‘Խմբագրական. Լուծումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն’

3068

ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման թեման բնականորեն շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, եթե ոչ` ամենագլխավորը: Շատ պարզ պատճառով. այս հարցի հանգուցալուծումը (ինչպիսին էլ որ լինի) պայմանավորելու է առաջիկա տարիների հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությունը, եթե չասենք՝ ճակատագրական նշանակություն է ունենալու Հայաստանի ապագայի տեսանկյունից, քանզի պատասխանն է լինելու այն հարցի, թե աշխարհաքաղաքական ազդեցության գոտիներից որ մեկում է հայտնվելու Հայաստանը, և ինչպիսին է լինելու մնացած կենտրոնների արձագանքը:

Այս համատեքստում հարց է առաջանում` ո՞րն է Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության մոտիվը: Ո՞րն է այն շարժիչ իդեան, որ Սերժ Սարգսյանին՝ սովետական պարտշկոլայի ներկայացուցչին, հատուկ ծառայությունների հետ սերտ առնչություն ունեցող պաշտոններ վարածին, ՌԴ արտաքին հետախուզության մեդալ ստացածին մղել է դեպի Եվրոպա: Ու ստիպել է այս նախագծի տակ դնել հսկայական ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ. գետնի տակից պեղել բոլոր հնարավոր գնված հաճախորդներին,  «անկախ» վերլուծաբաններին, որպեսզի վերջիններս, մասնավորապես, գովերգեն իրենց անծանոթ մի փաստաթուղթ (Ասոցացման համաձայնագրի տեքստը մինչ օրս գաղտնի է): Արդեն 15 տարի կոռուպցիոն մեխանիզմների մեջ թաղված, նույն ռուսաստաններում տնտեսական շահ ունեցող, նույն ռուսական իշխանական միջանցքներում հանուն անձնական շահագրգռությունների պետական արժանապատվությունը մսխող Սերժ Սարգսյանը մեկ էլ հանկարծ որոշում է Հայաստանը տանել խորը և համապարփակ երվրաինտեգրման ճանապարհով:  Միայն թե հանկարծ չասեք, թե Սերժ Սարգսյանը հանկարծ վարակվել է պետական մտածողությամբ և հետայսու իր բոլոր քայլերն ուղղված են լինելու բացառապես Հայաստանի անվտանգության ուժեղացման, ժողովրդավարության զարգացման և բարեկեցության ապահովման նպատակին: Պետական մտածողություն ունեցող մարդը չի զավթում իշխանությունը Մարտի 1-ի սպանությունների գնով, չի պահում հարյուրավոր քաղաքական պատանդներ, սկուտեղի վրա թուրքերին չի մատուցում Ցեղասպանության ճանաչման գործընթացը, շուրջ 300 հազար մարդու չի մատնում արտագաղթի, իշխանությունը չի լցնում հանցավոր անցյալ ու ներկա ունեցող տիգրանսարգսյաններով, գագիկբեգլարյաններով, թոխմախներով,  նեմեցներով, իսկ ատկատների դեմ պայքարում է միայն այն ժամանակ, երբ այդ ատկատի տերը Սաշիկ Սարգսյանը չէ: Այնպես որ, այս հեքիաթն արժե միանգամից դնել մի կողմ: Ու քանի որ այս քայլերը Սերժ Սարգսյանի «նորահայտ» հայրենասիրությամբ բացատրելը հասարակության կողմից կընկալվեր որպես զավեշտ, իշխանական քարոզչամեքենան նույնիսկ չի էլ թաքցնում, որ այդ քաղաքականության հիմքում ընկած է Սերժ Սարգսյանի անձնական շահը, որն այս պահին, իբր, համընկնում է պետական շահերի հետ:

Իսկ անձնական շահը կարող է առնչվել միմիայն մեկ հարցի՝ ինչպես պահել, երկարացնել, հնարավորինս երկարաձգել իշխանությունը: Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հասկացել է, որ նախկինում վարած պրոռուսական քաղաքականությունն այլևս չի երաշխավորում իր՝ իշխանության ղեկին գտնվելը: Այս ենթադրության օգտին են խոսում մի քանի փաստեր: Մասնավորապես, արդեն անզեն աչքով իսկ նկատելի է տոնայնության փոփոխությունը ռուսական քաղաքագիտական և իշխանամերձ շրջանակներում: Առաջներում դրանք ուղղակի անսքող պաշտպանություն էին Հայաստանում հաստատված բանդիտական համակարգին ու նրա պարագլուխներին: Գումարած` ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման միտումները և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ըստ էության բովանդակազրկումը: Եվ էլի մի շարք գործոններ, որոնց վրա ծանրանալ չարժե այս պահին: Այս ամենը հասկանալով, Սերժ Սարգսյանն իր հայացքն ուղղել է Եվրոպա ու փորձում է այնտեղ գտնել իր իշխանության երկարացման երաշխիքներն ու աղբյուրը: (Կխնդրեինք այստեղ ևս դեմ չտալ Եվրոպայի ժողովրդավար լինելու մասին բանահյուսությունը. ինչպես աշխարհի ցանկացած պետություն կամ քաղաքական միավորում, ԵՄ-ն նույնպես առաջնորդվում է բացառապես իր շահերով, անգամ եթե այդ շահերի արանքում ոտնատակ են տրվում ժողովրդավարական բազում արժեքներ): Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման դիմաց պահանջել և ստացել է համաձայնություն` հետևյալի վերաբերյալ.

—  Եվրոպական միությունը Հայաստանին (նույնն է, թե Սերժ Սարգսյանին ու նրա նեղ շրջապատին) կտրամադրի մի քանի միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն:

—  ԵՄ-ն հրապարակավ քաղաքական և ինստիտուցիոնալ աջակցություն կցուցաբերի Սերժ Սարգսյանին` սահմանադրական «բարեփոխումներ» իրականացնելու, Հայաստանը խորհրդարանական հանրապետության վերածելու և իր (այլևս վարչապետական) իշխանությունը հարատև դարձնելու հարցում:

—  Սերժ Սարգսյանին կտրամադրի անվտանգության երաշխիքներ՝ ֆորս մաժորային զարգացումների դեպքում:

Կուրացած այդ հեռանկարով (կամ վախեցած իշխանության կորստից` Հայաստանի համար հետևանքների առումով մեկ է), հիմա Սերժ Սարգսյանի վարչախումբը, առանց հաշվի առնելու ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման հնարավոր ռազմաքաղաքական, տնտեսական հետևանքները, գնում է այս ճանապարհով: Իսկ ինչպես արդեն վերը նշվեց, այս խնդիրը ճակատագրական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ապագայի և հատկապես Ղարաբաղի անվտանգության համար, որովհետև արդյունքում կարող է հիմնահատակ ավերվել Հայաստանի անվտանգության համակարգը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` հանուն սեփական իշխանության երկարաձգման գնալ վաբանկ և Հայաստանը որպես խաղադրույք դնել բարդագույն քաղաքական գործընթացների հորձանուտում: Ցավալի է, բայց փաստ, որ սրա դեմ որևէ ընդվզում չկա նաև Ղարաբաղում:

Այս պարագայում ամենևին էլ էական չէ, թե հայաստանյան քաղաքացին «ինչամետ» է: Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք, ցանկացած քաղաքական ու քաղաքացիական միավոր պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը մտցնում է մի գործընթացի մեջ, որի վրա` մի պահից սկսած ազդեցություն չի ունենալու: Ավելի կործանարար բան միջազգային քաղաքականության մեջ դժվար է պատկերացնել: Հայաստանի բախտը, ինչպես բազում անգամներ մեր պատմության ընթացքում, կրկին վճռվելու է օտարների կողմից: Մեր երիտասարդ պետությունը կարող է և չդիմանալ նման ցավոտ հարվածների:

Իսկ լուծումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է որսացել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյանը պատրաստվում է հանրային հեռուստատեսություն հիմնել’