‘Խմբագրական. «Հալածյալության» մանկական հիվանդություն’

1734

Տգեղ բան է ընդդիմախոսների տեսակետները խեղաթյուրելը: Առավել տգեղ է, եթե խեղաթյուրողները վաղուց ի վեր անաչառության դրոշակակրի հայտ են ներկայացրել հանրությանը եւ պատեհ-անպատեհ` դիմացինների աչքն են խոթում այդ դրոշակի կոթը:

Մինչ Հայաստանի հանցագործ իշխանավորները, օգտվելով Ալիեւի մատուցած «բարեպատեհ» առիթից, ինքնագովազդով են զբաղված` էժանագին ցուցքերն ավելի ազդեցիկ դարձնելու համար որպես ֆոն օգտագործելով իրենց ընդդիմադիր հայտարարած որոշ գործիչների, մինչ զինվորական համազգեստը ծաղրի առարկա են դարձրել «հանրապետական» կոչեցյալ զանազան դուրսպրծուկներ, մինչ հակառակորդի կրակոցներից զոհվում են մեր զինվոր երեխաները, իսկ թվաբանության «դասատուները» ազդարարում են, որ մեր հինգ զոհի դիմաց` ադրբեջանցիները տասնհինգ-քսան զոհ են տվել ու հորթի պես հրճվում, մինչ համակարգչի դիմաց նստած քաջազունների լեգեոնը` ստեղնաշարի «կրակահերթով» արդեն Բաքուն էլ է գրավել ու սլանում է դեպի Ստամբուլ, այդ ընթացքում խաղաղասերների մի խումբ հետեւողականորեն` իրենց ընդդիմախոսներից պատերազմի հրձիգների կերպար է հյուսում:

Իսկ իրականում ի՞նչ է պատահել: Ընդամենն անհամաձայնություններ են հնչել ոչ անհայտ Խաղաղության երթի անհրաժեշտությունը հիմնավորող հայտարարության տեքստի որոշ ձեւակերպումների դեմ, ընդամենը կասկած է հայտնվել այդ երթի նպատակահարմարության մասին, ընդամենը տարակուսանք է արտահայտվել այն մասին, թե ինչու են շրջանցվել այլ պետություններ, որոնք նույնպես պակաս մեղավոր չեն, որ ղարաբաղյան խնդիրը փակուղի է մտել, ավելին` նույնքա՛ն մեղավոր են Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի վերարտադրման եւ Իլհամ Ալիեւի օրեցօր ավելի ու ավելի լկտիանալու համար, որքան քննադատության թիրախ ընտրված Ռուսաստանը:

Անտեսենք այն իրողությունը, որ ահա՛ այս նույն խաղաղասերները, եթե ո՛չ բոլորը, ապա ոմանք` անկասկած, ընդդեմ Հայաստանի ավազակախմբի` պայքարի ծայրահեղ միջոցներից ոչ միայն չէին խորշում, այլեւ լուտանքներ էին թափում այն նույն ընդդիմախոսների վրա, որոնց այնքան էլ չէր ոգեւորում կտրուկ միջոցներով հեղափոխության հեռանկարը, որովհետեւ դրանից նույնպես արյան հոտ է փչում:

Բայց սա թողնենք իրենց խղճին ու դառնանք այն խնդրին, թե ոնց պատահեց, որ Խաղաղության երթի գաղափարով չոգեշնչվածներս դարձանք «ռազմատենչ»:

Որպեսզի հայտնաբերեմ սեփական ռազմատենչությանս արմատները, ամենապարզագույն օրինակից փորձեցի կառչել: Սկսեցի պատկերացնել, որ հարձակվել են իմ տան վրա, կացնով ջարդում են դուռը եւ ուր որ է` այդ կացինը «հանգրվանելու է» իմ գլխին: Ի՞նչ անեմ ես` խաղաղասերս: Աղուհացո՞վ դիմավորեմ արնակալած աչքերով հանցագործներին, թե՞ լուսամուտիս դրած ծաղկած մանուշակով ծաղկամանս խփեմ անկոչ հյուրերիս գլխներին: Եթե ընտրեմ երկրորդ տարբերակը, ուրեմն ես ռազմատե՞նչ եմ, թե՞ պարզապես սովորական մարդ եմ, որը չի ուզում էշ նահատակ դառնալ:

Առաջարկում եք ծաղիկ դնել հակառակորդի զենքի փողի մեջ… Բայց մեր զինվոր երեխաներին կյանքից զրկող դիպուկահարների հրացանի փողը շատ հեռու չէ՞ մեզանից, ձեռքներս կհասնի՞: Եթե խաղաղասերները պնդում են, որ կհասնի, ուրեմն որտեղ մեկ կիլոմետրը, այնտեղ էլ` հարյուրավոր կիլոմետրերը. գուցե հենց իրե՞նք փորձեն Երեւանում նստած` ծաղիկը դնել Տավուշի մարզի գյուղերը գնդակոծողների հրացանի փողի մեջ: Իսկ ընդհանրապես ավելի լավ չէ՞ հիշել, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում սեփական կյանքդ պաշտպանելու համար եթե նույնիսկ մարդ ես սպանում` քեզ արդարացնում են եւ դատարանի դահլիճից տուն ուղարկում:

Եվ եթե հիմա ես պնդեմ, որ սահմանին կանգնած զինվորն ինքնապաշտպանվողի կարգավիճակում է, խաղաղասերները երեւի ինձ մեղադրանք կներկայացնեն, որ սերժիկսարգսյանների՞ն եմ պաշտպանում, որովհետեւ նրա՛նք են ստեղծել այս պատերազմական իրավիճակը: Այո, հարգելիներս, հարեւան պետության ղեկավարի ամբարտավանության աճի մեղավորը Հայաստանի հանցագործ իշխանություններն են, հենց այն նու՛յն իշխանությունները, որոնց անհապաղ հրաժարականի պահանջ ներկայացնողների դեմ այնքա՛ն եռանդ վատնեցիք, որ ինքնապաշտպանվելու համար ուժ չմնաց մեջներդ եւ ուզած-չուզած` թունդ խաղաղասեր դարձաք:

Նողկալի է, չէ՞, որ Հայաստանը պատերազմի շեմին հասցրած սերժիկսարգսյանները, հովիկաբրահամյանները, շարմազանովները` իրենց ընդդիմադիր հորջորջող ոմանց աջակցությամբ, այս ծանր պահին էժանագին ինքնագովազդով են զբաղված: Արդյո՞ք ակամա չեք նմանվում նրանց, հարգարժան խաղաղասերներ, այս նույն օրերին հալածյալի թիկնոցն ամեն գնով «ձեզնով անելու համար»:

Մեր հալածյալները հիմա մեր զինվորներն են, միմիա՛յն մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորները: Աստված պահապան մեր երեխաներին:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Էրդողանը հաղթել է նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը (տեսանյութ)’