‘Խմբագրական. Հաջորդ հարվածն ուղիղ Ղարաբաղին է լինելու’

2623

Քաղաքական գեմբըլի* անգերազանցելի վարպետ Սերժ Սարգսյանը հերթական անգամ Հայաստանին կանգնեցրեց  համազգային նվաստացման առջև: Նրա վարչախումբ կոչվածն ամիսներ (եթե ոչ՝ տարիներ) շարունակ թմբկահարեց եվրոպական ավելի խորը ինտեգրացիայի մասին իր «քաղաքականությունը», այդ ընթացքում բանակցվող փաստաթղթերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն (նույնիսկ՝ ընդհանուր գծերով) չներկայացրեց հանրությանը, ջայլամի նման գլուխը  հողին տված՝ չլսեց այն բազմաթիվ զգուշացումները, որոնք արվում էին այդ քաղաքականության հնարավոր հետևանքների մասին, իսկ վերջում գնաց և խոնարհաբար բարձրաձայնեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին:

Այստեղ տեղին է հիշեցնել այն զգուշացումները և դրանց առնչվող ու քաղաքականության մեջ գործող աքսիոմատիկ ճշմարտությունները, որ մեր կողմից  ներկայացվել էին դեռևս օգոստոսի 24-ին:

Դառնալով այս քարոզչության պատվիրատուներին՝ անհրաժեշտ է արձանագրել հետևյալ փաստերը: Վարչախումբը խուսափում է՝

— հասարակությանը ներկայացնել, թե ինչ համաձայնագիր է բանակցել ԵՄ պատասխանատուների հետ

— ներկայացնել, թե որքանով են հաշվարկված այս համաձայնագրի կնքման քաղաքական հետևանքները Հայաստանի համար

— ներկայացնել, թե ինչպիսի ազդեցություն է այն ունենալու ղարաբաղյան հակամարտության վրա

ասել՝ արդյո՞ք համաձայնագիրն ունենալու է բացասական ազդեցություն հայ-ռուսական հարաբերությունների (ասել է թե՝ անվտանգության համակարգի) վրա, եթե այո, ապա ինչպիսի՞:

 Իշխանական քարոզչության մեջ այս փաստերը բարձրաձայնողներն ու հարցադրումներն առաջ քաշողները միանգամից որակվում են ռուսամետներ, Հայաստանի ժողովրդավարացման դեմ հանդես եկող ուժեր (երկաթյա տրամաբանություն): Նրանց անհնար է բացատրել, որ

քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, այլ կան շահեր (անկախության 23 –րդ տարում այս աքսիոման պետք է որ ամոթ լիներ գրելը)

որ կտրուկ քաղաքական շրջադարձեր կատարում են այն պահին, երբ ուժեղ են, երբ չեզոքացված են անվտանգության, տնտեսական ոլորտների խոցելի կետերը, որոնք կարող են լծակ հանդիսանալ երկրի վրա անհամաչափ ճնշում բանեցնելու համար

որ նման շրջադարձերում առնվազն չպետք է կորցնել այն, ինչ երաշխավորված ունես (տվյալ պարագայում՝ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը և անվտանգության համակարգը) և ճամփա ընկնել մշուշոտ երաշխիքների ուղղությամբ:

որ պետք է ամեն գնով խուսափել գերտերությունների՝ մեր երկրի ուղղությամբ կտրուկ շարժումներից, անկախ նրանից՝ մենք նրան համակրում ենք, թե ոչ, այն ժողովրդավար է, թե բռնապետական: (iLur-ի խմբագրական, 24.08.2013)

Հիմա, երբ բանը բանից անցել է, վարչախմբի ներկայացուցիչները և նրանց ներբողներ ձոնող մերձպալատական «ընդդիմադիրները», իրար հերթ չտալով, հանկարծ հիշել են, որ կար այնպիսի մի կարևոր գործոն՝ անվտանգություն կոչվող, որ վեր էր ցանկացած ինտեգրացիոն հեռանկարից, և որ իրենց «իմաստուն» առաջնորդն այս որոշումը կայացրել է՝ հենց երկրի համար բախտորոշ հանդիսացող անվտանգության հարցը գերադասելով:

Բա էս ո՞ւր էիք՝ չկայիք: Մինչև էդ ծպտուններդ դուրս չէր գալիս: Նոր հայտնագործեցի՞ք մի բան, որը ցանկացած համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի որևէ սկսնակ ուսանող ձեզ կբացատրեր երեք րոպեում: Այն աստիճանի պարզ է, տարրական ու ակնհայտ այս հարցը, որ սկսում ես կասկածել, թե ում հետ գործ ունես: Որովհետև սա արդեն ադեկվատ հանցագործների վարքագիծ չէ, այլ գենետիկ դաուններից կազմված մի խմբի:

Իսկ մերձպալատական ընդդիմությունը (թերևս՝ արդեն նաև խորհրդատուն), ինչպես միշտ, իր բարձրության վրա է: Մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը երեկ կայացած իր ասուլիսում հայտարարել է հետևյալը. «Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունները և այն պարտավորությունները, որ ստանձնեց Սերժ Սարգսյանը, չի կարելի ներկայացնել այլ կերպ, քան ինքնիշխանությունը՝ անվտանգության դիմաց: Դա է այդ գործարքի՝ իմ գնահատականը»: Նաև նշում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դեռևս վաղաժամ է»: Հետաքրքիր է, չէ՞. Սերժ Սարգսյանը, ըստ Շահնազարյանի, փուռն է տվել ՀՀ ինքնիշխանությունը, բայց նրա հրաժարականը պահանջելը վաղաժամ է: Երևի դեռ ամբողջությամբ չի տվել: Դեռ պեչատած չի: Դեռ վերջնական օղորմաթասը խմած չի: Սա՝ լուրջ: Իսկ ավելի լուրջ՝  եթե չեք ուզում բռնաբարել ձեր բանականությունը, ապա անսացեք մեր խորհրդին և մի փորձեք տրամաբանություն, քաղաքական բարոյականություն և առողջ դատողություն գտնել այս մտքերի համադրությունում:

Եթե մեզ պատմեին նման մի պատմություն որևէ երրորդ երկրի մասին, այս ամենը կարելի կլիներ համարել ծիծաղելի կամ էլ առօրյա քաղաքական զրույցներում ներկայացնել որպես դասագրքերում հայտնվելուն արժանի քաղաքական ոտաբոբիկության ցցուն նմուշ, բայց սա տեղի է ունենում մե՛ր Հայաստանում՝ ավազակապետ Սերժ Սարգսյանի դիրիժորությամբ: Եվ սա այլ բան չես անվանի, քան ողբերգություն:

Սերժ Սարգսյանը Հայաստանն առել ու վրան «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» խփած՝ ընկել է միջազգային քաղաքականության ոլորանները: Իսկ երկիր վաճառողներին ոչ մի տեղ չեն հարգել. հնարավորինս քիչ բան տալով՝ խլել են: Ու անմտություն է մեղադրել խլողներին: Ցավալի է, բայց նման դեպքերը մեզ համառորեն դաս չեն լինում: Արդեն երկու հազարից ավելի տարի:

Ինչ անել

Հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա: Այս ամենի համար կա կոնկրետ պատասխանատու. դա հանրապետության նախագահի պաշտոնը արյամբ զավթած Սերժ Սարգսյանն է: Քանի դեռ հայաստանյան հասարակությունը չի թողել բանուգործը, իրար հետ ունեցած անհամաձայնությունները ու չի միավորվել՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ իսկապես ազգափրկիչ նպատակով, Հայաստանին սպասելու են նորանոր նվաստացումներ ու կորուստներ: Միավորվել ընդդեմ Սերժի ու միավորվել հնարավորինս արագ: Օր առաջ ու բոլորով. քաղաքական, քաղաքացիական,  ակտիվիստ ու չակտիվիստ, դեմոկրատ ու ազգայնական, ահել ու ջահել: Նահանջի տեղ չկա: Հաջորդ հարվածն ուղիղ Ղարաբաղին է լինելու:  Ու եթե որևէ մեկը պատրանք ունի, որ Սերժ Սարգսյանը աչքը կթարթի Ղարաբաղը օտարին հանձնելու պահին, ապա նա անուղղելի լավատես է:

* անգլերեն gamble – մոլախաղ, իսկ «գրական» հայերենում՝ ղումարբազություն

 

 

Նախորդ հոդվածը‘Վարչապետը երեկ հերթական անգամ ստել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Իմ միակ ցանկությունը վաղը լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է’