‘Խմբագրական. Ի լուր աշխարհի եւ …ի փառս Բիայնիլիի’

1788

Խմբագրե՛լ աշխարհը` միջավայրը, իրականությունը, պատմությունը:

Բացել փակագծերը, դասավորել շեշտերը. ճիշտ կշռույթ գտնել՝ տարբեր աստիճանների՝ երկար, միջին ու կարճ դադարները տեղաբաշխելով իրենց տեղերում, անցումները սահուն դարձնել, ազատվել հավելումներից, կանոնակարգել. ոչ միայն նկարագրել, այլեւ կառուցել, ստեղծել իրականությունը:

Բացահայտել չերեւացողը, գտնել թաքնվածը, մերկացնել քողարկվածը՝ բացատրելով, քննելով եւ վերլուծելով հաղթահարել նյութի դիմադրությունը՝ միասնականության բերել, մեկ պատումի շուրջ կառուցել, պարզեցնել ու հասկանալի դարձնել:

Հստակ թիրախնե՛ր, հետեւողական ուղղությո՛ւն, անշեղ հարվածնե՛ր, աննահանջ կա՛մք:

Դիրքավորվել, ունենալ այո եւ ոչ, կողմ եւ դեմ, լինել նաեւ՝ կողմնապահ, կողմնակալ, դրոշապահ՝ հեռու լղոզված «օբյեկԾիվությունից», ունենալ սեփական դիտանկյունը, հարվածներ ընդունել եւ հարվածներ հասցնել, պայքարել մինչեւ վերջ, կամքի ցուցադրմա՛մբ իսկ կամազրկել հակառակորդին, զգաստացնել միջավայրը:

Տարբերե՛լ, տարանջատե՛լ էականը երկրորդականից, մնայունն անցողիկից, կայունը հեղհեղուկից: Ամեն իրավիճակում ընտրել եւ բացահայտել բանականն ու բարոյականը, հստակն ու շիտակը, հիմնավորվածն ու ամուրը. բաժանել իմաստալից ձայնն անհոդաբաշխ աղմուկից: Չնմանվել ոչ մեկին, չիջնել, չիջեցնել, այլ հավատալով մարդկային ընկալունակությանը՝ բարձրանալ եւ բարձրացնել:

Ունենալ սեփական ձայնը, խոսքը, ասքը՝ ի լուր աշխարհի եւ ….ի փառս Բիայնիլիի: 

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականին նվազել է 9.4 տոկոսով’