‘Խմբագրական. Հերիք է չարախոսեք. մենք ընդամենը ազատ մրցակցում ենք’

1846

«Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը եւ քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ»:

Այս խոսքի հեղինակը (պայմանական ասած) Սերժիկ Սարգսյանն է: Արտասանել է Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ: Բռունցքի այս խրոխտ թափահարումը մեր սահմանների անդորրը պարբերաբար խախտող հարեւան երկրին է ուղղված, ոչ թե` Հայաստանի ընդդիմությանը: Մեր երկրի ընդդիմության հետ Սերժիկ Սարգսյանն ու իր կուսակցությունը, ինչպես համոզվեցիք, ընդամենն ազատ մրցակցում են ու բանավիճում` միասնականության հովվերգական կամարի ներքո:

Եթե ինչ-որ մեկը չարամտորեն կասի, որ 2008-ի Մարտի 1-ի սպանություններն, օրինակ, ազատ մրցակցության հետեւանք չեն, մի հավատացեք: Ազատ մրցակցում էին ՀՀ ոստիկանությունն ու Հայոց բանակը` մի կողմից, ըմբոստ հասարակությունն էլ` մյուս կողմից, ու քանի որ այդ ազատ մրցակցության ժամանակ մի կողմը մինչեւ ատամները զինված էր, իսկ մյուս կողմը` անզեն, բնականաբար` սպանվեցին անզենները, եւ հարյուրավորները բանտերում հայտնվեցին, որովհետեւ, հասկացաք երեւի, ազատ մրցակցություն էր, ու սերժիկենք հեչ մեղավոր չէին, որ իրենք հաղթեցին: Թող ընդդիմադիրները հաղթեին, ու հենց իրե՛նք սերժիկենց բանտերում փակեին: Մինչ այդ էլ, եթե հիշում եք, ազատ մրցակցությամբ այս նույն Սերժիկ Սարգսյանը «ստացավ» ՀՀ քաղաքացիների քվեն: Դե՛, ազատ մրցակցություն էր, մի կողմում հանցագործներ էին, որոնք ուզում էին ամեն գնով «ազատ մրցակից» Սերժիկին խցկել Բաղրամյան 26, մյուս կողմում օրինապաշտ քաղաքացիներ էին, որոնք պայքարում էին, որ նախագահական ընտրություններն ընթանան առանց կեղծիքների, ու հաղթեցին հանցագործները: Է՛, ազատ մրցակցություն էր, թող օրինապաշտները հաղթեին, հանրապետականներն ու նրանց հացկատակները հո մեղավո՞ր չէին, որ իրենք հաղթեցին:

Եվ այսպես, Հայաստանում կյանքն ընթանում է իր բնական հունով` ազատ մրցակցության միասնական գրկում օրորվելով: Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» հղփացած ու հղփացող մարդասպանները, գողերն ու թալանչիները, կիսագրագետ «օրենսդիրները» շատ ազատ, անկաշկանդ մրցակցում են այս նույն մարդասպանների, գողերի ու թալանչիների արժանի պատիժը պահանջող քաղաքացիների հետ ու… հաղթում են: Է՛, թող այդ քաղաքացիները հաղթեին, Սերժիկ Սարգսյանն ու իր անձնական օգտագործման հանցագործները մեղավո՞ր են, որ հենց իրենք են հաղթում: Զորօրինակ` Սյունիքի «սիրելի» Լիսկան ու իր ընտանիքն ազատ մրցակցեցին Բուդաղյանների ընտանիքի հետ, ու հաղթեց Լիսկայի ընտանիքը: Այդ «ազնիվ» ճակատամարտում միայն մեկը զոհվեց: Կարող էին, չէ՞, լիսկաները մի քանի հոգու փռել գետնին: Բայց` ո՛չ: Ազատ մրցակցություն է, հո բեսպրեդել չի՞. ինչու՞ մի քանի հոգու սպանեն, եթե մեկ սպանությամբ հնարավոր է ստիպել, որ սյունեցիների սերը լիսկաների գերդաստանի նկատմամբ ձգտի անսահմանության: Հենց այս ազատ մրցակցությունն է պատճառը, որ Սյունիքում «պաշտում են» լիսկային ու երազում, որ նորից վերադառնա ու փռվի մարզպետի աթոռին եւ ում ուզենա` սպանի, ում չուզենա` մեծահոգաբար թողնի, որ ապրեն: Ազատ մրցակցություն է, կարո՞ղ են՝ թող սյունեցիները պատժեն Լիսկային ու նրա «քաջարի» հարազատներին: Չե՞ն կարողանում, է՛, ուրեմն` թող ձենները կտրած գլխներին նստեցնեն իրենց անպարտելի «ազատ մրցակցին», ինչն էլ անում են հենց այս պահին:

Շարունակե՞մ հիշեցնել, թե ինչպես, ազատ մրցակցության շնորհիվ, ողջ Հայաստանի տնտեսությունը մտավ մի քանի հոգու գրպանը, թե ինչպես սերժիկենց Սաշիկը սկսեց «փայ» մտնել մեր իմացած ու չիմացած բոլոր փող բերող «կանտորաներում» (կարող եք` ազատ մրցակցեք Սաշիկի հետ, հաղթեք ու դուք «փայ» մտեք, չեք կարող` էն խեղճ մարդու ունեցածի վրա քիչ կռռացեք. առանց դրա էլ` մի նախանձելի վիճակում չի, ում տեսնում է` վիզը ծռում է` բա իմ փա՞յը), եւ թե ինչպես են մարդասպաններն ազատ վայելում կյանքը, իսկ մեր արդար դատարանը պատրաստվում է հինգ տարի բանտում փակել անչափահաս Շահեն Հարությունյանին` իր հորը գազանացած, ներեցեք` «բարեփոխված» ոստիկաններից պաշտպանելու փորձ անելու համար: Ազատ մրցակցություն է, թող Շահենն ու իր հայր Շանթն այնպես անեին, որ կամակատար դատախազներն իրենցից սարսափեին, ոչ թե` Բաղրամյան 26-ի հրահանգներից, ու հիմա բանտում նստած կլինեին մարդասպանները, ոչ թե` իրենք:

Այնպես որ, ինչպես երեկ` Անկախության տարեդարձի օրը, ազատ մրցակից հանրապետականների, իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ լղրճուկների ի գիտություն «ավետեց» Սերժիկ Սարգսյանը. «Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետեւողական բալանսավորման եւ իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ»: Եվ ինչպես ժամանակին մեծ մարդասեր Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինն է ասել` ամենաթանկ կապիտալը մարդն է, նրա ոտնահետքերով գնացող Սերժիկ Սարգսյանը նույնպես պնդում է. «Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է…»:

Ափսոս միայն, որ մենք անծայրածիր Սիբիր չունենք: Ազատ մրցակցության ի՜նչ զգլխիչ հորիզոններ կբացվեին մեր առաջ:

Լիզա Ճաղարյան   

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմի Ռեդնապ. «Հարկավոր չէ տակտիկապես հանճար լինել, որպեսզի պայմանագիր կնքես Անխել դի Մարիայի և Ռադամել Ֆալկաոյի հետ»’