‘Խմբագրական. ՀՀԿ-ն եւ ցինիզմը՝ որպես «ուղիղ ճանապարհ»’

3025

Մի՝ առաջին հայացքից՝ մասնավոր, բայց իրականում՝ մեր վիճակը լավ արտահայտող խնդիր է հետապնդում ինձ վերջերս՝ հայերենի անխնա, կներեք, բռնաբարությունը մեր հրապարակային խոսքում: Չէ, խոսքը սովորական լեզվական սխալների մասին չէ, այլ, մի տեսակ, մոլագարության հասնող ապակառուցման, իմաստների եւ լեզվական կառուցվածքների կազմաքանդման: Նախորդ հոդվածումս օրինակ էի բերել Քննչական կոմիտեի լեզուն, որը բացահայտում է «առերեւույթ», այսինքն, նորմալ հայերենով ասած՝ թվացյալ, կարծեցյալ հանցագործություններ: Բայց ՔԿ-ից հետ չեն մնում մյուսները: Օրինակ՝ այսպիսի մի հայտարարություն. «ԵՊՀ ֆիզիոլոգիայի ֆակուլտետը կազմակերպում է քննարկում «Աղջիկների անաղարտությունը՝ որպես ազգի երաշխիք» թեմայով»: Մի կողմ թողնենք աղջիկների եւ տղաների անաղարտությունը, բայց ի՞նչ է նշանակում ազգի երաշխիք: Ազգն ինչպե՞ս կարող է ունենալ երաշխիք: Ազգի հետ կապված այս կամ այն երեւույթը՝ անվտանգությունը, գոյությունը եւ այլն, կարող են ունենալ երաշխիքներ, բայց ազգն ինքնին չի կարող ունենալ երաշխիք՝ սա լեզվական անհեթեթություն է: Լավ կլիներ, ազգի աղջիկների եւ տղաների մասին մտածելուց առաջ, ազգի լեզվի մասին հոգ տանել:

Ո՞ւմ ցեղասպանությունն է պահանջում Հայաստանը

Քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները, բնականաբար, նույնպես ակտիվորեն մասնակցում են այս հիթ-շքերթին: Օրինակ, համաձայն Նյուս.ամ կայքի՝ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովն ասել է. «Հայաստանը իրավունք չունի հրաժարվել Հայոց ցեղասպանության պահանջից՝ հանուն պրագմատիզմի»: Չգիտեմ, Շարմազանովի բառացի խոսքն է, թե կայքի փոխանցածն է, բայց մի հատ էլ ուշադիր կարդացեք, թե ինչի՛ց չի կարող հրաժարվել Հայաստանը՝ «ցեղասպանության պահանջից»: Պարզվում է, ուրեմն, որ Հայաստանն ունի ցեղասպանության պահանջ, այսինքն՝ պահանջում է, որ ինչ-որ մեկին ցեղասպանության ենթարկեն, եւ սա կատակ չէ, այլ սոլիդ համարվող կայքում հրապարակված եւ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկին վերագրվող խոսք: Պարզ չէ միայն, թե ո՛ւմից եւ ո՛ւմ ցեղասպանությունն է պահանջում Հայաստանը:

Իհարկե, կասեն, թե սա վրիպակ է, որ նման բաներին ուշադրություն դարձնելը մանրանալ է, եւ այլն: Բայց հարցը սովորական վրիպակը կամ թեկուզ սխալը չէ, ոչ էլ եզակի դեպքի մասին է խոսքը: Սա ախտանիշ է լուրջ խնդրի՝ լեզվական նման սխալների պատճառը լեզվի լավ կամ վատ իմացությունը չէ: Լեզուն ընդամենը գործիք է մտքի, եւ լեզվական նման կարգի սխալներն ու վրիպակներն արտացոլում են արդեն ոչ թե բուն լեզվի, այլ մտածողության, մտածելու ունակության լրջագույն խնդիր: Մարդիկ, որոնք չեն նկատում, որ ազգը չի կարող ունենալ երաշխիքներ, կամ էլ՝ որ Հայաստանը չի կարող պահանջել ցեղասպանություն, կարող են հրաշալի տիրապետել լեզվին, բայց ի զորու չեն հասկացությունների միջեւ տարրական կապեր ստեղծել (այլ կերպ ասած՝ մտածել), եւ դրա համար էլ ավերում եմ լեզվի քերականությունը եւ բառերի իմաստները:

Քառակուսի եռանկյունին եւ տեսական գործնականությունը

Նույն խնդիրն ունենք վերացական հասկացությունների օգտագործման դեպքում, եւ այստեղ արդեն լեզվականն ու քաղաքականը մերձենում են: Հենց նույն Շարմազանովի խոսքում հիշատակված պրագմատիզմը լավագույն օրինակն է: Ընդհանրապես, եթե որոշողը ես լինեի, խորհրդանշական գնդակահարություն կսահմանեի որոշ, հատկապես՝ օտար լեզուներից փոխառած վերացական հասկացությունների անտեղի գործածության, չարաշահման համար: Ասենք, ցանկացած հոդված կամ ելույթ, ուր օգտագործվում է «գլոբալ» բառը, ըստ իս, պետք է հեղինակի նկատմամբ տույժի առիթ լինի: Կատակը մի կողմ, բայց չհասկացված, չմասրված վերացականությունների չարաշահումը մեր հանրային կյանքը քարուքանդ անող գործոններից է, որովհետեւ իմաստի եւ խելոքության պատրանք է ստեղծում այնտեղ, ուր ոչ միայն խելք, այլեւ տարրական իմաստ չկա:

Օրինակ, ի՞նչ ասել է պրագմատիզմ: Եթե ազատենք այդ բառը փոխառած՝ վերացական բառերին բնորոշ «կարեւորության» եւ հատուկ «իմաստնության» մոգական մշուշից՝ վերածելով այն հայերենի, ապա կստանանք սովորական, մարդկային՝ գործնական բառը: Պրագմատիզմը ոչ այլ ինչ է, քան գործնական մոտեցումը, գործին վերաբերողը: Հետեւաբար, որպես գործնական՝ պրագմատիզմը հակադրված է տեսականին, այլ ոչ թե ինչ-որ մի «վեհ» բանի, օրինակ՝ իդեալիզմին, ինչպես կարծում են նրանք, ովքեր օգտագործում են պրագմատիզմ բառը՝ որպես «լավ բաների» հականիշ: Այսքանը պարզելով՝ հասկանանք. արդյո՞ք իմաստ ունի պարոն Շարմազանովի միտքը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ինչ-որ բանից (էական չէ, տվյալ դեպքում, թե ինչի՛ց) հրաժարվել կամ չհրաժարվել՝ հանուն պարգմատիզմի: Եթե խոսքը Հայաստանի քաղաքականության մասին է, իսկ այստեղ խոսքն ակնհայտորեն հենց քաղաքականության մասին է, ապա հարցադրումն անիմաստ է, որովհետեւ քաղաքականությունը բացարձակապես գործնական ոլորտ է: Չկա եւ չի լինում տեսական քաղաքականություն: Կան, իհարկե, քաղաքական տեսություն, քաղաքական գաղափարախոսություն, քաղաքական փիլիսոփայություն, քաղաքական գիտություն եւ այլն, բայց դրանցից ոչ մեկը քաղաքականություն չի, այլ քաղաքականությունը բացատրող, իմաստավորող, հիմնավորող համակարգեր են: Բուն քաղաքականությունը մաքուր գործնականություն է, այսինքն՝ պրագմատիզմ: Չի կարող լինել տեսական քաղաքականություն, ինչպես չի կարող լինել տեսական մեխ խփել, նկար նկարել, հոդված գրել, մեքենա քշել, պետություն ղեկավարել. միով բանիվ՝ չի կարող լինել տեսական գործ եւ տեսական գործողություն:

Հարցի մեխն ու հարցի չաքուջը

Գործնական լինել՝ նշանակում է նպատակ սահմանել՝ ընդունելով դրա իրականանալի եւ շահավետ լինելը, եւ իրականացնել այդ նպատակը: Չի կարող մեկն ասել՝ ես չեմ կարող հրաժարվել մեխ խփելուց՝ հանուն պրագմատիզմի, այլ կերպ ասած՝ ես չեմ կարող հրաժարվել մեխ խփելուց, չնայած՝ մեխ խփել չեմ կարող, ու ընդհանրապես՝ ո՛չ մեխ ունեմ, ո՛չ չաքուջ: Եթե չես կարող ու չունես, նշանակում է՝ արդեն հրաժարվել ես, չի կարող մեխ խփելու ցանկությունը նույնանալ մեխ խփելու բուն գործի հետ: Ասել, որ Հայաստանը չի կարող հրաժարվել այսինչ քաղաքական նպատակից՝ հանուն պրագմատիզմի, նշանակում է՝ լռելյայն ընդունել, որ տվյալ նպատակը պարգմատիկ չէ, այսինքն՝ գործնական չէ, այսինքն՝ անիրագործելի է: Իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է՝ փաստացի հրաժարվել արդեն իսկ այդ նպատակից, որովհետեւ անիրագործելին չի կարող գործնական, հետեւաբար՝ քաղաքական նպատակ համարվել: Այլապես՝ Շարմազանովի՝ Սիրիուս թռչելն էլ կարող ենք քաղաքական նպատակ համարել, որքան էլ դա գործնականորեն անիրականանալի է: Պատկերացնո՞ւմ եք, Շարմազանովը չի կարող հրաժարվել Սիրիուս թռչելու նպատակից, չնայած դա համարում է անիրականանալի: Շարմազանովը կամ ցանկացած մեկը կարող է երազել Սիրիուսի մասին, բայց նպատակ կարող է լինել միայն այն, ինչ իրագործելի է, այսինքն՝ պրագմատիկ է: Բայց փաստացի՝ ԱԺ փոխխոսնակը հենց դա է ասել՝ չենք կարող հրաժարվել Սիրիուս թռչելուց, չնայած դա անիրագործելի է:

Ամբողջ վեճը պրագմատիկ եւ ոչ պրագմատիկ քաղաքականության մասին, իրականում, սքոլաստիկա է՝ բառիս վատագույն իմաստով, այսինքն՝ բովանդակություն չունեցող, ձեւական բառախաղ: Դա հիմնված է օտարարմատ եզրերը ֆետիշացնելու, նրանց չեղած իմաստներ եւ հատուկ մոգական ուժ վերագրելու գավառական մանկամտության վրա: Դրա համար հաճախ նման գավառական խաղերի բացահայտման լավագույն ձեւը «մոգական» «-իզմերի» վերածումն է հայարմատ, կենցաղային բառերի: Եվ այդ դեպքում արդեն ոչ ոք չի ասի՝ չենք կարող հրաժարվել այսինչ նպատակից, թեկուզ դա գործնական չի, անիրագործելի է: Իսկ որպեսզի Շարմազանովը կամ ցանկացած մեկն իրոք ապացուցի, որ Հայաստանը չպետք է հրաժարվի ցեղասպանության ճանաչումից (կամ ինչպես իրենք են ձեւակերպել՝ «ցեղասպանության պահանջից»), նա պետք է ապացուցի, որ դա պրագմատիկ՝ գործնական, այսինքն եւ՝ քաղաքական նպատակ է: Իրական, բովանդակալից բանավեճը միայն սրա շուրջ կարող է լինել կամ սրանից կարող է եւ պետք է սկսվի՝ մնացածը դեմագոգիա է եւ փաստարկների բացակայությունը հնչեղ բառերով քողարկելու փորձ:

Բա կարիերայից ինչո՞ւ չեք հրաժարվում՝ հանուն «ոչ պրագմատիզմի»

Երկու կարեւոր  բան էլ մնաց հասկանալու այս բառախաղային պատմության մեջ: Նախ՝ պրագմատիզմը, գործնականը վատ բան չէ, ինչպես ասացի՝ պետք  չէ այն հակադրել իդեալիզմին, արժեքների վրա հիմնված քաղաքականությանը: Իդեալիստական քաղաքականությունը նույնքան գործնական է կամ պրագմատիկ, որքան ռեալիստականը: Գործնականությունը չեզոք է այդ տարբերությունների նկատմամբ, ինչպես չեզոք է գործիքը մարդու նպատակների նկատմամբ: Չաքուջի համար տարբերություն չկա, թե դուք մեխն իդեալիստորեն կմեխեք, թե ռեալիստորեն՝ երկու դեպքում էլ դուք գործ եք անում, այսինքն՝ գործնական՝ պրագմատիկ դաշտում եք: Եվ չի էլ կարող լինել որեւէ մարդկային գործ՝ առանց իդեալի, առանց այդ գործն առաջ մղող մոտիվացիայի, թեկուզ թեթեւ ոգեշնչման, առանց հեռանկարի:

Բայց կա, իհարկե, եւ ցինիզմը, որը հաճախ շփոթում են, երբեմն էլ շփթած են ուզում լինել պրագմատիկ, գործնական մոտեցման հետ, չնայած ցինիզմն իրեն շատ էլ լավ է զգում նաեւ ռոմանտիզմի քողի տակ: Ցինիկ «պրակտիկության» տիպիկ դրսեւորում է հենց Շարմազանովի տիպի գործիչների ողջ կենսագրությունը: Եվ այստեղ է կարեւոր հակասությունը՝ իրենց անձնական կյանքում նման մարդիկ ղեկավարվում են ամենամանր գործնականությամբ, հարմարվողականությամբ, իսկ ազգին ուզում են պարտադրել «ոչ պրագմատիկ» մոտեցումներ: Իշխող կուսակցության մեջ կարիերա անող երիտասարդին շատ դժվար է իդեալիստ կամ ռոմանտիկ համարել, շատ դժվար է հավատալ, որ նրան առաջ մղող ուժը ոչ թե նեղ անձնական կամ խմբային շահն է, այլ բարձր արժեքներն ու իդեալերն են: Նման մարդկանց կյանքում հնարավոր չէ գտնել գեթ մեկ օրինակ, երբ նրանք չհրաժարվեն ինչ-որ բանից՝ հանուն նեղ շահի, հանուն հարմարավետության, զոհաբերեն իրենց նեղ օգուտը՝ հանուն երազանքի, հանուն հեռանկարի: Բայց շատ հետաքրքիր ու խորհրդանշական է, որ անձնական կյանքում բացարձակապես չոր, ցինիկ հաշվարկով առաջնորդվող անձինք, երբ գործը հասնում է ազգին եւ պետությանը, հանկարծ սկսում են քարոզել «ոչ պրագմատիկ» մոտեցումներ եւ հակադրվել այնպիսի մարդկանց, որոնք իրենց կյանքով են ապացուցել, որ բարձր իդեալներն իրենց համար ավելին են, քան նեղ անձնական, կենցաղային շահերը: Ստացվում է, որ ազգը պետք է զոհաբերի իր գործնական շահերը, իսկ, ահա, կարիերիստ երիտասարդները պետք է բարգավաճեն՝ «ոչ մի թիզ հող» չզոհաբերելով  իրենց հարմարավետ կյանքից: Եվ, իհարկե, զարմանալի չէ, որ իրենց ցինիզմը նրանք հաճույքով, ըստ հնարավորության, քողարկում են «ռոմանտիկ» ճարտասանությամբ: Մանր, կենցաղային մակարդակի «գործնականության» եւ ճոռոմաբան, դատարկախոս «ռոմանիզմի» այս խաչմերուկում էլ ծլում եւ ծաղկում է հանրապետական ցինիզմը:

Ընդ որում՝ այդ ցինիզմն էլ շատ ավելի բազմաշերտ է, քան հասցրինք նկարագրել: Եթե հիշենք, որ խոսքն այն ուժի մասին է, որի առաջնորդը ժամանակին այնքան էր տարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախագծով, որ ստորագրել էր ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման կետի տակ, որը անջատում էր Մեծ Եղեռնի հուշարձանի լույսերը Թուրքիայի նախագահի այցի կապակցությամբ եւ նույնիսկ հանել էր տալիս Արարատի պատկերը մեր ֆուտբոլիստների մարզազգեստներից, եւ որ այդ տապալված գործընթացի արդյունքում տուժեց հենց Ցեղասպանության ճանաչման խնդիրը տարբեր երկրների կողմից, ապա իշխող ուժի այսօրվա «հայրենասիրական» զիգզագը ոչ միայն զավեշտալի, այլեւ նողկալի է դառնում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Հարկային տեսուչները խոշոր չափերի կաշառք են պահանջել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Եթե մտածելը հանցանք է, ապա Շարմազանովը միանգամայն անմեղ է’