‘Խմբագրական. Հեռու խաղացեք ԼՂ հիմնախնդրից, Ղարաբաղը ձեր խելքի բանը չէ ‘

2237

Նոր տենդենց է քաղաքական դաշտում: Սխեման պարզ է: Եթե չես կարողանում կայանալ քաղաքականության մեջ, ապա հանգիստ մտիր ԼՂ հիմնախնդիր. այստեղ, ինչպես Աբրահամյան Հովիկը կասեր՝ շատ խելք պետք չէ, ուղղակի կոչեր արա, հայտարարություններ տարածիր, հարցազրույցներ ու ասուլիսներ տուր եւ կոչ արա, հնարավորինս շատ կոչ արա լուծել ԼՂ հիմնախնդիրը: Ու ամենակարեւորը՝ մի խորացիր «ինչպես»-ի մեջ, մի ներկայացրու հայեցակարգեր, մի ներկայացրու քո հնարավոր տարբերակները, էդ գլխացավանքից արդեն իսկ քեզ ազատել են ի վերուստ՝ ամերիկյան իշխանությունից: Տվել են կետերը, ասել են՝ դե «ռասկրուտկա» արա, սա է ճշմարտությունը՝ միակն ու անկրկնելին: Եւ ահա նրանք էլ, ովքեր քաղաքականության մեջ լինելով հանդերձ՝ այդպես էլ չերեւացին երբեք առաջին գծում, պիտի վերցնեին այդ պոստուլատները եւ հայտարարեին՝ ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, ահա նորահայտ Սիոնի՝ Ռաշմոր լեռան գագաթից եկան պատվիրանները, եւ դրանք պիտի ի կատար ածվեն՝  «ի բարօրություն Բիայնիլիի երկրների, ի տապալումն թշնամական երկրների»:

Այն, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի, իհարկե, այդպես է: Ո՞ր մի բանական մարդը կողմ կլինի հավիտենական անորոշությանն ու «ոչ պատերազմ, ոչ խաղաղությանը»: Բոլոր հիմնախնդիրներն էլ, ցանկալի է, որ լուծվեն, եւ ԼՂ հիմնախնդիրը այդ հարցում բացառություն չէ: Եւ բնական է նաեւ, որ որքան ձգձգում ես լուծումը, այնքան այն դժվար է տրվում: Բայց նաեւ էական ու կենսական է, թե հարցն ինչպես է լուծվում: Հակառակ դեպքում հակամարտությունը կարող էր և չլինել: Եւ հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս խնդիրը՝ հարցերի հարցը: Հնարավոր  է՝ ինչ-որ տեղ նաեւ բնական է, որ եթե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները վարում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը (նրանց ենթականերն էլ՝ վրադիր), ապա կողքից ԼՂ հիմնախնդրի քննարկումներով զբաղվող անձանց «կլասն» էլ պիտի ընկներ: Մի մասը պիտի ինքնանպատակ պահանջեր Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը (այո, չխորանալով դրա նրբությունների, հնարավոր վտանգների մեջ), մի մասը պիտի պահանջեր ոչ թե «խելքի բերել» բանակն ու զինվորների ծառայությունը դարձնել հնարավորինս անփորձանք, այլ հայտարարեր, թե ի՞նչ գործ ունեն մեր զինվորները ՀՀ պետականորեն ճանաչված սահմաններից դուրս հատվածներում: Եւ բնական է, որ պիտի ի հայտ գային նաեւ այնպիսիք, ովքեր պիտի պնդեին, թե միջնորդների մի մասը լավն է, մի մասը՝ վատը, եւ ուրեմն, եկեք խնդիրը լուծենք այնպես, ինչպես  մեզ ասում են լավ միջնորդները: ԼՂ հարցը, փաստորեն, խաղալիք է դարձել. ով չի ալարում, իր փայ աղն է լցնում ճաշի մեջ՝ համառորեն համոզելով, թե միայն մի կետից կա Հայաստանին փրկություն, եւ միայն մի կետից կա Հայաստանին կործանում: Ու էնքան պիտի խեղաթյուրեն, կարեն ու ձեւեն ամենն՝ ըստ իրենց ճաշակի, որ դավադրության տեսության սիրահարները կարող էին հանգիստ կողքի կագնել ու նյարդային ծխել՝ իրենց հացը կտրողների առաջ գալու կապակցությամբ: Եւ պիտի խաղան այս մանկական խաղը՝ քարկոծելով բանական ու տրամաբանական միտքը, որովհետեւ բոլոր քարերը հաշվված են, եւ հենց այդ քարերի քանակից են կախված նրանց այցելությունները ի լյառն Ռաշմոր:

Հ.Գ. 1988-90-ին՝ Ղարաբաղն իր պայքարով, վերջին հաշվով, նպաստեց նաեւ կոմունիստական բռնատիրական ռեժիմի վերացմանը եւ ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում։ Հենց այդ պայքարի հետեւանքով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Հիմա էլ նույնպիսի մի ռեժիմի դեմ պայքար է ընթանում, ու անկախ այն բանից, որ այս դեպքում Ղարաբաղի հարցը ֆորմալ առումով առաջին տեղում չէ, բայց Ղարաբաղի ձեռքբերումների պահպանումը կախված է այս պայքարի հաջողությունից։ Սա ինչ-որ տեղ նաեւ կենսական պայքար է, եւ նրանք, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող նպաստել այս պայքարին, գոնե մի բան պարտավոր են անել՝ հեռու խաղալ ԼՂ հիմնախնդրից էլ, այս պայքարից էլ: Կամ էլ՝ բացահայտ հայտարարեն, որ այսուհետ նրանք խաղում են Սերժ Սարգսյանի թիմից, եւ քաղաքականություն էլ, ԼՂ հիմնախնդիր էլ մտել են միայն էդ տասը ցենտի ու Սերժ Սարգսյանի «թանկագին» խաթեր համար: Բայց հետո՝ նեղանալ չլինի:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայանը ՀՀԿ-ականների խորհուրդ է տալիս հարցախույզ անել և պարզել թե ով ինչ փայեր է մտնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը լայնամասշտաբ համատեղ զորավարժություն են անցկացնում’