‘Խմբագրական. Ծանր կտանեի՞ք, եթե հարցնեինք՝ ինչքանո՞վ ծախվեցիք’

3045

Լրատվամիջոցներից մեկի հարգարժան լրագրողը վերջերս՝ մի արեւաճաճանչափայլ օր, դեգերել է Ստեփանակերտի փողոցներում, իսկ հետո՝ Երեւանի փողոցներում եւ հարցրել պատահական անցորդներին. «Ծանր կտանեի՞ք, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհվեր Արցախի հերոսի կոչում»: Նույն լրագրողը նույն հարցն ուղղել է նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին, նրանից ստացել է տռուզ ստերի տրցակը եւ այս բոլորը փաթեթավորած՝ մատուցել հեռուստադիտողին: Այս նույն տեսանյութն այժմ դեգերում է Յութուբում ու Ֆեյսբուքում եւ, բնականաբար, կրքեր բորբոքում:

Հարցի ձեւակերպման անհեթեթության չափին չանդրադառնանք՝ անսահմանության է ձգտում: Անտեսենք նաեւ մեր «մեղմ» կասկածները, թե ինչ նպատակով է այս լրատվամիջոցի շատ անաչառ գլխում ծնվել իր մեջ արդե´ն իսկ ակնկալված պատասխանը պարունակող հարցը: Ի՞նչ շահեցին այս «դեգերումից» մեր ժողովրդի երկու հատվածները, բացի նրանից, որ պարզվեց՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը շարքային ստախոս է, եւ որ Հայաստանում, տեսանյութը դիտելուց հետո, շատ-շատերը զայրույթով լցվեցին Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ՝ տրամաբանությունից ոչ զուրկ հետեւություն անելով. «Եթե ուրանում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը ղարաբաղյան պատերազմում, ուրեմն՝ հայաստանցիներիս դերն էլ կուրանաք»:

Անաչառի անուն վաստակած լրատվամիջոցն այս հույժ հրատապ հարցը փողոցներում շաղ տալուց առաջ մտածե՞լ է՝ իսկ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանու՞մ է, որ իրեն Արցախի հերոսի կոչում շնորհեն: Եվ եթե ուզենար, արդյո՞ք հենց այն տարիներին արդեն վաստակած չէր լինի այդ կոչումը (ինչն արեցին Հայաստանի նախագահի աթոռը զավթած հաջորդները), երբ դեռեւս Գերագույն հրամանատար էր, եւ այդ նույն արցախցիներն ու նրանց ղեկավարները, որոնք հետո բարեհաջող քոչեցին Հայաստան՝ աստղաբաշխական հարստություն կուտակելու նպատակով, եւ վերջին տարիներին ամնեզիայով տառապող  որոշ հրամանատարներ ու գեներալներ կերկերուն ձայնով իրենց երախտագիտությունն էին հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակում նրա ահռելի դերի համար:

Եվ ամենակարեւորը. եթե պարզվեր, որ լրագրողին շատ պատահաբար հանդիպած ստեփանակերտցիներն ու հրամանատար Մոսին «ծանր չէին տանի,» Հայաստանի հիմնադիր նախագահին Արցախի հերոսի կոչման շնորհումը, եւ Մոսին էլ իր շեֆերի հետ որոշեր, որ պետք է շնորհել այդ կոչումը, ո՞վ էր լինելու այն մարդը, որ համարձակվելու էր այդ կոչումը հասցնել արժանավոր Տիրոջը… Լեռնային Ղարաբաղի իշխանություննե՞րը, որոնք Հայաստանի հանցագործ իշխանությունների հլու կամակատարներն են ու գորշ ստվերները, թե՞ հենց այս նույն Հայաստանի այս նույն հանցագործ իշխանությունները, որոնց արյունոտ թաթերից պարգեւ կամ կոչում ստանալն այնքան է վարկաբեկվել ու արժեզրկվել, որ իրեն հարգող, քիչ թե շատ արժանապատվություն ունեցող մարդը երբեք ձեռքը չի մեկնի ու դրանցից այդ անպատվությունը չի ընդունի:

Հասկանում ենք, որ ե´ւ Լեռնային Ղարաբաղում, ե´ւ Հայաստանում բազմահատոր հանցագործությունների հեղինակ իշխանական վերնախավը ծանր է տանում սեփական գորշության, միջակության գիտակցումը: Հասկանում ենք, որ եթե երբեմն շատ թաքուն երազներում սրանք փորձում են իրենք իրենց համեմատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ նյարդային ցնցումներ են ունենում՝ գիտակցելով, թե որքան չնչին են ու խղճուկ նրա համեմատ: Հասկանում ենք, որ միջնադարյան բարքերով ապրող Հայաստանում՝ լրատվամիջոցների մեծ մասն իր գոյությունը քարշ տալու համար պարտավոր է եռանդի մեծ մասը ծախսել Առաջին նախագահի դեմ բարբաջանքներ թխելու վրա:

Հասկանում ենք: Եթե չհասկանայինք, անպայման նույնանման մի հարց էլ մենք կուղղեինք այս լրատվամիջոցին՝ ծանր կտանեի՞ք, եթե ասեինք՝ ափսոսում ենք այն հուզումները, այն ջերմ զգացմունքները, այն եռանդը, որ ժամանակին ծախսել ենք, որպեսզի այս նույն իշխանությունները ձեզ պատմության փոշոտ դարակում չփակեն:

 Արժանի չեք նույնիսկ ա´յս հարցին: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Անանյանը ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները չորս միլիոն դոլար կվճարեն կալանավայրում մոռացված ամերիկացուն’