‘Խմբագրական. Հոկտեմբերի 10-ին ընդառաջ. իշխանական ցայտնոտն ու մերկությունը ‘

2223

Ընդդիմության կողմից հանրահավաքի օրվա հայտարարումը միանգամից ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ երկրում: Այսօրվանից սկսած՝ երկրում ընթացող բոլոր գործընթացները, լրատվական հոսքերն ուղղակիորեն կապված են լինելու հոկտեմբերի 10-ին նշանակված համապետական հանրահավաքի հետ: Նույնիսկ իշխանական քարոզչության մանիպուլյացիաները՝ միտված շեղելու ժողովրդի ուշադրությունն իրական խնդիրներից դեպի արհեստականները, չեն կարողանալու շրջանցել հանրահավաքի թեման: Բայց, ի դժբախտություն Սերժ Սարգսյանի, ինչքան շատ փորձի իշխանական քարոզչությունը վարկաբեկել հանրահավաքը ու նվազեցնել դրա դերը, այնքան իր իսկ ձեռքով  ավելի մեծ լավություն է անելու հասարակությանը՝ ակամայից հասկացնելով, թե ինչ կարևոր իրադարձություն է սպասվում հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:

Թե ինչպես են նախապատրաստվելու Կոնգրեսը, ԲՀԿ-ն և Ժառանգությունը հանրահավաքին, մեծ հաշվով՝ գաղտնիք չի պարունակում: Ավելին, հանրահավաքի հաջողությունը հենց կախված է այս ուժերի գործողությունների հնարավորինս հրապարակային և թափանցիկ լինելուց. մարզային հանրահավաքներ, ակտիվ իրազեկման աշխատանքներ, հասարակությանն ուղղված թիրախավորված մեսիջներ և այլն:

Իսկ ի՞նչ ունի իշխանությունը հակադրելու իր գոյությանը սպառնացող այս գործընթացին, ինչպե՞ս կանգնեցնել այն: Քաղաքական միջոցներով Կոնգրես-ԲՀԿ-Ժառանգություն ալյանսից նախաձեռնությունը վերցնելու տարբերակներ չկան: Հրապարակված 12 պահանջները ոչ միայն չեն կատարվել, այլև երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի է տարածել իր մետաստազները: Վարչախումբը չունի որևէ ծրագիր, որի շուրջ կարող էր կառուցել իր մարտավարությունը: Սահմանադրական «բարեփոխումներն» այս պարագայում չենք քննարկում, որովհետև խոսքը մինչև հանրահավաքը այնպիսի քայլերի մասին է, որոնք ունակ կլինեին թուլացնել հոկտեմբերի տասի միացյալ հանրային միջոցառման ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: «Բարեփոխումներն» այս գործընթացի մեխն են, և Սերժ Սարգսյանը դրանից հրաժարվելու մասին իր հայտարարությունը կփորձի հետաձգել ինչքան հնարավոր է՝ չմատնելու համար իր այդքան ակնհայտ թուլությունը: Իսկ եթե հայտարարեց, որ գնում է սահմանադրական «բարեփոխումների», ինքն իր ձեռքով կպարզի բոլոր ջրերը. մի բան, որ ձեռնտու է միայն ընդդիմությանը: Ուրիշ ի՞նչ անել: Մի անգամ էլ վարչապետ փոխե՞լ: Խնդրեմ, կարող են փորձել: Խառը-խուռը օրինագծե՞ր բերել ԱԺ: Չի՛ փրկելու: Քաղաքական գործիք Սերժ Սարգսյանը չունի:

Քաղաքական մեթոդների բացակայության պայմաններում Սերժ Սարգսյանին մնում է ապավինել իրեն այդքան հոգեհարազատ ռեպրեսիվ մեթոդներին: Բայց այստեղ էլ նախախնամությունը դաժան է գտնվել իշխող վարչախմբի պարագլխի նկատմամբ: Այսօրվա հայաստանյան քաղաքական, տնտեսական իրավիճակն այնքան է պրկվել, որ  այդ ռեպրեսիվ մեթոդները նույնպես ունենալու են հակառակ ազդեցություն, և դրա բացասական հետևանքները տարածվելու են ոչ թե հանրահավաքի, այն կազմակերպող ուժերի վրա, այլ իշխանական համակարգի, որտեղ ներկայումս տիրող սպասողական և անորոշ տրամադրությունները վերաճելու են խուճապայինի: Ընդհանրապես, նմանօրինակ վիճակում հայտնված ցանկացած երկրի պարագայում սկսված ռեպրեսիաները անհամեմատ արագացրել են իշխանական համակարգի փլուզումն ու, որպես արդյունք՝ այդ իշխանության վտարումը:

Իշխանությունն իսկապես տկլոր է ընդդիմության ու նրա նշանակած հանրահավաքի դեմ պայքարում, ոչ թե որովհետև խելք չունի և այլն (սա առանձին թեմա է): Այլ այն պարզ պատճառով, որ հայտնվել է սխալ դիրքում: Կատարյալ ցայտնոտ: Ինչ քայլ ուզում է՝ թող անի, ավելի է վատթարացնելու իրավիճակը: Էնպես որ՝ իշխանություններին մնում է միայն նստած նայել, թե ինչպես է մեծանում հակաիշխանական ձնագունդը, ու համակերպվել այդ մտքի հետ:

Ընդդիմության նախաձեռնության և իշխանական ցայտնոտի ֆոնին կարևոր դերակատարություն է ստանում հասարակությունը, ժողովուրդը՝ ամենաէական գործոնը քաղաքական պայքարում: Հանրահավաքը կազմակերպող ուժերի՝ Կոնգրեսի, ԲՀԿ-ի և Ժառանգության կոնսոլիդացված քայլերն արդեն ցրում են ժողովրդին պատած հուսալքության զգացումը: Հերթը նաև հասարակությանն է՝ ակտիվորեն լծվելու հանրահավաքի իրազեկման, մասնակցության ու մասնակցությամբ իր խոսքն ասելու գործին: Այնպես որ, բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանի, իրենց ընտանիքների ու երեխաների ապագայով, մինչև հոկտեմբերի 10-ը պետք է ամեն օր և ամենուր խոսեն, իրազեկեն հանրահավաքի մասին: Քաղաքացիներին երկրի վիճակի ողբերգական լինելու հարցում համոզելու խնդիր չկա: Կա միայն խնդիր՝ հավատացնելու նրան քաղաքական ուժերի ու հասարակության դաշինքի ամենազորության մեջ: Եվ որքան շատ քաղաքացի (բացի քաղաքական ուժերից ու նրա ակտիվիստներից) ներգրավվի այդ գործին, այնքան արագ կվերականգնվի այդ վստահությունը:  

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը տեղի կունենա մոտ ժամանակներս ‘