապարակավ պնդում է, որ հայ ժողովուրդը դեմ է անկախությանը կամ ստրուկ է, կամ պատրաստ չէ պայքարել հանուն իր երկրի ինքնիշխանության, ապա այդ մեկը պարզ և աներկբա կասկածի տակ է դնում Հայաստանի անկախության օրինակարգությունը, ընդհանրապես՝ բուն փաստը, որն, ինչպես նշեցինք, իրավականորեն հիմնված է միայն ու միայն ժողովրդի կամարտահայտության արձանագրության վրա:

Անկախության իրավական հիմքերի այս կերպով կասկածի տակ դնելը այնքան էլ անվտանգ և անշառ բան չէ, ինչպես կարող է կարծել մանկամտությամբ տառապող հայ «ինծիլիգենտը», որի համար միշտ էլ առաջնային են իր տվյալ պահի հույզերը կամ իր նմանների աչքում բավականաչափ հայրենասեր կամ անկախական տղա/աղջիկ երևալը, քան հրապարակային ասելիքի տրամաբանական, իրավական և քաղաքական ճշգրտությունն ու գործնական հետևանքները: Համարձակվեմ ասել, թե «ժողովուրդն անկախական չէ» պնդումը տասնապատիկ ավելի ուժեղ մարտահրավեր է Հայաստանի անկախությանը, քան ԵՏՄ-ն, ԵՄ-ն, Ադրբեջանի ռազմատենչ դիրքը կամ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը՝ առանձին, իսկ գուցե նաև միասին վերցված: Որովհետև այդ բոլորը կարող են սպառնալ մեր ինքնիշխանությանը, կարող են նույնիսկ հանգեցնել դրա մասնակի և, Աստված չտա, ամբողջական կորստյան, բայց այդ ամենը ժամանակավոր է, եթե կա իր Հայրենիքում ապրող հայ ժողովուրդը, և կա անկախ ապրելու նրա կամքը: Իսկ այն պահից, երբ կասկածի տակ է առնվում վերջինս, արդեն անկախության մասին խոսք լինել չի կարող՝ մեկ հարվածով վերացվում է միանգամից դրա հիմքը:

«Ճիշտն» ու «սխալը»

Իհարկե, կասեն՝ բայց մենք «ճիշտ» ենք ասում: Նախ՝ «հայ ժողովուրդը դեմ է անկախությանը» պնդման ճիշտ լինելը դեռ պետք է ապացուցել: Եթե որևէ մեկը դա ակնհայտ է համարում, ապա, հիշեցնեմ, որ ակնհայտ լինելը որևէ երևույթի ճշմարտացի լինելու ապացույց չէ ո՛չ գիտության, ո՛չ էլ փիլիսոփայության կամ տրամաբանության տեսակետից, հաճախ էլ ակնհայտությունը, հակառակը՝ ինքնին կասկածելի է դարձնում երևույթի ճշմարտացիությունը: Երկրորդ՝ եթե նույնիսկ ընդունենք, որ դա ճիշտ է (անձամբ ես առավել քան կասկածում եմ առաջադիմական հերթական այդ կարծրատիպի ճշմարտացիությանը), ապա գնացեք այդ ճիշտը ձեր «կունխնի»-ներում պատմեք, այլ ոչ թե հրապարակային քաղաքական գնահատականի բովանդակություն դարձրեք: Եթե մի օր գերտերություններից մեկը որոշի կասկածի տակ դնել Հայաստանի անկախությունը և կարիք ունենա հիմնավորելու իր այդ քայլը, ապա հազիվ թե նա գտնի ավելի լավ փաստարկ, քան հայ «անկախականները» նախապես ստեղծել են՝ հրապարակայնորեն պնդելով, որ հայ ժողովուրդը դեմ է անկախությանը:

Հ.Գ. Իհարկե այստեղ ևս բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ, իսկ ո՞րն է հայ հասարակության իրական դիրքորոշումը անկախության նկատմամբ: Այս թեման պետք է առանձին և մանրամասն քննարկվի, որպեսզի պարզ դառնա, որ հայ ժողովրդի ստրկամտության մասին թեզն ընդամենը ինծիլիգենտական կարծրատիպ է և հիստերիզմի դրսևորում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Դպրոցական արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 29-ից’
Հաջորդ հոդվածը‘Հավաք-երթի մասնակիցների անունից ընդունված բանաձևը (տեսանյութ)’