‘Խմբագրական. Խոսքն ընդդեմ Տեսքի’

1515

Քաղաքական գործընթացը Հայաստանում ավելի ու ավելի նմանվում է անորակ սերիալի: Դա բնական է, եթե հաշվի առնենք, որ ցանկացած բռնապետություն էլ բնազդաբար ձգտում է հնարավորինս ապաքաղաքականացնել հասարակությունը, ինչի՝ հնուց ի վեր հայտնի մեթոդներից է ամբոխացնել ժողովրդին՝ նրան մակերեսային, «պոպուլյար» տեսարաններ եւ հանդեսներ մատուցելու միջոցով: Իսկ ապաքաղաքականացնել հասարակությունը՝ նշանակում է զրկել նրան ինքնիշխանությունից, քանզի քաղաքականացված է նա, ով իրեն իրավասու է համարում ազդել որոշումների ընդունման գործընթացին՝ քննադատության, պայքարի, դիմադրության, առաջարկների եւ այլ միջոցներով: Բռնապետության մեջ զանգվածները պետք է ապաքաղաքականացվեն, որպեսզի ինքնիշխանությունը միայն մեկին պատկանի: Մեր բռնապետությունն այդ դասական մեթոդը վաղուց է կիրառում՝ «աստղերի» համերգներ Անկախության տոնին, սերիալների հեղեղ հեռուստատեսությամբ եւ այլն: Բայց այսօր իրավիճակի նրբությունը կարելի է համարել այն, որ ոչ միայն «տեսարանների» միջոցով ապաղաքաղաքականացվում է հասարակությունը, այլեւ քաղաքականությունն ինքը թատերականացվում է, վերածվում է տեսարանների շարքի, բովանդակազրկվում է՝ հանուն ձեւական կողմի, հանուն պատկերի եւ պատկերից առաջացող պարզունակ հույզերի:

Չենք ուզում օրինակներ բերել, քանզի դրանք շատ են եւ կարող են շեղել մեզ բուն ասելիքից՝ նպաստելով տեսարանային քաղաքականության կայացմանը: Բավական է միայն մտաբերել վերջին շրջանի մի քանի ուշագրավ իրադարձություններ՝ ընդհուպ մինչեւ «ձվերով ճակատամարտի» հայտնի «հանճարեղ» մտահղացումը: Ավելի ճիշտ է, թեկուզ ընթերցողների մի փոքր մասի հիասթափությունն առաջացնելու գնով (որոնք կուզենային ավելի կոնկրետ խոսակցություն) հասկանալ ստեղծված իրավիճակի պատճառներն ու դրանից դուրս գալու դեղամիջոցները:

Դասական ժողովրդավարական քաղաքականությունը, գործ լինելուց բացի, կառուցվում է, լայն իմաստով՝ հրապարակային խոսքի շուրջ: Իհարկե, հրապարակային խոսքը կարող է պարունակել մարտավարական երանգներ, կարող է նույնիսկ իր վատագույն դրսեւորումներում դեմագոգիկ լինել, բայց իրավիճակ է ստեղծում միայն այն ժամանակ, երբ հիմքում ընկած է իրերն իրենց անունով կոչելը, կայացած, ճահճացած, մակերեսային վիճակների արմատական մերկացումը, բացահայտումը, երեւույթների հստակ դասակարգում-բաժանումը ա՛յս եւ ա՛յն կողմ: Այս կերպ հասկացված խոսքի մեջ բովանդակությունը գերակայում է ձեւի, փաստարկը՝ առերևույթ «փաստի», հիմնավորումը՝ «զգացողության», բանականությունը՝ «դուխի» նկատմամբ: Սա, իհարկե, իդեալական սխեման է, որն իրականության մեջ կարող է չհանդիպել, բայց որը, որպես իդեալ, հավասարակշռում է դեպի շնականության (ցինիզմի) անդունդը ձգտող անիդեալ «ռեալիզմին»:

Բռնապետության «շարժանկարը»

Հակառակ սրան՝ բռնապետությունը (գոնե այն տեսակը, որը գերակայում է այսօր աշխարհում, այդ թվում՝ մեզանում) խոսքի թշնամին է եւ խոսքն էլ բնազդաբար դիտում է որպես իր թիվ մեկ թշնամի: Նա պետք է հաստատի իր իշխանությունը խոսքի նմանակման, խոսքի բովանդակազրկման՝ ձեւականացման, նաեւ՝ թատերականացման միջոցով, մյուս կողմից էլ՝ խոսքին հակադրելով  պատկերներ, տեսարաններ, «սցենարներ»: Այդպիսով՝ բռնապետությունը պետք է փորձի ակտիվացնել մարդու գիտակցության նախաբանական, նախախոսքային տարրերը, որոնք հիմնված են հենց պատկերակենտրոնության վրա: Ըստ որում՝ պետք է ապահովվի մատուցվող տեսարանների արագ շարժ եւ փոփոխություն, թեմայից թեմա թռիչք, քանի որ «սցենարների» հուզական ազդեցությունը թեեւ ուժգին է, սակայն արագ անցնող, մանավանդ՝ երբ հանդիսատեսը սովոր է արագ տեղեկատվական հոսքին, եւ երկրորդ՝ հուզական գրգռվածության անցնելուց հետո հանդիսատեսների գոնե մի մասի մոտ կարող են հարցեր առաջանալ ներկայացման վերաբերյալ, եւ տրամաբանությունը սողոսկի տեսարանների դաշտ՝ քանդելով սցենարն ամբողջությամբ կամ մասնակի: Տեսարանների արագ փոփոխությունն այսպիսով ապահովում է ուղեղների հուզական շարունակական գրգռվածությունը եւ միաժամանակ՝ նվազագույնի հասցնում հարցեր տալու հնարավորությունը եւ դրանց ակտուալությունը:

Բռնակալությունը եւ յուր հայելիները

Բացի պատկերներից՝ գործուն միջոց է նաեւ խոսքի արժեզրկումը: Հատկանշական է, որ երկրին վերաբերող կարեւորագույն իրադարձությունների մասին հասարակությանը որեւէ բացատրություն տալու փորձ իսկ մեր բռնապետության կողմից չի արվում: Երեւի նույնիսկ ավելորդ է հիշեցնել այս առումով, թե երկրի փաստացի ղեկավարն այդպես էլ որեւէ հանրային բացատրություն չտվեց արտաքին քաղաքական այնպիսի կարեւորագույն եւ միաժամանակ՝ շրջադարձային որոշման մասին, ինչպիսին էր Հայաստանի պատրաստակամությունը՝ անդամագրվելու Մաքսային միությանը ՝ այն պարագայում, երբ մինչ այդ խոսքը եվրոպական ուղղությամբ ինտեգրացիայի մասին էր: Հատկանշական է նաեւ, որ այն դեպքերում, երբ բռնապետությունը, այնուամենայնիվ, ստիպված է դիմել խոսքի, ապա այդ խոսքն այնքան ձեւական եւ բովանդակազուրկ է, որ դրա շուրջ որեւէ հանրային խոսակցություն չի ծավալվում: Այդպիսին էր, օրինակ, Սերժ Սարգսյանի վերջին ելույթը ԵԽԽՎ-ում: Ձեւական տեսակետից՝ սա երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությունն էր՝ որպես առաջին դեմքի քաղաքական ելույթ: Իրականում, սակայն, ելույթն այն աստիճանի ոչ մի բան չասող էր, դատարկ էր, ուղղված չէր հասարակությանը, որ ոչ ինքը կարողացավ դառնալ իրադարձություն, ոչ էլ որեւէ իրադարձություն իրենով կարող էր ստեղծել կամ պայմանավորել: Եվ սա, իհարկե, պատահականություն չէ՝ նույնիսկ ցանկության դեպքում եւ նույնիսկ հանճարեղ հռետոր եւ արտակարգ բանականության տեր անձնավորություն լինելու պարագայում, Սերժ Սարգսյանը, որպես բռնապետության պարագլուխ, չի կարող այլ բան առաջարկել հասարակությանը, որովհետեւ ա՛յլ բանը, այսինքն՝ հստակ, բանական խոսքն անմիջապես վնասելու էր կամ նույնիսկ քանդելու էր իր իսկ իշխանության հիմքերը: Պակաս կարեւոր չէ, որ իշխանական քարոզչությունը փորձում է ապահովել բովանդակազուրկ, անհոդաբաշխ խոսքի գերակայությունը նաեւ ընդդիմադիր կամ արդեն արտաքուստ ընդդիմադիր դաշտում: Այստեղ՝ դաշտի որոշակի հատվածում, աջակցություն է ստանում «տղա», «դուխ», «թասիբ», «այո՜», «ես հավատում եմ», տասը հատ բացականչական եւ շեշտ  տիպի բառապաշարն ու ոճը: Հետաքրքիր է նաեւ, որ փորձ է արվում ստեղծել մի ապաբանական իրավիճակ, երբ «հավատքը» գերակայում է քննական վերլուծության, «փաստը»՝ փաստարկի, պատկերը՝ հարցախույզ խոսքի նկատմամբ: Արդյունքում՝ մենք կարող ենք ունենալ մանր, տեղական բռնակալություններ կամ բռնակալության հայելիներ արդեն ոչ միայն իշխանական, այլև լայն հասարակական մակարդակով:

Հանուն իրականության՝ ընդդեմ տեսարանի

Նկարագրվածը թվում է հոռետեսական: Բայց հարցը լավատեսությունը կամ հոռետեսությունը չէ: Ի վերջո, սրանք օրինաչափ գործընթացներ են, որոնք բնորոշ են, մի կողմից՝ ցանկացած բռնապետության (հիշենք թեկուզ բրեժնևյան սովետը՝ խոսքի կեղծման եւ արժեզրկման իր անգերազանցելի մեխանիզմով), մյուս կողմից էլ՝ համահունչ են արդի աշխարհի ետարդիական միտումներին՝ խոսքակենտրոն քաղաքակրթության կազմաքանդման առումով: Իրավիճակը, մեծ հաշվով, եթե չհիշատակենք մարտավարական առանձին հնարները, ունի մեկ դեղատոմս: Այն ինքնըստինքյան լուծվելու է, երբ Հրապարակ վերադառնան զանգվածները եւ Հրապարակը ձեւավորող բանական խոսքը: Շատերին կարող է սա անհամոզիչ թվալ, որովհետեւ անցյալ դարի պահպանողականներից անուղղակիորեն ազդված արդի հետարդիական միտքը շատ բան է արել՝ արժեզրկելու համար հրապարակային զանգվածային քաղաքականությունը՝ ներկայացնելով այն որպես ձեռնածությունների ենթակա ամբոխներին ուղղորդելու միջոց: Իրականում այս տեսակետը սպասարկում է բռնապետությունների եւ օլիգարխիաների շահերը: Ոչ միայն հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ կազմակերպված զանգվածները (եթե նույնիսկ նրանց ամեն մի անդամ, առանձին վերցված, ինտելեկտուալիզմի կրողը չէ) պատմական եւ քաղաքական բանականության ավելի հատու գործիք են եւ առաջամարտիկ, քան ծախու վերնախավերը, այդ թվում՝ աշխարհի ուժեղների շահերը սպասարկող ծախու մտավորական շերտի «ծախու» հատվածը: Հրապարակը տեսարանի, թամաշայի հակաթեզն է, որքան էլ դա տարօրինակ կամ հակասական թվա առաջին հայացքից: Բացի ամենից՝ հենց Հրապարակում է ձեւավորվում հստակ կամ-կամ-ը՝ կողմնորոշման հարցը, որը ստիպելու է դաշտին մաքրվել եւ բացվել, իսկ դաշտի խաղացողներին՝ հստակ այս կամ այն կողմ դառնալ կամ ծայրահեղ դեպքում՝ իրական չեզոքություն պահպանել: Իսկ մինչ Հրապարակի ձեւավորումը՝ յուրաքանչյուրն իր մեջ եւ իր հետ պետք է ամեն պահի կողմնորոշվի՝  ինքը տեսարանի սպառո՞ղն է, թե՞ բանականության եւ իրականության չնահանջող, չհուսահատվող մարտիկը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը կարող է այսօր ազատ արձակվել. Մեկնարկում է հերթական դատական նիստը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների դատավարություն (ուղիղ)’