‘Խմբագրական. Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ’

4078

Վերջին ամիսներին տեղի է ունեցել երեք նշանակալից իրադարձություն՝ Հայաստանում կամ դրանից դուրս, բայց սերտորեն շոշափող Հայաստանի կենսական շահերը: Նախ՝ Սյունիքի մարզպետն իր ազգուտակով սպանությամբ ավարտված ռազբորկայի է մասնակցել (ըստ տարբեր լուրերի և հակառակ կողմի պնդումների՝  ո՛չ միայն մասնակցել է): Երկրորդ՝ փաստաթղթերով ապացուցվել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն օֆշորում գրանցված և գործարարին սնանկացրած առնվազն երկու ընկերությունների (WLISPERA HOLDINGS LIMITED և A.B.C GLOBAL LIMITED) բաժնետեր է: Եվ երրորդ՝ Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել մեկ միլիարդ դոլարի ժամանակակից հարձակողական սպառազինություն: Ուշադրության արժանի այլ դեպքեր էլ կան, իհարկե, բայց սրանք նշանակալի են դառնում նաև իրենց ունեցած մեկ շատ էական ընդհանրության շնորհիվ: Սրանցից ոչ մեկին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը չի արձագանքել:  Իհարկե, իշխանական քարչոզչամեքենան անհաջող փորձեր արեց վերը նշված գլխացավանքները լղոզելու, հասարակության մեջ թևաթափության, ոչ մեկին չվստահելու զգացողությունը խորացնելու, մեղավորներից սլաքները այլ՝ «մութ ու, բնականաբար՝ դավադիր» ուժերի վրա գցելու համար: Բայց բաց մնաց հարցը, թե ինչու նախագահի աթոռը զբաղեցնող անձը, ով հետևում է Սահմանադրության դրույթների պահպանմանն ու կատարմանը և երկրի անվտանգության երաշխավորն է, համառորեն չի արձագանքում այս՝ նախադեպը չունեցող իրադարձություններին: Կգտնե՞ք աշխարհում այդպիսի երկիր: Գոնե մեկ հատ: Գրազ կարելի է գալ ցանկացածի հետ, որ նույնիսկ ամենամղձավանջային երկրներում նման բան բացառվում է:

Իսկ ինչու՞ չի արձագանքում Սերժ Սարգսյանը: Էնպես չի, իհարկե, որ հասարակությունը, շունչը պահած՝ սպասում է այդ արձագանքին: Եթե սպասում է, ապա միայն Սերժի մասնակցությամբ հերթական լրատվական «բոցի»՝ ի թիվս «խիյարը թարս ա բուսնում», «էկել ես, որ ի՞նչ անես», «ինչպես տատս էր ասում» և գավառականության այլ նմուշների: Այդ արձագանքը որևէ բան չի փոխելու նրա նկատմամբ հասարակության ունեցած արգահատելի վերաբերմունքի մեջ: Բայց, որ առավել կարևոր է,  նրա արձագանքը բանի տեղ դնող չի լինելու հենց իշխանության ներսում: Ավելին, նրա այդ արձագանքը բումերանգի պես ետ է գալու և հարվածելու է առանց այդ էլ աստիճանաբար թուլացող Սերժին: Հրապարակավ պախարակի՞ Լիսկային: Նրան կհիշեցնեն Սաշիկին ու Միշիկին: Չկարծեք, թե չեն կարող և չեն անի: Պաշտոնանկ անի վարչապետի՞ն (միակ բանական արձագանքը, որը նույնիսկ միավորներ կարող էր բերել Սերժ Սարգսյանին): Վարչապետն իզո՛ւր չի եղել վարչախմբի գրեթե բոլոր մեքենայությունների առանցքային ճարտարապետներից մեկը շուրջ 15 տարի: Մեռնեմ տեխնոլոգիայի զարգացմանը: Հազար անանուն միջոցներով ջրի երես դուրս կգան ինչպես Սերժի օֆշորային հաշիվները, այնպես էլ նրա ազգականների: Չկարծեք, թե չեն կարող և չեն անի: Կարո՛ղ են և կանե՛ն: Մի պարզ պատճառով. որովհետև Սերժն այլևս ընդունակ չէ «պատերազմել» նույնիսկ սեփական իշխանության թևերից որևէ մեկի հետ: Նրա դիմաց, որպես հավասարը հավասարի, կդնեն նույն մեղադրանքները: Սերժը կորցնում է  հեղինակությունը: Կորցնում է արագ: Նա գնացող «նախագահ» է, և իշխանությունը սահուն կերպով սպրդում է նրա ձեռքից:

Առանձին ու կարևոր թեմա է սպառազինության տրամադրումը Ադրբեջանին: Հայտարարել, որ Ռուսաստանի քայլը հակասում է ռազմավարական գործընկերության ու բարեկամական հարաբերությունների ոգո՞ւն: Արժե՞ գրել, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում: Ով-ով, բայց ռուսական իշխանությունները հո շատ լավ գիտեն՝ ինչպես են Հայաստանի բյուջեի  հափշտակումները ներդրվում այլ երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: Նրանք հո գիտեն, թե հայաստանյան իշխանությունները՝ Սերժից սկսած մինչև թաղապետ, ռուսական քրեական աշխարհի հետ ինչ համատեղ բիզնեսների մեջ են: Նրանք հո քաջատեղյակ են բոլոր հանցավոր գործարքներից, որ այս վարչախումբն իրագործել է Հայաստանի ներսում և դրսում՝ մտքում ունենալով սեփական հարստացումը: Սրան գումարեք նաև այն, որ Սերժն այլևս գոնե ձևական, հռչակագրային «զրիցներ» անգամ չի կարող վարել նաև եվրոպացիների ու ամերիկացիների հետ՝ դեմոկրատիայի, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության ու արդարության մասին, ու պատկերը կդառնա ամբողջական:

Դրա համար Սերժը լռում է: Իշխանության ներսում՝ իրեն, իսկ դրսում՝ Հայաստանին մատնելով նվաստացման: Պատրաստ՝ կատարելու բոլորի ցանկությունները: Օրը հնարավորինս խախանդ մթնեցնելու ու այդպես երկրորդ ժամկետն ավարտին հասցնելու համար: Իսկ դրսի հետ հարաբերություններում՝ ամեն ներկայացված պահանջի տալով դրական պատասխան: Ասոցացման համաձայնագի՞ր, այո՛: Մաքսային միությու՞ն, խնդրե՛մ: Հայ-թուրք պատմաբանների հանձնաժողո՞վ, да ради Бога! Միայն թե դրանով մի քանի օր, ամիս, իսկ եթե հանձնելիքը մեծ է՝ տարի գլուխս պրծացնեմ: Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Այսպիսին են Սերժ Սարգսյանն ու նրա պատկերացումները իշխանության, պետության ու պետական արժանապատվության մասին:

P.S. Այս երեք դրվագները փաստերով եկան ապացուցելու Հայ ազգային կոնգրեսի՝ տարիների ընթացքում տված գնահատականների իրավացիությունը: Փաստերով, փաստաթղթերով: Լիսկայի պարագայում ևս մեկ անգամ ապացուցվեց իշխանության քրեական բնույթը: Որ այսօրվա վարչախմբի ներկայացուցիչները քրեական դեմքեր են, մտածում ու գործում են ոչ թե օրենքներով, այլ քրեական աշխարհի կանոններով: Վարչապետի պարագայում փաստաթղթավորված ապացուցվեց իշխանության կոռումպացված ու հանցավոր բնույթը: Որ բոլոր պետական վերին ու միջին պաշտոնյաները ներգրավված են կոռուպցիոն սխեմաների, ատկատների, փողեր լվանալու մեխանիզմների մեջ: Իսկ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման պարագայում՝ այն, որ Ղարաբաղի հարցը այս վարչախմբի համար ընդամենը իշխանության հասնելու միջոց էր ու մանրադրամ՝ մսխելու այն իշխանության մնալու ճանապարհին, որի ոլորաններում Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում իրավահավասար ռազմավարական գործընկերոջից պիտի իջներ վասալի կարգավիճակի: Բայց այս մասին՝ առանձին, մեկ այլ առիթով:

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան’