‘Խմբագրական. Ձմեռ է գալու, թեժ է լինելու ‘

2681

Եթե նկատել եք, իշխանությունների կողմից ներդրվող նորարարությունների զգալի մասը թղթերով` բարեփոխում է: Թղթերով հաճախ ամեն ինչ կարգին է թվում, հաճախ ներդնում են այնպիսի նորամուծություններ, որոնք վաղուց գործում են Արևմտյան կայացած երկրներում, և այդ երկրներում կարծես թե` նորմալ են գործում: Այդ դեպքում՝ կարող է հարց ծագել` ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ է հանրությունն ընդվզում ոչ միայն այն նորամուծությունների դեմ, որոնք ակնհայտորեն ի վնաս հանրության են: Պատճառը պարզ է: Հանրությունը չի վստահում իշխանություններին: Հանրությունը գիտի, որ թղթի վրա գրվածն այս իշխանությունների համար իրականում ոչինչ է: Հանրությունը գիտի, որ իրականում իշխանությունը յուրաքանչյուր նորամուծություն անում է միայն սեփական գրպանը հարստացնելու կամ էլ` սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Հանրությունը շատ լավ գիտի, որ իրական Հայաստանը որևէ առնչություն չունի օրենսդրական Հայաստանի հետ: Իրական Հայաստանը խաղի այլ կանոններով է ապրում:

Հենց այդ պատճառով էլ այսօր Հայաստանում իշխանությունների հանդեպ տոտալ անվստահությունը հասել է աննախադեպ չափերի: Իսկ սա արդեն իշխանությունների համար ախտորոշում է. ապրելու շանս չունեն: Որովհետև ընդվզում են արդեն նրանք, ովքեր մինչ այս լուռ էին, չեզոք էին, հարմարվող էին, թեթև իշխանամետ էին, վախենում էին, նրանք, ովքեր կարծում էին, թե անարդարությունը երբեք իրենց դուռը չի չոքելու: Շոու-բիզնեսի աստղերի մի մասի որակումներն այսօր անգամ շատ ավելի սուր են, քան այն, ինչ հնչեցնում էր Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակից:

Անշուշտ՝ եթե նրանք բոլորը շատ ավելի վաղ գիտակցեին գալիք վտանգը, դանակը ոսկորին չէր հասնի: Բայց մարդկային մի տեսակ կա, որ մինչև ջուրը սեփական դռանը չհասնի, ջրհեղեղին չի հավատա: Աղետն արդեն հասել է գրեթե բոլորին:

Երբ ջուրն առաջին հարկում էր, վերևի հարկի բնակիչները քամահրանքով անցնում էին ջրի կողքով` մտածելով, թե ջուրը հենց միայն առաջին հարկում ապրողների համար է: Երբ առաջին հարկի բնակիչներն ասում էին` եկեք միասին սա կանխենք, հակառակ դեպքում ամբողջ շենքն է մնալու ջրի տակ, նրանք անհողդողդ էին:

Հետո ջրից արթնացան երկրորդ, երրորդ հարկի բնակիչները, հետո ջուրը բարձրացավ էլի ու էլի, և 20 հարկանի շենքի 17-րդ հարկի բնակիչներն անգամ, որ ամենամոտն էին համարվում 20-րդ հարկի բնակիչներին, սարսափած տեսան, որ ջուրն իրենց է հասել: Ու քանի որ հայտի էր, որ բարձրացող ջրի կափույրները հենց 20-րդ հարկի բնակիչներն են բաց թողել, հատկապես ամենավերևի հարկերում ապրողներն սկսեցին գոռալ. «Սա ի՜նչ է, դանակները վերցրեք՝ գնանք 20-րդ հարկի բնակիչներին մորթենք»:

Եւ դա՝ այն դեպքում, երբ շենքի պատերը ներծծվել էին ջրով, ու արդեն ոչ թե բնակիչների անվտանգության, այլ շենքի ամրության, լինել-չլինելու հարցն էր առաջացել:

Մոտավորապես այսպես կարելի է պատկերավոր նկարագրել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումն այլևս վաղուց նորություն չէ: Իշխանություններն արդեն դժվարությամբ են նոր ոլորտներ գտնում, որտեղ հնարավոր կլիներ մեկ անգամ ևս ոտնահարել քաղաքացիների իրավունքները: Հիմա հերթը հասել է երկրին:

Ու էական չէ, որ վերևի հարկի բնակիչներն իրենց իրավունքների համար արթնացել են այն ժամանակ, երբ ամբողջ շենքի գոյությունն է վտանգի տակ: Էականն այն է, որ այլևս դժգոհ են բոլորը: Ամեն մեկն իր ձևով, ամեն մեկն իր  խնդրով, ամեն մեկը իր հասկացած-պատկերացրածով: Բայց բոլորը դժգոհ են, և երկրում տոտալ անվստահության մթնոլորտ է տիրում: Առայժմ՝ տեղ-տեղ ժայթքումներով, բայց՝ արդեն շիկացած: Ճիշտ այնպիսի մթնոլորտ, ինչպես հրաբխի մոտ` մեծ ժայթքումից առաջ:

Հ.Գ. Ձմեռ է գալիս: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ձմռանը թեժ է լինելու:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» — «Բավարիա» և ևս 4 հանդիպումներ որոնք չարժե բաց թողնել’