‘Խմբագրական. Կատարսիսն ընդդեմ «Կոտրված մարդու ուղեցույցի» ‘

1458

Հայաստանը, եւ հատկապես Երեւանը արդեն քանի տարի` փակ կափարիչով եռացող կաթսա է հիշեցնում: Վերջին շրջանում` հատկապես: Անկախ սոցիալական կարգավիճակից ու տարիքից` ագրեսիան ներսից քաղցկեղի պես մետաստազներ է տալիս: Ու դուրս է սպրդում` առիթ-անառիթ:

Վարորդները գոռգոռում են ուղեւորների վրա, դպրոցում աղջիկները ծեծում են միմյանց, իսկ տղաները տեսանկարահանում են այն ու ներբեռնում համացանց, ուսուցիչներն ընդամենը իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն՝ ընտրություններ են կեղծում` քվեաթերթիկները թաքցնելով կրծկալներում, երիտասարդները Վարդավառին ջրով «հարձակվում են» անգամ տարեցների վրա, զինակիցը սպանում է զինակցին, սպան ծեծում է զինվորին, պաշտոնյաները սպանում են սպաներին… եւ վերջապես փողոցում, հասարակական տրանսպորտում, շուկաներում, հանրային այլ վայրերում մեզ հանդիպող մարդկանց աչքերում խլացած ցասում է, անհողդողդ ֆրուստրացիա, որը սուբլիմացվում է ագրեսիայի անակնկալ պոռթկումներով` ցանկացածի հանդեպ, կամ` հուսահատության նոպաներով: Օդում թեւածում է այդ  լարվածություն-հուսահատությունը:

Համընդհանուր էներգետիկ լարվածության երբեմն նույնիսկ անտեսանելի այս կաթսան անդադար եռում է, եւ ակնհայտ է, որ էներգետիկ այս ֆրուստրացիան վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի համընդհանուր կատարսիսի միջոցով:

Կուտակվող այս բացասական էներգիան վաղ թե ուշ պետք է ինչ-որ մի ձեւով դուրս սպրդի, ժայթքի, պարպվի:  

Խնդիրն այն է, սակայն, որ այս ամենը քաղաքական իրավիճակի բնական հետեւանք է: Եւ հետեւաբար՝ կատարսիսը եւս կլինի քաղաքական: Միայն վերացնելով պատճառը` կուտակված բացասական էներգիան հնարավոր կլինի տարրալուծել:

Պարզ բան է: Նույնիսկ պարզունակ: Մարդը, ինչպես հայտնի է` սոցիալական էակ է, որն ունի իղձեր, բնական ցանկություններ, կարիքներ, բայց մարդն այսօրվա Հայաստանում ինքն իրենով չի կարող հոգալ իր կարիքները: Մարդն, ըստ էության, չի տնօրինում իր հնարավորությունները, ճակատագիրը: Քաղաքացին գիտի, որ օրենքով բոլորը հավասար են, սակայն, տեսնում է, որ ոմանք «ավելի հավասար» են: Իշխանությունները քաղաքացիների համար ստեղծել են այնպիսի պայմաններ, որտեղ քաղաքացին իր խնդիրները կարող է լուծել միայն որոշակի պայմաններ կատարելուց, ընդունելուց հետո: Համընդհանուր հռչակված սկզբունքները փաստացի չեղյալ են հայտարարվել, եւ շրջանառության մեջ է դրվել մի ներքին` «Կոտրված մարդու ուղեցույց»՝ որպես իշխանական էլիտայից դուրս գտնվողների հետ փոխհարաբերվելու իրավարար փաստաթուղթ: Եթե դու ցանկանում ես լավ ապրել, դու պարտավոր ես լինել ոչ թե այնպիսին, ինչպիսին պարտադրում են օրենքները, այլ այնպիսին, ինչպիսին քեզ պարտադրում է լինել իշխանությունը: Ավելին, երբեմն դու այդպիսին պետք է լինես, եթե ուղղակի ցանկանում ես ապրել:

Եթե դու ցանկանում ես հոգալ քո զավակների ապագան, այսօրվա Հայաստանի իշխանական էլիտայի կողմից թելադրվող «Կոտրված մարդու ուղեցույցով» պետք է ձգտես լինել իշխանական էլիտային հնարավորինս մոտ` հնարավորինս կյանքի կոչելով նրանց իղձերն ու կամակորությունները: Եթե չես ցանկանում խնդիրներ ունենալ աշխատավայրում, բանակում, նույնիսկ` առողջապահական եւ կրթական հաստատություններում, ապա պարտավոր ես սրբորեն պահպանել նշյալ ուղեցույցով սահմանված հիերարխիան` օղակ առ օղակ: Քաղաքացին ստորադաս է ստորին օղակին, ստորին օղակը ստորադաս է միջին օղակին, միջինը` բարձրին, բարձրը` ամենաբարձրին: Ոչ թե դու ես հարթում քո աշխատանքային կարիերան, այլ քեզանից վերեւ գտնվող օղակը քեզ թույլ է տալիս մի աստիճան վերեւ բարձրանալ: Ընդ որում՝ թույլ է տալիս որոշակի վարվելակերպի դեպքում: «Կոտրված մարդու ուղեցույցի» թիվ մեկ կանոնը անվերապահ ենթարկվելու պայմանն է: Ոմանք ժամանակի ընթացքում հաշտվում են այդ կանոններին, ոմանք` ոչ:

Սակայն փաստը մնում է փաստ. մարդկանց «կոտրելու» այս հետեւողական քաղաքականության արդյունքում մարդիկ սկսել են իրենք իրենց մեջ կուտակել ժամանակի ընթացքում կուլ տված վիրավորանքը, ստորացված լինելու հանգամանքը, անարդարության զգացումը:

Գծատերը վարորդի համար անտանելի պայմաններ է ստեղծում, բայց ընտանիք պահելու խնդիր ունեցող վարորդը գլուխը կախ ընդունում է դրանք, ու քանի որ վիրավորանքն արդեն իր ներսում է` նա այն կմեղմի ուղեւորներից մեկի կամ մեկ այլ վարորդի վրա գոռալով:

Այս պարզագույն սխեմայով բացասական էներգին օղակ առ օղակ վերեւից հասնում է յուրաքանչյուրիս: Եւ այսպես` անընդհատ:

Սակայն հայտնի բան է` մարդու համբերությունն անսահման չէ: Նույնիսկ ամենահամբերատարները մի օր ժայթքում են: Վա՛յ նրանց, ովքեր կատարսիսի ժամանակ կմնան այդ ժայթքումից առաջացած փլատակների տակ:        

Նախորդ հոդվածը‘Հնարավոր են կարճատև տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’