‘
Ավանդաբար բոլորը բողոքում են շոգից, այնպես՝ կարծես դա անակնկալ է, եւ կարծես ամեն տարի գոնե մի երկու-երեք ամիս Հայաստանում չի լինում շոգ, շա՛տ շոգ, է՛լ ավելի շոգ:
Բոլորը բողոքում են նաեւ «գաղջից»: Բնորոշումն օգտագործում ենք նաեւ ընդդիմադիրներս, թեեւ սա մեր հանրային խոսք ներմուծեց Սերժ Սարգսյանը կամ նրա ելույթները գրողները:
Գա՛ղջ է, ասում են, մթնոլորտը, իսկ ես կարծում եմ, որ գաղջ է նրա՛նց հոգիներում, ում համար մթնոլորտը գաղջ է՝ Սերժից մինչեւ նրա խոսքը կրկնակողները:
Ամեն մարդ եւ ամեն խումբ ինքն իր ներսից է ձեւավորում իր շրջակա մթնոլորտը. գաղջերը եւ գաղջերին՝ գա՛ղջ, մյուսները եւ մյուսներին՝ ըստ ճաշակի:
«Գաղջ» բառի, թերեւս, ամենահայտնի ու ոչ միայն հայաստանյան, այլեւ համաշխարհային քաղաքակրթության տեսակետից կարեւոր օգտագործումը Հովհանննու Հայտնության խոսքն է. «Գիտեմ զգործս քո, զի ոչ ցուրտ ես եւ ոչ ջերմ. պարտ էր քեզ ցուրտ լինել կամ ջերմ: Այլ դու գաղջ ես, եւ ոչ ջերմ եւ ոչ ցուրտ, հանդերձեալ ես փսխել ի բերանոյ իմմէ» («գիտեմ գործերդ քո, քանզի դու ոչ ցուրտ ես, ոչ էլ ջերմ. հարկ էր քեզ ցուրտ լինել կամ ջերմ: Այլ դու գաղջ ես, եւ ոչ ջերմ եւ ոչ ցուրտ՝ փսխելու եմ քեզ իմ բերանից» Գ, 13-15):
Գաղջությունն, ուրեմն, ոչ ցուրտ, ոչ ջերմ՝ «ոչ այս կողմ, ոչ այն կողմն» է. «բոլորն էլ նույնն են»-ն է, «տարբերություն չկա»-ն է, «օբյեկԾիվություն»-ն է, «անկողմնակալությունն» է:
Տարբերություն միշտ էլ կա: Եվ եթե տարբերություն չկա, ապա հարկ է ստեղծել դա՝ «հարկ է լինել ջերմ կամ ցուրտ», այլ ոչ թե «գաղջանալ» երկու տարբերությունների արանքում՝ դատապարտված լինելով անստեղծագործ վիճակի:
Հայաստանը գաղջ է, բայց միայն նրանց համար, ովքեր իրենք են գաղջ: Մի՛ տարածեք, մի՛ օգտագործեք այդ բնորոշումը, որովհետեւ ակամայից համաձայնում եք գաղջության կենտրոնի հետ եւ տարածում եք նրա բնորոշումը, նրա ներքին զգացողությունը: Զարմանալի համերաշխությո՜ւն գաղջի մասին բնորոշման հեղինակի եւ նրա ընդդիմախոսների միջեւ:
Բազմաշերտ հակասության դռներ են բացվում, որից խուսափելու համար պետք է դիրք զբաղեցնել այդ երկիմաստությունից դուրս՝ մերժելով գաղջը ոչ միայն որպես երեւույթ, այլեւ որպես մեր կյանքի, մեր մթնոլորտի բնորորոշում:
Հասկանո՞ւմ եք, պարզվում է՝ մեր իշխանության խնդիրը, նախեւառաջ, հենց այն է, որ նա էլ սովորական «երկիրը երկիր չէ» մտածողության կրողի պես բողոքում է երկրի մթնոլորտից, դժգոհ է, նույնիսկ գուցե…. ընդդիմադիր է (պատահական չէ, որ լիքը նախկին ու ներկա ընդդիմադիրների պահում ու պահպանում է):
Ուրեմն այս երկրի ընդդիմությանը պարտ է լինել մի քիչ ավելին, քան սովորական ընդդիմությունը, ինչ-որ տեղ իշխանություն լինել, եթե ոչ փաստացի լծակների տիրապետման, ապա գոնե դրական մթոնոլորտ, խոսք, նպատակ ձեւակերպելու առումով: Իշխել բառիս հին ու ավելի լայն իմաստով՝ համարձակվել, իրավունք ունենալ, հանդգնել: Հնում ասում էին՝ իշխում ես ասել կամ անել այսինչը, այսինքն՝ քեզ իրավունք ես վերապահում, համարձակվում ես ասել կամ անել այսինչը: Մենք պետք է այդ հին իմաստով իշխենք ոչ միայն քննադատել, այլեւ հաստատել:
Պարտ է մեզ լինել ջերմ՝ շոգ կամ ցուրտ՝ սառը: Եվ հատկապես, կախված հանգամանքներից, օգտագործել այդ երկու տարերքների ուժը. ջերմ ցանկություն, բայց սառը բնականություն, ստեղծագործական ներքին «շոգ» տենչանք, բայց ծրագրավորման սառը հաշվարկ, համոզվածության կիրք, բայց իրապաշտական սառը զուսպ դատողականություն: Պետք չէ բողոքել ո՛չ շոգից, ո՛չ ցրտից: Պետք է ամեն մեկից իր օգուտն ու առավելագույնը քամել:
Հայաստանը գաղջ երկիր չէ՝ սկսած հենց իր կլիմայից: Հայաստանը ամառային սաստիկ շոգի եւ ձմեռային սաստիկ ցրտի՝ պլյուս քառասունից, մինուս քառասունի երկիր է: Եվ ով չգիտի դրանից հաճույք ստանալ, ում համար դա ոչ թե ազարտային մարտահրավեր է, այլ պատիժ, ում սրտով գաղջ միջակությունն է, նա գուցեեւ բան չի հասկանում այս երկրի զարկերակից՝ պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից՝ անցյալից եւ ապագայից: Արագածի գագաթից մինչեւ Մեղրու հովիտ տատանումների երկիր է Հայաստանը, իսկ դա նշանակում է հնարավորությունների մի բաց դաշտ ու ասպարեզ, որը մեկի համար՝ հաճույքի եւ ստեղծագործության, մյուսի համար նվնվոցի ու մունաթի առիթ է:
Հայաստանը ստեղծագործելու երկիր է՝ զրոյից ստեղծելու, զրոյից ասելու, զրոյից ձեւավորելու, եղիցի լույս-ի երկիր է:
Ասում ենք՝ մեզանում չկա, մեզանում չի ձեւավորվել, բացակայում է… Բայց դա նշանակում է, որ այդ ամենը «լինեցնելու», ձեւավորելու, ներկայացնելու առիթ կա: Դատարկ տարածություն կա լցնելու: Ուրեմն, ով տալու բան ունի, ում ներսը լի է այնքան, որ կարող է ստեղծելով ու որտեղ պետք է կազմաքանդելով՝ պարգեւել ու լցնել միջավայրն իրենով, նա միայն ուրախ կարող է լինել: Միայն ներքուստ դատարկներն են վախենում արտաքին դատարկությունից:
Արմատական, չհարմարվող կեցվածքն առնական ոգի է ենթադրում՝ ստեղծագործ, չընկճվող, այրվող, հաստատող, չհանձնվող, չհուսահատվող, ժպտացող, շռայլող: Լաչառությունը, նավսը եւ բայղուշությունն արմատականության եւ քննադատության հետ կապ չունեն:
Հայաստանը մանուկ է, որ նոր է սկսում խոսել եւ քայլել, տուն է, որը նոր է կառուցվում: Իսկ մենք էդ մանուկի վրա, բացի քյավթառ բիձու բռբռոցից, ոչ մի այլ ավետարան չունենք կարդալու:
Հայաստանում ապրելը հետաքրքիր է ու լավ: Հայաստանում չկա պատրաստի իրավիճակ, պատրաստի որեւէ բան: Այստեղ պետք է սկսել նորից: Այստեղ պետք է համառել, աշխատել, պայքարել, սահմանել, հիմնադրել: Հիմնադիր հայրերի ու նոր Հայկերի եւ Արգիշտիների ժամանակն է՝ մարդկանց, որոնց անուններով կկոչվեն ոչ թե փողոցներ կամ բնակավայրեր, այլ ամբողջ սերունդներ, երկրներ, ուղղություններ, գործեր: ……
…..Այդքանից հետո էլ ինչպե՞ս է լացելու ու ողբալու, գաղջի մասին պատումներ տարածելու ժամանակ մնում:
‘