‘Խմբագրական. Հանցավոր կոնսենսուս’

3085

Հայաստանում հրապարակային խոսքի արտահայտման դաշտում ձեւավորվել է փակ շղթա` խոսքի եւ դրա արձագանքի կանխատեսելիության աստիճանը հասնում է գրեթե 100 տոկոսի: Նախապես հայտնի է յուրաքանչյուր կարծիք հայտնող միավորի՝ ԶԼՄ-ի, փորձագետի, գործչի ռեակցիան ցանկացած երեւույթի՝ իրադարձության, խոսքի եւ այլն: Իհարկե, կանխատեսելիության որոշակի չափը բնական է ու նորմալ՝ կախված լինելով կարծիք հայտնողի զբաղեցրած դիրքից հասարակական եւ քաղաքական լանդշաֆտում: Եվ Հայաստանում էլ այդ կանխատեսելիությունը նորույթ չէ, իհարկե: Բայց նորույթ է ու անբնական այն, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կանխատեսելիությունը հասել է ավտոմատիզմի աստիճանի, այսինքն՝ տպավորություն կա, որ կարծիքներն արտահայտվում են ոչ թե մարդկանց, այլ մեքենաների կողմից՝ նախապես գրված ծրագրերի օգնությամբ: Եվ բացի այդ՝ կանխատեսելիությունը հասել է գրեթե բառացի մակարդակի, այսինքն՝ ոչ միայն նախապես հայտնի է այս կամ այն կողմի (իրական կամ կեղծ) տեսակետն այս կամ այն երեւույթի նկատմամբ՝ ընդհանուր գծերով միայն, այլ գրեթե բառ առ բառ: Հրապարակային խոսքին հետեւող ցանկացած մեկը կարող է ինքը գրել կամ պատկերացնել, ասենք, պայմանական «Վաղորդայն» թերթի խմբագրականը, Լրտեսագիր.ամ-ի վերլուծականը, պարարտնյուսի անդրադարձը եւ այլն՝ առանց կարդալու: Սա նշանակում է, որ Հայաստանում միտք չկա, այն մահամերձ է, որովհետեւ միտքը չի կարող զարգանալ թեկուզ կոնֆլիկտային, բայց երկխոսությունից դուրս, իսկ վերջինս էլ ենթադրում է անկանխատեսելիության, անսպասելիության որոշակի նվազագույն չափ: Թե ինչո՞ւ է այդպես՝ կփորձենք հասկանալ վերջում, իսկ այժմ՝ մի քանի թարմ օրինակ:

Պլևանտո նա զակոնո

Սովորաբար՝ Տեր-Պետրոսյանի հրապարակային խոսքը լավագույն առիթներից է նկարագրված «գաղջը» բացահայտելու առումով, քանի որ առաջին նախագահի խոսքը անանդրադարձ չի մնում ոչ միայն կողմնակիցների ու համակիրների, այլեւ քննադատների կողմից: Տեր-Պետրոսյանն էլ մարդ է, եւ նրա խոսքը կարող է պարունակել թույլ եւ վիճելի կողմեր: Բայց նրա խոսքն ունի կարեւոր հատկանիշ՝ այն դուրս է կանխատեսելիություից (իհարկե՝ խոսքը բացարձակ անկանխատեսելիության մասին չէ, որը հնարավոր չէ, այլ պայմանական չափի մասին)՝ ելնում է ոչ թե ընդհանուր վերացական ինչ-որ դրույթներից, այլ ընդհանրացնում է կոնկրետ՝ ընթացիկ երեւույթները: Եվ սա իրականում պետք է նորմա լինի հրապարակային խոսքի համար, եւ ոչ միայն նախագահի, այլեւ ընդհուպ մինչեւ սովորական լրագրողի իսկ մակարդակով: Եթե այսպիսի խոսքին հակադարձողներն ու քննադատներն էլ նույն որակը պահեն, ապա բանավեճերի արդյունքում կարող է կայանալ հասարակական մտագործունեության կայուն գործընթաց: Բայց դա տեղի չի ունենում: Խնդիրը ինչ-որ կեղծ, հորինովի բաները չեն, ասենք՝ «կոռեկտ» բանավեճ եւ այլն՝ բանավեճը կարող է լինել ձեւով շատ թեժ, շատ կտրուկ, սուր, բայց բովանդակային: Բովանդակային՝ նշանակում է, որ իրադարձությունների, փաստերի ներկայացվող վերլուծությունն ու մեկնաբանությունը պետք է վիճարկվի, հակափաստարկվի, եւ այլն: Նման բան, սակայն, գոյություն չունի:

Եթե նայում ենք Տեր-Պետրոսյանի հենց վերջին ելույթին եղած արձագանքները, ապա ոչ մի տեղ չենք գտնի՝ «առաջին նախագահն ասում է, որ այսինչ բանն այսպես է, որովհետեւ այնինչն այնպես է, բայց դա հերքվում է հետեւյալով» տիպի շարադրանք: Հայաստանում ընդհանրապես կարծես վատ են հասկանում, որ մեկի հետ չհամաձայնելու համար բավական չէ ասել՝ համաձայն չեմ. հակադարձելու համար պետք է մոտավորապես նույնքան ջանք թափել, ինչ վիճարկվող կարծիքի հեղինակը՝ հերքելով ոչ միայն եւ ոչ այնքան նրա եզրակացությունները, այլ նաև այդ եզրակացությանը բերած փաստարկումները:

Հենց հիմա, եթե նայեք եղած անդրադարձները, նկատի ունեմ՝ բացասականներն ու այնպիսիները, որոնք հանդես չեն գալիս բացահայտ իշխանամետ դիրքերից, այլ օգտագործում են «ոչ նրանք են մի բան, ոչ սրանք» անճաշակ, ռաբիս մուղամը, ապա դուք որեւէ տեղ չեք տեսնի Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի հերքում: Ոչ ոք չի վիճարկում նրա տեսակետները սահմանադրական բարեփոխումների, նոր եւ հին կառավարությունների տնտեսական քաղաքականության, Մաքսային միության անդամակցության խնդրի եւ այլնի շուրջ: Համապատասխանաբար՝ ոչ ոք չի վիճարկում նաեւ հիմնական՝ Սերժ Սարգսյանի քաղաքականության կործանարար բնույթի մասին թեզը: Վիճարկել ասելով՝ նկատի ունեմ, իհարկե, մարդավարի վիճարկումը՝ փաստարկների հերքմամբ, այլընտրանքային փաստարկների եւ տրամաբանության ներկայացմամբ եւ այլն: Այսինքն՝ քննադատություն, բառիս բուն իմաստով՝ չկա, կա սովորական հայկական ճարտասանական վարժությունների ժողովածու: Դրանով այս մարդիկ հայտնվում են ծիծաղելի վիճակում, որովհետեւ ստացվում է, որ  նրանք, ովքեր այդքան սիրում են խոսել Տեր-Պետրոսյանի՝ իբր գոյություն ունեցող անձի պաշտամունքի մասին, հենց իրենք են ստեղծում Տեր-Պետրոսյանի անվիճարկելիության իրավիճակը: Բա ի՞նչ անենք, հո առաջին նախագահի քննադատությունն էլ մենք՝ իր համախոհները չե՞նք կազմակերպելու՝ իրենց փոխարեն: Մենք անում ենք գործի կեսը՝ ներկայացնում ենք թեկուզ ոչ անթերի, բայց գոնե փաստարկման նվազագույն կանոններին համապատասխան խոսք: Որպեսզի հանրային խոսքը կայանա, անհրաժեշտ է համապատասխան հակադարձ: Բայց դե ո՞վ «զայլա ունի»՝ ինչպես երգվում էր հայտնի սովետական մուլտիկում՝ «միլիոնո նամ վ կարմանո, ի պլեւանտո նա զակոնո»:

Քեզ կարգին պահի, արա՜

Հակափաստարկման փոխարեն՝ հրամցվում են, ինչպես նշեցի, ճարտասանական պարապ վարժություններ, վերացական դատողություններ, խնդրի հետ կապ չունեցող ինչ-որ «հուժկու» հարցադրումներ: Դե, ասենք, հո լուրջ հակափաստարկ չես կարող համարել «մեզ միշտ խոստանում են կործանում, բայց կործանումը չի գալիս» տիպի վերացական դատողությունները: Ի դեպ, «միշտ»-ը պարունակող խոսքն ընդհանրապես, որպես կանոն, վերացական դեմագոգիայի ցուցիչ է եւ փաստարկ համարվել չի կարող: Կարելի է պատկերացնել, օրինակ, որ ուղիղ 100 տարի առաջ այս օրերին մի լրագրող գրում էր՝ մեզ արդեն 2 տասնամյակ սպառնում են համաեվրոպական պատերազմով, բայց դա այդպես էլ չի սկսվում: Լրագրողը ճիշտ էր փաստացի, նա պարզապես չգիտեր, որ պատերազմի սկզբին մնացել է մեկ ամիս, եւ այդ պատերազմի արդյունքում կործանվելու են դարեր գոյություն ունեցող պետական համակարգեր, որոնց կործանումը միշտ կանխատեսվել է, բայց իրականացել է 1918-ին՝ առանց հարցնելու լրագրողների կարծիքները:

Հուժկու հարցադրումների օրինակ է՝ «բա ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը արմատապես չի դնում եվրասիական միությանն անդամակցելու հարցը, ինչո՞ւ անխնա քննադատության չի ենթարկում Պուտինին, այ դա կլիներ իրական արմատական ընդդիմություն»: Ինչպես ասում են, չգիտես՝ լաս թե խնդաս: Զավեշտն այն է, որ այդպես գրողների մի զգալի մասը շարունակում է շատ հանգիստ ծառայել Հայաստանը դեպի Եվրասիա տանող Սերժ Սարգսյանին, ընտանիք պահել Սերժից ստացած փողերով: Բայց սա հարցի կենցաղային կողմն է: Ավելի հետաքրքիր է այն, թե «սուլթանին» հայհոյողների ու Մոսկվան արյան ծով դարձնելու կոչեր անողների քանի՞ տոկոսն է լրջությամբ պատկերացնում, որ եթե ինքը վաղը դառնա Հայաստանի նախագահ կամ էլ թեկուզ ընդդիմությունը ներկայացնող լուրջ ուժի ղեկավար, ապա թռչելու է Մոսկվա, քացով բացի Պուտինի դուռն ու ասի՝ հըլը արի ստե, արա՜, այ արյունռուշտ դիկտատոր, նախ մի հատ Ղրիմը վերադարձրու Ուկրաինային, բազաներդ ռա՛դ արա մեր անկախ երկրից ու քեզ կարգին պահի, իմացա՞ր, արա՜: Չէ, լուրջ, ուզում եմ հասկանալ, քանի՞ տոկոս մարդ կա, որ դա համարում է իրատեսական: Չեմ զարմանա, որ նմանները Հայաստանում գտնվեն, որովհետեւ նոր չեմ նկատում, որ մեր հայրենակիցների մեծ մասը, ցավոք, ալարում է որեւէ միտք մտածել ոչ թե մինչեւ վերջ անգամ, այլ թեկուզ մեկ քայլ առաջ:

Ի դեպ, արժե հիշեցնել նաեւ, որ Տեր-Պետրոսյանը չի տարել հասցրել Հայաստանը ՄՄ կամ Եվրասիական միություն, ու Տեր-Պետրոսյանը հասկացողի համար ասել է ավելին, քան պետք է՝ այդ հարցերի շուրջ: Պարտադիր չէ «դուզ խոսքի» մասին ասացվածքը հիշեցնել:

Զուտ պատահական համըկնումով

Մի այլ հետաքրքիր հանգամանք: Երբ բացում ենք իրար հետ ձեւականորեն որեւէ կապ չունեցող պայմանական «Վայելի.ամ»-ը, «Լրտեսագիրը», «Սրատեսը», «Վերջին.ամ»-ը եւ այլ շունուգելնյուսերը, ապա անզեն աչքով նկատելի է, որ անդրադարձները խնդրո առարկա ելույթին գրված են ոչ միայն նույն ոգով, ոչ միայն նույն տափակ ուղերձով, այլեւ հաճախ նույն բառերով: Միայն ամենաչվհատվողներն ու համարձակները կարող են այդ պայմաններում դեռ կասկածել, որ այդ բոլորը չեն համակարգվում միեւնույն կենտրոնից, եւ կարեւոր դեպքերում բոլորի ուղերձները չեն մշակվում  մարդամեկի ելույթները գրող միեւնույն ինտելեկտուալ խմբակի կողմից: Արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Բայց, ինչպես ասում են ռուսները՝ քանի դեռ «պիպլ խավայետ»՝ «խալխը լափում է», ուրեմն եւ ամեն բան նորմալ է: Ի դեպ, նույնը կրկնվում է նաեւ ֆեյսբուքի մակարդակով: «Զարմանալի», զուտ «պատահական» համընկնումով՝ ոչ միայն «զահարուզիբիլ-ամ-քոմ-նյուս»-երը, այլեւ ֆեյսբուքյան մեծերը, իրար հերթ չտալով, գրում են, թե այս ամենը Տեր-Պետրոսյանն ասել է, որպեսզի Գագիկ Ծառուկյանին իր կողքը պահի: Խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկի մտքում չի կարող ծնվել նման մեկնաբանություն՝ ընդհանրապես, այլ այն, որ «հանկարծակի» դա դառնում է բոլորի հիմնական ու միակ մեկնաբանությունը, ընդ որում, կրկնեմ, հաճախ նույնիսկ բառային մակարդակում համընկնող: Շա՜տ, շա՛տ «զարմանալի» է:

Գերեզմանից ել, Բոնապարտ փաշա

Որոշակի ինքնատիպություն փորձում են պահպանել միայն ավելի ավանդական, ստաժով լրատվամիջոցներն ու գործիչները: Ինքնատիպությամբ աչքի ընկավ, օրինակ, պայմանական՝ «Հայկունյաց Անժամանակի» պայմանականորեն անանուն հոդվածագիրը: Ամբողջ Հայաստանն, ի դեպ, գլուխ է ջարդում՝ փորձելով հասկանալ, թե ո՞վ է դրա հեղինակը, բայց ցայսօր ջանքերը մնում են ապարդյուն: Ենթադրություն կա, որ ինչ-որ նոր, հեռանկարային եւ տաղանդավոր երիտասարդ է: Որոշ չարախոսներ, իհարկե, պնդում են, որ դա կարող է լինել մի պայմանական պատգամավոր, բայց դա, անշուշտ, զրպարտություն է, քանի որ բոլորին հայտնի է, որ այդ պայմանական պատգամավորը որեւէ կապ չունի պայմանական թերթի հետ, ինչպես որ Ս.Ալեքսանյանը՝ շաքարի բիզնեսի հետ (դե, պատգամավոր մարդիկ են, ո՞նց կարող են բիզնես ունենալ): Որպեսզի հասկանանք այս պայմանական հոդվածի տրամաբանությունը, պետք է վերհիշենք այդ հոդվածին նախորդող եւ միեւնույն պայմանականորեն անանուն հեղինակին պատկանող հանճարեղ մի հղացք: Ըստ այդմ՝ իշխանափոխության կոչով եւ նպատակով ժողովրդին հրապարակում հավաքելուց առաջ պետք է ունենալ հաղթանակի երաշխիք, որպեսզի ժողովրդին հանկարծ պարտության չտանես: Ես հավատում եմ, որ Հայաստանում, ուր մարդիկ սովոր են ամեն տեսակի ճարտասանական անպատասխանատվության, կգտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն սա լուրջ կընդունեն, այլեւ կհամարեն ճիշտ, «տղուն» վայել խոսք: Հալա՛լ ա, ախպերս: Հղացքն իրոք արժանի է ամենայն ուշադրության, որովհետեւ դա, առանց դույզն իսկ չափազացության, հասարակագիտական մի գյուտ է, որը, ոչ ավել-ոչ պակաս՝ արժանի է մտնել Գինեսի ռեկորդների գիրքը, էլ չասած՝ Նոբելյան մրցանակի մասին: Ափսոս, որ աշխարհի հանճարեղ ստրատեգները՝ Նապոլեոն Բոնապարտը, Ալեքսանդր Մեծը, նաեւ ստրատեգիայի տեսաբանները՝ Կլաուզեւիցը, Շլիֆենը եւ այլք, չապրեցին մինչեւ մեր օրերը: Խեղճ Նապոլեոնը որ իմանար, թե ճակատամարտի մեջ մտնել չի կարելի՝ առանց նախապես հաղթանակի երաշխիք ունենալու, որքան ա՛յլ կլիներ նրա ճակատագիրը: Ամենայն հավանականությամբ՝ նա զորավար չէր էլ դառնա (ի՞նչ իմաստ ունի), այլ կնստեր հորական տանը Կորսիակայում եւ կվայելեր մանր բուրժուայի անշառ կյանքի բոլոր վայելքները: Կլաուզեւիցը հաստա՛տ չէր գրի իր ծավալուն գիրքը ռազմավարության մասին կամ գոնե կջնջեր դրա շատ կարեւոր հատվածներ, Շլիֆենը չէր կազմի իր պլանը, եւ այսպես շարունակ: Ընդհանրապես՝ աշխարհում կտիրեր խաղաղություն՝ պատերազմները, հեղափոխությունները, ցանկացած քաղաքական շարժումները պարզապես կբացառվեին: Ամենայն լրջությամբ եմ այս ամենն ասում, եւ այդ իմաստով «հաղթանակի երաշխիքի» տեսությունն, իրոք, կարող է համաշխարհային նշանակության գյուտ համարվել՝ համաշխարհային խնդիրների լուծման համադարման:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նման հանճարեղ քաղաքական-ռազամավարական տեսություններ ստեղծողները երբեք նույն հանճարեղ մոտիվներով չեն առաջնորդվում իրենց առօրյա կյանքում: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, մարդուն, որն ասի, թե որեւէ գործ չեմ սկսի՝ մինչեւ հաջողության 100 տոկոսանոց երաշխիք չունենամ: Օրինակ, թերթ  չեմ բացի, պատգամավոր չեմ դառնա, անանուն հոդվածներ չեմ գրի, ֆեյսբուքում ստատուս չեմ գրի՝ մինչեւ հաստատ չիմանամ, որ հաջողության կհասնեմ:

Հիմա՝ մենք ունենք այս թեզի զարգացում: Ասում է, թե Հայաստանում 20 տարի ընդդիմությունն ասում է իշխանափոխության մասին, բայց դա չի լինում: Դե սա արդեն գիտենք, էն լրագրողի պատմությունն է, որ 1914-ի հունիսին ասում էր, թե 20 տարի է՝ ասում են, որ պատերազմ է լինելու, բայց չի լինում: «Չիլինումն», իհարկե, ֆանտաստիկ համոզիչ փաստարկ է: Օրինակ, դուք երբեւէ տեսե՞լ եք ձեր կյանքի ընթացքում աստերոիդի անկում երկրագնդի վրա: Չե՞ք տեսել: Ուրեմն՝ դա չի կարող լինել: Իսկ ի՞նչ ասենք այն մարդկանց մասին, որոնք 70 տարի գուշակում էին սովետի փլուզումը: 10-20-30….60…69-ը տարի նրանք դա անում էին, բայց անտերը չէր փլվում: Պատկերացնո՞ւմ եք: Ուրեմն, եզրակացնում էր շատ հզոր ինչ-որ մեկը՝ դա երբեք չի լինելու:

Ուրեմն՝ արձանագրեցինք. նախ՝ իշխանափոխության մասին չի կարելի խոսել՝ առանց նախապես երաշխիք ունենալու, եւ երկրորդ՝ այն չի կարող լինել, որովհետեւ չի եղել 20 տարի, կամ, ինչպես ասում էր Չեխովի հերոսը՝ դա չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել երբեք: Սա հարցի, այսպես ասած՝ գիտահետազոտական, ակադեմիական կողմն է, իսկ ո՞րն է հարցի քաղաքական կողմը:

Անկախ նրանից, թե որքանով լուրջ է ինքը հեղինակը վերաբերվում իր այս թեզերին, որքանով է գիտակցում դրանց «գյուտարար» բնույթը, քաղաքականապես սա նշանակում է մի բան՝ իշխանափոխության բացառում: Գյուտարարը, եթե հետեւողական լինի, պետք է այլեւս երբեք, նույնիսկ հեռավոր աստղի պես ճանապարհը մթան մեջ լուսավորող 2018-ին չպահանջի իշխանափոխություն: Որովհետեւ եթե ինչ-որ մեկը լուրջ կարծում է, որ ինքը կարող է սկզբում երաշխիք ստանալ, իսկ հետո ժողովրդին հրապարակում հավաքել (հետաքրքիր է՝ էլ ինչի՞ է հավաքում, եթե նախապես տղերքով երեւի բոլոր հարցերը լուծել են առանց ժողովրդի) եւ հայտարարել դրա մասին, ուրեմն՝ այդ մեկը կա՛մ այն ամենեւին էլ ոչ հիմար պայմանական հեղինակը չէ, որին ճանաչել եմ, կա՛մ էլ ինքն էլ գիտի, որ «գյուտարարությամբ» է զբաղված, իսկ թե ո՛ւմ օգտին է այդ «գյուտությունը»՝ ինքը կիմանա:

Պաշտամունք և ատելություն

Ի դեպ՝ մի հոգեբանական երանգ: Ինչպես և նախկինում՝ Տեր-Պետրոսյանի ելույթին առավել սուր-մերկացնող, բայց անբովանդակ արձագանքներով են աչքի ընկնում հիմնականում նրանք, ովքեր ժամանակին նույն Տեր-Պետրոսյանի ամեն խոսք համարել են աշխարհի վերջ, ավետարանին հավասար պատգամ և անքննելի զորություն, և որոնք այդ խոսքը քննադատողներին «խզարող» հոդվածներ են նվիրել: Խոսքը մեկ հոգու մասին չէ, այլ շատերի: Դե, հիսթերիկների ու մանկամիտների կյանքը կարճ է՝ մի ծայրահեղությունից մյուսն ընդամենը մեկ քայլ: Իսկ հաղթում է, ինչպես հայտնի է, զուսպը՝ ծայրահեղություններից հեռու գտնվողը:

Գորտերի դրախտը ճահիճն է

Ամփոփենք: Ո՞րն է իրական, խորքային խնդիրը: Խնդիրն, իհարկե, մեկը չէ, բայց այս պահին կարևոր է շեշտել հետևյալը: Հայաստանում ձևավորվել է յուրահատուկ կոնսենսուս՝ հանցավոր կոնսենսուս, որն ընդգրկում է կարծիք ձևավորող խմբի՝ լրատվամիջոցների, փորձագետների, հրապարակային այլ դեմքերի զգալի, եթե ոչ՝ մեծ մասին: Նրանք, ովքեր բացահայտորեն պաշտպանում են Սերժ Սարգսյանին, մեզ տվյալ դեպքում չեն հետաքրքրում: Խոսքը նրանց մասին է, ովքեր անվանապես պահանելով անկախությունը, նույնիսկ՝ ընդդիմադիր դիրքը՝ «շուստրի» խաղ են խաղում հայաստանցու գլխին: Իրականում նրանք հարմարվել, համակերպվել են ավազակապետության գոյության հետ, հանձնվել են, «հասունացել-իմաստնացել են», և նույնիսկ դեմ չեն վայելել ապահով կյանքը՝ բարձր հովանո ներքո: Ինչո՞ւ ոչ, եթե պայմանները լավն են: Չի պահանջվում Սերժի իշխանությունը համարել լավը, երկիրը դեպի առաջ տանողը, նույնիսկ չի պահանջվում չհայհոյել իշխանությանը: Ընդամենը պետք է երգել մի երգ, որը բաղկացած է երեք տնից՝ 1. Բոլորն էլ նույնն են, 2. Քանի տարի է՝ կանխատեսում են «վատ բաներ», բայց դա չի լինում, 3. Քանի տարի է՝ իշխանափոխություն են ուզում, բայց չի ստացվում: Եւ կրկներգից՝ Ոչինչ չի փոխվի, ոչինչ չի փոխվի, ոչինչ չի փոխվի: Այս հանճարեղ ձևաչափն էլ Սերժի գյուտն է՝ գոնե Հայաստանի մասով՝ «քրֆի՛ր ինձ՝ որքան ուզում ես, միայն թե ասա, որ իմ դեմ պայքարողներն էլ ինձ նման են, ու իմ դեմ խաղ չկա»: Սա է դավաճան հայ վերնախավի կոնսենսուոը, որը կոչված է ապահովագրելու սեփական անշառ գոյությունը բարի Սերժ ձաձայի հովանու ներքո:

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. 3 մլն բնակչությամբ երկիրը տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար’