‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների ‘

1915

Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած վերջին ակցիայի ժամանակ ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի ուշագրավ միտք էր հայտնել. Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն:

Եւ իսկապես. Հայաստանն այսօր ուղնուծուծով վեր է ածվել համարձակ մարդկանց պատժելու մի հրեշավոր մեքենայի: Համարձակ մարդիկ մշտապես փորձության են ենթարկվում: Եւ խոսքն ամենեւին էլ այն քաղաքացիների մասին չէ, ովքեր իրենց հռչակել են համարձակ: Ամենեւին: Չնայած, ինչպես գիտենք, Հայաստանում ընդունված մի ներքին կացութաձեւ է դարձել` եթե մարդն իրեն հռչակում է «այսպիսին», ուրեմն, ինքն այդպիսին է: Խոսքն իրապես համարձակ մարդկանց մասին է, ովքեր իրական վտանգ են ներկայացնում այս իշխանություններին: Իսկ այս իշխանությունների համար, առաջին հերթին եւ հիմնականում, վտանգ են ներկայացնում համարձակ մարդիկ. այն մարդիկ, ում հնարավոր չէ որեւէ լծակով ազդեցության տակ պահել` ֆինանսական, ազգակցական-ընկերական, համայնքային, շանտաժով եւ այլն:

Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչպես ակնհայտ դարձավ վերջին 5 տարիների ընթացքում, «ափաշկյարա» գնում է ամեն շարժվող եւ  անշարժ բան, որ կարող է կապ ունենալ քաղաքական դաշտի հետ:

Եթե նա չի գնում անմիջականորեն, ապա գնում է միջնորդավորված: Եթե քաղաքական դաշտում, անգամ միջնորդավորված եղանակով, ինչ-որ բան Սերժ Սարգսյանին հասու չէ, ուրեմն՝ այն իր իշխանության համար վտանգ է ներկայացնում:

2008-ից հետո քաղաքական դաշտում շատերը փորձեցին որդեգրել «միաժամանակ եւ կույս մնալու, եւ հաճույք ստանալու» մարտավարությունը, ինչը ենթադրում էր ներկայանալ որպես սկզբունքային ընդդիմադիր, սակայն չխորշել սնվել իշխանական ֆինանսական ազդեցիկ աղբյուրներից: Կիսաընդդիմադիր լինելու այս նոր մեթոդը Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով արմատավորվեց հայոց լեռներում եւ բոլոր հարթավայրերում: Սակայն կիսաընդդիմադիր լինել հնարավոր չէ (գոնե երկարաժամկետ առումով) նույնքան, որքան հնարավոր չէ լինել կիսահղի: Ինչպե՞ս: Շատ պարզ: Որովհետեւ 2008-ի ընտրություններից առաջ դաշտն արդեն հստակ բաժանվել էր իշխանական ու ընդդիմադիր թեւերի: Այդ երկուսի մեջտեղում գտնվողները կամ նրանք, ում մի ոտքն այստեղ էր, բայց մյուս ոտքը` հակառակ ճամբարում, վաղ թե ուշ ընտրություն պետք է կատարեին: Սրանք այն գոլերն էին, ովքեր առավել վտագավոր էին, քան նրանք, ովքեր բացահայտ իշխանական ճամբարից էին դուրս գալիս մարտադաշտ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ինքնակամ ընտրության մասին էր, կամ՝ ոչ այնքան, որքան բնական ընտրության մասին: Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեք հենց այնպես չի վճարում ոչ մեկին: Վաղ թե ուշ` վճարի դիմաց պետք է ծառայություն մատուցել: Թե չէ Սարգսյանը հո ձրի լավություն չէր անելու մարդկանց. եթե Սարգսյանն այդքան հումանիստ լիներ, հիմա հրաժարական տված ու հեռացած կլիներ:

Բայց Սարգսյանն այդ բանը երբեք չի անի, եւ դեռ մի բան էլ ավելին, համարձակների ոխը կհանի նրանցից, ում մի ոտով տարել ու պատսպարել է իր ճամբարում: Բայց ինչպես որ մի ձեռքը ծափ չի տա, նույնպես եւ մի ոտքը կռիվ չի տա, հետեւաբար՝ ֆորս-մաժորի ժամանակ ընտրությունն անխուսափելի է դառնում, եւ Սարգսյանը մի ոտքի վրա կանգնածներին երկու ոտքի վրա է ռազմադաշտ հանում՝ ընդդեմ ընդդիմության, իհարկե: Հերթով: Եթե մի մասին հանել ու բացահայտել է, դա դեռ չի նշանակում, որ մյուսներին ծածուկ կպահի: Ժամանակի հարց է:

Բայց հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանին դիմավորելու են «ամենավտանգավորները»` երկու ոտքի վրա կանգնած համարձակները` չծախվածները: Նրանց դեմ պայքարելու համար Սարգսյանը ոչ լծակ ունի, ոչ զենք:

Իհարկե, իշխանությունները կարող են մտածել, որ մի զենք, այնուամենայնիվ, ունեն՝ Հայաստանը քաղբանտարկյալներով լցնելը: Բայց փորձն արդեն ցույց է տվել, որ դա խնդրի լուծում չի կարող լինել: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը 2011-ի մայիսին ստիպված եղավ ազատ արձակել վերջին քաղբանտարկյալներին: Իհարկե, մի քանի ամիս անց, Սարգսյանի իշխանությունը չդիմացավ: Հայաստանն, այդուամենայնիվ, ունեցավ քաղբանտարկյալ` ի դեմս Տիգրան Առաքելյանի: Բայց ի՞նչ ստացավ արդյունքում: Միայն մի բան. համարձակները չվախեցան, չկոտրվեցին: Ընդհակառակը: Սա արդեն սկզբունքի հարց է: Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն: Եւ այդ Հայաստանում Սարգսյանը, բնականաբար, տեղ չունի: 

 

Նախորդ հոդվածը‘Վաղվա նիստում Ալիկ Սարգսյանին հնարավորություն կտրվի հիշելու 2 տարի առաջվա ասուլիսի մանրամասները. հարցազրույց’
Հաջորդ հոդվածը‘Վթարի են ենթարկվել Արթուր Մկրտչյանի կինը, հարսը, թոռը. փոքրիկը մահացել է ‘