‘Խմբագրական. Հրաշքների երկիր Հայաստան, կամ կսիրեի՞ք արդյոք ռադիկալին’

2779

Հին ռուսական անեկդոտ կա, որը հիմնված է մի քիչ գռեհիկ և անթարգմանելի բառախաղի վրա: Մեկը հարցնում է՝ смогли бы вы полюбить радикала? Պատասխանը՝ ради чего? (չեմ թարգմանում հենց բառախաղի գռեհկության պատճառով, բայց մեծ մասդ, ռուսերեն իմանալով՝ իմաստը հասկացաք): Մեր հանրային խոսքում գռեհիկ քաղաքական ռաՁիկալիզմի պահանջարկը միշտ էլ եղել է և կա, և առաջարկն էլ քիչ չէ: Հատուկ գրում եմ օտար եզրով, այն էլ՝ աղավաղված՝ ռաՁիկալիզմ ձևով, որպեսզի տարբերակենք ցուցադրական և անբովանդակ ռաՁիկալիզմն իրական քաղաքական արմատականությունից:

Իրական արմատականությունը

Ինքն իրենով՝ արմատականությունը ոչ լավ, ոչ էլ վատ բան է, այլ կախված կոնկրետ իրավիճակից՝ կարող է լինել քաղաքական դիրքորոշման և քաղաքական գործողության համարժեք կամ անհամարժեք կերպ: Ինչպես հուշում է բառն ինքը՝ արմատական կարող ենք համարել այնպիսի դիրքորոշում և այնպիսի գործողություն, որը որևէ խնդրի լուծումը տեսնում է դրա հիմքում՝ արմատում, այլ կերպ ասած՝ խորքային, հիմնարար մոտեցում է առաջարկում: Այդպիսի մոտեցումը պետք չէ շփոթել ծայրահեղականության հետ. արմատականություն այն կարող է լինել իր դրսևորմամբ՝ ծայրահեղական կամ չափավոր, և հակառակը՝ ծայրահեղությունն էլ կարող է լինել արմատական կամ մակերեսային: Արմատականության հականիշն այս սահմանմամբ կլինի մասնակի կերպով խնդիր դնելը և մասնակի լուծում առաջարկելը: Կրկնեմ՝ կախված իրավիճակից՝ համարժեք կարող է լինել մոտեցումներից մեկը՝ արմատական կամ մասնակի: Օրինակ, եթե մեկը համարում է, որ երկրում առկա խնդիրների ամբողջությունը հնարավոր չէ բավարար կերպով լուծել առանց իշխանափոխության, սա կարելի է համարել արմատական դիրքորոշում (ավելի արմատական կարող է լինել ոչ միայն իշխանությունը, այլև առկա հասարակարգը փոխելը, ինչպես ժամանակին առաջարկում էր հեղափոխական մարքսիզմը): Մյուսը կարող է համարել, որ առանձին խնդիրները կարելի է լուծել առանց իշխանության փոփոխության, և դա էլ կարող է որոշակի քաղաքական պայմաններում ավելի համարժեք լինել, քան արմատականությունը:

Նույնը վերաբերում է արմատականությանը՝ որպես գործողության բնորոշիչ: Գործողություններն իրենք իրենցով չեն կարող արմատական կամ ոչ արմատական լինել: Դրանք այդպիսին կարող են համարվել միայն իրենց արդյունքով, քանզի որևէ գործողության իմաստը ոչ թե ինքը գործողությունն է, այլ նպատակը, արդյունքը, հետևանքը: Այսպես, եթե մեկը որոշել է որևէ խնդիր, ասենք՝ իշխանափոխության խնդիրը լուծել ամենածայրահեղ համարվող՝ անձնական ահաբեկչության միջոցով կամ էլ, օրինակ, ինքնահրկիզմամբ, դա դեռ ինքնին չի նշանակում խնդրի լուծման արմատականություն, որովհետև, եթե այդ միջոցը չի աշխատելու, սպասված հետևանքի չի հանգեցնելու, ապա, դրա արմատական կամ ոչ արմատական բնույթի մասին խոսելը դատարկաբանություն է: Հակառակը, եթե նույն խնդիրը մեկը նպատակադրվում է լուծել ամենևին էլ ոչ ծայրահեղ համարվող, ոչ արտառոց միջոցներով, ապա հաջողության դեպքում կարելի է խոսել գործողության արմատականության մասին, որովհետև արմատական են հետևանքները, իսկ գործողության որակը, ինչպես նշեցինք, ոչ թե ինքն իր, այլ իր հետևանքի, արդյունքի մեջ է (գոնե այդպես է սահմանում փիլիսոփայությունը՝ դեռևս հին հույներից սկսած, իսկ թե ինչպես են սահմանում արդի հայոց իմաստունները, ցավոք, տեղյակ չեմ՝ որպես արդի իմաստնությունից ահագին հետ ընկած, հնությունների մեջ գլուխս թաղած, մութ անձնավորություն):

Ցուցադրական ռաՁիկալիզմը

Այժմ հասկանանք, թե ինչո՞վ է տարբերվում  քաղաքական արմատականությունը  ցուցադրական ռաՁիկալիզմից: Այդքան էլ բարդ չէ սահմանել տարբերակման չափանիշները: Նախ՝ քաղաքական գործողությունը պետք է իրագործելի համարվող նպատակ ունենա, այսինքն՝ պետք է ընկալելի լինի, թե գործողության արդյունքում ի՞նչ է կոնկրետ փոխվելու, ի՞նչ ազդեցություն է այն ունենալու իրավիճակի վրա: Օրինակ, եթե խոսքն ընդդիմություն-իշխանություն պայքարի մասին է, ապա պետք է ներկայացվի, թե գործողության արդյունքում հակառակ կողմը՝ իշխանությունը կամ ընդդիմությունը, ուժեղանալու է, թե՞ թուլանալու: Երկրորդ՝ քաղաքական գործողությունը կամ քայլը, որպես կանոն, մեկուսացված, ինքնանպատակ չի լինում, այլ մի շարք՝ իրարից բխող կամ իրար հետ կապված այլ գործողությունների և քայլերի ամբողջության մաս է լինում: Այսինքն՝ քաղաքական Ա քայլին, սովորաբար, հաջորդում է մեկ այլ՝ Բ քայլ, հաճախ զուգացվում է ուրիշ՝ Գ, Դ, Ե քայլերով, և ենթադրվում է, որ նախորդում է ևս մեկ կամ մի քանի Զ, Է, Ը քայլերի: Այլ կերպ ասած՝ քաղաքական գործողությունը ծրագրի մաս պետք է լինի, իսկ ավելի լայն վերցված՝ այն նաև քաղաքական որոշակի գործընթացի, շարժման մաս է: Օրինակ, եթե մեկն առաջարկում է քարերով գրոհել Բաղրամյան 26-ը, նա պետք է առնվազն բացատրի նաև, թե հետո ի՛նչ է լինելու, ինչի՞ է նա հասնելու դրանով ու ի՞նչ է անելու Բաղրամյան 26-ի պատասխան գործողությունների պարագայում, ինչպե՞ս է դրանք հաղթահարելու և այլն: Սրանք քաղաքական գործողության համարժեքության նվազագույն պահանջներն են:

Ցուցադրական ռաՁիկալիզմն առանձնանում է հենց նրանով, որ այդ պահանջներն անտեսում է, հետևաբար՝ ոչ միայն որպես արմատականություն է ձևական և կեղծ, այլև որպես քաղաքական գործողություն՝ ընդհանրապես: Խոսենք օրինակներով: Եթե մեկն առաջարկում է կախել և վառել բոլոր պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն ներկա, այլև 1991-ից սկսած (ես կառաջարկեի 1918-ից սկսել՝ ներառնելով նաև մեռածներին, որոնց կաշառակեր լեշերը կարելի է ի ցույց դնել արդարասեր հանրությանը), արտաքուստ դա, իհարկե, շատ ռաՁիկալ է թվում, բայց հասկանալի է, որ ոչ ոք ոչ միայն ի զորու չէ, այլև չի էլ պատրաստվում դա իրագործել: Դա ընդամենը դատարկ ֆրազ է, ձև է, ոմանց համար՝ գուցե նույնիսկ աղջիկներին դուր գալու տարբերակ, բայց, իհարկե, ոչ իրական քաղաքական նպատակ կամ ծրագիր: Կամ, եթե վերադառնանք մեր բոլորի կողմից սիրելի Բաղրամյան 26 և ենթադրենք, որ հավաքվել ենք դրա դիմաց՝ պատուհանները քարերով ջարդելու վճռական պատրաստակամությամբ, ապա, արդյո՞ք վստահ ենք, որ այս հույժ ռաՁիկալ գործողության արդյունքում իշխանությունն իրոք թուլանալու է, թե՞ գուցե հակառակը՝ ամրապնդելու է իր դիրքերը: Եթե իշխանությունն այդ գործողությունից չի թուլանալու կամ եթե, առավել ևս, ուժեղանալու է, ապա նման «վճռական» ռաՁիկալզիմի քաղաքական գինը զրո լումա է:

Մի կտոր ռաՁիկալիզմ՝ անուշիկ քնից առաջ

Այն, որ ցուցադրական ռաՁիկալիզմը որոշակի պահանջարկ և առաջարկ ունի մեր հանրային խոսքում, զարմանալի չէ: Այդ հանրային խոսքը ձևակերպող, տարածող և սպառող հասարակական կարևոր շերտը հայաստանյան քաղքենի մտավորականությունն է (քաղքենի եմ գրում, որպեսզի ընթերցողին չծանրաբեռնեմ՝ գաղութային, բնիկային վերնախավ՝ ավելի գիտական եզրերով), որի բնութագրիչ հատկանիշն է ապրել և գործել ինչ-որ բան թվալու, երևալու, այլ ոչ թե իրապես լինելու համար: Ասում են, թե Փարաջանովը մի անգամ վրացիներին անվանել է դեկորատիվ ազգ: Չգիտեմ՝ իրո՞ք այդպես ասել է մեծ ռեժիսորը, թե ոչ, բայց դեկորատիվ բնութագրիչն ավելի քան սազում է հայ քաղքենի մտավորականությանը: Դեկորատիվ այդ շերտի տարբեր պարապ խաղալիքների շարքում՝ «եվրոպացի խաղալ», «արիստոկրաԾիա խաղալ», «հեղափոխություն խաղալ», «ռաՁիկալիզմ» խաղալն իր պատվավոր տեղն է զբաղեցնում: Ասենք, մարդը հոգնած գալիս է տուն պետական գործից կամ էլ հերթական «արտ» սրճարանում կապուչինո խմելուց, կամ էլ խաշի սեզոնի բացումից, կամ, ծայրահեղ դեպքում՝ օրվա մի կտոր քյաբաբն ուտելուց հետո, միացնում է համակարգիչը («քնանալուց առաջ քիչ մը ազգի մասին ալ խորհենք» սկզբունքով), հույժ ռաՁիկալ գրառում է կատարում ֆեյսբուքում, կամ էլ հավանում ու տարածում է հերթական ռաՁիկալ մի առաջարկ՝ մյուս օրը նույն հերթականությամբ՝ գործ, սրճարան, քյաբաբնոց, ռաՁիկալ ստատուս, անուշիկ քուն շրջանը կրկնելու համար: Կախված այդ օրը շեֆի հետ հարաբերությունների վայրիվերումներից, կապուչինոյի քաղցրությունից, ալկոհոլի քանակից, եղանակային պայմաններից՝ ռաՁիկալիզմի չափը կարող է տարբերվել: Բայց մի բանում համոզված կարող ենք լինել, որ վճռական զինված պայքարի կամ բոլորին վառելու կոչ անող ռաՁիկալը հենց մյուս օրը չի պատրաստվում զենք գործածելու կուրսերի այցելել, իր նմաններին համախմբել, ընդհատակյա կառույցներ ստեղծել և, ի վերջո, լեռներ բարձրանալ Կալաշնիկովը ձեռքին՝ հանուն հայրենիքի ազատագրման «այս սրիկաներից»: Այդ առումով նա ամենևին էլ նման չէ իր ազնիվ նախնուն՝ 19-րդ դարի կամ 20-րդ դարի սկզբի հայ մտավորականին, որն իր քաղաքական վճռականությունն ապացուցում էր անձամբ և հաճախ՝ կյանքի գնով (կզարմանա՞ք, եթե հիշեցնեմ, որ ֆիդայական պայքարի ղեկավարների մեծ մասը երիտասարդ արևելահայ մտավորականներն էին, այլ ոչ թե, ասենք, կինոյից դուրս եկած Ռեմբոներ):

Աշխարհի ամենաազատ երկիր՝ Հայաստան

Նման պահանջարկը, բնականաբար, ծնում է առաջարկ, ընդ որում՝ վերջինս՝ երկու առումով: Նախ՝ պահանջարկը սպասարկվում է հերթափոխն իրար հանձնող ռաՁիկալ գործիչների շարքի միջոցով, որոնց անուն-ազգանունները փոխվում են, բայց դերը քաղաքական դաշտում մնում է նույնը: Ընդ որում՝ քանի որ քաղքենի մտավորական լսարանը նաև մանկան պես անմեղ է, ապա, ռաՁիկալ գործչի գործը շատ բարդ էլ չէ: Այսպես, կարելի է նույն անհեթեթությունն առաջարկել անվերջ, տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, ու չնայած այդ անհեթեթությունը կարող է մանրամասն հերքվել փաստարկներով, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Օրինակ, վերջին երկու-երեք տարվա մեջ գարուն-աշուն փուլերով կրկնվող ռաՁիկալ առաջարկների ցանկում է՝ «եթե իրենք իրոք ռաՁիկալ են, ապա թող ԱԺ մանդատները վայր դնեն»՝ հույժ վճռական ձևակերպումը (ծափե՜ր, այոնե՜ր, ոգևորության արցունքնե՜ր): Կարելի է 50 անգամ մանրամասն բացատրել, թե որքան անհեթեթ, քաղաքականապես անարդյունավետ, միայն իշխանությանն այս պահին ուժեղացնող քաղաքական առաջարկ է դա, բայց, միևնույն է, կգտնվեն մարդիկ, որոնք առանց Ա-ին հետևող Բ-ն մտածելու, այսինքն՝ առանց իրապես պատկերացնելու նման առաջարկի իրագործման բոլոր հետևանքները, կհամարեն սա մի այլ կարգի իրապես արմատական գործողության առաջարկ: Ինչո՞ւ, որովհետև քայլերի իրական բովանդակությունը, ներքին տրամաբանությունը, հետևանքները քննելու փոխարեն՝ կարևորվում է դատարկ ձևը, դեկորացիան:

Ավելին, դուք կարող եք չհավատալ, բայց եթե, օրինակ, վաղը Հրանտը հայտարարի, որ իշխանափոխության պահանջին ի նպաստ՝ կոչ է անում բոլորով ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում (իհարկե, ժանրի ավելի մաքուր կանոնները պահելու համար Հրանտը պետք է ոչ թե ինքն իր կամ էլ իր յուրայինների, այլ, նախ՝ ուրիշներին ինքնահրկիզվելու կոչ անի՝ հապացույց նրանց «ճշտով», «իրոքից» ռաՁիկալ լինելու, բայց՝ չմանրանաք), ապա այս ամենի ամենազավեշտալի հետևանքը կլինի ոչ թե այն, որ Հրանտի այդ խոսքը կարժանանա նախկին բարձրաստիճան ոստիկանի դրվատանքի (յանի՝ ես Հրանտի հայացքները չեմ կրում, բայց հարգում եմ նրա իսկական ընդդիմադիր լինելն՝ ի տարբերություն այն չինքնահրկիզվող սրիկաների), և ոչ թե այն, որ իշխանության կողմից վերահսկվող բոլոր հայտնի լրատվամիջոցները կգովազդեն Հրանտին՝ որպես մեծատառով հայրենասեր, այլ այն, որ անկեղծորեն ընդդիմադիր տրամադրված մարդիկ ոչ միայն Հրանտի խոսքի արժեքը կասկածի տակ չեն դնի, այլև ոգևորված կհավանեն ե՛ւ ոստիկանի գրառումը, ե՛ւ համապատասխան լրատվամիջոցների նյութերը՝ մտքի ծայրով չանցկացնելով, թե դրանց ինչի՞ն է պետք որևէ քայլի գովազդը, եթե դա իրապես վտանգում է իշխող խմբի դիրքերը:

ՌաՁիկալիզմի պահանջարկին ընդառաջող քաղաքական առաջարկի մյուս կողմը հենց իշխանական քարոզչությունն է: Այդ առումով վերջինս վաղուց հասունացել է ու հասել «այն, ինչ ինձ չի սպանում, ուժեղացնում է ինձ» պարզ մտքի գիտակցությանը, և լայնորեն շահագործում է ցուցադրական ռաՁիկալ խոսքը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ խոսքը հենց իր՝ իշխանության դե՞մ է ուղղված, և անկախ այն բանից, թե տվյալ ռաՁիկալ առաջարկի հեղինակն անկե՞ղծ է գործում, թե՞ քաղաքական թատրոնի ծաղրածուներից է: Ոչ պակաս զավեշտալի իրավիճակներ են առաջանում նաև այստեղ: Հայաստանն իրոք մի երկիր է, ուր ամեն բան հնարավոր է: Օրինակ, մարդը կարող է Միքայել Մինասյանի լրատվական կայսրության հիմնասյունային կայքերից մեկում բարձր պաշտոն զբաղեցնելով՝ ֆեյսբուքում ակտիվ գրառումներ անել՝ ռաՁիկալ հակաիշխանական կոչերով կամ ռաՁիկալ ընդդիմադիր գործողությունների հավանությամբ ու քարոզով: Պատկերացրեք, ի զարմանս իրավիճակը Մարսից դիտարկող անկախ դիտորդական առաքելության՝ նրան այդքանից հետո գործից չե՛ն հանում, աշխատավարձը չե՛ն իջեցնում, նկատողություն չե՛ն անում, բայց դա էլ  դեռ ոչինչ, նա հասարակական պարսավանքի էլ չի արժանանում և շարունակում է համարվել ազնիվ մարդկանց ողջույնի արժանի նույնքան ազնիվ և արժանավոր մարդ՝ ֆեյսբուքյան քաղքենիամտավորականության դասակարգի պատվավոր անդամ, ստատուսագիր և քոմենթագիր՝ բարոյականության մեծն ուսուցիչ և այլն:

Այ թե իրոք հրաշքների երկի՜ր:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենաները այրել է «100-ամյակն առանց ավտոների» շարժու՞մը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն’