‘
Քաղաքականությունը լակմուսի թուղթ է: Այն էլ՝ արտաքին քաղաքականությունը: Եւ երբ այդ քաղաքականության բաճկոնը հագովդ չի լինում, որքան էլ ուզում ես՝ թեւերը ծալի, փեշերը կարճացրու, գոտիով ամրացրու, մեկ է՝ միանգամից բոլորը տեսնելու են, որ բաճկոնը հագովդ չի, ու միայն մի մանուկ չէ, որ նայելու եւ տեսնելու է, որ թագավորը մերկ է:
Հայ-թուրքական հարաբերությունների ոլորաններում Սերժ Սարգսյանը մոլորվել է: Մոլորվել է այնպես, որ չի էլ կարողանում դուրս գալ այն խճճված սարդոստայնից, որն, ի դեպ, հենց ինքն էլ հյուսել է: Մարդն, ինչպես ցույց են տալիս 2008-ից այսկողմ տեղի ունեցող զարգացումները, այնքան հակասական քայլեր է կատարել այս ճանապարհներին, որ ի վերջո խճճվել է ամբողջությամբ: Ու պատճառը, որքան էլ որ տրիվիալ հնչի, այն չէ, թե, ի վերջո, որոշ քայլեր ճիշտ էին, որոշները՝սխալ, պատճառը մեկն է՝ պարզապես մարդը որոշակի, կայուն տեսակետ չուներ ու չունի այդ հարցում: Մարդն ինքն էլ չգիտի, ուղղակի գլուխ չի հանում, թե ի՞նչ են, ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները, եւ ինչ է պետք անել ու կամ, առավելեւս, ինչ չպետք է անել դրանց հետ: Իրականում՝ հայ-թուրքական հարաբերություններին Սարգսյանը նայում է որպես ամենասովորական մի դիլետանտ, նրան թվում է, թե դա պատի մեջ մեխ խփելու պրոցեսի պես մի բան է, երբ փորձում ես մեխը խփել բոլոր հնարավոր դիրքերից ու միջոցներով: Մուրճ չկա՞՝ փորձել է պետք այլ գործիքները, դրանցով չստացվե՞ց, հոգ չէ՝ կարելի է խփել «չստիկով», էլի՞ չստացվեց, գուցե ձեռքո՞վ փորձել, էլի՞՝ ոչ, գուցե «բենզապիլայո՞վ», կացնո՞վ, աթոռո՞վ: Եւ այսպես՝ այնքան, մինչեւ որ պատն սկսեց ճեղքեր տալ, այնինչ մեխն այդպես էլ պատի մեջ չհայտնվեց:
Բայց ամեն ինչ՝ հերթով, ինչպես ասում են՝ ոչինչ չի մոռացել, հիշում ենք եւ հիշեցնում:
Ի սզբանե բանն էր, արձանագրությունները, էլի: Եկած-չեկած՝ Սարգսյանը անմիջապես ձեռնամուխ եղավ ֆուտբոլային կոչված դիվանագիտությանը, որն առաջին փուլում ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վեևաբերյալ արձանագրություններով. երկու փաստաթղթերը ստորագրվեցին Ցյուրիխում:
Բացի հայտնի «պատմաբանների հանձնաժողովից», արձանագրությունները նաեւ այսպիսի տողեր էին պարունակում.
«Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները…
…Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով…»:
Սա նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում էր Թուրքիայի ներկայիս սահմանները (ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանն առ այս պահը պաշտոնապես Թուրքիայի սահմանները չի ճանաչել), ինչը ենթադրում է, որ այլեւս որեւէ հողային պահանջ այդ երկրին ներկայացնելն անհնար կլիներ: Ի դեպ, արձանագրությունները ՀՀ ՍԴ կողմից ճանաչվել են սահմանադրական, եւ եթե չլիներ Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը, Հայաստանը սիրով այն պատրաստ էր վավերացնել: Եւ ուրեմն, հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը ճանաչեց Թուրքիայի ներկայիս սահմանները:
Անցավ, սակայն, մի որոշ ժամանակ, եւ Թուրքիան, պատմաբանների հանձնաժողովի հարցում ստանալով իր ուզածը, ինչպես եւ սպասվում էր, սկսեց ձգձգել վավերացումը, ասել կուզի՝ Հայաստանի հետ սահմանի բացումը: Բայց Սերժ Սարգսյանին, ախր, հենց այդ սահմանն էր պետք է, նա ամբողջ գործընթացը սկսել էր միայն ու միայն այն բանի համար, որ, ի վերջո սահմանը պիտի բացվեր, եւ դրա արդյունքում ոչ միայն է՛լ ավելի շատ արտաքին աջակցություն կստանար, այլեւ դրա շնորհիվ Հայաստան նոր փողեր կգային, ու դժգոհ զանգվածին հնարավոր կլիներ լավ ապագայի մասին «կտեր» հրամցնել: Եւ, մտածում էր Սարգսյանը, այդ ժամանակ ո՞վ կհիշի արդեն, թե ինչ գնով ինքը բացեց սահմանը: Եւ ուրեմն, սահմանը չբացվեց, Թուրքիայի պահանջները ավելի ու ավելի ագրեսիվացան: Ինքը ստիպված եղավ սառեցնել պրոցեսը:
Բայց դա էլ Սարգսյանին քիչ թվաց երեւի, եւ նա հայտարարեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, Երեւան է հրավիրում պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահին: Ակնհայտ էր, որ Սարգսյանն ինքն իրենով այս քայլին չէր գնացել, եւ նա որոշակի միջազգային ազդակներ ուներ՝ պրոցեսի երկրորդ փուլի մեկնարկի հավանականության մասին, ուստի եւ նա արեց այդ հերթական առաջին քայլը: Պատասխանը սպասված էր, Էրդողանի կոչը աշխարհի հայերին, կարծես՝ սառույցը հալվում էր, հետո՝ ոչինչ:
Եւ որոշ ժամանակ անց Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից, չգիտես ինչու, հայ ժողովրդի անունից գրողի ծոցն ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Թուրքական արձագանքը եկավ ուշացումով, բայց ավելի ամոթալի, քան թերեւս կարելի էր ակնկալել: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կնշեն Գալիպոլիի ճակատամարտի օրը, եւ նաեւ հրավեր ուղարկեցին Սարգսյանին՝ մեկնելու Թուրքիա եւ մասնակցելու միջոցառումներին: Սարգսյանը պատասխան նամակ ուղարկեց՝ հայտարարելով, թե «մեր երկրում ընդունված չէ հրավերին պատասխանել հրավերով»: Այսինքն՝ մերժելու փոխարեն, Սարգսյանը, ըստ էության, մի անգամ էլ հրավիրեց Թուրքիայի նախագահ Էրդողանին գալ Երեւան, եւ ստացավ սպասված մերժումը:
Պատային վիճակում հայտնված Սարգսյանը, Էրդողանին գրված պատասխան նամակից մեկ ամիս անց, ետ կանչեց արձանագրությունները ԱԺ-ից:
Ու այստեղ էլ, ահա, Սարգսյանն ընթացքի մեջ սկսեց փոխել ուղղությունը: Թուրքական իշխանությունների հանդեպ աննախադեպ լոյալությունը փոխվեց «բահանջադիրության», ու հայտարարեց, թե Թուրքիան «բադասխան» է տալու, եւ նրա ղեկավարած՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հրապարակեց Համահայկական կոչված հռչակագիրը, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«…արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում….»:
Սա արդեն պահանջատիրություն էր գործողության մեջ եւ բառի ամենաուղիղ իմաստով: Ընդ որում՝ ոչ միայն բարոյական ու նյութական՝ գումարի իմաստով, այլեւ արդեն տարածքային:
Որոշ ժամանակ անց արդեն Սարգսյանը բացատրում է, թե ինչու այդ ամենն արվեց: Մարտի 18-ին՝ «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում, Սարգսյանն ասում էր, թե ի սկզբանե հայկական կողմը կարծում էր, թե Թուրքիան տրամաբանական ավարտին կհասցնի գործընթացը, բայց դա տեղի չունեցավ, ու երբ բոլորը տեսան, թե «ում պատճառով» գործընթացը կանգ առավ, ըստ Սարգսյանի՝ ինքը արձանագրությունները ետ կանչեց խորհրդարանից ու հրապարակեց Համահայկական հռչակագիրը: Կարճ ասած՝ Սարգսյանն ուղիղ խոստովանում է, որ սա իր «պատասխանն էր Չեմբեռլենին», ասել է թե՝ «քանի որ էնպես չստացվեց, ստիպված էսպես արեց»: Ինչպես տեսնում ենք՝ իրականում ունենք զրո գաղափարախոսություն, զրո մոտեցում, զրո տեսակետ, զրո ռազմավարություն ու մարտավարություն, զրո հաշվարկ: Մարդը բառացիորեն խոստովանում է, որ իրավիճակային որոշում է ընդունել (մարդկային լեզվով ասած՝ «բառադի», «յաբախտի»), քանի որ նախորդ տարբերակը ձախողվել է: Ու չի էլ խորանում մեծ հաշվով՝ ճի՞շտ էր այն, թե՞ սխալ, ի՞նչ օգուտ ու վնասներ կտան այս քայլերը, կարեւորը՝ իրեն նեղացրած թուրքը «տենա ու տխրի» (իր կարծիքով՝ տխրի), «տենա ու չուրախանա»: Բայց պարզվում է՝ անգամ այստեղ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Երկար չտեւեց Սարգսյանի «բահանջադիրությունն» ու «թուրքի չուրախանալը»: Հռչակագիրը հռչակվեց, ուղարկվեց անգամ ՄԱԿ, մեկ էլ ու հանկարծ՝ Սարգսյանը հարցազրույց է տալիս ռուսական «Միռ» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադառնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Հայաստանը կանցկացնի մասշտաբային միջոցառումներ, սակայն դրանք ուղղված չեն լինի Թուրքիայի դեմ: Մենք մտադիր չենք հակաթուրքական հիստերիա ծավալել: Առավել ևս, որ ես շատ եմ հարգում թուրք ժողովրդին: Սակայն մենք այսուհետև էլ ջանք կգործադրենք Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ», — ասում է նա:
Էստեղ ինչ-որ մեկի տատը կասեր՝ «յա՜, իրո՞ք»: Ու, ինչու չէ, կավելացներ նաեւ՝ բա որ պահանջ չունեիր, էդ ի՞նչ հռչակագիր էիր հռչակում, բա որ պահանջ ունեիր, ըստ հռչակագրի, էդ ի՞նչ արձանագրություններ էիր ստորագրում մինչ այդ, հիմա դու փոխադարձ սահմաննե՞րն ես ճանաչում, թե՞ հող ես պահանջում, կամ դու ընդհանրապես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ ասել է հող պահանջել, ինչքա՞ն ես պահանջում, ումի՞ց ես պահանջում, ե՞րբ ես պահանջում, ո՞նց ես պահանջում, ի՞նչ ես անում դրա համար, ի՞նչ ռեսուրսներով ես պահանջում (ում բարեմասնություններով), կարճ ասած՝ դու էդքան կա՞ս, որ պահանջ ներկայացնես, թե՞ «նա վսյակի պահանջում» ես, հետո էլ՝ ինչ կլինի-կլինի, ու ջհանդամ, թե քո արկածախնդրությամբ հենց մեր գլխին չես փորձանք բերելու: Անմոռուկը վկա:
Քրիստինե Խանումյան
‘