‘Խմբագրական. Կրկին ազգային միասնության մասին’

1708

Ազգային միասնության թեմային արդեն անդրադարձել և ցույց ենք տվել, որ իշխանամետ քարոզչության կողմից այս խնդրի արծարծումը Հայաստանի ներկայիս պայմաններում` լի է անհեթեթություններով: Բայց քանի որ վստահ ենք, որ իշխանամետ ճամբարը շարունակելու է այս թեմայի չարաշահումը մինչև, այսպես ասած, վերջին կաթիլը, կարծում ենք` ճիշտ կլինի մի անգամ էլ այս թեմայից խոսենք՝ շոշափելով արդեն ոչ միայն կոնկրետ այս պահի խնդիրներն, այլև մի քիչ ավելի ընդհանուր տեսակետից դիտարկելով թեման:

Պլատոնենց և Արիստոտելենց կռիվը

Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ իշխանամետ քարոզչության մեջ ազգային միասնությունն օգտագործվում է որպես յուրահատուկ մոգական արտահայտություն, իբր` ինքն իրենով ամեն ինչ ասող, հետագա բացատրություններ չպահանջող, ինքնին պարզ և կախարդական փայտիկի պես խնդիրներ լուծող, այլ կերպ ասած՝ որքան վերացական ու դատարկ, այնքան էլ` առասպելական ու ապաբանական (իռացիոնալ): Իրականում ազգային միասնությունը շատ էլ չափելի միավոր է, որի հետ կապված խնդիրները կարելի է բացատրել պատմական օրինակներով, և որը նաև քննարկվել է բարձր տեսական մակարդակով` դեռևս Պլատոնից ու Արիստոտելից սկսած:

Նախ՝ ինքնին պարզ է, որ յուրաքանչյուր հասարակություն պետք է միասնականության որոշակի չափ ունենա, որպեսզի ընդհանրապես իրավունք ունենա հասարակություն կոչվելու: Հենց նույն Արիստոտելի սահմանմամբ` պետությունը, հասարակությունը հաղորդակցման, շփման տեսակ է, ինչն ինքնին ենթադրում է միասնականություն: Բայց խոսքը հենց միասնության որոշակի չափի, այլ ոչ թե բացարձակ միասնության մասին է: Եթե նորից հիշենք Արիստոտելին, ապա Պլատոնի հետ պետության մասին իր հեռակա վեճում նա պնդում է, որ միասնականության բարձր չափը նույնիսկ կարող է վերացնել պետությունն ու հասարակությունը, քանի որ պետական հաղորդակցման համար անհրաժեշտ են միմյանց հետ հաղորդակցվելու ունակ տարբեր միավորներ՝ բացարձակ միասնության պայմաններում հնարավոր չեն հաղորդակցումը, շփումը: Սա բարձր տեսական մակարդակն է. հիմա հասկանանք, թե այստեղ ինչի մասին է խոսքն` ավելի պարզ լեզվով:

Հասարակական միասնություն ապահովելու համար բավական է, որպեսզի հասարակության տարբեր հատվածները համաձայն կամ միավորված լինեն մի քանի հիմնարար սկզբունքների շուրջ: Տարբեր ժամանակաշրջաններում և հասարակարգերում դրանք կարող են լինել, ասենք, հավատարմությունը միապետին, սահմանադրական կարգին, երկրի անկախությանը, մարդու հիմնարար իրավունքներին և այլն: Ամեն դեպքում այդ ցանկը շատ մեծ չէ, որոշ դեպքերում կարող է նույնիսկ մեկ-երկու կետով սահմանափակվել: Այդքանն էլ բավական է, որպեսզի հասարակությունը պահպանի իր միասնականությունը: Օրինակ, այսօրվա Հայաստանի համար բավական է, որպեսզի համաձայնություն լինի անկախության, սահմանադրությամբ ամրագրված հասարակարգի և արտաքին թշնամու վերաբերյալ դիրքորոշման շուրջ, որպեսզի համարենք ազգային միասնությունն ապահովված: Եվ նույնիսկ այս դեպքում` խոսքը կարող է լինել ոչ թե բացարձակ, 100 տոկոսանոց, այլ ճնշող մեծամասնության համաձայնության մասին, որովհետև հնարավոր չէ բացառել նշված կետերից մեկը կամ նույնիսկ բոլորը վիճարկող որոշ փոքր խմբերի ի հայտ գալը:

Պետոյենց և Օհանենց կռիվը

Խնդիրները սկսվում են այն պահից, երբ հայտնվում է որևէ խումբ և պահանջում միասնականության ավելի մեծ չափ: Օրինակ` ասվում է, որ մենք կրողն ենք աշխարհի ամենաֆանտաստիկ, միակ ճիշտ գաղափարախոսության, և ողջ հասարակությունը պետք է կամ կրողը դառնա դրա, կամ` չվիճարկի դրա իշխող մենաշնորհը, իսկ այլ գաղափարախոսության դավանելը համարվի ազգային միասնության սպառնալիք՝ իրավիճակ, որն, անշուշտ, ծանոթ է սովետական փորձից: Կամ` կարող է լինել ավելի պարզունակ տարբերակ, որը բնորոշ է այսօրվա Հայաստանին՝ մարդկանց մի խումբ համարում է, որ ինքը զուտ ուժի իրավունքով պետք է մշտապես իշխի և առաջ տանի իր մասնավոր շահերը՝ առանց հաշվի առնելու հասարակության այլ հատվածների ձգտումները, կարծիքները, շահերը և այլն: Այս դեպքում էլ իշխանական մենաշնորհը վիճարկողը հռչակվում է միասնության թշնամի: Ո՞րն է այս տարբերակների խնդիրը:

Որևէ հասարակություն չի կարող զուրկ լինել ներքին հակասություններից, խմբավորումներից: Նույնիսկ փոքր համայնքի մակարդակում անխուսափելի են ներքին բաժանումները: Օրինակ, Հայաստանի շատ գյուղերում բնակչությունը կարող է բաժանված լինել ըստ այս կամ այն ազգին՝ տոհմին պատկանելության: Ենթադրենք` Հեռվաշեն գյուղում միմյանց հետ մրցում են Պետոյենց և Օհանենց ազգերը՝ հակադրություն, որը կարող է տևել տասնամյակներ և տարբեր դրսևորումներ ունենալ: Սա համամարդկային հիմնարար երևույթ է, և եթե նույնիսկ մի օր Պետոյենք իսպառ ճնշեն Օհանենց, առաջանալու է Պետոյենց գերիշխող դիրքը վիճարկող մեկ այլ խումբ, թեկուզ հենց` ի դեմս Պետոյենց տան ճյուղավորումներից մեկի: Իսկ համայնքից ավելի մեծ ու բարդ կառուցվածք ունեցող մարդկային ընդհանրություններում նման հակադրությունները ստանում են, բնականաբար, ավելի ուժեղ, բազմազան և տևական կերպարանք: Օրինակ, նույն «ճիշտ գաղափարախոսության» կրողները, եթե նույնիսկ կարողանում են ճնշել «ոչ ճիշտերին», ապա մրցակցությունն ու պայքարը սկսվում են նույն այդ «ճշտի» ճյուղավորումների միջև: Դրա պատմական օրինակները բազմաթիվ են՝ քրիստոնեության, իսլամի, բուդիզմի տարբեր ճյուղերը, նույն մարքսիզմի տարբեր ուղղությունները, որոնք հաճախ միմյանց նկատմամբ ավելի մեծ թշնամանք են ցուցաբերում, քան արտաքին ուժերի նկատմամբ:

Չափազանցված միասնությունից դեպի քաղաքացիական պատերազմ մեկ քայլ է

Հետևաբար, եթե մեկն ուզում է միակ ճիշտ գաղափարախոսության շուրջ միասնականություն ապահովել կամ իշխանական մենաշնորհ ստեղծել` հենվելով միայն ուժի գործոնի վրա, ապա նա ստիպված է դիմել կոշտ միջոցների, այսինքն` իր ունեցած ռեսուրսի մի զգալի մասը ծախսել` զսպելու և ճնշելու համար մենաշնորհը վիճարկողներին: Գաղտնի ոստիկանություն, անվտանգության ուռճացված կառույցներ, բանտեր, խիստ օրենքներ՝ այս ամենն անխուսափելի է նման համակարգերում: Նույնիսկ, եթե տվյալ խումբը ելնում է աշխարհի ամենամարդասիրական աշխարհայացքից կամ գործում է, իր պատկերացմամբ, հանուն ամենանվիրական ազգային զգացումների, նա ստիպված է դիմել ամենաանմարդասիրական կամ նույն ազգային զգացումները պղծող միջոցների, որպեսզի «անմարդասերներն» ու «ապազգայինները» ճնշվեն: Բայց որքան էլ ճնշես եղածներին, միշտ ի հայտ են գալիս նոր դժգոհներ, որոնք կարող են ունենալ ամենատարբեր մոտիվացիաները` սկսած գաղափարականից մինչև զուտ փառասիրական կամ շահադիտական: Ուշ թե շուտ հերթական դժգոհ խումբը, օգտվելով այս կամ այն իրավիճակից, հասնում է իշխանության և, որպես կանոն, դաժան վրեժ է լուծում նախկիններից: Բացառություն չկա, որքան էլ երկար տևի տվյալ խմբի մենաշնորհը: Պարզ է, որ այսպիսի համակարգերը, որքան էլ արտաքուստ կայուն լինեն, ներքուստ առավել անկայուն են, և դրանց ավարտը՝ լավագույն դեպքում լուրջ ճգնաժամերն են, վատագույն դեպքում՝ երկրի կործանումը: Որտեղ բռնապետություն, այնտեղ էլ հեղափոխություն` իր բոլոր սպառնալիքներով հանդերձ: Սա է այն գինը, որ հասարակությունները պետք է վճարեն չափազանցված միասնականության մասին պատկերացումների կամ իրականացման փորձերի դիմաց: Սա է այն սցենարը, որը, կարելի է ասել, անխուսափելիորեն իրականանում է, երբ իշխանությունը սկսում է չարաշահել ազգային միասնության հասկացությունը, երբ սահմանելի և բանական հասկացությունից միասնականությունը վերածվում է էժան դեմագոգիայի առարկայի: Թե որքանով են իրենք` չարաշահողները, գիտակցում այս հետևանքներն՝ էական չէ: Եթե որևէ մեկն իրապես փորձում է հավելել հասարակական միասնության «դոզան», ապա, ի վերջո, ստանում է քաղաքացիական պատերազմ՝ ազգային պառակտման ծայրահեղ դրսևորումը:

Իսկ թե որն է այլընտրանքը, փաստորեն արդեն նշել ենք շարադրանքի սկզբում: Ազգային միասնություն կարող է լինել միայն մի քանի, շատ սահմանափակ թվով կետերի շուրջ: Մյուս հարցերում անխուսափելի են տարաձայնությունները, և որպեսզի տարաձայնությունները չվերածվեն պառակտման և բռնի ուժի կիրառմամբ բախումների, հասարակության մեջ պետք է գործեն հակասությունների լուծման խաղի կանոնները:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հարցեր խաղից հետո. Ինչո՞ւ Մխիթարյանը դարձավ հերոս’
Հաջորդ հոդվածը‘Կալիֆորնիայում բժիշկը այցելուին «քրոնիկական հոմոսեքսուալիզմ» է ախտորոշել’