‘Խմբագրական. Ինչո՞վ ենք հիացել, որ հիմա էլ հիասթափվենք’

3149

Ես չգիտեմ, թե ինչո՞ւ  վերջին օրերին լրատվամիջոցներում հանկարծ պայթեց հիասթափվելու եւ արտագաղթելու թեման (ակտիվիստ Հայկ Բիանջյանի հարցազրույցը, դերասան Սեպուհ Ապիկյանի հայտարարությունն ու հարցազրույցը, էլի առնվազն մեկ հրապարակում), որը բուռն քննարկման առարկա դարձավ համացանցում: Գուցե պատահականություն էր, իսկ գուցե՝ տեղեկատվական մտածված գործողություն՝ առայժմ ոչ այնքան հստակ վերջնական նպատակներով: Թողնենք այս հարցի պարզաբանումը հետագային: Պարզ է մի բան. եթե մեր հասարակության մեջ տարածված չլիներ «հիասթափվել եմ, երկիրը լքում եմ» կաղապարը, ապա եթե նույնիսկ ինչ-որ մեկը հատուկ ծրագրավորեր այս թեման պայթեցնել, չէր կարողանա հաջողության հասնել:

Արտագաղթն իրոք Հայաստանի թիվ մեկ հիմնարար խնդիրներից է, ռազմավարական մարտահրավեր է, բայց, մյուս կողմից էլ՝ ամեն անհատական գաղթի դեպքը սարքել խնդիր հասարակության գլխին՝ տարօրինակ է թվում, եւ պետք է հասկացվեն այն մեխանիզմները, որոնց միջոցով դա տեղի է ունենում: Հասկանալ է պետք մի քանի բան՝ ինչո՞ւ «հիասթափություն», ինչո՞ւ արտագաղթը՝ որպես ելք, եւ ինքն իրեն հասարակության առավել ակտիվ, գիտակից համարող խավը ինչպե՞ս պետք է վերաբերվի այդ կաղապարին:

«Հի»-ն եւ նրա /ս/թափվելը

Սկսենք, ուրեմն, հիասթափվելուց: Հիասթափվելն, անշուշտ, շատ տարածված ձեւակերպում է մեր հասարակական կյանքում, տարածված է թե՛ լայն զանգվածների, թե՛ վերնախավի հավակնություններ ունեցող շերտերի մեջ: Լրատվամիջոցներն առավել ուժգին են շահագործում այս կաղապարը. ըստ այդմ՝ մարդիկ Հայաստանում անընդհատ հիասթափվում են, հիասթափությունը դարձել է մի տեսակ հարատեւ հասարակական գործընթաց, եւ ինչ-որ պահից դժվարանում ես տարբերել, թե ո՛ր դեպքերում են մարդիկ այդ բնորոշումն իրոք ինքնաբուխ արտահայտում, իսկ ո՛ր դեպքերում լրատվամիջոցների ստեղծած կաղապարի ազդեցության տակ են:

Այստեղ մի հակասություն էլ կա: Եթե հարցին մոտենանք լեզվական տրամաբանության տեսանկյունից, ապա հիասթափությունը չի կարող ինքնաբավ հոգեբանական գործթընաց լինել, այն խիստ կապի մեջ է իր հականիշի՝ հիանալու հետ: Այսինքն՝ հնարավոր չէ հիասթափվել ինչ-որ բանից, եթե նախապես հիացած չես այդ նույն բանով (երկու բառն էլ, ըստ Աճառյանի՝ ծագում են նույն՝ առանձին չգործածվող «հի» արմատից, եւ ըստ էության՝ հականիշ են): Այլ կերպ ասած՝ չի կարող լինել առանձին վերցված հիասթափություն, այլ կարող է լինել միայն հիանալ-հիասթափվել միասնական գործընթաց, ուր առաջինը երկրորդի անհրաժեշտ նախապայմանն է՝ սկզբից մեկն ինչ- որ բանից հիացած է, իսկ հետո՝ «հի»-ն «թափվում է, պարպվում»՝ ընկնում եւ կորչում է, եւ մարդը մնում է առանց «հի»-ի: Համաձայնենք, որ հնարավոր չէ մի բան կորցնել՝ առանց նախապես այդ բանն ունենալու: Չի կարելի, օրինակ, լիցքաթափվել՝ առանց նախապես լիցք ունենալու, բեռնաթափվել՝ առանց բեռի եւ այլն:

Հետեւաբար՝ պետք է հասկանալ, իսկ ինչո՞վ են նախապես հիացած եղել մարդիկ, որոնք երկիրը լքելու իրենց որոշումը հիմնավորում են հիասթափվելով: Եթե այդ հարցի պատասխանը չկա, ուրեմն հիմնավորումը կեղծ է: Պարտադիր էլ չէ, որ հիասթափության մասին հայտարարողն ինքը մինչեւ վերջ գիտակցի այս շղթան եւ կարողանա բացատրել, թե ինչից է նա հիացած եղել, որ հիմա էլ հիասթափվում է: Այստեղ գործ ունենք ավելի շատ ենթագիտակցորեն աշխատող մեխանիզմների հետ, առավել եւս՝ որ դժվար է պատկերացնել, որ մարդը գիտակցորեն հիացած լինի Հայաստանի պետական համակարգով եւ հասարակական կյանքով, որ հետո էլ հիասթափվի դրանցից: Կարծում եմ, գիտակցության մակարդակում նույնիսկ ամենաուժեղ հիասթափվողը կհամաձանի, որ նման ձեւակերպումն անհեթեթություն է: Ուրեմն, մի ինչ-որ այլ՝ ավելի խորքային խնդիր կա: Փորձենք հասկանալ:

Ինչի՞ համեմատ ենք «դեգրադացվել»

Բանալին, որը մեզ կարող է օգնել, «դեգրադացիա» բառն է, որը հաճախ օգտագործվում է «հիասթափվել-արտագաղթելու» մասին պատումներում: Այդ բառը, կարծեմ, Հայկ Բիանջյանի հարցազրույցում էլ կա: «Հիասթափվելու» պատումը պատմում է նրա մասին, որ մեր հասարակությունը «դեգրադացվել է»: «Դեգրադացվելը» (ի դեպ՝ հայերենում օգտագործելու տեսակետից՝ շատ անհաջող բառ, որովհետեւ հայերենը նույն միտքն արտահայտելու հազար ու մի տարբերակ ունի՝ բացի այս ճոռոմ լատինիզմից, ասենք՝ անկում ապրել եւ այլն) նույնպես հարաբերական հասկացություն է, այսինքն՝ կարող է միայն համեմատական իրավիճակ նկարագրել՝ դեգրադացվել կարելի է միայն ի համեմատություն ինչ-որ այլ՝ ավելի բարձր ու լավ կետի: Ուրեմն, մեր ենթագիտակցության մեջ ամրագրված է, որ անցյալում ավելի լավ հասարակություն ենք եղել, որի համեմատ էլ այժմ «դեգրադացվել ենք»: Եթե գտնենք այդ կետը, կհասկանանք, թե ինչով են հիացած եղել հիասթափվողները, եւ ապակոդավորած կլինենք կարեւոր հասարակական հոգեբանական կաղապար, որը, որքան էլ զարմանալի է, ավելի շատ շահագործվում է այսօր իշխանության, քան ընդդիմության կողմից:

Բան չունեմ ասելու, կամայական անցյալում եղել են ոլորտներ եւ կետեր, որոնց մասին կարելի է ասել, որ «էրեգ լավ էր քանց վուր էսօր»: Կատակը մի կողմ, սկսած հենց կենցաղային իրողություններից՝ հաստատ, առաջ ավելի լավն էին լոլիկն ու ելակը, ամառները եղանակն ավելի չոր ու, հետեւաբար՝ շոգն ավելի տանելի, հայկական ֆուտբոլն՝ անհամեմատ ավելի բարձրորակ եւ այլն՝ թող ամեն մեկն իր ուզածը հիշի եւ համեմատի: Բայց մի բան հստակ է՝ Հայաստանի պետական եւ հասարակական կյանքը վերջին, ասենք 200 տարում (որպեսզի չխորանանք ավելի հեռու անցյալի մեջ), ընդհանուր առմամբ (կարճատեւ բացառությունները մի կողմ թողած), հաստա՛տ՝ ավելի լավը չի եղել, քան այսօր: 1814-2014 թթ. ընթացքում Արեւելյան Հայաստանում եղել են հինգ մեծ քաղաքական վարչակարգեր՝ պարսկական տիրապետությունը (մեր երկրի մեծ մասի համար դա եղել է Երեւանյան խանությունը), ցարական ռուսականը, Հայաստանի Առաջին հանրապետությունը, Սովետական Հայաստանը, Երրորդ Հանրապետությունը: Եթե նրբություններն ու մանրամասներն անտեսենք, ապա այս հինգից որեւէ մեկի ընթացքում, հասարակական եւ պետական իրողությունների առումով՝ հիանալու որեւէ բան չի եղել՝ կաշառակեր ու փչացած պաշտոնեություն, անարդար դատարաններ, հասարակական բողոքների ճնշում, քաղաքական հալածանքներ, սոցիալական անարդարության այս կամ այն չափ (նույնիսկ՝ սովետի ժամանակ), ազատությունների եւ իրավունքների խախտում, օրենքի անտեսում՝ հօգուտ արտոնյալ խավերի եւ այլն, եւ այլն: Կրկնեմ՝ կարճատեւ բացառությունները տվյալ դեպքում առանձնապես բան չեն փոխում: Ուրեմն, այստեղ հիանալու բան չկա, հետեւաբար նաեւ՝ հիասթափվելու: Չկա նաեւ «դեգրադացիա»: Նաեւ չկա որեւէ զարմանալու բան, որ Հայաստանում վերջին 200 տարվա մեջ վիճակն այսպիսին է եղել՝ դա նորմալ պատմություն է այս տարածաշրջանում գտնվող երկրի համար:

Ուրեմն, ցանկացած մեկը, ով սթափ է նայում մեր անցյալին, չի կարող չհասկանալ, որ դրա համեմատ՝ հասարակական, քաղաքական եւ պետական տեսակետից, մեծ հաշվով, չկա որեւէ «դեգրադացիա», անկում եւ նախկին հիացմունքը հիասթափությամբ փոխարինելու առիթ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանում այսօր ամեն բան կարգին է, ու դժգոհելու, բողքելու, պայքարելու խնդիր չկա: Պարզ է, որ ո՛չ, չի՛ նշանակում: Ասածս ընդամենը նշանակում է, որ պետք է փոխել դիտակետը՝ հնարավոր չէ մեր անցյալում գտնել պատմական մասշտաբով մի տեւական շրջան, երբ մենք եղել ենք օրինակելի, կազմակերպված՝ «լավ» հասարակություն եւ պետություն: Եվ այդ իմաստով հիասթափվելու տեղ չկա:

Ոչ թե անցյալում, այլ ապագայում

Հայաստանը ո՛չ  անցյալում է եղել լավ հասարակություն եւ պետություն, ո՛չ էլ ներկայում է այդպիսին, այլ կարո՛ղ է դառնալ «լավն» ապագայում, եթե Հայաստանում ապրող մարդիկ ու, նախեւառաջ՝ իրեն առավել գիտակից համարող խավը, գիտակցված եւ հետեւողական ջանք գործադրեն այդ ուղղությամբ, եւ ոչ թե ակնթարթային արդյունքի հույսով, այլ հասկանալով, որ ցանկացած առաջընթաց պայմանական է եւ համեմատական, եւ ամեն հաջորդ փուլում ձեւավորվում են նոր խնդիրներ, ինչպես համակարգչային խաղերում՝ ամեն մի նոր «լեւելը»՝ մակարդակը նոր՝ ավելի բարդ խնդիրներ է առաջ բերում, բայց դա չի նշանակում, որ նախկինի հետ համեմատած՝ առաջընթաց չկա: Միով բանիվ, մեր իդեալը պետք է դնենք ոչ թե անցյալում, այլ ապագայում: Հայաստանը ոչ թե եղել է լավ հասարակություն, իսկ հետո աստիճանաբար վատացել է, այլ եղել է եւ կա վատ հասարակություն, որը պետք է լավացնել: Մենք ոչ թե առասպելական կորցրածը պետք է վերագտնենք, այլ դեռ նոր պետք է կառուցենք մեր ուզած հասարակությունն ու պետությունը, ոչ թե ինչ-որ բան ունեցել ենք, իսկ հիմա չունենք, այլ դեռ նոր պետք է ունենանք, ու դեռ երկար էլ ճանապարհ ունենք անցնելու այդ առումով՝ աստիճանաբար ձեւակերպելով եւ լուծելով այս պահի իրատեսական խնդիրներ, բայց չկորցնելով իդեալական հեռանկարը:

Հ.Գ. Իհարկե, մնում են բազմաթիվ բաց հարցեր, որոնց քննարկումն այստեղ բաց ենք թողնում: Օրինակ, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, մարդկանց գիտակցության մեջ գերակայում «անցյալում ավելի լավ էր» ենթագիտակցական կաղապարը, որից էլ բնականորեն ծնվում է «հիասթափվելու» մասին հանրային պատումը: Ասենք, որ դա ունի մի քանի պատճառ՝ սկսած առասպելական եւ կրոնական մտածողության կաղապարների ազդեցությունից, մինչեւ նորագույն շրջանի ազատագրական պայքարի, այդ թվում՝ 88-ի շարժման եւ ազգային պետության կայացման հետ կապված սպասումների (իրատեսական եւ ի սկզբանե անիրատեսական) մի մասի չիրականացում: Բայց այս թեմաները պետք է առանձին քննարկվեն: Առանձին քննարկելու է նաեւ, թե այս պահին ի՛նչը կարելի է համարել իրատեսական՝ մոտ ապագայի տեսակետից, իսկ ի՛նչը ոչ: Բայց ուժի մեջ է մնում հիմնականը՝ Հայաստանի՝ որպես հասարակության լավ օրերը ոչ թե անցյալում են, այլ ապագայում: Իսկ ինչ վերաբերում է երկրին, ապա երկիրն ինքնին չի լինում լավ կամ վատ, այլ մարդիկ են ստեղծում երկրի որակը: Ես, համենայն դեպս, վստահ եմ, որ հայ ժողովուրդն, այսպես ասած, որակյալ նյութ է՝ արդյունավետ եւ օրինապաշտ հասարակություն կառուցելու համար, ինչպիսի բացասական կարծրատիպեր էլ  մեր մասին ունենանք, խնդիրը միայն հայաստանյան վերնախավերն են՝ քաղաքական եւ մտավորական, որոնք պետք է կարողանան ձեւավորել հասարակությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ոստիկանները բռնությունների միջոցով խոստովանություն են կորզել Ա. Ցվերիանովից ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը գնում է Լատինական Ամերիկա, որ ի՞նչ անի ‘