‘Խմբագրական. Կոնգրեսին «ոչնչացնում եք», որ ի՞նչ անեք’

3133

Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում, իրոք, վիճակն անմխիթարական է:

Պատճառն այն չէ միայն, որ Սերժիկ Սարգսյանին հաջողվեց «հին եւ բարի» 37 թվականի չեկիստների ոճով մեկ կուսակցություն անդամահատել:

Սրան հետեւեց Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որ առժամանակ` բուռն պայքարի ասպարեզը զիջում է այլ քաղաքական ու քաղաքացիական ընդդիմադիր ուժերի, որոնք արդեն քանի տարի` անտանելի լուրջ դեմքով պնդում էին, թե հենց Կոնգրեսն է խանգարում իրենց, որ «մին զարկեն, ջարդեն հազար»: Վերջին շրջանում, ի դեպ, արդեն այնքան խանդավառված ու անթաքույց են պայքարում հանուն Կոնգրեսի ոչնչացման, որ նույնիսկ հանրապետականների նախանձն են շարժում, հիացմունքն էլ` հետը:

Այլ հարց է, որ այս «այլ» քաղաքական ու քաղաքացիական ուժերի` սեփական անկարողության արդարացումների հիմքում դրված այս անհեթեթագույն պնդումը հետագայում Հայոց պատմության էջերում իր «պատվավոր» տեղը կզբաղեցնի` որպես զառանցանքի դասական նմուշ: Բայց, ամեն դեպքում, փաստն ակնառու է ու անհերքելի:

Եվ այսպես` պայքարի դաշտն ազատ է:

Այս ազատ դաշտում ինչո՞վ են այս պահին զբաղված «այլ» քաղաքական ու քաղաքացիական ուժերը: Առայժմ` նույն գործով: Շարունակում են «պայքարել» Կոնգրեսի դեմ:

Ժամերն ու օրերը գլորվում են, եւ մինչ օրս` «մին զարկող, հազար ջարդողները» նույն երգն են երգում. իրար հերթ չտալով` դիրքավորվում են լրագրողների առջեւ ու պատմում, պատմում, պատմում, թե ինչեր կարող էին անել իրենք, եթե չլիներ Հայ ազգային կոնգրեսը:

Դեռ կշարունակեն խոսել, կշարունակեն պատմել, կշարունակեն բողոքել, կշարունակեն չխորշել նաեւ ստից, կեղծիքից, խեղաթյուրումներից: Իշխանամետ լրագրողներն էլ կշարունակեն իրենց հարցերով քաջալերել «թեւերը կապած արծիվներին», որ սրանք բացահայտեն, բացահայտեն ու բացահայտեն Կոնգրեսի «սեւ» էջերը, ու դեռ երկար ժամանակ` այս կարկառուն լրագրողներից ոչ մեկը չի բարձրաձայնի ամենատհաճ հարցը. «Լավ, հասկացանք, արդեն գիտենք, այլեւս կասկած չկա, որ Կոնգրեսն է Հայաստանում ստեղծված տագնապալի իրավիճակի գլխավոր եւ նույնիսկ միակ մեղավորը, իսկ դու՞ք… Դուք ի՞նչ եք արել այս բոլոր տարիներին` երկիրն այս ծանր վիճակից հանելու համար, բացի, իհարկե, Կոնգրեսին արդարացիորե՛ն քննադատելուց»:

Հարցնեն, որ ի՞նչ լսեն: Լսեն ու լսեցնեն, որ ոչի՛նչ չեն արել եւ, որքան էլ ցավալի է, ոչի՛նչ չե՞ն կարող անել: Որովհետեւ Կոնգրեսին դիմակազերծելու «սուրբ գործին» նվիրվելով` հենց իրե՞նք են փակել պայքարի բոլոր հնարավոր ճանապարհները:

Մոռանալով Մարտի 1-ի հրեշավոր կոտորածի իրական դահիճներին՝ ինքնամոռաց տրվել են մեղավորներին Կոնգրեսում փնտրելով ու «գտնելով»: Ինքնամոռաց զարգացրել են մի սնամեջ «տեսություն», ըստ որի` եթե նախապես վստահ չես, որ հաղթելու ես, իրավունք չունես հասարակությանը պայքարի մղելու:

Առայժմ բավարարվենք միայն այս երկու՝ «երկաթյա կուռ տրամաբանությամբ» հյուսված մեղադրանքներով, որոնք տեսանելի եւ անտեսանելի թելերով ագուցված են միմյանց:

Մեր երկրում չի գտնվի մի մարդ, որը կհամարձակվի վստահաբար պնդել, թե Սերժիկ Սարգսյանի ավազակախումբը երկրորդ անգամ Հայաստանի քաղաքացու արյուն չի թափի` իր իշխանությունը պահպանելու համար: Մեր երկրում չի գտնվի մի քաղաքական գործիչ, նույնիսկ` կատաղի «ինստիտուցիոնալ» գործիչ, որը հասարակությանը պայքարի կոչ կանի` նախապես իմանալով ու հայտարարելով հաղթանակի օրն ու ժամը:

Կոնգրեսին ոչնչացնելու մոլուցքով տարված «այլ» քաղաքական ուժերն իրենց իսկ «մեծամեծ» վերլուծություններով փակել են իշխանության դեմ պայքարի բոլոր հնարավոր ճանապարհները:

Հասարակությանը հանելով փողոց` ոչ մի երաշխիք չունեն, որ բռնություններ ու զոհեր չեն լինի: Ինչը նշանակում է` չեն կարող վստահաբար ասել, որ կհաղթեն, եթե փողոց դուրս գան:

Ուրեմն` ի՞նչ մնաց անելու: Մնաց` ճամարտակեն «ինստիտուցիոնալ» եւ զանազանացիոնալ պայքարի պերճանքի ու թշվառության մասին:

Եվ կրկին ու նորից կառչեն Հայ ազգային կոնգրեսին քննադատելու «փրկօղակին»:

Տխուր է, բայցեւ` փաստ է:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Առաջիկա ամիսներին ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն գազալցակայանում ` հրդեհի բռնկմամբ’