‘Խմբագրական. Իշխանության միջի որբը’

2361

Սկսվում է այն, ինչ կանխատեսել էինք դեռ մի քանի ամիս առաջ: Քաղաքական և սոցիալական բողոքի ալիքներն արագանում են՝ միավորման ակնհայտ միտումներով: Հասարակության ներսում էլեկտրականացման աստիճանը բարձրանում է: Բանը հասել է նրան, որ քաղաքացիների այցը փոստային կամ բանկային բաժանմունքներ՝ կոմունալ ծառայությունների վարձերը վճարելու, դարձել է յուրօրինակ քաղաքական գործոն՝ մի քանի տասնյակ հազարանոց  հանրահավաքի  ազդեցիկությանը հավասար: Հասարակության շրջանում առկա գիտակցված դժգոհությանն ավելանում է նաև խիստ էմոցիոնալ ֆոնը՝ պայմանավորված սոցիալական ծանր վիճակով և ապագայի նկատմամբ անզորությամբ:

Իշխանությունն այս գործընթացը կանգնեցնելու կամ նույնիսկ մեղմելու որևէ ռեսուրս չունի: Մի քանի պատճառներով: Փող չկա, իշխանություն-հասարակություն վստահություն չկա, թիմ չկա, պատկերացում չկա: Ավելին, իշխանության ներսում անցած ողջ տարվա ընթացքում և հատկապես վերջին մի քանի ամիսներին ստացված պերմանենտ հարվածներից հետո չկա նաև մոտիվացիա: Սերժ Սարգսյանից բացի՝ ուրիշ ոչ ոք մոտիվացիա չունի նրա իշխանության երկարաձգման հարցում: Վերջինս դարձել է իշխանական որբ (մի առիթով մենք կանխատեսել էինք, որ գալու է մի պահ, երբ ոչ ոք չի պաշտպանելու նրան)՝ դրա բոլոր քաղաքական հետևանքներով: Վարչախմբի ներսում առկա թևերը կարծես թե գիտակցում են իրավիճակի լրջությունը և աստիճանաբար մեծացնում են իրենց դիստանցիան Սերժ Սարգսյանից: Միակը, թերևս, ժառանգորդի երազներով տարված Տիգրան Սարգսյանն է, ով իր համար բարենպաստ «իրավիճակ» է տեսնում իշխանության վերարտադրությունն իր միջոցով կազմակերպելու համար: Սակայն օֆշորի մասնագետի՝ իրականությունն ադեկվատ չընկալելու, չգնահատելու և հևիհև դրսևորվելու այս ցանկությունն իրականում օգտակար է լինելու քաղաքական և սոցիալական համատեղ բողոքի ալիքին: Որովհետև դրան կամա թե ակամա աջակցություն են ցուցաբերելու իշխանության, բիզնեսի, ուժային կառույցների շրջանակներից նրանք, ովքեր մարդկային խորը զզվանք և շահերի ակնհայտ հակասություն ունեն վարչապետի հետ: Այսինքն՝ գրեթե բոլորը:

Սրանում համոզվելու համար ցանկացած մեկը կարող է վերընթերցել, ասենք, մեկ կամ երկու տարի առաջվա մամուլը և համեմատել այն այսօրվա հետ: Սերժ Սարգսյանին պաշտպանելու՝ իշխանական պաշտոնյաների, գործարարների, պալատական մտավորականների էնտուզիազմը ուղղակի չքացել է: Նույնիսկ մերձավորագույն շրջապատը բազմանշանակ լռություն է պահպանում: Սերժն այժմ, ըստ էության, բունկերում է, ինչպես Գերմանիայի հայտնի առաջնորդն էր՝ 1945թ. փետրվարից սկսած, իսկ նրա ողջ իշխանությունը խոսում է այն մասին, թե ինչպես անել՝ կործանվող բուրգի փլատակների տակ չմնալու համար: Իսկ մի մասն էլ փորձում է բանակցությունների մեջ մտնել ընդդիմության հետ՝ ապագա իշխանության կողմից երաշխիքներ ստանալու ակնկալիքով: Սերժ Սարգսյանին այլևս բանի տեղ դնող չկա: Ճիշտ և ճիշտ նույն պատկերը, ինչ կար 1945թ. Գերմանիայում:

Ստեղծված իրավիճակի մի հետաքրքիր առանձնահատկությունն էլ այն է, որ իշխանության դեմ ծավալվող գործընթացներում իշխանության ռեսուրսն այլևս իշխանությունը չէ: Ընդդիմությանը (օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, բայց նաև խելամիտ գործելաոճի արդյունքում) հաջողվել է իշխանության ներսում էապես մեծացնել ճաքը և Սերժ Սարգսյանին թողնել մենակ:

Գալով ընդդիմության անելիքին՝ հարկ է նշել, որ հունվարի 18-ին խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի համատեղ աջակցությամբ տեղի ունենալիք հանրահավաքն ընդդեմ «կուտակային» ավանտյուրայի կարող է համազարկի դեր խաղալ պրոցեսներն արագացնելու  հարցում: Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ ինչքան շուտ հասարակական պրոբլեմատիկան քաղաքական ձևակերպում ստանա, և բողոքը մտնի քաղաքական հուն՝ այնքան լավ: Մեկ հարցի շուրջ ակցիաները, որքան էլ դրանք արդիական լինեն, որքան էլ նրա շուրջ համախմբված լինեն իշխանության դեմ պայքարող  քաղաքական ուժերը, այլևս համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Առավելագույն արդյունավետությունը կլինի պրոցեսի հնարավորինս արագ քաղաքականացումը, դրանցում ներգրավված ուժերի պահանջների նույնականացումն ու ամբողջացումը: Քաղաքականությունը կիսատություն չի սիրում:

Նրանք, ովքեր ունեն հրապարակային, հանրահավաքային քաղաքականության փորձ, կարող են վկայել, որ եթե վերը նշվածը տեղի ունեցավ, իշխանության փոփոխության հարցն այլևս թևածելու է մթնոլորտում, պտտվելու է ցանկացած քաղաքացու մտքում՝ բերելով նրան Ազատության հրապարակ:

 

Նախորդ հոդվածը‘Ռադիովիկտորինայում հաղթած գերմանացին մրցանակն ստացել է 44 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդը» այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»’