‘Խմբագրական. Լուրջ թեմա և դատարկ խոսք’

2073

Բազեի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքի՝ արտագաղթի մասին հատվածը շատերի ուշադրությանն է արժանացել՝ որպես բավականին տարօրինակ և պետության առաջին դեմքի հավակնություններ ունեցող անձի համար անհամարժեք ասելիք՝ հիմնարար թեմայի վերաբերյալ: Կարևորը, տվյալ դեպքում, ճիշտն ասած, նույնիսկ ոչ այնքան այն է, թե ի՛նչ է ասել Սերժը, որքան, առաջին հերթին, բուն թեման, որը հաճախ անլրջանում է ոչ միայն ՀՀԿ նախագահի, այլև ընդհանրապես մեր հասարակական խոսքում: Արժե, ուրեմն, օգտվելով առիթից՝ փորձել անդրադառնալ խնդրին մի քանի պարզաբանումներով՝ չհավակնելով, անշուշտ, շատ մեծ ընդհանրացումների:

Հիշեցնեմ, որ իր խոսքում ՀՀԿ առաջնորդը շեշտում է արտագաղթի հետ կապված երեք կետ՝ ա. արտագաղթը բնորոշ է բոլոր հետսովետական երկրներին, ավելին՝ «բոլորին» (խոսքից այնպես է հասկացվում, թե նկատի ունի ընդհանրապես աշխարհը), բ. դրա ծավալներին նպաստում են Սփյուռքի առկայությունը, գ. նաև՝ չավարտված պատերազմը, անվտանգության խնդիրը: Բացի այդ, նա ավելացնում է, որ արտագաղթի մասին խոսելիս պետք է հիմնվել ստույգ վիճակագրական տվյալների վրա, և, իհարկե, առիթը բաց չի թողնում հերթական անգամ 90-ականները բացասական երանգով հիշատակելու համար, «յանի»՝ իսկական արտագաղթն այն ժամանակ էր:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բավականին սթափ խոսք է թեմայի վերաբերյալ, բայց մակերեսային իսկ քննությունը ցույց է տալիս, որ սթափության տպավորությունը պատրանք է, և իրականում գործ ունենք էկլետիկ, չկապակցված, իսկ որոշ տեղերում՝ նաև բարդույթավորված գնահատականների հետ:

Նախ՝ անդրադառնանք, այսպես ասած՝ մեթոդաբանական մակարդակին:

 ա. Սարգսյանը ճիշտ է ասում, որ արտագաղթի նման հիմնարար թեմայից խոսելիս պետք է խոսքը հիմնավորվի լուրջ վիճակագրական, մեր կողմից նաև հավալենք՝ հետազոտական նյութերով: Բայց, ավա՜ղ, հենց ինքն էլ առաջինը խախտում է այդ սկզբունքը: Այսպես, բացարձակապես պարզ չէ, թե ի՞նչ տվյալների վրա հիմնվելով է նա պնդում, որ, օրինակ, չավարտված պատերազմը արտագաղթի այնքա՛ն կարևոր դրդապատճառներից է, որ դա արժե հիշատակել որպես ընդամենը երկու կետերից մեկը: Արդյո՞ք Սարգսյանը տիրապետում է ինչ-որ հետազոտական տվյալների, արդյո՞ք իր խոսքը հիմնված է լուրջ վիճակագրության վրա՝ այս հարցերի պատասխանները, ամենայն հավանականությամբ, բացասական են: Երբ նա ժխտում է, որ մարդիկ հեռանում են երկրից՝ պատճառ ունենալով անօրինականությունն ու անարդարությունը, արդյո՞ք այդ ժխտումը նույնպես հիմնված է հետազոտական լուրջ արդյունքների վրա: Նույնպես խիստ կասկածելի է: Իսկ եթե ասվի, որ Սերժի թվարկած կետերը՝ Սփյուռքի և պատերազմի գործոններն ինքնին պարզ են, ապա, կներեք, մյուսն էլ կարող է ասել, որ ինքնին՝ առանց վիճակագրության և հետազոտության պարզ է նաև արտագաղթի ծավալի առնվազն չնվազումը, եթե ոչ՝ ուժգնացումը: Ստացվում է, որ ՀՀԿ առաջնորդն ընտրողաբար է մոտենում վիճակագրական տվյալների վրա հիմնվելու մեթոդին՝ հիշելով դա միայն իրեն ձեռնտու դեպքերում:

բ. Ենթադրենք, սակայն, որ Սարգսյանի առաջ քաշած կետերը ճիշտ են և հիմնավոր (դե, ասենք, նա ունի հստակ տվյալներ, բայց մեզ չի ասում դրանց մասին կամ մոռացել է): Բայց այդ դեպքում էլ եղածն ընդամենը նկարագրություն է, բայց ոչ լուծում: Ենթադրենք՝ բացատրեցինք արտագաղթին նպաստող գործոնները, բայց դրանից հո խնդիրը ոչ մի տեղ չկորա՞վ, չդադարե՞ց խնդիր և մարտահրավեր լինելուց: Եվ քանի որ խոսքը պետական բարձրագույն պաշտոնի հավակնություններ ունեցող անձի մասին է, ապա միայն պատճառաբանությունից՝ առանց լուծումների խոսելը կարևորագույն պետական խնդրի մասին, մեղմ ասած՝ «հաշիվ չի»:

Բայց սա էլ ամենը չէ: Սերժ Սարգսյանն իրականում ոչ միայն լուծում չի առաջարկում, այլև որևէ իրական բացատրություն էլ չի տալիս խնդրին, քանի որ նրա բերած բացատրությունները կեղծ են ոչ միայն ըստ բովանդակության, այլև ըստ ձևի: Այսպես, Սփյուռքի առկայությունը կարող է իրոք նպաստել արտագաղթի արագությանը, բայց չի կարող բուն պատճառը լինել: Չեն կարող մարդիկ իրենց տները լքել միայն այն պատճառով, որ արտասահմանում շատ հայեր կան, դա ինքնին պարզ է: Օրինակ, աշխարհով մեկ գերմանական ծագման մարդկանց մեծ քանակը Գերմանիայից գերմանացիների արտագաղթելու խթան չէ, այլ միայն ցուցիչ է այն բանի, որ ժամանակին բազմաթիվ գերմանացիներ լքել են իրենց երկիրը, քանի որ այնտեղ չէին գտնում իրենց տեղն արևի տակ: Բայց այսօր նման միտում չկա, և նախկին գնացածների հետնորդների բազմաքանակությունը ոչինչ չի նշանակում: Հակառակը՝ հետսովետական տարածքից ծագումով բազմաթիվ  գերմանացիներ ներգաղթեցին Գերմանիա՝ պարզ պատճառներով: Սրանք այնքան ինքնին հասկանալի իրողություններ են, որ նույնիսկ անհարմար է դրանցից խոսել: Սերժ Սարգսյանն, այսպիսով, տրամաբանական կեղծիք է թույլ տալիս՝ նպաստող հանգամանքը պատճառի տեղ հրամցնելով:

Չավարտված պատերազմի և արտագաղթի կապի մասին արդեն մասամբ խոսեցինք: Ավելացնենք միայն, որ եթե սա նույնիսկ արտագաղթի իրական պատճառ համարենք, ապա այդ պատճառը որպես առաջնային ներկայաղնող մարդը պետք է անպայման լուրջ  հինավորումներ բերի իր խոսքի, քանի որ, բոլորդ էլ կհամաձայնեք, որ խիստ կասկածելի է թվում այս կետը՝ հակասելով բոլորիս առօրյա փորձին: Ավելին, եթե այս կետը չունի լուրջ հիմնավորումներ, ապա արտասանված լինելով իշխող ուժի առաջին դեմքի կողմից՝ երկիմաստ քաղաքական-հոգեբանական բնույթ է ստանում: Ստացվում է, որ հայաստանցիները լքում են իրենց երկիրը, որովհետև վախենում են այն պաշտպանելուց: Եվ ո՞րն է այդ դեպքում ելքը, լուծումը՝ գնալ հանձնվել թուրքի՞ն: Իհարկե, կասվի, որ Սերժ Սարգսյանը դա չի նկատի ունեցել, որ մենք «չարախոսում» ենք, այն էլ «ոչ մեր կամոք», բայց, կներեք, այդ դեպքում ո՞րն է նման հայտարարության իմաստը:

Վերջապես անդրադառնանք Սերժ Սարգսյանի առաջին կետին՝ արտագաղթը բնորոշ է բոլոր հետսովետական հասարակություններին, ավելին՝ ամբողջ աշխարհին: Այս պնդումն էլ, առաջին հայացքից, ճիշտ և նորմալ պնդում է: Իրոք, ոչ ոք չի կարող վիճել, որ պակաս զարգացած երկրներից դեպի առավել զարգացածներ արտագաղթի մեծ և դժվար վերահսկելի հոսք կա՝ հասկանալի պատճառներով: Բայց «ֆոկուսն» այն է, որ նման ընդհանրացված պնդումները ոչինչ չեն ասում և ոչինչ չեն բացատրում: Պարզ է, որ աշխարհի տարբեր երկրներում կա արտագաղթի խնդիր, բայց պարզ է նաև, որ տարբեր երկրներում տարբեր է այդ երևույթի չափն ու որակը, նաև պարզ է, որ «բոլոր տեղերում» առկայությամբ՝ խնդիրը չի դադարում լուծում պահանջող խնդիր լինելուց: Ասել, որ արտագաղթն ամեն տեղ կա՝ նույնն է, թե ասել, որ մարդասպանությունը, գողությունը և այլ հանցանքներն ամեն տեղ կան և միշտ կլինեն: Իհարկե կան և կլինեն, բայց դա բացարձակապես բովանդակազուրկ, դատարկ պնդում է: Գողությունը կա բոլոր տեղերում, բայց նաև գողության դեմ պայքարում են բոլոր երկրներում, և գողության ծավալներն ու որակները տարբեր են տարբեր երկներում: Այսինքն՝ գողության համաշխարհային տարածվածության փաստն արձանագրելով՝ մենք ո՛չ գողության խնդիրն ենք բացատրում, ո՛չ բացահայտում ենք դրա պատճառներն ամեն տվյալ հասարակության մեջ, ո՛չ էլ լուծում ենք տալիս խնդրին:

Ամփոփենք. ՀՀԿ նախագահի՝ արտագաղթի մասին արտաքուստ միայն կապակցված խոսքում մենք չենք գտնում ո՛չ խնդրի բացատրություն, ո՛չ էլ լուծումների մասով առաջարկներ: Եղածն, ուրեմն, ընդամենը դատարկաբանություն է, «ոչմիբանություն»:  Զգացվում է միայն, որ Սերժ Սարգսյանը շատ է նյարդայնացած այդ թեմայից, քանի որ հարցին պատասխանելիս մի քանի անգամ ընդհատում է հարց տվողին, և խոսքի ենթատեքստը պաշտպանողական է, արդարացող, «յանի»՝ ի՞նչ եք ուզում, սա համաշխարհային խնդիր է, համ էլ հիշեք՝ 90-ականները: Սերժի խոսքի այս՝ ենթագիտակցական շերտը, որը բացահատում է նրա բարդույթները, մանրամասն չենք վերլուծում՝ թողնելով այդ գործն ընթերցողին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Մակարևիչը Պուտինին ուղղված նամակում խնդրել է դադարեցնել հալածանքն իր դեմ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խառնվել է համալիրի գործին. «Ժողովուրդ»’