‘Խմբագրական. Հեռանկարի բացակայությունը’

1599

Կարծում ենք` չենք չափազանցի, եթե պնդենք, որ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի ինքնիշխանությունը դեռ երբեք այս աստիճան մարտահրավերների առջեւ կանգնած չի եղել, նույնիսկ՝ պատերազմի եւ տնտեսական անկման առաջին ծանր տարիներին: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ ունեցել է ծանր խնդիրներ, եղել են ղեկավարության կոպիտ սխալներ, նաեւ՝ ընդդիմության արդար (կամ թեկուզ անարդար) քննադատություն, բնակչության մեծ մասի դժգոհություն, սակայն թվում է, թե երբեք դրանք այդքան լուրջ հիմքեր չեն ունեցել: Եթե ամփոփելու լինենք Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը, ապա այլ կերպ, քան մեծ տապալում՝ դժվար թե կարողանանք բնորոշել դա: Ներքին քաղաքական ոլորտում չի արվել ոչինչ՝ այն աստիճան, որ նույնիսկ մեզ՝ ականատեսներիս, դժվար է հավատալ, թե ինչպիսի բացարձակ զրո է ոչ միայն արդյունքը, այլեւ՝ ջանքերն այդ ոլորտում: Չնայած շռայլ խոստումներին եւ ավելի շռայլ ակնարկներին՝ փաստացի չի իրականացվել որեւէ բարեփոխում քաղաքական, իրավական, տնտեսական ոլորտներում: Քաղաքական համակարգը մնացել է նույնը՝ համատարած ընտրակեղծիքների վրա հիմնված բռնապետություն, իրավականը՝ քաղաքական ղեկավարությունից լիովին կախված անիմաստ կցորդ, տնտեսականը՝ մենաշնորհային եւ կլանային: Ավելին՝ եթե պատմությանը եւ այսօրվա իսկ աշխարհին հայտնի են անազատ կամ թեկուզ ոչ օրինակարգ վարչակարգեր, որոնք, այդքանով հանդերձ, գոնե որոշակի արդյունքի են հասնում տնտեսական առաջընթացի կամ սոցիալական ապահովվածության ոլորտներում, որոնք երկրի առաջընթացի իմաստավորված քաղաքականություն են վարում, ապա մեր պարագայում բացակայում է նաեւ այդ չափումը: Կարծում ենք՝ մեր հասարակության գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ հենց այսօր ու հենց այստեղ Հայաստանը չի ծաղկում ու մեկ օրում Շվեյցարիա չի դառնում, այլ այն, որ մարդիկ չեն տեսնում առաջընթացի միտում իսկ: Այսինքն՝ նրանք չենք կարող ասել, որ թեեւ այսօր իրենք ապրում են ոչ այնպես, ինչպես կցանկանային, բայց այսօր ու այստեղ նրանք իրենք տեսնում են քայլեր, քաղաքական կամք, որը նրանց հույս է տալիս ավելի լավ ապագայի՝ իրենց կամ իրենց երեխաների համար: Հեռանկարի՛ խնդիրն է Հայաստանում հիմնականը, հեռանկարի՛, այլ ոչ թե առօրյայի:

Դե իսկ արտաքին քաղաքականության ոլորտի մասին վերջին շրջանում այնքան է խոսվել, որ ավելորդ է նույնիսկ ինչ-որ բան ավելացնել: Երկու խոշոր «նախաձեռնություն», եւ երկու տապալում: Շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞րն է ներքին «զրոյի» եւ արտաքին տապալումների պատճառը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի վարչակարգը բավականաչափ հասկացություն կամ բավականաչափ կամք չունի՝ հասկանալու կամ իրագործելու համար այն քայլերը, որոնք պարզ են թվում շատերին: Ինչո՞ւ է, ի վերջո, այս վարչակարգը գործում այդքան ապաբանական՝ իռացիոնալ դաշտում: Իհարկե, անհատական հատկանիշներն ու անձնական գործոնները որոշակի դեր կարող են կատարել եւ կատարում են: Բայց բացատրել իրավիճակը միայն դրանցով՝ անհնարին է: Խնդիրն, ավելի շուտ, համակարգի ներքին տրամաբանությունն է: Ցանկացած համակարգի տրամաբանություն, նախ, ուղղված է ինքնապահպանման եւ վերարտադրության: Այն, ինչ թվում է հասկանալի եւ բանական՝ ընդհանրապես, եթե հակասում է համակարգի այդ շահերին, անհասկանալի եւ ապաբանական է դառնում համակարգի ներքին տրամաբանության տեսակետից: Եվ հակառակը՝ այն, ինչ բնականորեն բխում է համակարգի ներքին տրամաբանությունից, ապաբանական է թվում համակարգից դուրս գտնվող հայացքի համար: Ավելին, հենց համակարգի ներսում գտնվող մարդիկ կարող են դա չգիտակցել: Նրանք կարող են նույնիսկ անկեղծորեն ձգտել եւ ցանկանալ ճիշտ նույնը, ինչին ձգտում է հասարակությունը՝ համարելով դա բանական: Նրանք կարող են չգիտակցել եւ, մեծամասամբ, չեն էլ կարող գիտակցել իրենց գործողությունների ապաբանականությունը եւ վնասակարությունը, բայց համակարգի տրամաբանությունը վեր է դրա մաս կամ նույնիսկ դրա գլուխ կազմող առանձին անհատի կամ խմբի գիտակցությունից, ձգտումներից, պատկերացումներից: Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ մարդիկ ձգտել են մի բանի, բայց իրենց գործողությունները զարմանալիորեն բերել են իրենց ձգտածի ճիշտ հակառակ արդյունքի: Սա ինչ-որ միստիկա չէ, այլ պարզ բացատրվող հասարակական երեւույթ: Սերժ Սարգսյանի վարչակազմը ոչ թե չի ուզում (ուզել-չուզելու հարցը թող հոգեբանները քննարկեն), այլ չի կարող վարել այլ քաղաքականություն: Սերժ Սարգսյանի իշխանության ինքնապահպանման եւ վերարտադրման շահը թելադրում է այնպիսի քաղաքականություն, որի արդյունքը ներքաղաքական ճահիճն է եւ արտաքին քաղաքական տապալումը: Եթե ցայսօր որեւէ բարեփոխում չի իրականացվել, ապա հիմնական պատճառն այն է, որ համակարգը վտանգված է իրեն զգում ցանկացած իրական բարեփոխումից: Եթե ցայսօր արվել են չհաշվարկված արտաքին քաղաքական քայլեր, եւ դրանց արդյունքը եղել է ձախողում, ապա պատճառն այն է, որ ամուր եւ վստահելի հենարան չունենալով ներսում (ձայնը 5 հազարով ստիպողաբար ծախած մարդիկ հո չե՞ն կարող ամուր հենարան լինել ինքնիշխան պետության ղեկավարի համար)՝ խելահեղորեն այդ հենարանը փնտրում է դրսում: Պարզ բաներ են սրանք, որոնց մասին գուցե եւ չարժեր գրել, եթե մեր մտավորականությունը, աշխարհի մասին իր «բանահյուսական» պատկերացումներով, ամեն անգամ խնդիրը չձեւակերպեր որպես բարի եւ չար մարդկանց, վիպական կամ հնդկական սերիալի հերոսների խնդիր: Կարծում ենք՝ շատերն իրենց առաջադեմ համարողների շերտից համաձայնել են վարչակարգի հետ քողարկված համագործակցությանը ոչ միայն հանուն անձնական շահի, այլեւ ինչ-որ տեղ հավատալով, որ «բարի» Սերժը կարող է իրականացնել ներքին բարեփոխումները, իսկ արտաքին ոլորտում ուժեղացնել եվրոպական ուղղությունը: Սակայն դա պատրանք էր ի սկզբանե, որովհետեւ այդ գործընթացները Սերժի կամքից կախված չեն, այլ ենթարկվում են վերաձնական տրամաբանության: Եվ ոչ մի լավ տղաների խումբ Հայաստանը երբեք ավելի լավը չի դարձնի, եթե չփոխվի այդ տրամաբանությունը: Սա այնքան հին եւ համամարդկային պատմություն է, որ նույնիսկ Արիստոտելի «Քաղաքականության» մեջ, որը գրված է 2000 տարուց ավելի առաջ, նկարագրված են  բռնապետության այն տիպը, որը գործում է մեզանում, եւ դրա օրինաչափությունները:

Բայց ոչ միայն Արիստոտելի ժամանակներում, այլեւ այսօրվա աշխարհում Հայաստանը եզակի չէ: Աշխարհի երկրների կեսը կամ մեզ նման է, կամ էլ մեզնից շատ ավելի վատ վիճակում է: Պարզապես՝ դա արդարացում չէ, քանզի որեւէ մեկի վատ կամ ավելի վատ լինելը չի կարող հակափաստարկել մարդկանց ձգտումը դեպի նվազագույնս բանական համակարգ: Իսկ համակարգն այդպիսին կարող է դառնալ միայն օրինակարգ լինելով, որպեսզի իշխանության եւ հասարակության շահերը չընկնեն այնպիսի ուղիղ հակասության մեջ, ինչպիսին այսօր մեզանում է: Ցավոք՝ պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանի հետագա կառավարումը, լավագույն դեպքում, միայն ավելի ճահճացնելու է իրավիճակը, իսկ վատագույն դեպքում՝ հղի է է՛լ ավելի անկանխատեսելի հետեւանքներով: Սա պետք է, ի վերջո, հասկանան նրանք, ովքեր դեռ ինչ-որ հույսեր են կապում այս վարչակարգի հետ: Հրաժարականի պահանջը քմահաճույք չէ: Այս պահին դժվար է այլ բանական քաղաքական այլընտրանք գտնել այդ պահանջին: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. «Մեր պայքարը Տիգրանի ազատման համար պետք է ավելի թեժացնել»’
Հաջորդ հոդվածը‘Քննչական բաժինը մերժել է Նարեկ Սարգսյանի գործի քննությունը’