‘Խմբագրական. «Կուտակային» հանցագործություն սեփական ժողովրդի դեմ’

2086

Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը վերաբերում է մինչեւ 40 տարեկան շուրջ 260 հազար աշխատողների։ Նրանց աշխատավարձերից նախատեսվող պարտադիր պահումները խոստանում են կենսաթոշակի տեսքով ետ տալ 25-45 տարի հետո։

Այս օրենքի դեմ ծավալված համատարած դժգոհության եւ բողոքի ալիքը երկու հիմք ունի, երկուսն էլ` անվիճելի, անսակարկելի, առարկայական։ Ավելին, այդ հիմքերից ամեն մեկն առանձին վերցրած` բավարար է այս «բարենորոգումը» ոչ թե մերժելու, այլ, մեղմ ասած, հակամարդկային ու հանցավոր համարելու համար։

Հիմք 1 

Ըստ պաշտոնական վիճակագրության` աղքատ է Հայաստանում մշտապես բնակվող 980 հազար մարդ, որի կեսից ավելին` շատ աղքատ (ամսական 30.500 դրամից ցածր) եւ ծայրահեղ աղքատ (ամսական 21.700 դրամից ցածր) եկամուտ ունեցողներն են, մյուս կեսը (ամսական 37.000 դրամից ցածր) աղքատների միջի «հարուստներն» են։ Նվազագույն աշխատավարձն էլ 35.000 դրամ է։

Հավաքենք կառավարության անդամներին մի փակ տարածքում եւ ստիպենք, որ նրանցից յուրաքանչյուրն իր մեկ ամսվա բոլոր տեսակի ծախսերը հոգա այս գումարներից թեկուզ ամենաբարձր` 37.000 դրամով։ Եւ նրանք, իրենց կաշվի վրա զգալով, կհամոզվեն, որ այս թվերը մարդուն ոչ թե հնարավորություն են տալիս թեկուզ աղքատ, շա՛տ աղքատ, ծայրահե՛ղ աղքատ ապրելու, այլ նրան տանում են արագ, ավելի՛ արագ եւ սրընթա՛ց մահվան։ Այսինքն՝ իրական աղքատության մակարդակը Հայաստանում կրկնակի, եռակի բարձր է։ Անգամ միջին աշխատավարձ (140.000 դրամ) ստացողը, եթե խնամքի տակ ունի եւս մեկ հոգի` աղքատ է։ Այսինքն՝ իրական աղքատների թիվը ոչ թե 980 հազար է, այլ դրա կրկնակին է։ Իրական աղքատության շեմից բարձր գտնվողներն էլ հարուստները չեն, այլ մի քիչ արժանապատիվ տարբերակով «ծայրը ծայրին հասցնողները»։ Այսինքն՝ մինչեւ 40 տարեկան 260.000 աշխատողների 99%-ի համար «կուտակայինի» պարտադիր այդ վճարները (ըստ աշխատավարձի չափի) լինելու են նրանց  կա՛մ սննդի, կա՛մ հագուստի, կա՛մ առողջության, կա՛մ հանգստի, կա՛մ ուսման, կա՛մ հոգեւոր պահանջների բավարարման, կա՛մ վերարտադրության (չամուսնանալու), կա՛մ երկուսի փոխարեն՝ մեկ, երեքի փոխարեն` երկու երեխա ունենալու հաշվին։

Պատկերավոր ասած՝

Եթե ես այսօր, 25-30 տարեկան, պիտի թերսնվեմ, ծակ կոշիկ հագնեմ, չհետեւեմ առողջությանս, չսովորեմ, չկարողանամ կազմակերպել անձնական կյանքս, չկարողանամ երեխա պահել, բավարարել նվազագույն հոգեւոր պահանջներս, ինչ է թե՝ 65 տարեկանից հետո «ապահով ծերություն» պիտի ունենամ, թքա՛ծ նման ծերության վրա էլ, նման ապահովության վրա էլ, էդ ապահովության մասին հոգ տանողների վրա էլ։ Էդ ծերությանը կարող է չհասնե՛մ էլ…

Այսինքն՝ այնպիսի ցածր կենսամակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պարտադիր «կուտակայինը» ոչ թե նույնիսկ չարիք, այլ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է սեփական ժողովրդի դեմ։

Հիմք 2

Երկրորդ հիմքն առաջինի հետ կապ չունի, լրիվ ինքնուրույն է եւ բավարար` նման մի նախագիծ մերժելու համար։ Դա գործող իշխանության որակն է, նրա վստահելիության աստիճանը։

Հայաստանում, 2000 թվականից ի վեր, բռնապետական իշխանության այն տեսակն է, որը պետականագիտության, քաղաքագիտության մեջ կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի թարգմանությամբ՝ «գողապետություն», արդեն ընդունված տերմինով՝ «ավազակապետություն»։ Հայաստանի իշխանության համար այս որակումը միջազգային ճանաչում ունի։ Այսօրինակ համակարգի առաջին գործառույթը գողանալն է՝ սկսած իշխանությունից (ընտրությունները կեղծելով, բռնությամբ, կաշառքով, սպանելով), վերջացրած` նյութական բարիքներով։

Իշխանության ներկայացուցիչները, ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողից սկսած, չեն էլ թաքցնում, որ իրենք գողանում են, կողոպտում երկիրն ու նրա ժողովրդին, յուրաքանչյուր քաղաքացու։ 2010 թվականին ռուսական կենտրոնական լրատվամիջոցներում հրապարակվեց Հայաստանի ամենակոռումպացված բարձրագույն պաշտոնյաների ցուցակը` իրենց ունեցվածքի ցանկով։ Այդ ցանկում Ս. Սարգսյանը երկրորդն էր։ Խոսքը միլիարդների (դոլարով) հասնող կողոպտած կարողության մասին էր։ Այսինքն՝ երկրի առաջին դեմքը (ու էլի 10-15 բարձրաստիճան իշխանավորներ) հրապարակավ մեղադրվել են կոռուպցիայի, գողության մեջ, եւ սրանցից ոչ մեկը չի բողոքել, դատի չի տվել լրատվամիջոցներին։

Բայց մի կողմ թողնենք այս` բոլորիս տեսանելի, բայց դեռ դատարանով ապացուցվելիք միլիարդները։ Նույն այդ պաշտոնյաները` Ս. Սարգսյանի գլխավորությամբ, անձամբ խոստովանագրեր են ստորագրել իրենց կատարած գողության մասին։ Դրանք տարեկան հայտարարագրերն են։ Ճիշտ է, դրանցում անհամեմատ համեստ թվեր են` հարյուր անգամ, հազար անգամ պակաս իրականից, բայց միեւնույն է` թվեր են, միլիոնավոր դոլարներ, որոնք նույն քրեական հոդվածի տակ են ընկնում ։

Ինչո՞ւ են իրենց ձեռքով նման բան գրել։ Որովհետեւ անգրագե՞տ են, որովհետեւ ցինիկ են եւ թքա՞ծ ունեն օրենքի վրա, որովհետեւ ուզում են կամաց-կամաց «լվանա՞լ» գողոնը։ Կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ դրանով խոստովանել են իրենց գող լինելը։

Երբ բարձրագույն իշխանավորները գողանում են պետական բյուջեից կրկնակի մեծ գումար, երբ գողանում, մեջ-մեջ են անում Ազգային բանկի ոսկին, գողանում են երկրի ընդերքը, երբ ամեն րոպե գրպանիդ մեջ զգում ես նրանց ձեռքը, ի՞նչ վստահությամբ պիտի այդ նույն գողին պահ տաս ստացածդ աշխատավարձի մի մասը նույնպես` 25-40 տարի հետո ետ ստանալու հույսով։ Պարզ չէ՞ , թե հաջորդ օրն ում գրպանում պիտի հայտնվեն այդ գումարները։

Իսկ մուծումները թող կատարեն նրանք, ովքեր վստահում են Սաշիկի, Գալուստ Սահակյանի, Շարմազանովի, Աշոտյանի «ազնվազարմ» դեմքերով հանդես եկող այս ռեժիմին։ 

Նախորդ հոդվածը‘Ձրիակեր, նենգ հարկայինի պետը և աշխատող աբովյանցիները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը’71 դպրոցի 6բ դասարանի ծնողները դադարեցրել են դասադուլը’