‘Խմբագրական. Լքված Սերժ Սարգսյանը’

2818

Սերժ Սարգսյանի վրա տարին ծանր նստեց: Հավելյալ անհրաժեշտություն չկա թվելու, քաղաքական և մարդկային առումներով՝ այն հարվածների ու նվաստացումների շարքը, որ բաժին ընկավ նրան այս ընթացքում: Զուգահեռաբար, որքան խորանում էր նրա վարչախմբի նկատմամբ հասարակական ատելության աստիճանը, այնքան հետաքրքիր էին դառնում վարչախմբի ներսում տեղի ունեցող փոփոխությունները:

Իշխանության առանցքում գտնվող խմբավորումները հասկանում են իրավիճակի դրամատիզմը, հեռանկարի բացակայությունը և ստիպված են ճանապարհներ փնտրել սեփական ապագան կառուցելու համար: Սա, բնականաբար, բերում է իշխանության ներսում ընթացող ստորջրյա գործընթացների, միմյանց նկատմամբ տեղեկատվական և կոմպրոմատային բախումների, և այս գործընթացը խորանալու ու սրվելու միտում ունի: Արտաքուստ՝ կայունությունը առայժմ պահպանվում է մի պարզ պատճառով, որ դեռևս իրենց ներսում չկա երկրորդ կոնսոլիդացնող ֆիգուրը, ինչպես նաև՝ առանցքային խաղացողներից ոչ մեկն ի վիճակի չէ կուլ տալ մյուսներին: Այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ով, ձեռքում ունենալով նախագահական ուժեղ լծակներ, ստիպված է հաշտվել իր «թիմի» առանձին ներկայացուցիչների այդօրինակ պահվածքի հետ: Մի պահից սկսած՝ արդեն ակներև է, որ ոչ ոք իշխանության ներսում չի ցանկանում պաշտպանել Սերժ Սարգսյանին: Ամեն մեկն իր տեղում գլուխ է պահում և վարչախմբի գործողություններն արդարացնում է միայն իր մասով: Այլ կերպ ասած՝ իշխանության ներսում այժմ գործում է ջունգլիների օրենքը՝ «каждый- сам за себя»:

Եվ դրա օրինակները բազմաթիվ են: Ամենացցուն օրինակն, իհարկե, Եվրաասոցացումից հրաժարվելու և Մաքսային միություն մտնելու որոշումն էր, որից հետո վարչախմբի ներսում, ըստ էության, ոչ մեկը ռեալ թիկունք չկանգնեց պարագլխին: Խոսքը հրապարակային մի քանի կցկտուր հայտարարությունների մասին չէ՝ իհարկե: Այլ Սերժ Սարգսյանին բաժին ընկած ծանրագույն այդ հարվածները և նվաստացումները իրենց վրա վերցնելը կամ իրենց առաջնորդի հետ համատեղ տանելը: Նույնը տեղի ունեցավ գազի պայմանագրի վավերացման ժամանակ Ազգային ժողովում, երբ հանրապետական պատգամավորները «թռած» էին ման գալիս, և միայն տիտանական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ նրանց բերել- հավաքել մի տեղ (խնդրում ենք՝ սա չընկալել որպես այդ 70 և ավելի «անդամներով»  հանցախմբի արդարացում): Իրավիճակից հրաշալիորեն օգտվեցին ոչ իշխանական խմբակցությունները, ովքեր և՛ հոգեբանական, և՛ քաղաքական, և՛ բոլոր մնացյալ առումներով ուղղակի ջախջախեցին հանրապետականին նիստերի դահլիճում և դրանից դուրս՝ նրանց մատնելով հերթական խայտառակության:

Ոչ ոք չի ուզում պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ բացառությամբ, թերևս, Տիգրան Սարգսյանի, ով ներիշխանական հակամարտություններում դեռևս կարիք ունի իր ազգանվանակցի աջակցության: Մյուսներն այլևս  քաղաքական շահագրգռություն չունեն՝ լինել բացահայտորեն նրա կողքին (մարդկային, բարոյական գործոնը դնենք մի կողմ, սա վարչախմբի համար գոյություն չունեցող կատեգորիա է): Նրանք, իհարկե, կշարունակեն տեսախցիկների առաջ խաղալ իրենց դերը, գովել Սերժ Սարգսյանի քայլերը, պաշտպանել իշխանության վարած քաղաքականությունը (ինչ քաղաքականություն՝ իրենց էլ հայտնի չէ): Բայց, միևնույն է, իշխանության ներսում գրեթե բոլորը հասկացել են Սերժ Սարգսյանի՝ որպես առաջնորդի անհեռանկարայնությունը և զբաղված են իրենց ապագան ինչ-որ կերպ կարգավորելով: Սերժ Սարգսյանն, իհարկե, արել և դեռ մի քանի անհաջող փորձ էլ կանի իր ձեռքը հավաքելու կենտրոնախույս ուժերին, ասենք, օրինակ՝ հրապարակ կնետի սահմանադրական բարեփոխումների ծրագիր, սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Իսկ ընդդիմությանը մնում է միայն օգտվել ստեղծված իրավիճակից: Առաջիկա ամիսներին հզոր բողոքի ալիքի ձևավորման դեպքում Սերժ Սարգսյանի միայնությունը իր ողջ պերճությամբ բացվելու է հասարակության առաջ: Կրկնում ենք. ոչ ոք, բացի իր ընտանիքից ու մի քանի կրիմինալ էլեմենտներից, չի պաշտպանելու նրան, որովհետև այլևս դրանում շահ չունի: `

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահը պաշտոնական արարողության է ներկայացնել բոկոտիկներով’
Հաջորդ հոդվածը‘Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել’