‘Խմբագրական. Կոմունիստների և անկուսակցականների անխախտ դաշինքը’

2199

Քաղաքական աշնանն ընդառաջ՝ իշխող խմբի քարոզչամեքենան, ինչպես երևում է, որոշել է թաքստոցներից հանել իր բոլոր, թեկուզև՝ տեղ-տեղ ժանգոտած զենքերը: Իշխանական քարոզչամեքենայի երևակայությունը և ստեղծագործականությունն առանձնապես աչքի չեն ընկնում ուժգնությամբ և ինքնատիպությամբ, ուստիև, ամենայն հավանականությամբ՝ ստիպված ենք լինելու «ունկդրել» «ստառիե պեսնի օ գլավնըմ»-ի («հին երգեր՝ կարևոր մասին») հերթական, ասենք՝ 25-րդ ռեմիքսը: Կարծես՝ բավականին վաղուց չէինք լսել ահասարսուռ պատումները նարնջագույն հեղափոխություն անել ցանկացող «արևմտամոլ» ընդդիմության մասին, և ահա, ո՜վ հրաշք, մե՜ծ է ամենակալ Զևսի զորությունը, այս մի փոքր, մոռացված մուղամի անկանոն ելևէջները նորից հեռվից հեռու լսվում են հայոց աշխարհում: Վերջին մեկ-երկու տարում սերժական քարոզչությունից հիմնականում լսում էինք, որ ՀԱԿ-ը, նաև՝ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, «ռուսամոլ» են, մեզ «ռուս սապոգի տակ են» ուզում գցել, իսկ ահա արևմտամետ և առաջադեմ Սերժը մեզ տանում է դեպի լուսավոր ապագա: Այս հերոսական պատումը մի տեսակ մոռանալ էր տալիս նախկինում ավելի տարածված՝ հակառակ «մոշնի» սյուժեն՝ «արևմուտքին ծախվածության» մասին: Եվ ահա, խնդրեմ՝ ոչի՛նչ նոր չէ  այս անցավոր աշխարհում, և ամենայն նորույթ լավ մոռացված հնություն է՝ իշխանական քարոզչությունը դառնում է ի շրջանս յուր: Իհարկե, դարձն ամբողջական չէ՝ պարզապես իշխող խումբը որոշել է, որ եկել է երկու իրար հակադիր մուղամների միաժամանակյա «միացման», այսպես ասած՝ չորս ձեռքով դաշնամուր նվագելու ժամանակը, և կարևոր չէ, որ երկու զույգ ձեռքերը նույն դաշնամուրով նվագելու են երկու լիովին հակադիր գործեր: Իհարկե, նման «քառաթև» ոճն ընդհանրապես խորթ չէ Սերժ Սարգսյանի քարոզչամեքենային: Որպես ստալինյան դպրոցի տիպիկ ժառանգորդ՝ Սերժ Սարգսյանն էլ սիրում է կազմել մտացածին «աջ-ձախ», «տրոցկիստ-բուխարինական» բլոկներ, այսինքն՝ համատեղել անհամատեղելին՝ հանուն օրվա քարզոչական կարիքների: Պետք է ասել, որ դա միակ ոլորտն է, որտեղ Սերժը հասել է համեմատական հաջողությունների. տարբեր լսարանների հետ աշխատելու համար նա իր թևի տակ պահում է, մի կողմից՝ թունդ «արևմտամետների», մյուս կողմից՝ թունդ «ռուսամետների» մահապարտ գնդեր, որոնք պատրաստ են ցանկացած անճոռնի ապուշություն թխել՝ օրվա կուրսին համապատասխան: Հենց ինքը Սերժը սիրում է կտրուկ փոխել դերերը՝ արևմտամետ, ռուսամետ, նույնիսկ՝ թուրքամետ….: Զարմանալիորեն՝ այդ դերերի փոփոխությունը չի հանգեցնում հավատարմության ճգնաժամի՝ համապատասխան «մետոտ» խմբերի մոտ, այսինքն՝ արևմտամետների համար Սերժը թիրախ չի դառնում իր «ռուսամոլության» շրջաններում, և հակառակը՝ ռուսամետները շարունակում եմ Սերժ Ազատիչի հավատարիմները մնալ վերջինիս «արևմտամոլության» շրջաններում (շեշտենք, որ խոսում ենք քաղաքական և լրատվա-քաղաքական խմբակների, այլ ոչ թե անհատների կամ էլ հասարակական շրջանակների մասին): Իրականում այս ամենը վկայում է Սերժ Սարգսյանի իշխանության խորապես ապազգային, նույնիսկ, ինչ-որ իմաստով՝ աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) բնույթի մասին, և շինծու հայրենասիրական ճարտասանությունը, որը ժամանակ առ ժամանակ շահագործում են իշխող խմբի ներկայացուցիչները, այս բնույթն ամենևին էլ չի հերքում, քանզի դա էլ ընդամենը հագուստներից մեկն է, որը Սերժի վարչակարգը սիրում է հագնել՝ ըստ պահի անհրաժեշտության: Իրականում, և սա դեռ պետք է առանձին վերլուծվի, այս մարդիկ չունեն ո՛չ հայրենիք, ո՛չ ազգ, ո՛չ Աստված, ո՛չ գաղափար, և թող սա չափազանցություն չթվա (այստեղ էլ շեշտենք, որ խոսքը ոչ թե իշխանամետ ճամբարի բոլոր նեկայացուցիչների մասին է, այլ քաղաքական, նաև՝ լրատվական դաշտը ներկայացնող  մի նեղ խմբակի, որն էլ ձևավորում և գիտակցաբար սպասարկում է Սերժի իրական քաղաքականությունը), և հենց դա է պատճառը, որ քարոզչական դաշտում այդքան  հեշտությամբ շահագործում են ցանակացած գաղափար, հղացք, որն այս պահին հարմար է թվում, և չեն վախենում «հակասությունների միասնությունից»: Եվ հակառակը՝ հասկանալու համար, թե որ ուժերն են իրապես ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, ո՛ր ուժերն են իրապես ազգային, ինքնիշխան, անկախական դիրքերից խոսում և գործում, ո՛ր ուժերն են հայաստանակենտրոն, պետք է ընդամենը նայել, թե ո՛ւմ են թիրախավորում միաժամանակ ե՛ւ «արևմտամետ», ե՛ւ «ռուսամետ» դիրքերից, կամ, մյուս կողմից՝ ո՛ւմ են միաժամանակ պիտակավորում ե՛ւ որպես «արևմտամոլ», ե՛ւ որպես «ռուսամոլ»: Պարզ է, որ նման հակադիր մեղադրանքների արժանացող, երկու կողմից էլ հարվածներ ստացող ուժն էլ հայաստանակենտրոն է, անկախական և իրապես ազգային:

Այս ամենը, սակայն, ավելի ընդհանուր բնույթի դատողություններ են: Քաղաքական պահի առումով՝ պետք է արձանագրենք հետևյալը՝ եթե իշխող խմբի քարոզչամեքենան «չուլանից» հանել է «նարնջագույն հեղափոխության» բոբոն, արևմտամոլ ընդդիմության մասին ահասարսուռ պատումները, որոնք իսպառ զուրկ են որևէ հեռավոր իսկ փաստական հիմքից, ապա վարչակարգն իրոք անհանգստացած է և անվստահ է զգում իրեն՝ գալիք քաղաքական զարգացումներին ընդառաջ: Վերջին անգամ նման քարոզչական հնարի իշխող խումբը լայն կերպով դիմել էր 2008-ին: Այսօր՝ աջ ձեռքով Պուտինի հրաժարականը պահանջող վերլուծություններ պատվիրող Սերժ Սարգսյանը ձախ ձեռքով որոշել է ուժգնացնել նաև Օբամայի հրաժարականի դարակազմիկ պահանջը, որով մատնում է, որ իր գործը «բուրդ է»: Միայն զարմանալ կարելի է, թե «աջերի և ձախերի», «կոմունիստների և անկուսակցականների» կամ, այսօրվա լեզվով ասած՝ «ռուսամետների և արևմտամետների» անխախտ դաշինքի ներկայացուցիչները ինչպիսի հիրավի նախանձելի միակամությամբ են մարտի դաշտ նետվում ընդդեմ հայաստանակենտրոնության՝ իրականություն դարձնելով փիլիսոփաների երազած հակադրությունների միությունը և արտաքուստ հակադիր բևեռների շահերի միասնությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դին. ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ է անցկացրել ‘