‘Խմբագրական. Հայաստանի ճակատագիրն է որոշվում’

4519

Հայաստանի ներքաղաքական իրավիճակին մեծ տեմպ ու դինամիզմ է հաղորդված: Իրադարձությունները զարգանում են բավականին արագ: Այս գործընթացների հիմքում դրված է երկու գործոն. Սերժ Սարգսյանի՝ բացահայտ քաղաքական հաշվեհարդարի սպառնալիքը Գագիկ Ծառուկյանին, և ընդդիմադիր Եռյակի՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում շտապ համազգային հանրահավաք կազմակերպելու որոշումը:

Սերժ Սարգսյանն իր հակասահմանադրական ելույթով ինչ-որ պահի, իհարկե, իրադարձությունների նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը՝ բացահայտ պատերազմ հայտարարելով առաջին հայացքից Գագիկ Ծառուկյանին, սակայն իրականում՝ ողջ հասարակությանը: Որովհետև այն շոուն, որ կազմակերպել էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդի նիստում, ոչ այլ ինչ էր, քան իր իշխանությունը պահելու ծրագրի ազդարարում: Մի բան, որին ընդդիմանում է գրեթե ողջ հասարակությունը: Այս նախաձեռնության առավելությունն արդեն մեծ մասով հաղթահարվեց՝ շնորհիվ քաղաքական ընդդիմության, ի դեմս Կոնգրեսի, Բարգավաճի և Ժառանգության՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում համազգային հանրահավաք կազմակերպելու մասին համատեղ որոշման: Ընդդիմությունն, այժմ, Սերժ  Սարգսյանի վարչախմբի սանձազերծած հաշվեհարդարային ծրագրին ի պատասխան գործի է գցել վարչախմբից ու նրա ապօրինություններից զզված քաղաքացիների մոբիլիզացման համատեղ մեխանիզմը: Կոնգրեսին ու Բարգավաճին հաջողվել է հասնել մի շատ կարևոր նվաճման. հասարակության ներսում վերացել ու հաղթահարվել է անտարբերությունն ու  հուսահատությունը: Իշխանությունն էլ, իր չհաշվարկված քայլերով մեծապես նպաստում է դրան (առանձին շնորհակալություն վարչախմբի քարոզչական վերլուծագանգերին):

Փետրվարի 20-ն այս համատեքստում դառնում է շրջադարձային օր: Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը պետք է անեն և արդեն անում են ամեն ինչ, որպեսզի այդ օրը Ազատության հրապարակում չհավաքվեն ժողովրդական հոծ զանգվածներ (այս մասին քննարկել են նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստում):  Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները լինելու են բացառապես ոչ քաղաքական ու օրինական վարքագծից դուրս: Թաղայինները կգնան տներով, կզգուշացնեն քաղաքացիներին՝ չմասնակցել հանրահավաքին, կհանեն բոլոր միջքաղաքային երթուղիները, քաղաքապետարանը ապօրինի բովանդակությամբ հերթական հաղորդագրությունները շաղ կտա աջ ու ձախ, հետապնդումներ կսկսվեն ընդդիմության տեղական կառույցների ներկայացուցիչների նկատմամբ (արդեն սկսել են): Ընդդիմության գործողությունները, հակառակը, ամբողջությամբ քաղաքական են, բաց ու հրապարակային:  

Այս պարագայում վճռորոշ դերը մնում է Հայաստանի քաղաքացուն: Նա է, որ պետք է իր ընտրությամբ հանգուցալուծի ստեղծված իրավիճակը: Կամ՝ ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ մնալով մասնակցությունից, ըստ էության, աջակցություն հայտնի Սերժ Սարգսյանին և նրա՝ իշխանությունը պահելու ծրագրին, կամ՝ գալով հրապարակ՝ կանգնի Հայաստանում փոփոխությունների, հեռանկարի ու ապագայի համար պայքար մղող քաղաքական ուժերի և իր նման քաղաքացիների կողքին:

Դատելով այսօրվա վիճակից, ինչպես նաև այն անտարբերության հաղթահարումից, որի մասին նշեցինք վերը՝ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է հանուն իշխանափոխության պայքարի: Այնպես որ, բոլորս դեպի հրապարակ: Ընկերներով, գործընկերներով, հարևան, բարեկամներով, ծանոթներով, մեծուփոքրով: Հայաստանի ճակատագիրն է որոշվում: 

Նախորդ հոդվածը‘ «Անահայմ» – «Վաշինգտոն». Оվեչկինը դուբլ ձևակերպեց և գլխավորեց գոլահարների մրցավազքը’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյան. Ես շարունակելու եմ իմ պայքարը’