‘Խմբագրական. Հովիկ Աբրահամյանը նյութված դավի առանցքային դերակատարն է’

5662

Աստիճանաբար, նոր տեղեկություններով դետալ առ դետալ առարկայանում, ամբողջանում է այն ծրագիրը, որ մշակվել է Բաղրամյան 26-ի խոհանոցում կամ ուղղակի Սերժ Սարգսյանի ուղեղում՝ ապահովելու համար իր իշխանության հավերժացումը։ Ու այդ ծրագրի ամեն մի նոր դետալ պարզվելիս ավելի ու ավելի խղճուկ ու նողկալի են երեւում Ս. Սարգսյանի ղեկավարած ռեժիմի դեմքն ու էությունը։ Մեկ անգամ չէ, որ խոսվել է այդ «ծրագրի» մասին, որ իրականում այլ բան չէ, քան Հայաստանի ժողովրդի դեմ նյութված մի դավ։ Եւ դա այնքան ավելի ակնառու ու ամբողջական է դառնում, երբ արդեն հրապարակված փաստերին ավելացնում ենք նոր հայտնի դարձածները։

1. Ամբողջ չորս տարի դեպի եվրաասոցացում գնացող Ս. Սարգսյանը երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին «մի գիշերում» 180 աստիճան շուռ եկավ ու Մաքսային միություն մտնելու դիմում գրեց, հասկացավ, որ դա իր վերջն է, եթե տեղում ինչ-որ բան չմտածի։ Մտածեց ու գտավ «սահմանադրական բարեփոխումները»՝ որպես իշխանության պահպանման, ապա՝ հավերժացման մի միջոց։ Նրա հույսը, թե «խորհրդարանական կառավարում» գրավչանյութով  կգայթակղի ընդդիմադիր չորս ուժերից երեքին, չարդարացավ։ Քառյակի մաս կազմող ուժերի քաղաքական որակները շատ ավելի հաստատուն էին ու կայուն, քան դա ենթադրել էր Ս. Սարգսյանը։

2. 2014 թ. ապրիլին Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով Քառյակի հանրահավաք նշանակվեց։ Ս. Սարգսյանը վախից ինքն անմիջապես պաշտոնանկ արեց մինչ այդ «անփոխարինելի» համարվող իր վարչապետին։ Նոր վարչապետի ընտրության ելակետն այլ բան լինել չէր կարող, քան խարխլված սեփական իշխանության պահպանման ու վերարտադրման համար ամենակարեւոր՝ առանցքային ֆիգուր գտնելը։ Եւ քանի որ Ս. Սարգսյանն իր փրկության հույսը տեսնում էր «սահմանադրական բարեփոխումների» մեջ, ուրեմն եւ վարչապետի թեկնածուն պիտի ունենար այդ գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ որակները, դառնար այդ գերնպատակին հասնելու հիմնական գործիքը ։

3. Ինչո՞ւ Ս. Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Հովիկ Աբրահամյանի վրա։ Բնականաբար՝ ոչ այն պատճառով, որ վերջինս հնարավոր այլ թեկնածուների մեջ ավելի խելոք էր, ավելի գրագետ կամ հասարակության մեջ ավելի բարձր վարկանիշ ուներ։ Այս հատկանիշներով նա ամենավերջում էր։ Սկզբում մասամբ կարելի էր ենթադրել այս ընտրության հիմքերը, հիմա արդեն դրանք որոշակիորեն հայտնի են։ Հ. Աբրահամյանի հետ կապված՝ կար երկու հատուկ հանգամանք։ Առաջինն օբյեկտիվորեն չուներ այլ մեկը. նա Գ. Ծառուկյանի խնամին է։ Երկրորդ՝ ողջ հանրապետության մասշտաբով նա լավագույնս է տիրապետում ընտրակեղծարարության մեքենայի նրբություններին, ինչը մեկ անգամ չէ, որ փայլուն ապացուցել է։ Այստեղ նրա հետ որեւէ մեկը չէր կարող մրցել։ Ահա հենց այս զույգ հիմքերի վրա էլ նրա ու Ս. Սարգսյանի միջև կնքվել է գործարք։ Վարչապետական աթոռի դիմաց Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին խոստացել է, որպես Գ. Ծառուկյանի խնամի, ազդելով նրա վրա՝ կա՛մ դուրս բերել Քառյակից, կա՛մ մասնակից դարձնել սահմանադրափոխության գործընթացին։ Երկրորդ՝որպես ընտրակեղծիքների թիվ 1 պրոֆեսիոնալ՝ ապահովել սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքները։ Առաջինը չհաջողվեց. Գ. Ծառուկյանն արժանապատվորեն կանգնած մնաց իր քաղաքական սկզբունքների վրա՝ հիասթափեցնելով ոչ միայն Հ. Աբրահամյանին ու Ս. Սարգսյանին, այլեւ նախկին շատ «ընդդիմադիր գործիչների»։ Հիմա այդ գործարքը հենված է երկրորդ պայմանի վրա, այն է՝ հանրաքվեն կեղծել, ստանալ անհրաժեշտ արդյունքներ, ինչի դիմաց նա կշարունակի աշխատել վարչապետի պաշտոնում։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդի դեմ նյութված այս դավի իրականացման մեջ Հ. Աբրահամյանին է տրված առանցքային դերը։

4. Հիշեցնենք, որ նման մի գործարք էլ Ս. Սարգսյանը կնքել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ (http://7or.am/am/news/view/72780/)։ Ըստ այդ գործարքի՝ Գ. Հարությունյանն էլ իր վրա պիտի վերցներ «սահմանադրական բարեփոխումների» հանրային քննարկման, քարոզչության ողջ բեռը, ինչի դիմաց ոչ թե պիտի տարիքի բերումով թոշակի գնար 2018 թվականին, այլ ստանար խորհրդարանով ընտրվող ՀՀ նախագահի պաշտոնը։ Նույն տեղում արձանագրված է նաեւ, որ խարդավանքների սովոր Ս. Սարգսյանը անգամ նմանօրինակ գործարքներում ազնիվ չի գտնվել։ Նա, որպես «պահուստային» տարբերակ, նույն՝ ՀՀ նախագահի պաշտոնը առաջարկել է նաեւ այլ մարդկանց։ Այսինքն՝ խնդիրը լուծելուց հետո ավելի հավանական է, որ նա պիտի «քցի» Գ. Հարությունյանին։ Ասենք, որ հիշյալ հոդվածում  հրապարակված փաստերից որեւէ մեկը չհերքվեց։ Իսկ սրան էլ գումարած այն հանգամանքը, որ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո դադարեցին Գ. Հարությունյանի «սահմանադրական քարոզարշավները»՝ հենց բերված փաստերի հավաստիության անսակարկելի մի ապացույցն է։

5. Ինչպես Գ. Հարությունյանի դեպքում, Հովիկ Աբրահամյանի հետ կնքած գործարքում էլ Ս. Սարգսյանը ինքն իրեն չի դավաճանում։ Այս դեպքում էլ նա ունի նաեւ գործարքի «պահուստային» տարբերակ, այս անգամ՝ Հ. Աբրահամյանի թիկունքում։ Նա, իրազեկ աղբյուրների հավաստի տվյալներով, վարչապետի պաշտոնը խոստացել է նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, որը որոշ շրջանակներում հայտնի է «Թենզոր» ծածկանվամբ։ Վերջինիս հետ Ս. Սարգսյանն ունի շատ սերտ բիզնես կապեր։ Այդ կապերից է, օրինակ՝ ղազախական գազի ներկրման սկանդալային պատմությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին այն բացահայտվեց Ղազախստանի պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրման շնորհիվ։ Ըստ այդմ՝ միայն 2006 թ. Հայաստան էր ներկրվել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ՝ ավելի քան 157 միլիոն դոլար արժողությամբ, ինչի հետքերը չկային ո՛չ մեր վիճակագրությունում, ո՛չ էլ, բնականաբար, մեր բյուջեում (այս գործարքն առաջին անգամ ներկայացվել է 2007թ. դեկտեմբերի 22-ին Համաժողովրդական շարժման 1-ին կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում, տես՝ «Վերադարձ», էջ 148)։ Ծանրագույն այս մեղադրանքի մասին իշխանությունն այդ պահից մինչեւ այսօր քար լռություն է պահպանում։

Հասկանալի է, որ Ս. Սարգսյանը իշխանության մնալու իր «ծրագրի» իրականացման դեպքում այս երկու «վարչապետացուներից» մեկին պիտի «քցի»։ Եւ «քցվողը», ակնհայտորեն, լինելու է Հ. Աբրահամյանը։

Ինչո՞ւ։

Հանցավոր կապերը շատ ավելի առարկայական են (երբ երկու կողմերն էլ միմյանց վրա ազդելու լծակներ ունեն), իսկ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես ասացինք, հենց այդպիսին են Ս. Սարգսյանի բիզնես կապերը։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը դեռ 2008-ին եղել է Ս. Սարգսյանին իշխանության բերելու համար միջազգային «դաբրոն» ապահովողը ու «Վիկիլիքսից» շատ բան գիտի այդ խոհանոցից։ Այսինքն՝ նրան «քցելը» իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում Ս. Սարգսյանի համար։

Այլ է Հ. Աբրահամյանի դեպքում։ Նա միշտ եղել է Ս. Սարգսյանի «տակ» ու անմռունչ կատարել նրա բոլոր, այդ թվում՝ ամենաստորացուցիչ ու կեղտոտ հրահանգները։ Հանրաքվեի կեղծման կեղտոտագույն ու հանցավոր գործն անելուց հետո Հ. Աբրահամյանի նկատմամբ առանց այդ էլ բացասական հասարակական վերաբերմունքը պիտի շատ ավելի խորանա։ Բնականաբար, Ս. Սարգսյանի համար ավելի հեշտ ու գերադասելի կլինի վարչապետի պաշտոնը տալ Լոնդոնից սպիտակ ձեռնոցներով եկած Արմեն Սարգսյանին, քան ողջ ժողովրդի աչքում մի նոր հսկայածավալ կեղծիք իրականացնելուց հետո ոտքից գլուխ կրկնակի կեղտոտված ու մրոտված Հ. Աբրահամյանին։ Վերջինիս «քցելու» մեջ ամենաչնչին ռիսկ գոյություն չունի Ս. Սարգսյանի համար։ Ավելին՝ հենց այդ պահին Հ. Աբրահամյանին հեռացնելն իշխանությունից կարող է դիտվել նաեւ որպես հասարակական դժգոհությունը փոքր-ինչ մեղմելու մի միջոց։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Էլչե». Այսօր կատալոնացիների կազմում չի լինի Նեյմարը’
Հաջորդ հոդվածը‘Հայուհու ծածկագիրը. պայքարը գենի մեջ. News.am ‘