‘Խմբագրական հետիշխանափոխական. Հարյուրամյա մենախցի քրոնիկոն ‘

1873

Կանցնեն շատ տարիներ, եւ պետական դավաճանության համար պատիժ կրող Սերժ (նախկինում` Սերժիկ) Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իր մենախցի պատին հենված՝ կկարդա դուրս ուղարկված իր առաջին նամակի պատասխանն ու կմտաբերի այն օրը, երբ իրեն առաջարկվեց խաղաղ ճանապարհով հանձնել իշխանությունը, չավերել պետականությունը մինչեւ վերջ ու անձնական երաշխիքներ ստանալով` հեռանալ երկրից, բայց ինքը որոշեց գործի դնել սահմանադրական փոփոխությունների պլանը, շանտաժով ու ճնշումներով հարկադրել քաղաքական ուժերին համաձայնել այդ պլանին, ու եղավ այն, ինչ եղավ, և արդյունքում ինքը հայտվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում:

Կանցնեն շատ տարիներ, եւ պետական դավաճանության համար պատիժ կրող Սերժ (նախկինում` Սերժիկ) Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իր մենախցի պատին հենված՝ կմտաբերի հեռավոր այն օրը, երբ հայրն իրեն Բաքուն տեսնելու տարավ: Կմտաբերի Բաքվի կուսդպրոցի տարիներն ու այն օրը, երբ առաջին անգամ ստացավ Նարիմանով գաղտնանունը: Կհիշի այն օրը, երբ չէր էլ պատկերացնում, որ կարող էր այնպես պատահել, որ ինքը կբազմի անկախ Հայաստանի նախագահի աթոռին, սակայն, երբ դա տեղի ունեցավ, հրահանգեց փոխել սեփական անունն ու Սերժիկ բառից հեռացնել «իկ» վերջածանցը, բայց չկարողացավ ոչինչ անել Նարիմանով անվան հետ, զի Նարիմանովն արդեն հայտնի էր դարձել, ու բոլորը գիտեին, թե ում էին խորհրդային ԿԳԲ-ում կոչում այդպես:

Կանցնեն շատ տարիներ, եւ պետական դավաճանության համար պատիժ կրող Սերժ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իր մենախցի պատին հենված՝ կբացի դուրս ուղարկված իր առաջին նամակի պատասխանը եւ զարմանքից կքարանա` տեղեկանալով, որ Հայաստանի բնակչության չափ անդամներ «հայտարարագրած» իր կուսակցությունում այլեւս ոչ մի հանրապետական չի մնացել: Նրան կհայտնեն, որ ՔԿՀ-ի մոտ կուսակցության անդամների ու համախոհների ցույց անցկանցելու՝ իր դիմումի իրականացումն անհնարին է, քանի որ իր ձերբակալությունից հետո բոլոր հանրապետականները լքել են այդ կուսակցությունը, եւ այժմ ինքը ոչ միայն Հայաստանի վերջին բոլշեւիկն է, այլեւ` վերջին հանրապետականը:

Կանցնեն շատ տարիներ, եւ պետական դավաճանության համար պատիժ կրող Սերժ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իր մենախցի պատին հենված՝ զարմանքից կքարանա, որովհետեւ կմտաբերի բոլոր այն հանրապետականներին, որոնք իր նախագահության օրոք իրեն անգամ մինչեւ դժոխքի դուռն ուղեկցելու երդումներ էին տվել, բայց մեկ գիշերվա ընթացքում հանկարծ ու հիշել էին, որ երկիրը կործանման եզրին է, եւ իրենք չեն ցանկանում կիսել այդ պատասխանատվությունը ՔԿՀ-ներում հատնված մյուս՝ իրենց արդեն նախկին ընկերների հետ:

 «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»,- մենախցի պատին հենվելով՝ հուսահատ կարտաբերի Սարգսյանը` ինքն էլ չհավատալով, որ պատից այն կողմ ինչ-որ մեկն իրեն կարող է արձագանքել:

«Հ՜եյ, ո՞վ կա«: Մի փոքր ավելի բարձր կգոռա հուսահատությունից` չսպասելով անգամ պատասխանի ու մեքենայաբար կրկնելով նույն նախադասությունը նորից ու նորից:

«Ես»: Պատից այն կողմ կլսվի մեկի ձայնը, որն ինքը Տիգրան Սարգսյանի ծորուն ձայնին պիտի նմանեցնի: «Ես էլ եմ այստեղ»,- կձայնակցի եւս մեկը: «Ես էլ», «ես էլ», «ես էլ», «ես էլ»….

…«էն ընք լոխ ստըղ, կուճի ախպեր»…վերջին արձագանքը դառը ժպիտ կբերի իր դեմքին, եւ նա, քմծիծաղ տալով, ցածր ձայնով կարտաբերի. «Փաստորեն՝ բոլորս այստեղ ենք, կարող ենք նույնիսկ կառավարության նիստ անցկացնել…»:

Երկար լռությունից հետո հանկարծ վեր կթռնի ու կհարցնի. «Իսկ Սաշի՞կը, Սաշիկն ո՞ւր է»…

«Եկավ մեր խցին էլ փայ մտավ»,- կլսվի հեռվից:

«Ստեղ եմ, ես էլ եմ ստեղ»,- կլսվի Սաշիկի ձայնն, ու երկար լռություն կտիրի:

«Տիգրան, գիտեի՞ր, որ կուսակցությունում էլ մարդ չի մնացել, բոլորը դուրս են եկել ՀՀԿ-ից»:

«Գիտեմ, ոնց չգիտեմ, նույնիսկ ես էի դիմում գրել, որ դուրս գամ, էն էլ` չհասցրի»: 

«Իսկ դրսում հիմա ի՞նչ վիճակ է»:

«Լավ է, ամեն ինչ գնալով լավանում է, կամաց-կամաց»:

«Մե՞զ համար է լավ, թե՞ նրանց»:

«Չէ, նրանց` ժողովրդի համար»:

Նորից երկար լռություն կտիրի, հետո պատի այն կողմից մելամաղձոտ ձայնը կշարունակի.

«Օֆշորիս սաղ փողերը տարան, սահմանամերձ գյուղերը վերակառուցեցին, սենց էլ բան կլինի, չթողեցին մարդ օր ծերության մի երկու կոպեկ վայելի»:

«Կուտակայինին փող չէի՞ր փոխանցել, մի 35 տարի էլ սպասի՝ թոշակ կստանաս»,- քմծիծաղ կտա ինքը, հետո կդիմի մյուս պատի ետևից եկող ձայնին.

«Մըծ ախպե՞ր, պա քու միլիարդներդ հո՞ր ա»:

Ծանր լռությունից հետո կլսվի.

«Իմ միլիարդներս իմ կամքից անկախ տարալ ըն Ղարաբաղ ներդրումներ ըն ըրալ, Ղարաբաղը սարքալ ըն կուճի Շվեյցարիա, տնտեսությունը սկսալ ա զարգանալ, ներգաղթ ըն կազմակերպալ, ու էնքան մարդ ըն պերալ Ղարաբաղ բնակեցրալ, վեր էլ էդ հողերը հանձնել կինի՞…. չէ, տրանք էդ հողերը հանձնողը չըն, ախպեր, տրանք էդ հողերը ազատագրալ ըն, տրանք էլ էդ հողերը վերջը անկախացնելու ըն….մունք պիտի հասցնեինք տա անեինք, մունք…. ակազըվայեցա մունք մեր պիառը լավ չընք ըրալ, կամ էլ` ուրանց անծիպիառը չընք լավ ըրալ, կուճի ախպեր…. հատե տի պիներ…»:

Նորից երկար լռություն կտիրի ու ինքը է՛լ ավելի դառնացած կարձագանքի.

«Երեւի լավն էլ դա էր, համենայնդեպս՝ արդար եղավ ամեն ինչ… իսկ ժողովուրդն ասում էր` արդարություն չկա….»:  

 * * *

Կանցնեն շատ տարիներ, եւ պետական դավաճանության համար պատիժ կրող Սերժ Սարգսյանը, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ իր մենախցի պատին հենված՝ կմիացնի իր խնդրանքով մենախուց բերված ռադիոընդունիչը ու կկարծի, թե նորից մղձավանջային երազում է հայտնվել: Ռադիոյից հնչող մեկնաբանի ձայնն իրեն ասոցիացաների գիրկը կնետի, եւ միտքը, որ գիշերները նրան հանգիստ չի տալիս, նորից ու նորից կսկսի սղոցել նրա հոգին.

«Կարող էի գոնե մեկ անգամ մի փաստաթուղթ ստորագրել, որից բոլորը գոհ կլինեին, ու ինչո՞ւ վերջին պահին պատռեցի հրաժարականի փաստաթուղթն ու մարդավարի հեռանալու փոխարեն՝ որոշեցի մինչեւ վերջ մնալ…»:

Իսկ ռադիոյից հնչող հաղորդավարի ձայնն այդ ընթացքում նրան հանգիտ չէր տալիս. «Քառյակ, որ ցնցել է բոլորին: Հրաշալի այս քառյակն այս տարի ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլեւ` ամբողջ աշխարհը:  «Վիրտուոզների քառյակ». Այսպիսի գնահատականով նրանց դիմավորեցին Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում: Նրանց կատարումները համարում են տեխնիկայի, վարպետության ու երաժշտության հանճարեղ զգացման մի անգերազանցելի համադրություն: Այս պահին մեր եթերում Կոմիտաս, «Ալ այլուղս»: Կատարում է նորահայտ ու արդեն հռչակավոր «Հրաշալի քառյակը»»:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Սևանի թերակղզում կորած Ֆրանսիայի քաղաքացին ներկայացել է բաժին’
Հաջորդ հոդվածը‘Արտյոմ Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ’