‘Խմբագրական. Հայտարարությունների հարցում Եվրոպան առաջընթաց է գրանցել ‘

1942

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը երեկ Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` անդրադառնալով վերջին շրջանում հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների դեմ իրականացվող  հարձակումներին:
«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»,- նշել է Մուլժնիեկսը:

Ընդհանուր առմամբ, իհարկե, գովելի է, որ ժողովրդավարության եւ մարդու  իրավունքի հարցերում Հայաստանում անընդհատ առաջընթաց տեսնող եվրոպական կառույցները, որ վերջին շրջանում Հայաստանում առաջընթացից բացի ոչինչ չէին տեսում, հանկարծ սկսել են նորից նկատել, որ Հայաստանն ինչպես որ հեռու է եղել ժողովրդավարությունից, այնպես էլ շարունակում է մնալ բնռապետական երկիր:

Ամենեւին էլ հակված չենք կարծելու, թե եվրոպական այս անհանգստությունը Սերժ Սարգսյանի կողմից ԵՄ-ին, ըստ էության, «քցելու» եւ Մաքսային միությանը միանալու հայտարարության հետեւանք է: Ամենեւի՛ն: Ինչպե՞ս կարելի է նման բան մտածել Եվրոպայի մասին: Սա երեւի ճակատագրական զուգադիպություն է, եւ, ամենայն հավանականությամբ, Եվրոպան պարզապես նորից մեկ քայլ առաջ է գնացել Հայաստանում տիրող իրավիճակը տեսնելու դիտանկյան աստիճաններին:

Այս պարագայում ՀՀ քաղաքացիները եւ հատկապես՝ ժողովրդավարության համար պայքարողները, կարող են ողջունել Հայաստանում տիրող ոչ ժողովրդավարական դրսեւորումների վերաբերյալ այս ինքնաբուխ մտահոգությունը: Ավելին, կարելի է նաեւ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, մոտավորապես այս համատեքստում.

«Մենք ի գիտություն ենք ընդունել եվրոպական կառույցների կողմից հնչող նախնական գնահատականները եւ ողջունում ենք միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները` Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք նաեւ ողջունում ենք հետագա առաջընթացը, որ եվրոպական կառույցները ձեռք են բերել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատականները միջազգային չափորոշիչներին համապատասխան կազմելու իրենց ձգտման մեջ, մասնավորապես՝ հայտարարության ծավալների կատարելագործման, ոճի եւ կառուցվածքի բարելավման հարցում:

Միեւնույն ժամանակ՝ մենք ակնկալում ենք, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ շարահյուսական, քերականական եւ գեղագիտական թերությունները  կլուծվեն ապագայում:

Մենք նաեւ կոչ ենք անում եվրոպական կառույցներին` Հայաստանի վերաբերյալ արվող հայտարարությունները կազմելիս համընդգրկուն եւ թափանցիկ գործընթաց վարել:

Արձանագրում ենք, որ եվրոպական կառույցները Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը նկատելու հարցում առաջընթաց են գրանցել, ինչը մեկ քայլ առաջ է, քան նախորդ բոլոր նման հայտարարությունները: Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում եվրոպական կառույցները է՛լ ավելի կկատարելագործեն իրենց հայտարարությունների որակը: Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ սա նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում եվրոպական կառույցների կողմից հրապարակված ամենաթափանցիկ եւ ժողովրդավարական հայտարարությունն էր»:

Նախորդ հոդվածը‘Պալաչի արժանապատիվ քայլը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Տեղումներ չեն լինի’