‘Խմբագրական. «Կուտակային կենսաթոշակի» օրենքը նոր միջին խավի դեմ’

1443

Արդեն տասնյակ օրինակներով հաստատվել է, և ամեն ոք բազմիցս համոզվել է, որ ներկա ռեժիմը չի կարող կատարել որևէ բարեփոխում՝ այս բառի բուն նշանակությամբ։ Բարեփոխումներ են օրենսդրական այն կարգավորումները, որոնք բերում են հասարակության բարեկեցության և ապահովության բարձրացմանը։ Անգամ աշխարհում ընդունված, կիրառված, արդյունք տված բարեփոխումներն են ավազակապետության ձեռքում այլասերվում ու դառնում նույն այդ հասարակությանը ճնշելու, թալանելու, իրավազրկելու գործիքներ։ Էլ չխոսած այն մասին, որ այդ բանն արդեն արվում է հակաժողովրդական օրենքների ընդունման կամ նորմալ օրենքների ու սահմանադրության ամենօրյա խախտումների միջոցով։ Ավազակապետական ռեժիմը չի կարող այլ կերպ վարվել։ Նա չի կարող իրական որևէ բարեփոխում կատարել, որովհետև  հասարակության կյանքի որևէ բարելավում, կենսամակարդակի որևէ բարձրացում պարզապես խարխլում է հենց ի՛ր՝ ռեժիմի հիմքերը։ Վերջինս այնքան ավելի ապահով է, որքան աղքատ, խեղճ ու իրավազուրկ է հասարակությունը։

Այսպես կոչված՝ «կուտակային կենսաթոշակի» խնդիրն էլ, ըստ այդմ, բովանդակային այլ լուծում չէր կարող ունենալ։ Այն պիտի լիներ հասարակությանը կողոպտելու հերթական գործիքը, ինչպես՝ ապօրինի մենաշնորհների հաստատումը, ապրանքների ու ծառայությունների գների անհիմն ու կամայական բարձրացումները, ճանապարհային արագաչափերն ու տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները և այլն։

Այստեղ անգամ իմաստ չունի մտնել խնդիրն  ըստ էության քննարկելու ոլորտ։ Միայն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պահվածքը ավելի քան բավարար է՝ ցույց տալու համար, որ նա ինքն էլ, շատ լավ հասկանալով, սովորական գողություն է արել։ Գողություն ասածն էլ այս դեպքում մեղմասացություն է։ Նա իրեն պահեց վերջին ջեբկիրի նման. ի՞նչ է նշանակում՝ խորհրդարանում ջախջախիչ մեծամասնություն ունեցող ուժը բոյկոտի հարցին վերաբերող արտահերթ նիստն ու դրանով խափանի նիստի կայացումը։

Թվում էր հակառակը՝ հենց խորհրդարանական մեծամասնությունը պիտի շահագրգռված լիներ, որ հասարակական բուռն բողոք առաջացրած օրենքը լրացուցիչ քննարկում, պարզաբանում ստանար, և ինքը մանրամասն ու փաստարկված համոզեր հասարակությանը, որ դա բխում է վերջինիս շահերից։ Թվում էր՝ դա նրա համար պիտի լինի լավագույն առիթը՝ ջախջախելու համար «պոպուլիստ» ընդդիմությանը։ Մինչդեռ վախեցած, սարսափած փախավ «գող կատվի», «ձու գողացողի», վերջին գրպանահատի պես։ Բա էլ ո՞ր նեղ օրվա համար էր Սերժ Սարգսյանը, շատ լավ իմանալով ՀՀԿ-ի մտավոր կարողությունները, «դրսից», որպես «ծանր հրետանի»,  խորհրդարան բերել «մտքի տիտաններ» Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին, Հայկ Բաբուխանյանին։

Բայց ավելորդ է խոսել Ս.Սարգսյանի ու նրա ղեկավարած ուժի քաղաքական արժանապատվությունից, քաղաքական ռիսկից կամ ինտելեկտից։ Փախան, քանզի շատ լավ գիտեին, որ իրենց արածը սովորական գողություն է, և արտահերթ նիստի ժամանակ դա ընդդիմությունը լրացուցիչ պիտի ցույց տար փառավորապես։ Կար ժամանակ, երբ նույն այս մեծամասնությունը նման վախեր չուներ. ինչքան ուզում ես՝ խոսիր, ինչ ուզում ես՝ ասա, կարող էին ոչինչ էլ չպատասխանել ու, քանի անգամ պետք է՝ միահամուռ քվեարկել, ինչպես իրենց ասվել է,- գնա՛ ճաքիր։ Հիմա այդպես չէ։ Հիմա փախան, հիմա վախեցան, վախեցան, թե քննարկման դեպքում շատ մեծ բազմություն կհավաքվի այն մարդկանց, ում գրպանը պատրաստվում են մտնել։ Այսինքն՝ առաջին քաղաքական հետևությունը, որ պետք է անել այս դրվագից, այն է, որ Արևմուտքի հիասթափությունը և Հյուսիսի արհամարհանքը վաստակած Ս. Սարգսյանը երկրի ներսում էլ վախենում է, սարսափահար է իր քաղաքական ընդդիմախոսից, իր քաղաքացուց։

Բայց այս դրվագը, ռեժիմի՝ կողոպտելու ու ընչաքաղցության բնազդից դուրս, պետք է դիտարկել նաև նրա հիմնական ու անխաթար քաղաքական գծի շրջանակներում։ Խոսքը միջին խավի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին է։ Միջին խավը, անկախ այն բանից, թե այս խավի ներկայացուցիչը արտադրող է, առևտրական, գյուղացի թե մտավոր աշխատանքով զբաղվող, իր դիրքով ու բնույթով մշտական վտանգ է ռեժիմի համար։ Այդ բանն իրեն զգալ է տվել միշտ։ Դժվար չէ հիշել այն «բարենորոգումները», որոնք ուղղված են եղել գյուղատնտեսության, արտադրության և առևտրի ասպարեզում միջին խավը հյուծելուն, նրա հասարակական կշիռն ու քաղաքական գործոն լինելու հնարավորությունը կասեցնելուն։ Այժմ մի այլ՝ մտավոր աշխատանքի ասպարեզում է սկսել միջին խավ ձևավորվել, և դա չէր կարող չանհանգստացնել ռեժիմին։ Եթե այն հնարավոր չէ հյուծել կամ ոչնչացնել, ապա «զզվացնելով» կարելի է արտագաղթի մղել, ինչի մասին խոսում էին նույն օրը բողոքի ցույցի մասնակիցներից շատերը։ «Կուտակային կենսաթոշակի» օրենքի ընդունումը նաև այդ նպատակն է հետապնդում։

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան-Լավրով հանդիպման մանրամասներ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’