‘Խմբագրական. Կոնգրեսի ձեռքով կրակից հանած շագանակները շատ համեղ են’

2006

Երեկ կայացավ Ազատության հրապարակից դեպի ԵԽ գրասենյակ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ավանդական երթը` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:

Բնական է, որ շատերին էր հետաքրքրում երթի մասնակիցների թիվը: Գնահատականները տարբեր էին. ոմանց կարծիքով` երթը բազմամարդ էր, ոմանց պնդմամբ էլ` սակավամարդ: Թվում է` հենց կոնգրեսականները պետք է դժգոհեին մասնակիցների թվից, քանի որ գաղտնիք չէ` հրապարակային միջոցառումների բազմամարդությամբ` ՀՀ քաղաքացիները հիմնականում Կոնգրեսին են «երես տվել»:

Կոնգրեսականները, կարծես,  դժգոհ չէին, որովհետև, ի տարբերություն ասպարեզում գործող կամ գործելու պատրանք ստեղծող զանազան կառույցների, Կոնգրեսը մշտապես սթափ է դատել այս կամ այն ժամանակահատվածում իր ունեցած հնարավորությունների ու ներուժի մասին: Եվ ամենակարևորը` գիտակցում է, որ երկար ընդմիջումից հետո նման միջոցառման մասնակիցների թիվն էլ, մթնոլորտն էլ ոգևորիչ էին` նկատի ունենալով նաև, թե վերջին տարիների ընթացքում, իշխանությունների հետ ուս ուսի կամ հետույք հետույքի` քանի-քանի խմբակներ էին անթաքույց կամ «վարագույրի հետևից» ջլատում Կոնգրեսի ուժերը: Այնպես որ, նման «թշնամական» միջավայրում երեկվա երթը ոչ միայն բազմամարդ կարելի է գնահատել, այլև որոշ լրատվամիջոցների պատեհ-անպատեհ շահարկվող «աննախադեպ» բնորոշումն էլ արժե մեջբերել:

Դե, իսկ մնացածը` ինչպես միշտ: Երթը կայացավ,  և խորը շնչելուց հետո` կրկին թևերը քշտեցին չարախնդացողները, ասպարեզ ելան «ջրի հատակն իջած ձկնիկները», Սողոմոն իմաստունի թասակը գլխներին դրեցին ֆիլոսսոկրատները և սկսեցին քննարկել, թե ինչեր կանեին իրենք, եթե Կոնգրեսի փոխարեն լինեին: Թե ինչեր կանեին վերոնշյալները, հասարակությունը բազմիցս լսել է և դեռ շատ կլսի, բայց մինչ օրս չի տեսել և,ավաղ, դժվար թե տեսնի:

Առանցքայինը կրկին հոխորտանքն էր, թե ինչու Կոնգրեսը չգնաց ու չջարդեց Բաղրամյան 26-ի դարպասը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսն իր երկարատև գործունեության ընթացքում երբևէ հասարակությանը չի խոստացել դարպաս կամ գլուխ ջարդել, և տրամաբանական կլիներ, որ դժգոհողները ոչ միայն այդ հարցում հույսները կտրած լինեին Կոնգրեսից, այլև վաղուց արդեն սեփական նախաձեռնությամբ համապատասխան դարպասն էլ ջարդած լինեին, համապատասխան անձանց գլուխներն էլ:

Չե՞ն ուզում: Ձևացնո՞ւմ են, որ իրենց ցանկությունն իշխանափոխությունն է` ցանկացած գնով, սակայն իրական նպատակը Կոնգրեսին հարվածելն է: Ձևացնողներ կամ չարակամներ, անշուշտ, կան, բայց վստահ ենք` իշխանափոխության ձգտողներն ավելի շատ են, որովհետև Հայաստանում հիմա միայն Սերժիկ Սարգսյանը, իր հանցագործ բանդան և պնակալեզ անմեղսունակները չեն ցանկանում իշխանափոխություն:

Ուրեմն` ուզում են, բայց չեն կարողանում: Չկարողանալու պատճառներից մեկն, անկասկած, համապատասխան ներուժ չունենալն է, ինչի մասին խոստովանելն էլ համապատասխան ազնվություն է պահանջում, իսկ մյուսն էլ` պարզագույն վախն է` իշխանափոխություն են ուզում դարպաս և գլուխ ջարդելու գնով, բայց քանի որ դա վտանգավոր ճանապարհ է, գցել-բռնել ու գտել են «լավագույն ելքը»` թող Կոնգրեսը գնա ու ջարդի Բաղրամյան 26-ի դարպասը, իրենք էլ, ինչպես միշտ, կնստեն ու կքննարկեն` եթե իրենք լինեին Կոնգրեսի փոխարեն` քլունգո՞վ կքանդեին Բաղրամյան 26-ի հիմքերը, թե՞ «լոմով»:

Ահագին խելոք տղերք են. անտեղի էլ` հազար մարդ հազար բան է ասում սրանց մասին:  

Նախորդ հոդվածը‘Հարցումս տարածքիս օգուտ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել’