‘Խմբագրական. Կկուն՝ աշնանը’

3182

Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա վայելել ամենամյա ամառային քաղաքական արձակուրդը: Ամռանը քաղաքական պրոցեսները բնականորեն դանդաղում են, ինչը սովորաբար ձեռնտու է իշխանությանը, քանի որ նրան շունչ քաշելու, ուժերն ի մի բերելու ժամանակ է տալիս: Սակայն այսօրվա հայաստանյան ներքաղաքական իրականությունը Սերժ Սարգսյանին զրկել է այդ  հեռանկարից: Չհաշված ընդդիմության և քաղաքացիական խմբերի ակտիվությունը՝ վարչախումբն ու իր պարագլուխը առաջիկա 2-3 ամիսներին պետք է լուծեն իրենց իշխանության պահպանման տեսանկյունից կենսական մի քանի հարց: Սակայն դատելով նրանց գործողություններից ու նախնական արդյունքներից՝ իշխանություններին ներքոշարադրյալ խնդիրներում սպասվում է կատարյալ ձախողում: Եվ այսպես.

Փող

Եթե առաջիկա մեկ-երկու ամսում Սերժ Սարգսյանն ու նրա կառավարությունը որևէ կերպ չհայթայթեն գոնե կես միլիարդ դոլար, ապա առանց այն էլ պրկված ֆինանսա-բյուջետային համակարգը կանգնելու է վերջնական կոլլապսի առաջ: Նախ՝ կառավարությունը չի կարողանալու ապահովել աշխատավարձերի բարձրացման իր խոստումը: Մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության շարունակվող անկումը, բիզնես միջավայրի շարունակական վատթարացումը բյուջեի կատարումը դարձնելու են առավել քան ռիսկային, և կառավարությունը չի կարողանալու կատարել «պլանը»՝ ինչպես հարկերի հավաքագրումների, այնպես էլ ծախսերի մասով: Խուճապի մատնող այս իրավիճակն էր հիմնականում պատճառը, որ Սերժ Սարգսյանին ստիպել էր վազել Աստանա և հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է արագացված ռեժիմով մտնել Եվրասիական միություն: Դրա դիմաց, իհարկե, Ռուսաստանից ակնկալելով ֆինանսական օգնություն: Բայց փոխարենը ստացավ հերթական նվաստացումը՝ Ալիևի նամակի տեսքով, հետո երկրորդը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովի մեկնաբանության տեսքով (վերջինս, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելը դեռ երկար գործընթաց է): Արևմտյան երկրներն ու ֆինանսական կազմակերպությունները նույնպես տոգորված չեն Սերժ Սարգսյանի իշխանությանը ֆինանսապես օժանդակելու գաղափարով: Սա նշանակում է, որ արդեն մի քանի ամիս անց վարչախումբը կանգնելու է (դժբախտաբար՝ իր հետ միասին՝ նաև Հայաստանն է կանգնեցնելու) ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակի առաջ:

Սահմանադրական «բարեփոխումներ»

Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի մերժողական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում ստիպեց Սերժ Սարգսյանին 3 ամսով հետաձգել այս գործընթացը: Սերժ Սարգսյանը սրանով, ըստ էության, ընդունեց, որ սահմանադրական «բարեփոխումների» հարցն ինքը կապում է աշնանը Քառյակի գործունեության արդյունավետության հետ, և Քառյակն է որոշողը՝ «կբարեփոխվի՞» արդյոք երկրի մայր օրենքը, և Սերժ Սարգսյանը կստանա՞ երկրում հավերժ իշխելու հնարավորություն, թե՞ ոչ: Եթե Քառյակը չկարողացավ ձեռքի տակ եղած քաղաքական ու հասարակական ռեսուրսը կապիտալիզացնել ու վերածել իշխանափոխության, ապա կասկած չկա, որ վարչախումբը բուլդոզերով ու ցինիկաբար առաջ է հրելու այս հարցը:

Ներթիմային հակասությունների վերացում

Այն, որ իր թիմում կան լրջագույն խնդիրներ, ընդունել է ինքը Սերժ Սարգսյանը: Եթե առաջ այդ հակասությունները տարբեր ոլորտներում ունեցած ազդեցությունների պատճառով կարող էին լինել, ապա այժմ դրան գումարվել է ևս երկու հանգամանք. պետական և իշխանական ապարատը զգում է Սերժ Սարգսյանի թուլությունը, նրա իշխանության անհեռանկարայնությունը (նրանք արդեն կանգնած են պառլամենտական մեծամասնության կորստի վտանգի առաջ), և շատերն արդեն իրենց մտքներում ունեն կամ մշակում են իրենց վարքագիծը՝ իրադարձությունների զարգացման այլընտրանքային տարբերակների դեպքում: Եվ երկրորդ՝ չնայած իր վիճակի բարդությանը, Սերժ Սարգսյանը կրկնակի թափ է հաղորդել կոռուպցիոն մեքենային, և դրա տակ ընկել են արդեն մինչև վերջերս արտոնյալ համարվող իշխանական գործիչներ, ինչը ներթիմային դժգոհության պատճառ է դարձել: Սրանց գումարեք նաև Հովիկ Աբրահամյան, փեսա Մինասյան, Վովա Գասպարյան, Գագիկ Խաչատրյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան ՝ առանձին վերցրած բարդ հարաբերությունները, և պատկերը կդառնա ամբողջական:

Քառյակի պառակտում

Սա, կարելի է ասել, Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրն է, երազանքը: Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ Քառյակի միասնականությունը խաթարելու, նրա գործունեությունը վարկաբեկելու համար: Դրան է ուղղված միշիկյան ամբողջ քարոզչությունը՝ տասնյակ հեռուստաալիքներով, հարյուրավոր կայքերով ու ծախու քաղաքական գործիչներով, լրագրողներով, վերլուծաբաններով, քաղաքագետներով: Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, ցանկացած զոհողության (միայն թե՝ էլ զոհելու բան չունի), միայն թե վերջ տա այդ համագործակցությանը: Ու սրանից ավելի լավ ցուցիչ, որ Քառյակն է իշխանության վտանգը՝ չկա (սա՝ որպես չգիտեմորհազարերորդ ապացույց բոլոր թերահավատներին ու «թերահավատներին»): Քառյակն, իր հերթին, դիմագրավելու համար իշխանական այս հարձակմանը, պետք է այս ընթացքն անցնի խստորեն հաշվարկված ու խելամիտ: Նրա անդամ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան Քառյակի ամբողջականությունը վնասող, չհաշվարկված, ինչպես նաև հասարակության կողմից մերժելի գործոններով պայմանավորված քայլերից: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի զինաթափումը կդառնա ամբողջական: Որովհետև վերը նշվածներում Սերժ Սարգսյանն արդեն ձախողվել է: Եթե Քառյակի ուժերը, հասարակության հետ միասին, կարողացան պահպանել վարչախմբի վրա գործադրվող ճնշումը և ահագնացնել այն հետևողականորեն, ապա սեպտեմբերին Սերժ Սարգսյանի կկուն կանչելու է:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունում չգիտեն, թե ուր է կորել իրենց մոտ եղած 78 կգ հերոինը. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում կալանք է դրվել Բորիս Բերեզովսկու առանձնատան վրա ‘