‘Խմբագրական. Իշխանական «մուտիտն» ու հայ քաղքենին’

2396

Արդեն մի անգամ անդրադարձել ենք «Սեյրան Օհանյան-նախագահացու» թեմային՝ գնահատելով այն որպես իշխանական «մուտիլովկա»: Վերջին օրերին թեման զարգացում է ստացել, նոր՝ ուշագրավ երանգներ են ավելացել: Շարունակելով գնահատել եղածը որպես տեղեկատվական «մուտիլովկա», քանի դեռ ապացուցված չէ հակառակը, այսօր անդրադառնանք այդ մի քանի նոր երանգներին:

Հետաքրքիրն այն է, որ իշխանական «ժառանգորդի» թաքնված, կիսաթաքնված, իսկ երբեմն նաև լավ էլ բաց գովազդի սուրբ գործին մասնակից են դառնում նաև ընդդիմադիր (որոշ դեպքերում՝ նաև «արևմտամետ» կամ նորաթուխ «արևմտամետ») համարում ունեցող լրատվամիջոցները, գործիչները և փորձագետները: Քարոզչական սխեման, որն այստեղ օգտագործվում է, շատ պարզունակ է, ինքնատիպությամբ աչքի չընկնող (քարոզչական սխեմաներն, իհարկե, պարտավոր էլ չեն այլ որակի լինել, կարևորը՝ աշխատող լինեն): Ըստ այդմ՝ մեր հերոսը կիրթ է, «արևմտամետ է» (ո՞վ գիտի, գուցե նաև ռեժիմի դեմ թաքնված պայքարող), բարետես է, ունի գեղեցիկ կին (հարց չկա, Աստված տա՝ միշտ էլ ունենա), ղեկավարում է մեր ունեցած միակ քիչ թե շատ կայացած կառույցը՝ բանակը (որը երևի ինքն է ստեղծել) և այլն: Բացի այդ, իհարկե, ակնարկվում է նրա ղարաբաղցի լինելը, որն, ըստ սրտացավ վերլուծաբանների և ընդդիմադիրների, իհարկե, ցավալի է, բայց, ավաղ, գիտեք մեր երկրի իրողությունները, ակնարկում են նրանք: Չի մոռացվում նաև կոկորդիլոսի արցունքներ թափել հասարակության անզորության թեմայով, յանի՝ ի՞նչ անենք, լավ կլիներ, որ ժողովուրդն ընտրեր, բայց եթե ժողովուրդը չի ընտրում, գուցե պետք է մտածենք քիչ թե շատ տանելի ոչ ընտրովի տարբերակների մասին՝ ենթատեքստով և «ընկերական» հաղորդվում է մեզ: Ոմանք նաև բացում են բանակի թեման՝ մեր բոլոր պետական հաստատությունները փչացած են, իսկ ահա բանակը կայացած է, նա նույնիսկ կատարում է ավելի լայն գործառույթներ, քան իրեն վերապահված է, օրինակ՝ ԱԳՆ գործառույթները և այլն: Այս ամենն այնպիսի լուրջ «դեմքով» է գրվում, կարծես՝ որևէ պետական հաստատություն կարելի է նման վերացարկված կերպով դիտել համակարգից կտրված, կարծես՝ բանակը գոնե միայն իրեն վերապահված դերը կարող է լիարժեքորեն կատարել՝ պետության մնացած մասերի հետ կապից դուրս:

Փաստարկներն, իհարկե, շատ «համոզիչ» են: Դրանց բովանդակային քննարկումն անիմաստ է, քանի որ, նախ՝ հիմնականում անիմաստ է քարոզչական պարզունակ սխեմաների հետ վիճել, երկրորդ՝ քարոզչական «մուտիլովկայի» բովանդակությունն առավել ևս անիմաստ է վիճարկել, և երրորդ՝ բովանդակային բանավեճով թեման կարող է լեգիտիմացվել, և վիճարկողն ինքն ակամայից հայտնվել նույն դաշտում, ինչ քարոզչական խայծը տարածողը: Բայց ահա սխեմայի կառուցվածքը վերլուծել արժե, որովհետև դա բացում է ավելի ընդհանուր թեմա, քան զուտ «Սեյրան՝ կեղծ ժառանգորդ» թեման է:

Եթե ուշադրություն դարձրիք՝ քարոզչական սխեման նույնն է, ինչ որ ժամանակին մեզ հրամցվել է Սերժ Սարգսյանի առումով: Սերժն էլ ժամանակին մեր «ամենակայացած» հաստատության՝ բանակի ղեկավարն էր, «արևմտամետ» էր, «առաջադեմ էր», ուներ գեղեցիկ և կիրթ համարվող փեսա և այլն: Ինչպես տեսնում ենք, այնպես չէ, որ մարդիկ իրենց երևակայությանը շատ են զոռ տվել՝ մի անգամ օգտագործածը խնամքով վերարտադրում են: Ինչո՞ւ ոչ, եթե այս սխեման այնքան էլ անարդյունավետ չէ: Այն շահագործում է մեր հասարակության՝ քաղքենիական հոգեբանությամբ և կենցաղային մտածողությամբ, բայց իրեն մտավորական և առաջադեմ համարող և հասարակական հարցերում իր դիրքորոշումը գերակա և մյուս խավերին պարտադրելի համարող խավի կարծրատիպերը: Այս խավի համար, նախևառաջ, շատ կարևոր է արտաքինը, տեսքը: Մարդկանց նա բաժանում է հենց ըստ տեսքի: Ըստ այդմ՝ մարդիկ լինում են՝ կիրթ (լավ) և անկիրթ (փիս): Կիրթ լինելը կրթության հետ առանձնապես կապ չունի՝ չմոռանանք, որ չափանիշը տեսքն է՝ դեմքը, հագուկապը, խոսելու ձևը: Օրինակ, ինչո՞վ են իրարից տարբերվում, ասենք, նույն Սեյրան Օհանյանն ու գեներալ Մանվելը, կամ, օրինակ, Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Այս հարցադրումից երևանցի խիստ առաջադեմ քաղքենին կարող է նույնիսկ ինֆարկտ ստանալ՝ այնքան ակնհայտ է նրա համար տարբերությունը: Ինչպե՞ս թե. առաջինները էլի գոնե կիրթ են, իսկ երկրորդները՝ «քյարթ» են, «քըխ» են: Բայց եթե խորանաս, այս ընկալման ամբողջ «փաստարկումը» միայն ու միայն, բացառապես «տեսքն է»: Չէ, իրականում այդ մարդիկ իրարից կարող են և տարբերվել, կարող են և չտարբերվել, բայց այդ տարբերությունը հաստատ ինքնին պարզ չէ, եթե, իհարկե, հարցին լուրջ մոտենանք: Բայց դե եթե հարցերին լուրջ մոտենայինք, հազիվ թե այսքան հեշտ կառավարելի հասարակություն լինեինք: Մյուս կարևոր կարծրատիպը, որ օգտագործվում է, արտաքին «դաբրոն է»: Հայ քաղքենին կարող է որքան ուզում ես անկախականի շորեր հագնել, բայց հոգու խորքում նա հալվում է «դաբրոյի» համար: Ոչ միայն իշխանությունը, այլև կյանքի բոլոր ոլորտներում ճիշտն ու սխալը նրա համար գալիս է դրսի տարբեր կենտրոններից (դրանք բաշխվում են ըստ ճաշակի), իսկ արդեն բուն հայ քաղքենու դերն է լինել ճշտի և սխալի սահմանման գլխավոր վարչության ներկայացուցիչն այս «քյարթ» երկրում: Նույնիսկ սեփական մշակույթի տարրերի գնահատականը նա տալիս է ըստ դրսի «դաբրոյի», էլ ուր մնաց՝ իշխանության մասին: Պարզապես՝ մեկի համար լավն է միայն մեկ արտաքին կենտրոնի դաբրոն, իսկ երկրորդի համար՝ մյուսինը: Կռիվը «դաբրոյի» աղբյուրի շուրջ է, այլ ոչ թե բուն գաղափարի: Նույնիսկ եթե հայ քաղքենին երդվի, որ նրա համար «դաբրոն» անընդունելի է, միևնույն է, ում մասին ասում են, թե նա դաբրո ունի՝ միստիկ աուրա է ստանում քաղքենու ենթագիտակցության մեջ: Իսկ ինչ վերաբերում է «արևմտամետությանը», ապա հիմա այդպիսին լինելը շատ հեշտ է դառել՝ բավական է ինքնահռչակվել որպես մոլի արևմտամետ և 7-րդ պորտից եվրոպական արժեքների կրող: Դե, ասենք, Հայաստանում ամեն ինչն էլ ինքնահռչակման վրա է՝ ընդդիմադիրը, քաղաքագետը, գործիչը: Իրական քայլերն էական չեն՝ էական են միայն արդեն բազմիցս հիշատակած տեսքը, խոսքերը, ինքնաներկայացումը, նաև՝ ո՛ւմ ընկեր լինելը: Ասում ենք, չէ՞, այսինչն ազնիվ տղա է: Բայց ինչո՞ւ է ազնիվ, ո՞րտեղ են ազնավության այդ կնիքը խփում՝ ոչ ոք չգիտի: Մի խոսքով, ամեն բան լավ հաշվարկած է: Տվյալ դեպքում՝ դա, ամենայն հավանականությամբ, արվում է մարդկանց շեղելու համար Սերժի վերարտադրման ծրագրից, յանի՝ դե բան չմնաց, համբերենք, չստացված առաջադեմ Սերժը գնալու է, տեղը գալու է նոր մարդ, ու եթե չենք կարող մեր ուզածին ընտրել (ախր ի՞նչ անենք, շատ ենք ուզում, բայց չի ստացվում), գոնե համեմատաբար տանելի մի տարբերակ է, բոբո չի:

Հետաքրքիր է նաև, որ «քարոզիչները» չեն մոռանում աշխատել քաղաքականապես ավելի «պրադվինուտի» շերտի վրա ևս: Հավանաբար՝ նկատվել է, որ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե բա՝ եթե Սերժը սահմանադրական փոփոխությունների է գնում՝ վերարտադրվելու հստակ նպատակով, էլ ի՞նչ ժառանգորդ, ինչո՞ւ է ժառանգորդի թեմա գցում մեյդան: Եվ ուրեմն, պետք է կասկածի տակ դնել սահմանադրական փոփոխությունների նպատակը: Դա, բնականաբար, մեղմ ասած՝ հեշտ չի անել: Մինչև հիմա նույնիսկ հանրապետականները «վիզ չեն վերցրել»՝ նման անշնորհակալ գործ կատարել: Դա, նախ, տաժանակիր գործ է, որովհետև եղած մանրամասն և հիմնավոր փաստարկումը պետք է գոնե ձևականորեն նույն չափի մանրամասն և հիմնավոր լինի, ինչը գրեթե անհնար է (կրկնեմ՝ նույնիսկ ձևական տեսակետից): Երկրորդ՝ պատվի հարց կա. նույնիսկ եթե Սերժին պաշտպանելը մեկի համար կենսական անհրաժեշտություն է, միևնույն է, ապացուցել, որ սահմանադրական նրա ծրագրի քաղաքական իմաստը ոչ թե սեփական վերարտադրումն է, այլ, ասենք, սերն առ մարդկություն կամ հայի տխուր աչքեր, կամ թեկուզ ինչ-որ մեկի հետ իշխանություն կիսելը (իրականում կիսելը, այլ ոչ թե «կուտ» տալը), երևի չվախենամ ասել, թե ամոթ է: Բայց եթե չկա հանրապետական մահապարտ, կամ էլ դրանք խնայվում են այլ՝ գոնե համեմատաբար ավելի պատվաբեր գործերի համար, ապա միշտ կարելի է դաշտ գործուղել, ասենք, անկախ կամ ընդդիմադիր վերլուծաբանի, ինչու ոչ՝ նաև հարյուրամյա կուսակցության ներկայացուցչի, մանավանդ որ նրանց խոսքը նույնքան անվստահություն չի ներշնչում մարդկանց, որքան հանրապետականներինը: Եվ պատկերացրեք, սառույցն արդեն շարժվում է՝ առաջին, թեկուզ անվստահ քայլերն այդ ուղղությամբ կատարվում են: Մեկը դա անում է խուճուճ ձևերով՝ փորձելով դուրս չգալ քաղաքականի սահմաններից, զգուշորեն, իբր միայն կասկածելով, ենթադրելով: Մյուսն ավելի ափաշքյարա կարող է գործել՝ չվարանելով պնդել, որ, այո՛, իրավականորեն ձևակերպված համակարգի փոփոխությունն իրոք տանում է մեզ դեպի ավելի ժողովրդավար երկիր: Մենք անպայման կհետևենք հայոց մտքի այս նոր սխրանքներին և հարկ եղած դեպքում կներկայացնենք դրանց ամփոփումները: Իսկ առայժմ՝ օ՜ն անդր առաջ, հայոց քաջեր՝ դեպի «մուտիտի» նոր բարձունքներ, դեպի այնտեղ, ուր դեռ չի հասել մարդու ոտքն ու պրպտուն հոգին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հունվարին օդային ճանապարհով մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 5 130 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ծառուկյանի ելույթը առաջընթաց էր’