‘Խմբագրական. ՀՀԿ-ի վախճանը’

4078

Իշխող Հանրապետականի համար ծանր օրեր են: Իհարկե, նախևառաջ՝ քաղաքական առումով, որովհետև այս կուսակցության այսօրվա «իշխանավարումը» այլ կերպ, քան տապալում՝ դժվար է որակել, և վստահաբար կարելի է պնդել, որ ապագայում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունը պատմաբանների կողմից կդասվի այն խայտառակ ժամանակաշրջանների շարքին, որոնք, ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն եղել: Արյամբ զավթված իշխանություն, պետության ու ժողովրդի անխնա հարստահարում, հայ-թուրքական արկածախնդրություն և Ցեղասպանության ուրացում, ղարաբաղյան հաղթանակի ուղղակի մսխում, քաղաքական անգրագիտության, պախարակելի վարքագծի, անարժանապատիվ կեցվածքի բացառիկ նմուշների մի ամբողջ շարք: Ձախողումների այս անվերջանալի շարքն այսօր Հայաստանին բերել հանգեցրել է խորը ճգնաժամային վիճակի:

Սրանից բացի՝ ՀՀԿ-ի համար ծանր օրեր են նաև ներթիմային առումով: Հատկապես վերջին շրջանում նման ցուցիչներն արդեն դարձել են հրապարակային և նկատելի են նույնիսկ անզեն աչքով: Քայքայման այս գործընթացը ունի մի քանի պատճառ:

Տիրող իրավիճակը և պատասխանատվության վտանգի զգացողությունը

Հայաստանյան իրավիճակի՝ օրական ռեժիմով վատացումն արդեն իսկ իրականություն է: Հանրապետականի էլիտան (շարքայիններին չենք նշում, որովհետև շարքային հանրապետական, ըստ էության, չկա, կան ընտրությունից ընտրություն կեղծարարությամբ զբաղվող մարդկանց խմբեր) արդեն ամեն քայլափոխի հանդիպելու է հանդիմանության, անեծքի, ծաղրի, դժգոհության՝ լինեն դրանք հարևան-բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, թե  լրագրողներ ու անծանոթ մարդիկ: Այս մարդկանց համար փողոց դուրս գալն արդեն խնդիր է: Եթե իշխանավարման սկզբնական շրջանում դեռ հնարավոր էր այդ մարդկանց կերակրել ինչ-որ կտերով, ստերով ու հեքիաթներով՝ բարի, մաքուր, ազնիվ ու հայրենասեր Սերժի ու ՀՀԿ-ի մասին, ու հակազդեցություն չստանալ միայն այն պատճառով, որ հասարակության որոշ խմբեր, այնուամենայնիվ, սոցիալական առումով տանելի վիճակում էին (և ոչ թե՝ որ հավատում էին վերը նշվածին), հիմա արդեն դա էլ է դարձել անհնար. հասարակության բոլոր հատվածներն՝ իրենց գերակշիռ մեծամասնությամբ, բարձրաձայն նողկանք են արտահայտում իշխանության հասցեին: Իսկ սա չի կարող ծանր հոգեբանական ազդեցություն չունենալ հանրապետականների վրա: Ապօրինություններ գործելու իրենց նախկին ինքնավստահությունն այլևս չքացել է, ու հաշվի առնելով, որ իրավիճակը գնալով ավելի է ծանրանում, քայքայման այս տենդենցները շատ ավելի արագանալու են: Դա կարելի է տեսնել խորհրդարանում, երբ գրեթե ցանկացած քվեարկության ժամանակ թիմի համախմբումը դարձել է բարդ խնդիր: Դա կարելի է տեսնել կառավարությունում, որտեղ յուրաքանչյուր պաշտոնյա փորձում է իրեն ապահովագրել վերևից եկած հերթական ապօրինի հրահանգի իրագործման ընթացքում: Դա կարելի է տեսնել հհկավարձ մտավորականության շրջանում, ովքեր այսօր անցել են ընդհատակ՝ խուսափելով հերթական ձոները պարգևել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին:

Հանրապետականում բոլորն էլ, բացառությամբ մի քանի անմեղսունակների ու մահապարտների, հասկանում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը դատապարտված է՝ ինչպես ժամանակի ու մարտահրավերների, այնպես էլ ստեղծված կոնկրետ քաղաքական իրավիճակի առումով: Ու նաև մտածում են, որ Սերժ Սարգսյանը, օգտվելով իր սահմանադրական, իշխանական առավելություններից, կարող է հաջողեցնել ճողոպրել պատասխանատվությունից: Իրենք են մնալու հայաստանյան արդարադատությանն ու հասարակական արգահատանքին դեմ-հանդիման: Իսկ նրանք չեն ուզում լինել այն այծերը, որոնց գլխին կջարդվի ամեն ինչը: Մի մասը փորձելու է ընդդիմության հետ կամուրջներ փնտրել, մի մասն ուղղակի անաղմուկ ճողոպրելու է արևոտ երկրներ՝ շառից-փորձանքից հեռու:

 

Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի քայքայման ու կործանման ամենակարևոր պատճառն է: Իհարկե, այս պնդումն, առաջին հայացքից՝ պարադոքսալ է հնչում, որովհետև Սերժ Սարգսյանն է, որ ամեն գնով ցանկանում է անցկացնել Սահմանադրական փոփոխություններն ու հավերժացնել իր իշխանությունը ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնության միջոցով: Իրականում, սակայն, ոչ մի պարադոքս չկա: Այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանն այս ամենն անում է իր և միայն իր համար: Նրան ՀՀԿ-ն պետք է միայն որպես դեկորացիա, որտեղ կա անունը, իսկ բովանդակությունն անընդհատ կարող է փոխվել: Իհարկե, այս ծրագիրը չի իրականանալու, որովհետև հասարակությունն ու ընդդիմությունը դա թույլ չեն տա: Բայց նույնիսկ եթե մի կողմ թողնենք դա ու ենթադրենք, թե Սերժ Սարգսյանին հաջողվեց այն իրագործել. դե հիմա պատկերացրեք որևէ մի հանրապետականի, ով գիտի, որ իրեն ամեն վայրկյան կարող են գցել ու դարձնել ոչ մի բան՝ մի օրում ու մի ստից պատճառով: Հետո ի՞նչ կամ իրեն ի՞նչ, եթե դրանից հետո ՀՀԿ-ն շարունակելու է իշխել՝ Սերժ Սարգսյանն էլ հետը: Այս կասկածները լողում են բոլոր հանրապետականների ուղեղներում: Իսկ այդ կասկածները հիմնավոր են: Նրանք հո շատ լավ գիտեն իրենց առաջնորդի «քցելու» հատկությունը՝ հղկված տարիների ու իշխանական միջանցքների ոլորաններում:  Իրենց առջև են Տիգրան Թորոսյանի, Տիգրան Սարգսյանի, Միկա Բաղդասարովի, Բարսեղ Բեգլարյանի, Վարդան Ղուկասյանի (այս պարագայում այդ մարդկանց որակները չէ, որ կարևոր են) և մյուսների ճակատագրերը: Եթե Սերժ Սարգսյանը «քցել» ու տեր չի կանգնել իրենց թիմի՝ նման կարկառուն ներկայացուցիչների, ովքեր Սերժ Սարգսյանի համար գնացել են մեծագույն ապօրինությունների, ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին՝ «քցել» մյուսներին ևս: Ոչ մի բան՝ հաշվի առնելով նրա անհագուրդ սերը իշխանության և փողի նկատմամբ և սրբություններ չճանաչելը՝ դրանց հասնելու ճանապարհին: Իրենք հո տեսնում են, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իր քարոզչամեքենան օգտագործում սեփական թիմակիցների՝ Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, նույնիսկ Սեյրան Օհանյանի դեմ, ինչպես է այդ նույն քարոզչամեքենան թիմակիցների անունից տարածում հայտարարություններ, որոնց մասին իրենք տեղեկանում են լրատվամիջոցներից: Նրանք հո տեսնում են, թե ինչպես են Սերժ Սարգսյանին վերաբերվում մյուս երկրների ղեկավարները: Նրանք հո տեսան, թե ինչպես անցած ամռանը, երբ Ադրբեջանն անցել էր հարձակման, Սերժ Սարգսյանը մի ամբողջ շաբաթ կորել էր եվրոպական հանգստավայրերում՝ իր թիմին թողնելով լարված իրավիճակին դեմ-հանդիման:

Այն, ինչ հանրապետականներն արել են (չհաշված իրենց նետվող ամսական մի քանի կոպեկն ու մի քանի արտոնությունները, որոնցից վաղը՝ օրինականության հաստատման բերումով, կարող են զրկվել), արել են Սերժ Սարգսյանի, նրա մերձավորների բարօրության համար: Բայց այսօր հասկանում են, որ Սերժ Սարգսյանն իրենց օգտագործում է, ու նաև գիտեն, որ օգտագործելուց հետո դեն է նետելու՝ առանց աչք իսկ թարթելու: Հանուն Սերժ Սարգսյան-Միքայել Մինասյան- Սաշիկ Սարգսյան եռյակի իշխանության ու անձնական հարստության:  Ու այս մտայնությունն արդեն խուլ դժգոհությունից անցնում է բարձրաձայն ընդդիմացման հարթություն: Ինչպես, օրինակ, Կարեն Կարապետյանի պարագայում, ով արդեն չի խուսափում իրերն իրենց անուններով կոչելուց, ինչն, իհարկե, ողջունելի է ինչպես հանրապետականի մերկացման, նրա ներսում քայքայման գործընթացներն արագացնելու, այնպես էլ օր առաջ Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելու համատեքստում:

ՀՀԿ-ի քայքայման այս գործընթացի արագության հարցում մեծ է ընդդիմության դերակատարությունը: Որքան արագ ընդդիմությունը ծավալի հասարակական բողոքի զանգվածային ալիքը, այնքան այս գործընթացը կդառնա անդառնալի: Ընդդիմության չհապաղելը կարևոր է նաև այն պարզ պատճառով, որ որքան հետաձգվի ՀՀԿ-ի քաղաքական մահը ու նրա հայտնվելը քաղաքական աղբանոցում, այնքան տուժելու է Հայաստանը: Իսկ հիմա մենք գտնվում ենք մի փուլում, երբ վնասների որակը վերականգնելիից փոխակերպվել է անդառնալիի:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից’
Հաջորդ հոդվածը‘Stratfor. ԵՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի հեռանկարները կախված են Ռուսաստան-Արևմուտք դիմակայության արդյունքներից’