‘Խմբագրական. Հոգեվարք` բռնության թամաշայի «հնչյունների» ներքո ‘

2876

Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին զուգահեռ` Երևանում ընթացող բողոքի ակցիայի և հարյուրից ավելի բերման ենթարկվածների մասին քար լռություն պահպանեցին ռուսական «Վրեմյան» և հայկական «Հայլուրը»: «Վրեմյայի» բեռը թող Ռուսաստանի քաղաքացիները կրեն, մենք դառնանք մեր` Հայաստանի քաղաքացիներիս հարկերի հաշվին ապրող այս լրատվամիջոցին:

Այս փառահեղ Ինտերնետի դարում, երբ սոցիալական ցանցերը, մեկը մյուսին հերթ չտալով, պատմում և տեսանյութերով ներկայացնում են՝ ինչ ուզում են և ինչպես ուզում են, ի՞նչն է ստիպում վայլուրիկներին` այսպիսի կարճամտություն ցուցաբերել: Ի վերջո, թեկուզ իրենց բնորոշ էժանագին հեգնանքով, թեկուզ խեղաթյուրումներով` ինչի վարպետն են, մի փոքրիկ ռեպորտաժ ներկայացնել կարող էին այն մասին, որ, ահա` ողջ հայ ժողովուրդը, առաջադեմ մարդկության հետ գիրկընդխառն, երջանկությունից գլուխը կորցրել է Մաքսային միություն մտնելու կապակցությամբ, բացի մի քանի հարյուր «էքստրեմիստներից», որոնք դուրս էին եկել փողոց ու անգթորեն խաթարում էին մոտակա շենքերում ապրող բնակիչների անդորրը: Դե՛, հայրենի ոստիկանությունն էլ, որ ոչ ուտում-ոչ խմում է՝ զօրուգիշեր անձնվիրաբար պայքարում է մոտակա շենքերում ապրողների անդորրի պահպանման համար, մեկուսացնում է այդ չարամիտներին: Հանուն մոտակա շենքերում ապրողների անդորրի` հասկանալի է:

Թե ինչու լռեցին, սրա պատասխանն այդ նույն օրը դաջված էր Սերժիկ Սարգսյանի կապտած ճակատին` վախը («Հայլուրը» լռեց ցուցարարների և ձերբակալությունների մասին, բայց հո ողջ աշխարհը տեսա՞վ, թե ինչպես էր կուչուձիգ գալիս ինքնիշխան պետության, այսպես կոչված, ղեկավարը` մեկ այլ ինքնիշխան պետության ղեկավարի առջև):

Հայաստանի իշխանությունների վախն այլևս անչափելի է: Սրանք` Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, վախենում են բոլորից: Ե՛վ Ռուսաստանի նախագահից, ե՛ւ եվրաչինովնիկներից, ե՛ւ մերձակա հարևաններից, և ամենակարևորը` ՀՀ քաղաքացիներից` սկսած Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող միայնակ կնոջից, վերջացրած` իր չորս պատերի ներսում իշխանություններին անիծող թոշակառուով: Միայն սարսափից գիտակցությունը մթագնած իշխանության մտքով կարող է անցնել կրկնակի և եռակի ավելի ոստիկանների հանել մի քանի հարյուր ցուցարարների դեմ և նրանց գրեթե կեսին բռնի ուժով տանել ոստիկանության բաժանմունքներ:

Սերժիկ Սարգսյանը մարած քարտ է այլևս: Այն ամենն, ինչ ակնկալում էին ստանալ Հայաստանից, ակնկալողներն ստացել են արդեն, և սեփական իշխանության երկարաձգման համար Հայաստանն անդամահատած Բաղրամյան 26-ի «մենակյացն» արդեն ոչ մեկին պետք չէ: Բացի թալանած հարստությունից, միակ բանը, որ նա վաստակել է այս տարիների ընթացքում` ամենուրեք իրեն հետապնդող վախն է:

Ստացվում է` արտաքին աշխարհում նվաստացված, ներսում` վախի վանդակում պատեպատ զարկվող Սերժիկ Սարգսյանը եթե ինչ-որ բանի դեռ ընդունակ է, այդ ինչ-որ բանը չպատճառաբանված ու անտրամաբանական բռնության թամաշան է: Ինչու «թամաշա՞»: Որովհետև ոչ ոք այլևս չի վախենում ո՛չ Սերժիկ Սարգսյանից, ոչ էլ նրա վարժեցրած ու անվարժ ոստիկանների խամաճիկային քաշքշոցներից: Ավելին, յուրաքանչյուր բռնության թամաշա ավելացնում է ընդդիմադիր ՀՀ քաղաքացիների թիվը:

Սա գիտակցու՞մ են Սերժիկ Սարգսյանն ու իր հանցախումբը: Երևի գիտակցում են: Գիտակցում են, բայց ուրիշ ճանապարհ չունեն: Բոլոր քայլերը սպառված  են, սրանց «մարագում» մի քայլ է մնացել ընդամենը` վախից սնվող բռնություն, ինչի վազքը, հասկանալի է, մինչև հենց այդ նույն մարագն է:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին տեսնելը վնաս է առողջությանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են ոստիկանության գործողությունները ‘