‘Խմբագրական. Հակաանկախականների ռևանշը. Он за машину Родину продал’

2507

Երբ 1990 թվականի այսօրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, հատկապես չինովնիկական խավում հաստատապես գտնվեցին (և դրանք, ցավոք, քիչ չէին և չեն) այնպիսիք, ովքեր եթե ոչ բացահայտ, ապա ներքին թշնամանքով ընդունեցին «լենուբոլ սովետից» դուրս գալու միտքը:

Անկախացման գաղափարն առաջին հերթին թշնամաբար պետք է ընդունեին հենց այնպիսի մարդիկ, ովքեր առերևույթ վախենում էին նոր` անկանխատեսելիից,  («փորձված թանը անփորձ մածունից լավ է» սկզբունքով, բժշկական երշիկի ու «Ալյոնկա» կոնֆետի նոստալժին մտքներում պահած ունենալով), իսկ իրականում գիտակցում էին, որ անկախությունը կարող է «խժռել» իրենց` սովետական տիպի քաղաքացու տեսակը: Այդ պարագայում նրանք` կոմսոմոլի և պարտիայի աստիճանների շնորհիվ որոշակի կայուն բարեկեցության հասած, սև խավիարն ու չեխական «խռուստալը» տակից, բայց, ամեն դեպքում՝ առնող մարդիկ նոր տիպի իրականության մեջ կարող էին դառնալ ուղղակի ոչ պետքական: «Ես էս ավտոյիս համար հայրենիքս եմ ծախել» տիպային չինովնիկների համար (չզարմանաք, բայց նրանց մեջ են մտնում ոչ միայն Սերժ և Տիգրան Սարգսյանները, այլև սովետական ժամանակների դիսիդենտներ հռչակված ՀՀԿ-ականները) սովետը իդեալական պետություն էր: Թալանում ես դու, պատասխաատվությունը կրում է հսկայական պետությունը: Աշխատանքում, դպրոցում, փողոցում, հանգստի վայրում՝ ամեն ինչ ենթակա է թալանման, որովհետև պետությանն է, իսկ պետությունը քո սեփականը չէ, ինչ որ օտար ու մեծ մի համակարգ է, որը քեզ հետ որևէ առնչություն չունի, ինչն էլ այս տիպային քաղաքացիների համար լեգիտիմացնում էր թալանի գործընթացը: Անկախ պետությունն այս մարդկանց համար վտանգավոր գաղափար էր, որովհետև նրանք հասկանում էին, որ այս պարագայում ձեռքի տակ պատահած ամեն ինչ տուն տանող, «ամեն ինչ ենթակա է թալանի, եթե ոչ՝ ապա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ թալանվել է արդեն մինչև քեզ» կաղապարի մարդկանց համար անկախ պետությունը պետության գույքի և ունեցվածքի հանդեպ պատասխանատվություն է ենթադրելու: Սա արդեն ոչ թե օտարի, հեռավորի համակարգն է, այլ քո՛ պետությունը: Սա էր այս տիպային քաղաքացիների հիմնական վախը:

Թե ինչ եղավ այդ օրվան հաջորդած այս 23 տարիների ընթացքում՝ մի օր պատմաբանները կանդրադառնան: Ընդ որում՝ խոսքն, ամենևին էլ Էդիկ Մինասյանի մասին չէ. երբ պատմաբանները կդադարեն կեղծել պատմությունը, այն ժամանակ էլ կծավալվենք:

Բայց և մի երկու բառով քաղաքացու այս յուրահատուկ տեսակին երևի թե արժե անդրադառալ: Բանն այն է, որ հակաանկախական հարմարվողականների այս բանակը թվով փոքր ածու չէր, ուստի և, օբյեկտիվ պատճառներով, նրանց մի ստվար բանակ անկախության ձեռքբերումից հետո շարունակեց աշխատել պետական ապարատում: Բայց քանի որ իշխանության էին եկել անկախականները, հակաանկախականները նախընտրում էին թաքցնել իրենց իրական կողմնորոշումները (լատենտ հակաանկախականներ) և հանդես էին գալիս հիմնականում որպես հարմարվողականներ, իսկ նրանցից առավել «շուստրիները»` նույնիսկ որպես անկախության ռահվիրաներ ու ջատագովներ: Կարևորն այն էր, սակայն, որ բալանսը պահվում էր` հակաանկախականները կամ ՀԱ տիպային չինովնիկները երկրորդական և երրորդական էշելոններից վերև չէին բարձրանում: Հիմնականում: Համենայն դեպս՝ երկրի ճակատագրի հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորություն չունեին:

Անկախականների՝ իշխանության հեռացումից հետո, սակայն, նրանք նորից սկսեցին գլուխ բարձրացնել և անցան ռևանշի:

Այսօր արդեն հասել ենք թերևս ամենավտանգավոր աստիճանին: Հակաանխականները իշխանության ամենավերին էշելոններում են հայտնվել, և նրանք արդեն ծպտվելու կարիք չունեն: Լատենտ հակաանկախականների ժամանակներն անցել են, նրանք սկսել են ինքնաբացահայտվել ու կռիվ տալ:

Հակաանկախականների հիմնական պայքարը Հայաստանի ինքնիշխանության դեմ է, նրանց հիմնական թշնամին` հայաստանակենտրոն կամ հայաստանամետ ուժերը: Բայց եթե մինչև վերջերս այդ կռիվն արվում էր ոչ այնքան բացահայտ, ապա այժմ գործակալները բացել են խաղաքարտերը: Սերժ Սարգսյանը` ինքն էլ որպես թիվ մեկ հակաանկախական, հերթով բացահայտում է բոլոր ազդեցության գործակալներին, որոնց խնդիրն է անկախության կորստի կեղծ ահազանգի միջոցով նվազեցնել հայաստանակենտրոնության առանցքային դերը:

Հենց իշխանության ամենավերին օղակում հայտնված հակաանկախականներն են (օտարերկրյա գործակալներ, այլ պետությունների շահերը սպասարկողներ և ալն) Հայաստանում ձևավորել քարոզչական արհեստական երկընտրանք` Եվրասիա-ԵՄ, Ռուսաստան-Արևմուտք, ռուսամետ, թե արևմտամետ ֆորմատով, և այս համատեքստում ջանում են լղոզել Հայաստանի սուվերենությունը՝ որպես առանձին գործոն, և հայաստանակենտրոնությունը կամ հայաստանամետությունը՝ որպես հիմնական առանցք: Նրանց ուզածը  ինքնիշխանությունը չէ՝ որպես այդպիսին, նրանք ամենևին էլ դեմ չեն, որ Հայաստանի իշխանությունը կառավարելի լինի դրսից, նրանք ընդամենը կառավարման կենտրոնների կռիվ են տալիս: Առավելևս, որ ժամանակն էլ սուղ է: Հողը պետք է այնպես նախապատրաստել, որ երբ (կամ եթե) աշնանը Սերժ Սարգսյանը Վիլնյուսում նախաստորագրի ասոցացման համաձայնագիրը, դա ընկալվի որպես փրկություն Հայաստանի համար կամ  չարյաց փոքրագույն:

Ռազմավարությունը պարզ է. սկզբում քարոզչական հող նախապատրաստել` ահասարսուռ հեքիաթներով և մղձավանջային համապատասխան ֆոնով, հետո նախաստորագրել և միայն դրանից հետո հրապարակել համաձայնագիրը:

Ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Թողնում են հետոյին, որ մինչև նախաստորագրումը մեզ չասեն`«Я за машину Родину продал», ու մենք էլ չպատասխանենք. «Попрошу факт продажи родины зафиксировать в протоколе»: Հենց այսպես է լինում, երբ սովետական տիպային չինովնիկները, ովքեր պարտիայից այն կողմ ոչ մի Աստվածաշունչ չեն ունեցել, իշխանության ղեկին են հայտնվում և կարող են երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունել: Իրենց համար երկիրը մեկ է` իրենցը  չի, օտար է, իսկ եթե օտար է, այն կարելի է թալանել, քանի դեռ թալանելու բան կա: Կամ էլ` քանի դեռ Հայաստանի անկախության անձեռնմխելիությունը խախտած հակաանկախականների ձեռքը ջարդող չկա:

Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան: Հակաանկախականներն այս երկրում տեղ չունեն:

 

Նախորդ հոդվածը‘Մենինգն իրեն կին է համարում, անունն էլ՝ Չելսի’
Հաջորդ հոդվածը‘1990 թվականի այսօրը ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)’