‘Խմբագրական. Համազգային խումարը եւ պոստմոդեռնիստական հայդատականությունը ‘

3614

‘

Ցեղասպանության 100-ամյակի հիմնական միջոցառումների ավարտից հետո մեր հասարակությունը, մեծ հավանականությամբ, հայտնվելու է բավականին ծանր խումարի մեջ (խոսակցական լեզվում այս վիճակն առավել հայտնի է ռուսերենից փոխառած «պախմել» բառով): Պատճառները պարզ են եւ ակնհայտ՝ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվելուց եւ հայանպաստ դիրքորոշումների ոգեւորիչ շարաններից հետո՝ ա. մենք նորից դեմ առ դեմ ենք մնալու մեր ներքին ծանր եւ չլուծված խնդիրների հետ, բ. դեմ առ դեմ եւ միայնակ ենք մնալու Թուրքիայի եւ հայ-թուրքական  խնդրի հետ:

Ձրի «կայֆ»

Ինչո՞ւ խումար: Խումարը կենսաբանական մի հետաքրքիր օրինաչափության դրսեւորում է: Ըստ այդ օրինաչափության՝ օրգանիզմի բնականոն կշռույթից (ռիթմից) դուրս, արհեստական՝ դրսի ազդեցությամբ ձեւավորված ցանկացած ոգեշնչում հաջորդիվ փոխհատուցվում է ուժերի անկմամբ, հիասթափությամբ: Դա վերաբերում է հենց արհեստական ոգեշնչման դեպքերին, այսինքն՝ այնպիսիներին, երբ ոգեշնչումը ձեւավորվում է ոչ թե օրգանիզմի ներքին ռեսուրսների, այլ դրսից եկած ազդակների հաշվին: Այդպիսին է ցանկացած արբեցում՝ ալկոհոլից, թմրանյութից եւ այլն: Հարբած մարդն ինքն իրեն ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ, ավելի ուրախ է զգում, քան իրականում կարող էր լիներ սթափ վիճակում: Փոքր չափի մեջ դա կարող է որոշ դեպքերում օգտակար լինել, լիցքաթափել մարդուն, բայց, ինչպես բոլորս էլ գիտենք, չափազանցումը անխուսափելի ծանր հետեւանքների է բերում, եւ մարդն ինքն իրեն այնքան ավելի ուժասպառ է զգում, որքան ավելի էր արբեցության ազդեցությամբ ձեւավորված արհեստական ոգեշնչումը: Այս իմաստով խումարն իրականում օգտակար եւ իմաստուն բնական օրինաչափություն է, որի շնորհիվ մարդը վերադառնում է «երկիր» եւ ճաշակում, այսպես ասած՝ դառը ճշմարտությունը՝ հնարավորություն ստանում գիտակցելու, որ ձրի «կայֆ» չի լինում: Հակառակը՝ բնական, օրգանիզմի ներքին ռեսուրսների՝ սեփական ներուժից բխող ոգեւորումը, ուրախությունը փոխհատուցող անկման օրենքին չի ենթարկվում: Կենսաբանական այս ուշագրավ օրինաչափությունը հասարակական հարաբերությունների նկարագրությունում գրեթե նույնությամբ կիրառելի կարելի է համարել:

Մեր պատմության մեջ քիչ չեն եղել արհեստական ոգեւորություն-խումար փակ շրջանները: Սովորաբար՝ դրանք նույնանում են «աշխարհի» հայանպաստ ազդակներից ոգեւորման, ապա նույն «աշխարհից» հիասթափման շրջանների հետ («աշխարհ» ասելով, ի դեպ, իրականում նկատի ենք ունենում, չգիտես ինչու, միայն արեւմտյան աշխարհը, կարծես աշխարհի մեծ մասը կազմող մյուս երկրները քարտեզից դուրս են, եւ կարծես այդ «քարտեզից դուրս» գտնվողները չեն մեր հարեւանների մեծ մասը): Նման շրջանի ամենավառ օրինակներից են 1912-22 թթ. դեպքերը: 1912-ից սկսած՝ անչափ ոգեւորվեցինք այն փաստից, որ մեծ տերությունները կրկին օրակարգային դարձրին Հայկական հարցը, բարեփոխումների ծրագիր մշակվեց Օսմանյան կայսրության հայկական նահանգների համար, մեծ ճնշումներ գործադրվեցին թուրքերի նկատմամբ, հետո է՛լ ավելի ոգեւորվեցինք 1914-ին ցարական կառավարության մշուշոտ խոստումներով, որոնք չնայած որեւէ որոշակի բան չէին պարունակում, բայց մեկնաբանվեցին մեր կողմից որպես անկախ կամ ինքնավար Հայաստանի խոստում, այդ ոգեւորության ալիքի վրա ծավալվեց հայկական կամավորական շարժումը, ապա 1915-16-ի ընթացքում եկավ խումարի՝ հիասթափության շրջանը: 1919-ից՝ նոր արբեցուցիչ ոգեւորություն, որը գագաթին հասավ Սեւրի պայմանագրի կնքմամբ 1920-ին, հետո՝ նոր ծանր խումարի շրջան, եւ այլն: Այս ամենը հայտնի փաստեր են, եւ նոր չէ, որ պետք է բացահայտվեն՝ նկարագրված եւ զգալի չափով վերլուծված լինելով հենց ժամանակի հեղինակների կողմից: Հենց այս ոգեւորություն-խումար հերթական շրջանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Թվում էր, թե սրանից ավելի ոչինչ սթափեցնող չի կարող տեղի ունենալ մի ազգի հետ, եւ արբեցման ու խումարի շրջանները պետք է մնան անցյալում:

Աշխարհս մե փանջարա է

Խումարային շրջաններում մենք սովոր ենք բողոքել աշխարհից, մեծ տերություններից, որոնք, սկզբում ոգեւորելով՝ հետագայում իբր խաբում, «քցում են» մեզ՝ փոքր դաշնակիցներին: Իրականում՝ ոչ մի խաբեություն չկա: Սկսած շումերական քաղաք-պետությունների ժամանակաշրջանից՝ քաղաքականությունը մոտավորապես նույն կանոններով է գործում: Չնայած անճանաչելիորեն փոխվում են տնտեսական, մշակութային, իրավական համակարգերը, բայց պետությունների, ազգերի միջեւ քաղաքական հարաբերությունները կարգավորվում են գրեթե նույն, անփոփոխ եւ մեծամասամբ չգրված, այլեւայլ՝ կրոնական, իրավական, բարոյական բառապաշարով քողարկված կանոններով: Եթե այստեղ կա խաբեություն իսկ, ապա դա հայերիս ինքնախաբեությունն է, թե ամեն տվյալ պատմական պահի համարում ենք, որ «այսօր ուրիշ է», «այսօր աշխարհը փոխվել է», «այսօր այլեւս հնարավոր չէ….»: Դա քաղքենի, ամեն գնով «առաջադեմ» երեւալ ցանկացող, երկրորդական ազգի հոգեբանություն է: Ավելի ստույգ՝ դա վերաբերում է ոչ թե ազգին, այլ ազգի վերնախավի մի մասին:

Աշխարհի կանոնները թվում են դաժան, բայց դրանք այնքան էլ անարդար չեն: Ոչ ոք ոչ մեկի փոխարեն անկախություն չի նվաճում, տարածքներ չի ազատում կամ գրավում, չի պատերազմում, արյուն չի թափում, երկիր չի զարգացնում եւ այլն: Քեզ կարող են օգնել, եթե խնդրի լուծման մեջ վճռական լուման պատրաստ ես ինքդ ներդնել, այլապես, այո՛, խնդիրը, որը դու քոնն ես համարում, լուծվելու է այնպես, ինչպես ձեռնտու է վճռական ներդրում ունեցողին: Սրա մեջ արդյո՞ք առանձնապես անարդար բան կա: Նույն օրենքները չե՞ն արդյոք գործում անհատների առօրյա կյանքում, եւ ո՞վ է դրանցից բողոքում, անարդար համարում: Միայն երեխաների արտոնությունն է նման բողոքը, բայց քաղաքականապես անկախ ազգի կարգավիճակը ենթադրում է հասունության վկայական: Անկախ ազգը նախ ինքն է լուծում իր խնդիրները՝ ելնելով առկա հնարավորություններից եւ արտաքին աջակցությունն էլ օգտագործելով սեփական հնարավորությունների չափից ելնելով: Սրանք պարզ բաներ են, որոնք, ցավոք, ստիպված ենք կրկնել՝ հաշվի առնելով հանրային խոսքի հայկական ավանդույթները:

Նողկալի կեղծիքը

Բայց արդյո՞ք մեր ժողովուրդն այդքան անհասկացող է, որ նրան ամեն անգամ ստիպված պետք է լինենք տարրական բաներ «ուսուցանել»: Ո՛չ, խնդիրը ժողովուրդը չէ, որն իր առօրյա կյանքում առաջնորդվում է սթափ իրատեսությամբ՝ նույնիսկ ավելին, քան կարելի էր սպասել: Ոչ միայն առօրյայում, այլեւ ներքաղաքական հարցերում մեր հասարակությունը շատ դեպքերում բավականաչափ սթափ է դրսեւորում իրեն, համենայն դեպս՝ մերոնց դժվար է ոգեշնչել չափից ավելի պոպուլիստական, անհամարժեք, թեթեւսոլիկ քաղաքական խոսքով եւ գործով՝ հայերս սիրում ենք ծանր, լուրջ դիրք: Խնդիրն, ուրեմն, ինչպես ասացի, ավելի շուտ՝ մեր վերնախավերն են: Ընդ որում՝ խնդիրը բազմաշերտ է: Եթե նախկինի մասին կարող ենք ասել, որ մեր վերնախավերի դիրքորոշումներն ավելի հաճախ իրական միամտության, քաղաքական տհասության, գավառականության արդյունք էին, ապա այսօր «հարիֆ չկա», կամ եթե կա՝ փոքրամասնություն ու լուսանցքային է: Այսօր շատ ավելի վատ վիճակ է: Մեր հասարակությանը պարզապես գիտակցված խաբում եւ մոլորեցում են՝ հանուն նեղ խմբային եւ անձնական շահերի: Ի պաշտոնե՝ հայդատականներից քանի՞սն են, օրինակ, անկեղծորեն հավատում, որ այսօր կարելի է իրագործել Սեւրի պայմանագիրը: Անշուշտ՝ չնչին տոկոսը: Բայց մեր հասարակությանն այնպես են ներկայացնում, որ մարդիկ հավատում են, թե Սեւրի պայմանագիրն այսօր իրավական ուժ եւ քաղաքական կշիռ ունի: Եվ երբ բացահայտում ես ճշմարտությունը, թեկուզ՝ մասնավոր զրույցներում, մարդիկ նեղվում են, վրդովվում են, չեն հավատում, փորձում են կառչել իրենց մատուցած «ճշմարտությունից», շփոթվում են: Չգիտեմ, չեմ պատկերացնում ավելի նողկալի վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ: Չեմ վարանում հենց այս բնորոշումը տալ, որովհետեւ խոսքը գիտակցված խաբեության մասին է: Այսօր հայկական վերնախավի մի զգալի մասը ցինիկ բիզնես է անում՝ շահագործելով մեր հասարակության արդար, հայրենասիրական զգացումները, եւ այդ իմաստով ոչնչով չի տարբերվում, այլեւ գերազանցում է նույն զգացումները շահագործող արտաքին ուժերին:

Ազգային ինքնասիրությունն, անշուշտ, շոյվում է մեր նկատմամբ աշխարհի ուշադրությունից, մանավանդ որ շատ վաղուց նման ուշադրության չէինք արժանացել (համաշխարհային ուշադրության նախկին գագաթները հայերիս նկատմամբ՝ հիմնականում պատմական հուշ են արդեն, եւ մեր սերունդը դրանք չի վերապրել): Բայց ոգեւորությունը երբեք չպետք է կուրացնի մեզ այն աստիճան, որ մոռացության մատնի այն պարզ ճշմարտությունը, որ մեր եւ թուրքերի միջեւ եղած խնդիրները ո՛չ Հռոմի պապն է լուծելու, ո՛չ սփյուռքահայ աստղերը, ո՛չ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները, ո՛չ Եվրախորհուրդը, ո՛չ ռոք խմբերը, ո՛չ էլ այսօր հայկական հարցի մասին իմացած դրանց երկրպագուները, այլ հենց մենք: Եվ հարցը լուծվելու է ճիշտ այն հարաբերակցությամբ, որքան է՛ ամեն տվյալ պահի ուժային հարաբերակցությունը մեր եւ թուրքերի միջեւ: Այդ ուժային հարաբերակցության մեջ «աշխարհի» կարծիքը կարող է որոշ դեր խաղալ, եւ կխաղա, բայց միայն երկրորդական, այլ ոչ երբեք վճռորոշ: Չար գուշակի դեր չեմ ուզում կատարել, բայց փաստ է, որ այդ հարցում երկրորդականի եւ առաջնայինի տեղերը շփոթելը, այսինքն՝ «աշխարհի» դերի գերագնահատումը, ոչ միայն օգուտ չի բերել հայությանը, այլեւ կոտորածի, եղեռնի եւ դաժան պարտությունների անմիջական պատճառն է եղել: Դարդից խմողին խմիչքը վնաս է, որովհետեւ ուժի պատրանք է տալիս, եւ միայն առանց այդ էլ ուժեղին եւ ոգեշնչվածին չափավոր «դոզան» կարող է օգտակար լինել:

Հ.Գ. Ռադիոյով պատահականորեն մի պատմություն լսեցի: Սփյուռքահայերի մի խմբի մասին էր, որն այս օրերին այցելել էր Արեւմտյան Հայաստան: Նրանք պատարագներ էին մատուցել հայկական լքված եկեղեցիներում, խնկարկել հայկական սրբավայրերում, նաեւ՝ անմոռուկներ փակցրել Անիում եւ, որքան հասկացա՝ սփռել դրանք Վանա լճում: Մի հարց էլ հուզում էր նրանց՝ օգտվե՞լ, թե՞ չօգտվել թուրքական ապրանքներից, բայց, ասում է, նրանք այդ հարցի պատասխանը շատ արագ գտան՝ քանի որ իրենք այցելել են հայկական հող, ուրեմն՝ այդտեղի մթերքներն էլ հայկական են, օրինակ՝ Բայազետի մեղրը հայկական է, եւ ուրեմն՝ կարելի է օգտվել դրանից: Չմոռանամ նշել նաեւ, որ մասնակիցներից մեկը խոսում էր նրա մասին, թե որքան անօգուտ է անույժ պահանջատիրությունը, եւ որ պետք է գործել ուժային պահանջատիրության դիրքերից….: Սա իրականում ապշեցուցիչ պատմություն է: Գուցե ինչ-որ մեկին այն ծիծաղելի թվա, բայց, նախ՝ չեմ ուզում ծաղրել որեւէ մեկին՝ ամեն դեպքում փորձելով ըմբռնումով մոտենալ մարդկանց հայրենասիրական զգացումներին: Եվ երկրորդ՝ ծիծաղից ավելի՝ ամոթի, եւ եթե ուզեք՝ նույնիսկ յուրահատուկ վախի զգացում առաջացավ մոտս այս պատմությունից:

Ամենաապշեցնողը ոչ թե նույնիսկ նման պատմությունը լուրջ տոնով ներկայացնելն էր, այլ այն հանգամանքը, որ չէ՞ որ այս ամենը տեղի է ունեցել Թուրքիայում, թուրքական պետության իրավասության ներքո, այսինքն՝ թուրքական պետության լիարժեք թողտվությամբ, այսինքն՝ թքած ունենալու պայմաններում: Որ պատարագներ են մատուցել եւ խնկարկել են՝ լավ են արել, բայց այդ ամենի մեջ քաղաքական, հակաթուրքական, պահանջատիրական ինչ-որ ենթատեքստ դնել….: Մի պահ զգանք, թե ո՛րտեղից ո՛ւր ենք հասել: 120 տարի առաջ թուրքերի դեմ փորձում էինք պայքարել ֆիդայական, զինված պայքարի միջոցով՝ թուրքական պետության դաժան հալածանքներին ենթարկվելով, բայց նույնիսկ դա բավարար չեղավ մեր նպատակներին հասնելու համար: Այսօր պայքարում ենք անմոռուկ կպցնելով Անիի պատերին՝ նույն թուրք պետության դիմադրության իսպառ բացակայության պայմաններում, եւ քաջաբար վճռում ենք ուտել Բայազետի մեղրը, որովհետեւ դա թուրքական չէ իրականում, այլ հայկական է: «Զարմանալի» է միայն, որ եթե այդ մեղրը հայկական էր, էլ ինչո՞ւ են դրա դիմաց թուրքերին վճարել՝ պետք էր ուժով խլել թուրքի ձեռքից պապական մեղրը: Հասկանո՞ւմ եք, թե ո՛ւր կարող է բերել մի օր նաեւ հայաստանցիներիս պոստմոդեռնիստական այս հայդատականությունը: Սա արդեն սովորական արբեցողություն էլ չի, այլ, ծանր, անշրջելի տոկսիկոզ, որին նույնիսկ ուշքի բերող խումար կարող է չհետեւել:

Հրանտ Տեր-Աբրահամյան

‘

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Հայաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպանը (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժի զոհերի հիշատակին Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել’