‘Խմբագրական. Կողմնորոշումային քաղաքականությունը եւ նորգաղութականությունը’

2547

Երբեւէ լսե՞լ եք, որ, ասենք, Մեծ Բրիտանիայի քաղաքական ուժերից խոսելիս, որպես դրանց դասակարգման հիմնական չափանիշ՝ օգտագործեն «այսինչամետ» կամ «այնինչամետ» բնորոշումները: Նույնիսկ հարցադրումն ինքնին անհեթեթ է հնչում: Նույնը՝ եթե խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ այլ՝ «առաջին աշխարհի» երկրների մասին է: Թվարկված երկրներում կան աջեր եւ ձախեր, կենտրոնամետ եւ ծայրահեղական համարվողներ, կան նույնիսկ «Գարեջրի սիրահարների» եւ նման էկզոտիկ անվանումներով կուսակցություններ, բայց չկան այնպիսիք, որոնք իրենք իրենց նկարագրեն կամ էլ ընկալվեն այլոց կողմից որպես «այսինչամետ»: Իհարկե, կան այս կամ այն երկրի կամ տարածաշրջանի հետ հարաբերություններն առավել կարեւորող խմբեր եւ գործիչներ (ասենք՝ ԱՄՆ-ում Հանրապետականներն առավել հակված են Իսրայելի հետ համագործակցության եւ Ռուսաստանի կամ Իրանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման կրող են), կան, ի վերջո, պարզապես այս կամ այն արտաքին ուժի լոբբինգով զբաղվողներ, բայց դրանցից ոչ մեկը քաղաքական դաշտի բաժանման առաջնային, ոչ էլ նույնիսկ երկրորդական չափանիշներ չեն, այլ երանգներ, այն էլ, որոշ դեպքերում՝ փոփոխական:

«Հռոմեական ժողովրդի բարեկամ եւ դաշնակից»

Իհարկե, կասեք, թե հեղինակն այստեղ յուրահատուկ խորամանկություն է անում: Այո՛, Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում չկան արեւմտամետներ կամ արեւելամետներ, բայց այդպիսիք կան կամ կարող են լինել, օրինակ, Բուլղարիայում, Ռումինիայում կամ Սերբիայում, այսինքն՝ Արեւելյան Եվրոպայում: Առարկումը փաստացի ճիշտ է, բայց արդյո՞ք դրանով ապացուցվեց, որ դա, այսպես ասած՝ խրախուսելի երեւույթ է: Անգլիայում եւ Գերմանիայում չեն կարող լինել արեւմտամետներ, որովհետեւ այդ երկրները հենց Արեւմուտքում են եւ Արեւմուտքն են (չնայած՝ կոնկրետ Գերմանիայում դեռ 100 տարի առաջ շատ արդիական էին վեճերն այն մասին, թե արդյո՞ք Գերմանիան «անհոգի» արեւմուտք է, թե՞ «հոգեւոր» արեւելք, ընդհանրապես՝ այդ անհամ բանավեճը ձեւավորվել է Գերմանիայում եւ մեզ էլ հասել, ի վերջո, այդ կողմերից): Այլ կերպ ասած՝ այդ երկրներում չկան «-մետներ», որովհետեւ նրանք հենց այնտե՛ղ են, դեպի ուր մյուսները «միտվում են», այսինքն՝ կենտրոնում: Ուրեմն, «-մետությունը»՝ որպես քաղաքական էական բաժանում, կարող է լինել միայն կենտրոնից դուրս, հետեւաբար՝ գավառում, ծայրամասում:

Պարզ է, հետեւաբար, որ արտաքին կողմնորոշումը, որպես ներհասարակական բաժանման հիմնաքար՝ նախատեսված չէ «առաջին աշխարհի» («պերվի կրուգ տղերքի») համար, եւ հակառակը՝ նախատեսված է «երկրորդ», «երրորդ» եւ այլ աշխարհների համար: Այսինքն՝ այստեղ կա «երկրորդականության» խնդիր, որովհետեւ մարդը կամ խումբը, որի հիմնական հատկանիշը «միտվելն է», կենտրոնից դուրս է, այլ կերպ ասած՝ գավառցի է: Ավելին՝ այստեղ պետք է ենթադրել թաքնված գաղութատիրության խնդիր: Գաղութատիրության հիշատակումը բռնազբոսիկ չափազանցություն չէ՝ գաղութատիրական մտածողության հիմքում աշխարհի բաժանումն է «սպիտակ» («պեռվի կռուգ») եւ «սեւ» («մնացած») «տղերքի», եւ քանի որ տեսնում ենք, որ «-մետության» դեպքում սպիտակ ու սեւի բաժանումը էական է, ուրեմն եւ իրավունք ունենք խոսելու թաքնված գաղութատիրության մասին:

Եթե, մի կողմից, «սպիտակ տղերքն» իրենք կարիք չունեն «միտվելու», ապա, մյուս կողմից՝ նրանք ոչ միայն ակնկալում են, այլեւ ձեւավորում եւ պարտադրում են «միտումները» «ոչ սպիտակների» միջավայրում: «Երկրորդ», «երրորդ» եւ «չորրորդ» աշխարհներում «-մետությունները» ոչ միայն ներքին գործընթացի եւ պահանջարկի, այլև հենց արտաքին ակնկալիքի եւ, ի վերջո, ուղիղ պատվերի արդյունք են: «Սպիտակները» պահանջում են «սեւերից» նախեւառաջ հավատարմություն՝ այդպիսին է տիրոջ, իրեն առաջին աշխարհի մաս զգացողի, «հռոմեացու» հոգեբանությունը: Դու պետք է նախ լինես «հռոմեացի ժողովրդի բարեկամ եւ դաշնակից», եւ հետո միայն  մնացած ամենը, այդ թվում՝ սեփական երկրի շահերը ներկայացնող. այդ կետում է «հռոմեական» (այսինքն՝ ցանկացած մեծապետական) բարեկամության խաբեությունը: Հենց այսօր Հայաստանում ըստ արտաքին կողմնորոշումային գծերի դասակարգելու եւ դասակարգվելու պահանջը եւ համապատասխան գաղափարախոսական ու քարոզչական աշխատանքը ձեւավորվում է հենց արտաքին խաղացողների միջամտությամբ եւ մասնակցությամբ: Եվ բնական էլ է արտաքին հայացքի համար հետաքրքրվել նախ արտաքին իսկ ուղղվածությամբ: Այլ բան է, որ դա չի կարող բնական լինել եւ համարվել տվյալ երկրի ներսում:

Անվերջ ձգտում դեպի ինքնաբավ հանգստություն

Գաղութատիրական համակարգի երկրորդ կողմը «բնիկներն» են, որոնք պետք է ի ցույց դնեն իրենց տիրասիրությունը: «Բնիկն» այն մարդն է, որն իր երկիրն ու իր ժողովուրդն ընկալում է որպես կենտրոնից դուրս գտնվող տեղանք, իսկ ինքն իրեն զգում է արտաքին կենտրոնի լիազոր ներկայացուցիչ «տեղանքում»: «Բնիկն» ինքը չի ստեղծում ճշմարտություններ եւ արժեքներ, բայց նա ներկայացնում եւ մեկնաբանում է դրանք տեղանքում: «Տեղանքն» ինքն իրենով չունի որեւէ արժեք, չի կարող ունենալ ինքնին իմաստ, չի կարող նաեւ ստեղծել ճշմարտություն, այլ արժեւորվում եւ իմաստավորվում է շնորհիվ «կենտրոնի» հետ կապի, իսկ այդ կապի միջնոդն էլ «բնիկային» վերնախավն է: Այսպիսով՝ բնիկային վերնախավը, թեեւ մնում է «կիսասեւ»՝ «սպիտակների», բայց «սպիտականում» է «բնիկների»՝ «սեւերի» մեծամասնության նկատմամբ: Ավելորդ է ասել, որ պարտադիր չէ, որ այս ամենը լինի գիտակցական մակարդակում՝ «բնիկային» կաղապարը կարող է հանգիստ գոյատեւել այս կամ այն խմբի եւ անձի մեջ չգիտակցված մակարդակում, բավական է միայն, որ գործի նկարագրված կառուցվածքը:

«Բնիկային» մտածողության կարեւոր հատկանիշներից է, այսպիսով՝ լինելու փոխարեն թվալը, խաղալը: Բնիկը «սպիտակ» չէ, բայց նա «սպիտակ» է խաղում, ներկայացնում՝ իր նման «սեւերի» մեջ: Այստեղից էլ գալիս է «-մետության» հոգեբանական հիմքը: Եթե մեկն, օրինակ, ինքնին «հարավարեւմտյան է», ապա նա, բնականաբար, չի կարող լինել «հարավարեւմտամետ»: Իսկ ահա, եթե մեկը խաղարկում է «հարավարեւմտականությունը», այսինքն՝ իրականում այդպիսին չէ, բայց ձգտում է թվալ այդպիսին, ապա նրա համար առաջնային է դառնում «հարավարեւմտամետ» ինքնանկարագրությունը: «-Մետությունն» անհրաժեշտ է հաստատելու համար թվացյալ ինքնությունը: Եվ իրոք, եթե պատկերացնենք մարդ կամ խումբ, որն ինքնին «հարավարեւմուտքցի է», ապա նա բացարձակ ազատ է որեւէ արտաքին ուժի հետ հարաբերվելու, համագործակցելու, կամ էլ, ընդհակառակը, ըստ պահի անհրաժեշտության եւ ըստ ճաշակի հակառակվելու, որովհետեւ նրա ինքնությունը չի  կարող տուժել կամ կասկածի ենթարկվել դրանից: Նա այսպես թե այնպես կենտրոնում է, հետեւաբար՝ հավասար հեռավորության եւ հավասար մոտիկության վրա բոլորից, եւ ապացուցելու բան չունի: «-մետի» միտումն ու ձգտումը, հակառակը՝ անհանգիստ է, հաճախ՝ հիստերիկ, պաթոսային, որովհետեւ նա կարիք ունի ապացուցելու իր ինքնությունը, ինքնահաստավելու, նա անընդհատ ձգտում է, բայց այդպես էլ երբեք չի հասնում ինքնաբավ հանգստությանը՝ կենտրոնին:

Ճմշարտության կոմիտեն եւ վերջին բաստիոնը

Ակնհայտ է, որ հատկապես վերջին տարիներին մեր հասարակությանը հանրային կարծիք ձեւավորողների՝ ԶԼՄ-ների, փորձագետների, վերլուծաբանների, ՀԿ-ների միջոցով փորձում են պարտադրել հենց այս՝ գաղութատիրական կաղապարը, որի համար մենք, անշուշտ, ունենք պարարտ հող մեր հասարակության ներսում: Սա ավելի մեծ եւ կարեւոր մարտահրավեր է մեր ինքնիշխանությանը, քան որեւէ արտաքին զարգացում: Այստեղից էլ ծագում են մեր հանրային խոսքի ուշագրավ հակասությունները: Օրինակ, հայտնի է, որ քաղաքականության եւ արժեքային դաշտի (կրոն, գաղափարախոսություն, մշակույթ եւ այլն) տարանջատումը արեւմտաեվրոպական քաղաքակրթության կարեւոր, ինչ-որ տեղ հիմնաքարային նվաճումներից է, եւ դրա վրա է կառուցված արդի միջազգային համակարգը (իհարկե, փաստացի նման տարանջատում գրեթե միշտ էլ եղել է, այլ բան է, թե ինչպես է փաստացի իրավիճակն ընկալվել կամ նկարագրվել): Բայց արի ու տես, որ Հայաստանում, ինչպես եւ «երկրորդական» այլ երկրներում, իրենք իրենց «արեւմտամետ» համարողները ամենայն կրքոտությամբ պաշտպանում են, մի կողմից՝ արժեքային, մշակութային, գաղափարախոսական, եւ մյուս կողմից՝ քաղաքական կողմնորոշումների եւ դաշտերի նույնացումը՝ փաստացի վերադառնալով միջնադարյան հարացույցի՝ ո՛վ իմ կրոնակիցն է (գաղափարակիցն է եւ այլն), նա էլ դաշնակիցն է: Զարմանալի է, որ հենց «արեւմտամետ»-ները, որոնք, թվում է, թե պետք է լինեին քաղաքական եւ արժեքային կողմնորոշումների տարանջատման քարոզի առաջին գծում, նման «արեւելյան», «ռաբիս» դիրքերում են՝ մեկնաբանելով աշխարհաքաղաքական իրողությունները որպես Բարու եւ Չարի, Լույսի եւ Ստվերի բախում: Բայց զարմանքը չքանում է, երբ խնդիրը բացատրում ենք որպես «գաղութատիրական» կաղապարի մաս: Սեփական շահերից բխող՝ առանց մշտական դաշնակից եւ թշնամի ունենալու քաղաքականության իրավունքն, ըստ այդմ, փաստացի վերագրված է միայն «սպիտակներին», «մեծերին», իսկ՝ «մնացյալները» պետք է կողմնորոշվեն եւ զոհողությունների ու մահվան իսկ գնով ապացուցեն իրենց հավատարմությունը (ի վերջո՝ ի՞նչ էր նույնիսկ Հայոց ցեղասպանությունը, եթե ոչ առավելագույն՝ մահվան իսկ գնով «դաշնակիցներին» հավատարմություն ապացուցելու փորձ):

Նույն կաղապարի շրջանակներում քաղաքական գաղափարախոսություններին նույնպես վերագրվում է արտաքին կողմնորոշումային իմաստ: Օրինակ, եթե դու ազատական ես, նշանակում է՝ ինքնաբերաբար արեւմտամետ ես: Դա, իհարկե, անհեթեթություն է եւ կարող է համոզիչ թվալ միայն խորը գավառցու տեսակետից՝ լիբերալ, սոցիալիստ կամ նացիոնալիստ լինելն ինքնին որեւէ կապ չունի արտաքին քաղաքականության հետ, եւ «սպիտակ աշխարհում» հիմնականում որեւէ էական կապ չունի էլ, բայց «գաղութատիրական» կաղապարի համար, անշուշտ, բնական է, քանի որ «բնիկի» համար այլազան գաղափարախոսությունները ոչ թե ներքին իրողություններ են, այլ դրսում գտնվող «ճշմարտության գերագույն կոմիտեի» կողմից ճշտված եւ հաստատված հրահանգներ, որոնք «բնիկն» ընդունում է որպես կայացած իրողություններ եւ կարող է հագնել ու փոխել հագուստի պես՝ ըստ այս պահի «Կոմիտեի» «գեներալնի գծի»:

Ի դեպ, նույն տարբերությունն է դրվում նաեւ «սպիտակների» եւ «սեւերի» աշխարհին վերաբերող պատերազմների, կոնֆլիկտների միջեւ: Միայն «սպիտակների» աշխարհին են, ըստ այդմ, բնորոշ «իսկական» պատերազմներն ու կոնֆլիկտները, ուր կարող է լինել արդարացի եւ ոչ արդարացի կողմ, եւ ուր բախումը նկարագրվում է որպես բացատրելի շահերի հակասության հետեւանք: «Սեւերի» աշխարհում, հակառակը՝ կան գերազանցապես «էթնիկ», այսինքն՝ ցեղային կոնֆլիկտներ, որոնցում, ըստ սահմանման՝ չի կարող լինել որեւէ «ավելի արդար» կողմ, այլ երկուսն էլ պարտադրորեն «սխալ են», այդ կոնֆլիկտների պատճառները ոչ թե ճիշտ կամ թեկուզ սխալ հասկացված շահերն են, այլ ապաբանական (իռացիոնալ) կրքեր ու բնազդներ՝ ատելություն եւ այլն, եւ համապատասխանաբար՝ դրանց լուծումը ոչ թե քաղաքական է՝ բանական, այլ մշակութային, «հասարակական» եւ այլն:

Մեզ ակտիվորեն պարտադրվող կողմնորոշումային բաժանումն, ուրեմն, այլ բան չէ, քան մեծագուն մարտահրավեր Հայաստանի ինքնիշխանությանը, քաղաքական եւ գաղափարական նորգաղութականություն, եւ եթե հաջողվի մեզ վերջնականապես պարտադրել այդ կաղապարը, ապա դրա գինը չափազանվ բարձր կարող է լինել՝ հավատարիմ բաստիոնների բնակիչներին առավել հաճախ իսպառ ոչնչացնում են, եւ «բաստիոնի» դերն իրենց վրա վերցրածների պատիվն ու պարտականությունն էլ հենց մինչեւ վերջ կոտորվելն է՝ հանուն կենտրոնի ու տիրոջ շահերի:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը մասնակցեցին «Սատարում ենք սպանված զինվորների մայրերին» ակցիային’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ գրոհայիններն Իրաքում հաշվեհարդար են տեսել լրագրողի նկատմամբ’