‘Խմբագրական. Հաղթանակի բանալին քաղաքական է’

2055

«Խելքները հացի հետ են կերել՝ ազգային բանակ են ուզում ստեղծեն»՝ 1990 թե 1991 թվականին էր` երկու` երեւի իրենք իրենց շատ խելոք համարող «ձաձաներ»-ի խոսակցության պատառիկն եմ հիշում 58 համարի ավտոբուսի ետնամասում: Խոսողները տարիքով շատ մեծ չէին, երեւի իմ հիմիկվա տարիքին՝ 40-ին մոտ: Ինձ՝ այն ժամանակվա 14 տարեկանիս, նրանց այդ «իմաստուն» վերաբերմունքը, չասեմ՝ վիրավորեց, բայց խոցեց՝ դրա համար էլ մինչեւ հիմա հիշում եմ: Տարիներ անց շատ կուզենայի դրանց բռնացնել ու հարցնել՝ հը՛, հոպարներ, հիմա՞ ինչ կասեք: Բայց վախենամ, թե հոպարները վաղուց Հայաստանում չեն, այլ այլոց, բայց ոչ երբեք իրենց ջանքերով ստեղծած մի երկրում հիմա նստած՝ մե՜ծ հայրենասերներ են, որոնք հպարտանում են Արցախյան պատերազմում մեր հաղթանակներով եւ գուցե նույնիսկ ֆեյսբուքյան հայրենասիրական դասեր են տալիս ջահելներիս, օրինակ՝ այն մասին, թե ինչպես պատահականորեն գրավվեց Շուշին՝ առանց երկրի ղեկավարության իմացության: Վստահ եմ, որ «խելքը հացի հետ ուտելու» մասին իրենց ասածը հիմա չեն հիշում, հակառակը՝ համարում են, որ գուցե հենց իրենք են ստեղծել բանակը եւ հաղթել են պատերազմում: Նման խելոք ձաձաներ եւ ծոծաներ այն ժամանակ քիչ չէին՝ նույն այդ տիպի մարդիկ, նույն թվականին, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ պնդում էին, թե մաթեմատիկան հայերենով դասավանդելը գրեթե անհնար է, որովհետեւ, իրենց պատկերացմամբ՝ հայերենում համապատասխան «տերմիններ» չկան (դե, նման մարդկանց կարծիքով՝ սինուսն ու կոսինուսը զուտ ռուսերեն, պապենական բառեր են. հիմա էլ քիչ չեն այդպես մտածողները):

Այնպես որ՝ 24-25 տարի առաջ այս օրերին՝ հայոց բանակի ստեղծման նախաշեմին, սեփական բանակն ունենալն ամենեւին էլ ինքնին պարզ գաղափար չէր, շատերի համար հնչում էր մոտավորապես ինչպես՝ «Սիրիուսի պաշտոնական պատվիրակությունն այցելեց Երեւան» կամ «դինոզավրերը վերակենդանացել են» տիպի մի բան: Եվ ինչ-որ տեղ, կարող ենք ասել, որ այդ ընկալման մեջ որոշ ճշմարտության հատիկ կար: 14 տարեկան տղան կարող էր ոգեւորվել «ազգային բանակ» արտահայտությունը միայն լսելիս, բայց իրականում մեր բանակը ստեղծվեց հիրավի ծանրագույն պայմաններում՝ ծավալվող պատերազմին եւ տնտեսական փլուզմանը զուգահեռ, էլ չասած՝ բնակչության մի մասի անտարբերության եւ նույնիսկ թաքնված թշնամանքի պայմաններում՝ հայն ինչպե՞ս կարող է բանակ ունենալ:

Առաջին հայացքից՝ թվում է, թե այնքան էլ բարդ խնդիր չէ սեփական բանակ ստեղծելը, եթե ունես կայսրության բանակում ծառայող բազմաթիվ սպաներ եւ զինվորներ՝ պետք է ընդամենը փոխել նրանց համազգեստը, եւ մեկ ակնթարթում նրանք կվերածվեն ազգային բանակի: Բայց լուծումն այդքան հեշտ չէ: Կադրային, պրոֆեսիոնալ սպաներ ունենալը լավ է, բայց իրապես կենսունակ բանակ ստեղծելու համար ամենեւին էլ ոչ բավարար պայման է: Ե՛վ 1918-20, ե՛ւ 1990-ականների սկզբի անկախ Հայաստանի փորձն ապացուցում են դա: Բանակ կառուցելը ոչ թե զուտ ռազմական, զուտ «պրոֆեսիոնալ», այլ, նախ՝ քաղաքական խնդիր է: Պատահական չէ, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երրորդ Հանրապետության շրջանում բարձրագույն հրամանատարություն ստանձնեցին մարդիկ, որոնք մինչ այդ որեւէ կապ չեն ունեցել բանակի հետ, պրոֆեսիոնալ չեն եղել, բայց, դրա փոխարեն՝ անցել են քաղաքական եւ ազատագրական պայքարի բովով: Այդ մարդկանց կամքը, կորովը, ոգին, ներուժը եւ գաղափարականությունն անհրաժեշտ պայման էին բանակի կայացման համար, եւ շատ հաճախ հենց ոչ պրոֆեսիոնալները դարձան պրոֆեսիոնալների հրամանատարներ: Քաղքենի ընկալումը ցայսօր էլ շատերին այդ մարդկանցից արհամարհանքով կոչում է անգրագետ, բայց «անգրագետները» մեղավոր չեն, որ «գրագետները» տանը մնացին կամ էլ ի զորու չեղան կազմակերպել ոչ միայն քաջություն, այլեւ բնատուր բարձր ինտելեկտ (որը միշտ չէ, որ համընկնում է ֆորմալ կրթության հետ) պահանջող գործ:

Ինչեւէ, ստեղծեցինք մեր ազգային բանակը՝ հաղթանակա՛ծ բանակը, որով հպարտանալու իրավունք ունենք: Բայց բանակը, բնականաբար, չի կարող հասարակությունից լիովին կտրված դիտարկվել: Այն արտացոլում է մեր հասարակության ե՛ւ ուժեղ, դրական, ե՛ւ բացասական, թերի կողմերը: Բայց հասարակության հայելի լինելն էլ՝ մի կողմ: Ավելի կարեւոր է, որ բանակը, բանակի խնդիրները ինչպես եղել են, այդպես էլ մնում են եւ միշտ կմնան քաղաքականից կախման մեջ՝ թեկուզեւ ինքնավարության որոշակի աստիճանով: Եթե, օրինակ, պատերազմից վերադարձած հրամանատարը խաղաղ կյանքում դրսեւորում է իր բացասական կողմերը, իրեն օրենքից վեր է դասում եւ այլն, ապա պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, եւ պատճառը նրա վարած քաղաքականությունն է (իհարկե, իրավական եւ բարոյական առումներով պատասխանատուն տվյալ կոնկրետ անձն է, բայց խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է, որը տարբերվում է): Տիպական իրավիճակներ կան, որոնք բոլոր հասարակություններում էլ կրկնվում են համապատասխան պայմաններում: Օրինակ, ազատագրական պայքարների փուլում, դեռ չկայացած պետական համակարգերի պայմաններում, միշտ էլ առաջանում է եւ ծաղկում է «մաուզերիզմը»՝ անկանոն զինված խմբավորումների անդամները ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որին իրենք իսկ կոչված են պաշտպանել թշնամուց: Եթե պետությունը չի միջամտում, դա վերածվում է մեծագույն հասարակական չարիքի: Հայաստանում 1990-ին այդ իրավիճակն, ինչպես հիշում ենք, արագ կանխվեց, իսկ, օրինակ, Առաջին Հանրապետության շրջանում կամ էլ 1990-ականների Վրաստանում դա ավելի երկար տեւեց եւ ավելի բացասական ազդեցություն ունեցավ հասարակության վրա՝ հոգեբանությունից մինչեւ քաղաքականություն եւ տնտեսություն: Նմանապես՝ տիպական է այն, որ պատերազմից վերադարձող հրամանատարներից շատերը, մանավանդ՝ եթե խոսքը ոչ թե կադրային, այլ, այսպես ասած, ժողովրդի ծոցից ելածների մասին է, ակնկալում են կամ պահանջում են հատուկ, արտոնյալ, օրենքից վեր կամ օրենքից դուրս պայմաններ իրենց համար: Սա այդ պահանջների արդարացում չէ, այլ դրանց հասարակագիտորեն հաճախ հանդիպելու, ինչ-որ տեղ օրինաչափ լինելու փաստումն է: Եվ այստեղ էլ պետության, քաղաքականության խնդիրն է, մի կողմից՝ պատվել հաղթած բանակի հրամանատարին, մյուս կողմից էլ՝ զպսել նրա ախորժակը: Նույնը եւ բանակին վերաբերող գրեթե բոլոր կարեւոր խնդիրների պարագայում՝ դրանց լուծումը քաղաքական է, այլ ոչ թե զուտ տեխնիկական: Որքան էլ հպարտանանք մեր բանակով, ակնհայտ է, որ կան նաեւ լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ամենաբարձր քաղաքական մակարդակով:

Այս օրերին մանավանդ արդիական է դարձել հայ-ադրբեջանական ռազմաճակատում աճող լարվածության խնդիրը: Եվ պարզ է, որ սա էլ զուտ ռազմական խնդիր չէ միայն, այլ քաղաքական է: Ադրբեջանը լկտիացել է, ասում ենք: Բայց Ադրբեջանը երբեք էլ համեստ հարս չի եղել, որ հիմա էլ հանկարծ լկտիանար: Պարզ է, որ խփում է մեզ՝ օգտվելով մեր թույլ տված սխալներից, որոնց արդյունքում թուլացել են մեր քաղաքական դիրքերը: Այսօր, թերեւս, այդ խնդիրների մասին ծավալվելու ճիշտ օրը չէ, բայց պետք է հստակ գիտակցենք, որ որքան էլ այսօր վստահ ենք, որ իր բոլոր թերիներով հանդերձ՝ մեր բանակն ի զորու է ոչ միայն զսպել, այլեւ պետք եղած դեպքում ջարդել թշնամուն, բայց վերջնական հաղթանակի բանալին քաղաքական է, այլ ոչ թե ռազմական, եւ այդ հաղթանակը պետք է ապահովենք մեր երկրի ներսում:

Շնորհավո՛ր մեր բանակի բոլոր իրական նվիրյալների, ազնիվ ծառայող սպաների եւ զինվորների, բոլորի՛ս տոնը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է ժամանել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Արևմտյան Եվրոպայից հարյուրավոր կանայք միացել են ԻՊ-ին’