‘Խմբագրական. Կինոն դեռ նոր է սկսվում’

3401

Ցանկացած հասարակության համար կենսական է իրապես այլընտրանքային համակարգերի գոյությունը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իրավիճակը համեմատաբար դրական է, միեւնույն է՝ այլընտրանքն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության զարգացումը չճահճանա: Առավել կարեւոր է դիմադրողականությունն այն իրավիճակներում, երբ, մի կողմից՝ ակնհայտ է հասարակության մեծ մասի շահերի բախումը առկա իրավիճակի, իշխող կարգի հետ, մյուս կողմից էլ՝ իրավիճակը փոխելու հասարակության ջանքերը թվում են ոչ արդյունավետ, ռեսուրսներն՝ անբավարար, եւ առաջանում են փուլային անկումային տրամադրություններ: Հենց նման իրավիճակներում են կարեւորվում առանձին խմբերի, անհատների քայլերը, ժեստերը, խոսքերը: Խոսքը միայն քաղաքականի մասին չէ, այլ նաեւ բարոյական, մարդկային, հոգեբանական որակների, նույնիսկ գեղագիտական եւ խորհդանշական քայլերի, ժեստերի, խոսքերի, որոնցից ծնվում են ապագաներ եւ նոր իրավիճակներ:

Իրական ազնվականության կարիք կա: Ազնվականը ոգեւորվում է ոչ թե այն պահերին, երբ հաջողությունն ու հաղթանակը մոտ են թվում, այլ այն ժամանակ, երբ նրա հակառակորդներին է թվում, թե իրենք մոտ են հաջողության: Նա ունի կյանքի, պայքարի եւ միայնակ կռվելու ազարտ: Ազնվականության տեսակետից առաջնային է անհատական ընտրությունն ու պատասխանատվությունը: Եթե նա վստահ է, որ ճիշտ է, ապա նրա հոգեբանական հավասարակշռությունն ու վստահությունը սեփական ուժերին հնարավոր չէ կոտրել: Նա զուրկ է չափազանցված գռեհիկ պաթոսից, որին բնորոշ են գերոգեւորության եւ դրա հակադիր հիասթափության ալիքները: Նա ունի իր զգացմունքայնությունը՝ էմոցիաները ճիշտ պահին եւ ճիշտ չափով դրսեւորելու ունակությունը: Նա լուրջ է, բայց խաղային ազարտը փրկում է նրան շինծու գերլրջությանը բնորոշ ծանրությունից:

*   *   *

Ակնհայտ է իշխանության այսօրվա ծրագիրը՝ փորձել ոչ միայն վերջնականապես ջախջախել եղած դիմադրության կենտրոնները, այլեւ ստեղծել վերահսկելի, անվտանգ, «կառուցողական» ընդդիմադիր դաշտ: Հասարակության ահագին մասը դեռ չի նշմարել այդ ծրագիրը, բայց վաղ թե ուշ դա պարզ կդառնա բոլորին: Դրա իրականացմամբ շղթան կփակվի՝ կձեւավորվի այն, ինչից շատերը վաղուց վախենում են՝ իշխանություն-«կառուցողական» ընդդիմություն փակ վերնախավային շրջանակ, եւ հասարակությանը կմնա միայն դիտորդի դերը: Նման համակարգեր ձեւավորված են բազմաթիվ հետսովետական երկրներում: Այս պլանն ունի բազմաթիվ տարրեր, որոնց մասին այստեղ չենք խոսելու, բայց դրա շատ կարեւոր մասն է զանգվածների եւ հրապարակային քաղաքականության բացառումը՝ որպես «անկիրթ», «ատելություն սերմանող», իսկ իրականում՝ իշխանությանը սպառնացող քաղաքական դրսեւորում: Այդ ամենի գաղափարախոսությունն էլ վաղուց պատրաստ է՝ «միտինգների ժամանակն անցել է», «լիդերների ժամանակն անցել է» եւ այլն: Բնականաբար, որեւէ տեղ աշխարհում երբեւէ չի անցնելու ո՛չ մեկի, ո՛չ մյուսի ժամանակը: Բայց օգտվելով հասարակության ժամանակավորապես անկումային տրամադրություններից՝ հանգիստ կարելի է «սաղացնել» նման անհեթեթություններ՝ որպես «նոր» խոսք քաղաքականության մեջ: Իշխանական այս պլանի մանրամասն վերլուծությունն առանձին թեմա է՝ տվյալ դեպքում միայն նախանշեցինք դա:

Այս պլանին հակադրվելու իմաստով է կարեւորվում դիմադրողականության խնդիրը: Խոսքը, տվյալ դեպքում, քաղաքական ուժերի եւ նրանց համակիրների մասին չէ, կամ միայն դրանց մասին չէ: Խոսքն անհատական պատասխանատու որոշումների մասին է: Կարելի է թքած ունենալ բոլոր քաղաքական ուժերի վրա էլ, նրանց համակիրների վրա էլ: Պարզապես պետք են իքս քանակի անհատներ եւ խմբեր, որոնք կստանձնեն չհարմարվողի դերը: Ժելեոտված, բայց գեղի կլուբի մակարդակին մնացած սուպերմիշիկները չպետք է երբեք կարծեն, որ ամենզոր են, մանավանդ որ նրանք իրոք ոչ միայն ամենազոր չեն, այլեւ ընդհանրապես «զոր» չեն: Նրանք բութ են, շատակեր եւ չգիտեն, թե ինչ է դիմադրության ազարտը, չգիտեն, թե ինչ է գերազանցիկորեն անգիր արված պարզունակ կաղապարներից ազատ եւ դուրս մտածողությունն ու հոգեբանությունը:

Էլիտար կոնսենսուսը, որը նախապատրաստվում է Հայաստանում իշխող խմբի կողմից, պետք է հերթական անգամ չկայանա, տապալվի, եւ տապալման ծրագրի կարեւոր, առաջին քայլերից է հրապարակում զանգվածների առկայությունը, ցուցադրությունը, որը Հայաստանը «միշիկնոցի» վերածելու խոչընդոտն է եղել ու մնում է: Մարտի մեկը դիմադրության խորհրդանիշ է, եւ մարտի մեկին հրապարակում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ հերքելու են «քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների» համար է՝ «էլիտար» գեղի «քլաբի» «ինստիտուցիոնալ» թեզն ու ծրագիրը: Քաղաքականությունը բոլորի համար է, եւ դա ամրագրված է սահմանադրությամբ: Անհատներն ու զանգվածները հակադրման մեջ չեն, ոչ էլ ազնվականությունն ու ժողովուրդը, ազատությունը եւ զանգվածները, այլ երկուսը միասին դաշինքի մեջ պետք է լինեն՝ ընդդեմ «խմբակների», «էլիտաների» եւ հանցավոր, հակասահամանադրական վերնախավային կոմպրոմիսի: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայտնաբերի»’
Հաջորդ հոդվածը‘Amnesty International. Իրավապահները Շանթ Հարությունյանի գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել’