‘Խմբագրական. Ինքնահոսի մատնված պետություն’

3016

Տնտեսական ճգնաժամն արդեն սաստկանում ու խորանում է ամենօրյա ռեժիմով: Առկա հարյուրավոր խնդիրներին գումարվում են նորերը՝ ձնագնդի էֆեկտը դարձնելով ավելի ահագնացող: Չկա ոլորտ, որ քիչ թե շատ բարվոք վիճակում լինի: Շինարարություն, առևտուր, արտադրություն, արտահանում, գյուղատնտեսություն, ծառայություններ, բանկեր. որը կուզեք՝ վերցրեք, բոլորը, ժողովրդի գլխավորությամբ՝ կանգնած են ծանրագույն վիճակի առաջ: Քաղաքացիների ու գործարարների օրը սկսվում և ավարտվում է այս իրավիճակի մասին միմյանց հետ խոսելով, քննարկելով, գոյատևելու, ջրի երեսին մնալու լուծումներ փնտրելով:

Աշխարհի շատ երկրներում նման իրավիճակներ ստեղծվել են բազմիցս: Եվ եթե ուսումնասիրենք նրանց այդ շրջանի իրադարձությունները, ապա կտեսնենք, որ նման իրավիճակից դուրս գալու ծրագրերը եղել են քաղաքական և տնտեսական լուծումների համադրություն՝ հիմքում ունենալով քաղաքականը: Այն իր մեջ ներառում է արտահերթ ընտրությունները, նոր իշխանության ձևավորումը, որը վստահություն է վայելում հասարակության շրջանում և ծանր, ոչ ականջահաճո որոշումներ կայացնելու մանդատ ունի: Դա է պատմության, քաղաքականության, եթե կուզեք՝ նաև բնության օրենքը: Երբ որևէ թիմ տևական անհաջողությունների մեջ է, չեն փոխում հարձակվողին կամ դարպասապահին, փոխում են մարզչին: Որևէ ձեռնարկություն եկամտաբեր չէ, փոխում են տնօրինությանը: Միայն դրանից հետո է հնարավորություն բացվում ճիշտ լուծումների միջոցով իրադրությունը շտկելու համար:

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում:  Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը հաշտվել են, որ իրենք բան չեն կարող փոխել, ու մեծ հաշվով՝ ձեռքները լվացել են՝ երկիրը թողնելով ինքնահոսի: Նախ՝ վարչախումբը վախենում է տեղեկացնել ժողովրդին իրերի իսկական դրության մասին: Չի հայտարարվել որևէ տնտեսական միջոցառումների ծրագրի մասին, որը հեռանկարի զգացողություն կտա գործարար խավին, հասարակ քաղաքացիներին, թե իշխանական ու պետական համակարգը զբաղված է ճգնաժամը հաղթահարելով ու նրա հետևանքները մեղմելով: Միայն մանր-մունր ու իրավիճակը ավելի վատացնող քայլերի ինչ-որ մի կույտ. դու դոլար քիչ կառնես, դրամ շատ կառնես, դու կգույքագրես էղած-չեղածդ, դու էս բանը չանես, դու՝ էն բանը: Մնացածն ինքնահոս է, ու վարչախումբն առանձնապես չի էլ ցանկանում թաքցնել դա՝ Գյումրիի ողբերգությունը վկա: Մինչև կերևա: Որտեղ կտրեց կապը:

Իսկ քաղաքականի մասին ավելորդ է նույնիսկ խոսել: Վարչախումբն, այս ամենով հանդերձ՝ փորձում է մինչև  վերջին պահը, մի օր ու մի ժամ ավելի կառչած մնալ Հայաստան պետության վզից, մինչև նրա հիմնավեր տապալումը: Ու սա լավագույնս արտացոլում է Սերժ Սարգսյանի, նրա իշխանավորների ինչպես մարդկային էությունը, այնպես էլ պետության հանդեպ նրանց վերաբերմունքը: Իրենք էլ գիտեն, որ իշխանությունից դուրս իրենք ոչինչ են, հանրային ու անհատական առումով անպիտան ու չպահանջված՝ նույնիսկ եթե ունեն միլիոններ ու միլիարդներ, որովհետև բացի գողանալուց, պետության գլխին տարատեսակ օյիններ բերելուց ՝ այլ «գործ» չեն արել: Ու նաև այս պատճառով նրանք խորապես թքած ունեն Հայաստանի ճակատագրի վրա ու աչք էլ չեն թարթի, երբ վրա կհասնի կատակլիզմը՝ լինի դա  տնտեսական ճգնաժամի բերած ավերածությունների, պատերազմի, թե երկրի դատարկման տեսքով: Իսկ մարդկության պատմությունը չգիտի մի դեպք, երբ կատակլիզմի համար այդքան պարարտ հող լինի, ու այն տեղի չունենա:

Սա նաև պետք է գիտակցեն ընդդիմադիր ուժերը: Վարչախմբին ուղղվելիք վերջնական քաղաքական մարտահրավերները հետաձգելով ավելի հարմար պահի՝ ընդդիմությունը կարող է ետ ընկնել իրավիճակից՝ քաղաքական նախաձեռնությունը ձեռքից բաց թողնելու, պետության համար անդառնալի վնասները ժամանակին չկանգնեցնելու, ինչպես նաև՝ այսօրվանից առավել նպաստավոր պահ չունենալու պատճառով: Առաջիկա ամիսներն այս առումով բախտորոշ են լինելու Հայաստանի համար, քանզի նրա ճակատագիրը կախված է լինելու ընդդիմության ու ժողովրդի գործողություններից:

Նախորդ հոդվածը‘Լրտեսական նոր սկանդալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’