‘Խմբագրական. Ձեզնմաննե՞րն են հոխորտացել-հոխորտացել ու նետվել պատմության աղբանոցը’

2601

Տարօրինակ կլիներ, եթե որեւէ պետության ղեկավար, որին ժողովուրդը չի ընտրել, այլ ինքն է բազմաթիվ կեղծիքների միջոցով հասել երկրի նախագահի աթոռին, կամ` ժողովուրդն ընտրել է որոշակի ժամկետով, իսկ ահա այս ընտրյալը որոշել է հավերժ սոսնձվել նախագահի աթոռին, ի պատասխան իր հրաժարականի պահանջի` ընդառաջ գնար հասարակությանը եւ հրաժարական տար: Եթե հասարակության պահանջը նմանների համար կարեւոր լիներ, սրանք անօրինական ճանապարհով իշխանությունը չէին զավթի կամ չէին որոշի, որ իրենք են Ալֆան ու Օմեգան:

Ու քանի դեռ օղակը շատ չի սեղմվել, բոլոր այս կարգի` ծայրահեղ բռնապետական, թե մի քիչ պակաս բռնապետական պետություններում իշխանությունները` մինչեւ հրաժարական տալն ու երկրից ծլկելը (լավագույն դեպքում)` թութակի պես կրկնում են նույն տեքստը, ըստ որի` մտադիր չեն լքել իրենց պաշտոնը, ղեկավարելու են մինչեւ իրենց տրված ժամկետը, ժողովուրդն իրենց կողքին է եւ այլն: Դե, սիրասուն հայրենիքի հանդեպ պատասխանատվության ու սրա նման հուզաթաթախ ճամարտակություններն էլ «պարտադիր ծրագրի» անբաժանելի մասն են: Եվ որքան ավելի ուժգին է սկսում երերալ սրանց ոտքի տակի հողը, հոխորտանքներն ավելի ու ավելի տղայական են դառնում, այսպես ասած` շարմազանովյան «համեմունքներով»:

Վերջին տարիներին այդպես հոխորտացին-հոխորտացին, օրինակ, Եգիպտոսի, Լիբիայի, Ուկրաինայի նախագահները, եւ հիմա նրանք որտե՞ղ են…Մեկը բանտում է, մյուսին դաժանաբար սպանեց այն նույն ժողովուրդը, որն, ըստ Լիբիայի ղեկավարի պնդման` իր հետ էր («Ես կհաղթեմ, որովհետեւ ժողովուրդն ինձ հետ է». Մուամար Քադաֆի), երրորդը հասցրեց ծլկել երկրից:

Ամենաթարմ օրինակը Բուրկինա Ֆասոն է: Այս երկրի ղեկավարը, որը ոչ ավել-ոչ պակաս` 27 տարի բազմած էր նախագահի աթոռին, մտադիր էր երկարաձգել իր իշխանության տարիները, եւ քանի որ շատ «ժողովրդավար» նախագահ էր, որոշել էր սահմանադրական փոփոխությունների միջոցով (Սերժիկ Սարգսյանի նման), ասել է թե` «օրինական» ճանապարհով հասնել իր նպատակին: Սրա խոփն էլ քարին առավ. ժողովուրդը դուրս եկավ փողոց ու ընդվզեց: Այն էլ ինչպե՜ս ընդվզեց. ներխուժեց խորհրդարան ու հրկիզեց այն «կանտորան», որը պետք է «դակեր» ցմահ նախագահ մնալու Բլեզ Կամպաորեի բաղձանքը: Իր հրաժարականի եւ երկրից ծլկելու նախորդ օրը Բուրկինա Ֆասոյի նախագահը դեռ հոխորտում էր, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Բայց լքե՛ց: Հենց իր այդ հայտարարության հաջո՛րդ օրը լքեց: Ո՛չ միայն պաշտոնը, նաեւ` երկիրը:

Հայաստանի իշխանություններն էլ են դեռ հոխորտում: Պարզվում է` սրանց էլ է ժողովուրդը (հանրույթը, էլի) ընտրել, ժողովուրդն (է՛ն էլի, որ ասացի` հանրու՛յթը) իրենց կողքին է, իսկ Ազատության հրապարակում հավաքվող հարյուր հազարները մի «ընդդիմության ընդդիմադրի» (մենք հո Բուրկինա Ֆասոյի թայը չենք, որ միայն իշխանությանն ընդդիմադիր լինենք` բազմահազարամյա, բազմաչարչար, բազմախելքի ծով ազգ ենք) ասած` «հակահանրույթ» են:

Չգիտեմ` Բուրկինա Ֆասոյում ոնց է, բայց մեզ մոտ ո՛չ միայն իշխանություններն են հոխորտում, նաեւ «հանրույթի՛» մատույցներից են ձայներ լսվում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարական տվողը չեն: Հիմա թե` սա «հանրույթի» թաքուն ցանկությունն է, թե` շարմազանովների հոխորտանքներն են ազդել այս մարդկանց նյարդային համակարգի վրա` պատմությունը հետո կպարզի: Իսկ որ`հոխորտանքն ուժի եւ ինքնավստահության նշան չէ, այլ պարզագույն վախի (արջն իր ահից է գոռում), սա վաղուց ի վեր է հայտնի:

Մնում է` «հանրույթը» հասկանա, որ իր «արդար» պայքարը «հակահանրույթի» դեմ` շատ օրիգինալ կեցվածք է, բայց այդ ճանապարհը տանում է մինչեւ բաբուխանյանական մեդալակրի կարգավիճակ, կամ էլ` լավագույն դեպքում` որեւէ օտարերկրյա դեսպանատանը «քամփընի»-ով վայելք, բայց ո՛չ երբեք` իշխանափոխության, իսկ իշխանությունն էլ հասկանա, որ հոժարակամ եւ առանց երկիրը ցնցումների ենթարկելու հեռանալը «մեղմացուցիչ դեպք հանցանաց» է:

Չեն հասկանա` մեղքն իրենց վիզը:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործը ուղարկվել է Վճռաբեկ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Ղարիբյանին կհուղարկավորեն Հայաստանում’