‘
Կուսակցական մարմինների, կուսակցական ղեկավարության մակարդակում մենք չպետք է հայհոյենք, վիրավորենք, ծաղրենք որեւէ պետության ղեկավարի՝ «լինի դա Պուտինը, Էրդողանը թե Ալիեւը». սա ազատ, բայց մտքի իմաստը բառացի պահպանած վերաշարադրանք էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հայտնի հատվածներից մեկի: Հետաքրքիր է, կամ գուցե ամենեւին էլ հետաքրքիր չէ (քանզի կանխատեսելի է), որ ելույթը «քննադատաբար» (չակերտում ենք, որովհետեւ ցավով պետք է նշել, որ հերթական անգամ լուրջ քննադատություն, լուրջ բանավեճ տեղի չունեցավ) ընդունողների մեջ որեւէ զայրույթ չառաջացրեց Էրդողանի եւ Ալիեւի՝ ա՛ռհասարակ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիշատակումն այս շրջարկում: Այսինքն՝ եթե «կուսակացական մարմինների, ղեկավար գործիչների մակարդակով» Պուտինին եւ Ռուսաստանին չհայհոյելու եւ չվիրավորելու կոչը հայտնի նեղ շրջանակներն անմիջապես որակեցին որպես ռուսասիրության դրսեւորում՝ վերջապես գտնելով իրենց անհեթեթ մեղադրանքի «անհերքելի» ապացույցը, ապա ճիշտ նույն միտքը՝ արտահայտված Թուրքիայի եւ Էրդողանի կամ Ադրբեջանի եւ Ալիեւի նկատմամբ, չգիտես ինչու՝ չմեկնաբանվեց որպես թուրքասիրության/ադրբեջանասիրության, թուրքական/ադրբեջական կողմնորոշման դրսեւորում եւ ապացույց, թեեւ «հին ու բարի» ժամանակներում նման բան, իհարկե, սպասելի էր (կարծում եմ՝ Հայլուրը հատուկ ռեպորտաժ կարող էր պատրաստել այդ թեմայով, իսկ համապատասխան թերթերը թուրքի ագենտի մասին հոդվածներ թխեին): Ավելին, կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է, եւ թուրքամետության մեղադրանք, գոնե խնդրո առարկա «նեղ շրջանակի» կողմից՝ չի հնչի: Նախ՝ իմիջի հարց է. քանի որ նշյալ «նեղ շրջանակը» խիստ «առաջադեմ» եւ «արեւմտամետ» է, ապա պատկերացնում ենք՝ ինչ ամոթ բան կստացվի, եթե հանկարծ, հիմնվելով Էրդողանին չհայհոյելու առաջարկի վրա, նրանք բարձրաձայնեն «թուրքամետության» մասին «դաշնակցական» տիպի խոսակցությունները՝ ֆո՜ւ: Երկրորդ եւ ավելի լուրջ՝ բոլորն էլ իրականում չափահաս եւ նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած մարդիկ են ու շատ լավ հասկանում են, որ «կուսակցական ղեկավար գործիչների մակարդակով» Էրդողանին կամ Ալիեւին չհայհոյելու մասին կոչը չի կարող մեկնաբանվել որպես թուրքամետություն, եւ որ դա պարզապես ծիծաղելի է: Պարզ է, որ տրամաբանությունը մեկն է, եւ չի կարող լինել երկակի՝ եթե Պուտինին չհայհոյելը, այն էլ՝ միայն կուսակցական բարձր մակարդակով, ռուսամետության դրսեւորում է, ուրեմն՝ Էրդողանին եւ Ալիեւին չհայհոյելը թուրքամետություն է, եւ հակառակը: Սա այնքան պարզ է, որ նույնիսկ ամոթ է դրա մասին խոսել: Բայց դե, ինչպես նույն տեքստում ասված է՝ «բանականությունը՝ բանականություն, բայց քարոզչությունն ունի իր օրենքները»:
Հարեւանի գամփռ շունը
Իրականում, սակայն, չենք կարծում, որ այստեղ միայն քարոզչության խնդիրն է: Ցավոք՝ փորձը ցույց է տալիս, որ շատերի մոտ հասարակական եւ քաղաքական մտածողությունը միայն մակերեսային մակարդակով է ազատված ավանդական համարվող կաղապարներից: Դա ապացուցվում է հենց «թուրքամետության» մասին վերոնշյալ օրինակով: Թվում էր, թե մարդկանց մի մասը հասկացել է, որ Թուրքիայի դեմ բարձրաձայն լուտանքներ ուղղելը, հոխորտալը՝ ինքնին ոչ միայն հայրենասիրության ցուցիչ չէ, այլեւ պարզապես մանկամտություն է, որ կան պետական շահեր, հարաբերություններ, որոնք թելադրում են այլ քաղաքական վարք, եւ որ Հայաստանի շահերը թուրքերից պաշտպանելու համար կան այլ մեթոդներ՝ բացի հայհոյելուց: Բայց արի ու տես, որ այդ ընկալումը միայն ձեւական էր, այսինքն՝ մարդիկ հասկացել էին, որ միայն թուրքերի նկատմամբ է դա ճիշտ: Իսկ, օրինակ, ռուսին կամ ամերիկացուն կամ չինացուն հայհոյելը «իմպերիալիզմի» դեմ պայքարելու բարձրագույն եւ, կարելի է ասել՝ միակ դրսեւորումն է: Այ, որ մենք բարձր-բարձր հայհոյենք Պուտինին, Էրդողանին, Ալիեւին կամ Օբամային, կամ թեկուզ՝ հարեւանի գամփռ շանը, կլինենք հայոց քաջազուններ, ազգի նահակատներ, եւ բացի այդ՝ կազատվենք ռուսական, թուրքական եւ այլ մարտահրավերներից, կլուծենք Ղարաբաղի հարցը, Արեւմտյան Հայաստանը կվերադարձնենք, Մաքսային միություն չենք մտնի, ամերիկացիները կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, հարեւանի գամփռ շունն էլ կվախենա ու տեղում կսսկվի: Հիրավի, հայհոյանքը եւ հայհոյանքի իրավունքը՝ որպես հայ քաղաքական մտքի բարձրագույն դրսեւորում եւ Հայոց հարցի լուծման համադարման: Ընդ որում՝ եւս մեկ անգամ ուշադրություն դարձրեք առիթին. չէ՞ որ ասվել է ընդամենը չհայհոյել, այն էլ կուսակցական ղեկավար գործիչների մակարդակով: Այսինքն՝ ի՞նչ՝ քննադատության, անհամաձայնության այլ տարբերակ չկա՞՝ բացի հայհոյանքից ու վիրավորանքից: Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ, իսկ հասկանալ չցանկացողներն ունեն տրամաբանությունից եւ ազնվությունից ավելի ծանրակշիռ, լուրջ փաստարկներ՝ «չհասկանալու» համար՝ անձնական կապեր, գործնական հարաբերություններ, սեփական քաղաքական սխալի («արեւտամետ» Սերժի վրա խաղադրույք դնելը) ինքնաքննադատությունից, գիտակցումից փախչելու հոգեբանական ձգտում, վերջապես՝ մի փոքր մասի համար էլ՝ վճարովի աշխատանք:
Բանականություն über alles
Ամփոփելով՝ չենք կարող դիմանալ գայթակղությանը եւ չնշել, որ այս ամենը զարմանալիորեն ցույց է տալիս, որ հակաարեւմտականության մեջ մեղադրվող ՀԱԿ-ը եւ նրա նախագահը ցույց տվեցին, որ, ցավոք, Հայաստանում հենց իրենք են եզակի հասարակական ուժերից մեկը, որը կրողն է եւ պահպանողն է արեւմտյան, եվրոպական քաղաքական մտածողության եւ խոսքի ավանդույթի: Գրում ենք՝ ցավոք, որովհետեւ միանգամայն անկեղծորեն կցանկանայինք, որպեսզի բանավեճը առաջին նախագահի ելույթի շուրջ ծավալվեր հենց եվրոպական քաղաքակրթությանը բնորոշ բանավեճի, քննադատության մշակույթի՝ չենք ասում՝ բարձր, այլ գոնե տարրական կանոններին համապատասխան: Ցավալի է նաեւ, որ ստիպված ենք այս պնդմամբ խախտել համեստության կանոնները, բայց տվյալ դեպքում սա ՀԱԿ-ի ինքնագովազդ չէ, այլ փաստի պարտադրյալ արձանագրում: Անշուշտ, շատ բարդ է մեր «արեւմտամետներից» ոմանց բացատրել, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ անզուսպ չափազանցությունը, հայհոյախոսությունն ու լաչառությունը, մանկամիտ, անույժ հոխորտանքը ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ առհասարակ՝ որպես ոճ՝ բնորոշ են խորապես «արեւելյան», բարբարոսական մշակույթներին, եւ ոչ երբեք՝ արեւմտյան քաղաքակրթական արժեքների կրողներին: Էլ չենք խոսում, թե որքան կարեւոր տեղ է զբաղեցնում արեւմտյան մշակույթի մեջ խոսքը՝ բանավոր թե գրավոր, դրա կառուցվածքը, տեքստի հետ աշխատանքը, փաստարկման մշակույթը՝ խնդիրներ, որոնք ավելի ընդգրկուն են, քան այս պահի քաղաքականը, բայց որոնք սերտորեն առնչվում են քաղաքականի հետ՝ կազմելով նրա հիմքերից մեկը: Իսկ զուտ քաղաքականի իմաստով՝ ասել ենք եւ կարող ենք միայն կրկնել՝ բանական հաշվարկի վրա հիմնված քաղաքականությունը արեւմտյան մշակույթի կարեւոր գյուտերից մեկն է, եւ իրապես արեւմտամետ արժեքներով ղեկավարվող ուժերի մասին Հայաստանում կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ մեզ բնորոշ ավանդական քաղաքական մանկամտությունը՝ սրան-նրան «հայհոյելը» եւ այլ «տղայություններ», ոչ թե ձեւականորեն, այլ իրապես կդադարեն լինել քաղաքական խոսքի եւ վարքի հիմքը: Հուսանք, որ այսքանով թեման կփակենք եւ հաջորդիվ կփորձենք քննարկել մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների լուծման իրական ուղիները: Իսկ հիստերիկան շարունակել ցանկացողներին, հայոց հողի դյուզազուն ըմբոստերին, մերօրյա խայտակն Հայկերին կմաղթենք միայն ամեն օր քնելուց առաջ բարձրաձայն հայհոյել Պուտինին, Էրդողանին, Ալիեւին, որով նրանք իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարած լինելով՝ կարող են երազում տեսնել Հայոց հարցը՝ լուծված, Վանն ու Մուշն՝ ազատագրված, Բաքուն՝ գրավված եւ կայսերապաշտական բոլոր որջերը՝ արյան ծով դարձրած: Ինչպես ասում են՝ «Հերոս մռնչաց, սուլթան դողդողաց, Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց…»:
‘