‘Խմբագրական. «Ճիշտը մի հատ ա»՝ այս իշխանություններից ազատվելը ‘

2353

Հայաստանի քաղաքական դաշտում մի զարմանալի անդորր ու, միաժամանակ՝ աժիոտաժ է տիրում: Բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ առիթը բաց չեն թողել՝ ընդդիմադիր դաշտը մենաշնորհելու մեջ Կոնգրեսին մեղադրելու համար, անգամ այսօր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց առաջարկեց մինչեւ Կոնգրեսի կողմից հրապարակային պայքարի վերսկսումը գործ անել, կարծես գրոգի մեջ են: Տարիներ շարունակ նրանք բոլորը՝ արեւմտամետները, ռուսամետները, չինամետները, ծայրահեղկանները, ազգայնականները, պացիֆիստները, Կոնգրեսին նույն մեղադրանքն են ներկայացրել, ու հիմա, ինչպես եւ նախկինում, երբ հրապարակն առժամանակ ազատ է, եւ իրենք լիովին հնարավորություն ունեն անել այն ամենը, ինչը, իրենց կարծիքով, Կոնգրեսը չի արել, այդ մարդիկ չեն շտապում հրապարակը լցնել:

Եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ այս պարագայում՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ, կամ արդյո՞ք Կոնգրեսը մինչեւ այժմ միշտ ճիշտ մարտավարությամբ է առաջ շարժվել. խնդիրն այն է, որ քո կարծիքով՝ ուրիշի սխալը ցույց տալու համար, առաջին հերթին՝ ոչ թե պետք է անդադար ասել, թե դու սխալ ես, դու սխալ ես, դու սխալ ես, դու վատն ես, դու վատն ես, դու վատն ես (քաղաքական այս մանտրան կարծես շատերին է «տարել»), այլ անես կոնկրետ գործողություններ, որոնց ֆոնին կերեւա, այս դեպքում՝ Կոնգրեսի մարտավարության սխալականությունը: Բայց խոստովանեք, որ դժվար է մեկին մեղադրել սխալ քայլեր անելու մեջ, եթե դրան ոչինչ չես հակադրում, սխալն էլ հո մաթեմատիկական հաստատուն երեւույթ չէ, հո դոգմա չէ, որ ի սկզբանե որոշվի, որ այս ու այս բաները սխալ են, ու վերջ: Սխալը սխալ է լինում համեմատության մեջ:

Եթե չկա ճիշտը, ապա ինչպե՞ս հասկանալ՝ որն է սխալ: Եթե դու գնում ես մի ճանապարհով, ու մեկն ասում է, որ սա սխալ ճանապարհ է, ապա այդ մեկն առնվազն պետք է մատնացույց անի ճիշտ ճանապարհը, բայց եթե այդ ճիշտ ճանապարհը մատնացույց չի արվում, ապա ստացվում է, որ մարդը ուղղակի ջուր է պղտորում, իսկ ճանապարհն էլ, որը սխալ է հռչակվել, ոչ թե սխալն էր, այլ՝ միակը: Կոպիտ ասած՝ առնվազն երկու ճանապարհ պիտի ունենաս գնալու, որպեսզի համեմատես եւ հասկանաս, թե նրանցից որն է սխալ, որը՝ ճիշտ, կամ՝ որը հարմար, որը՝ պակաս հարմար: Բայց եթե ունես մի ճանապարհ, ու անգամ եթե այն ճանապարհ էլ չէ, այլ մի փոքրիկ ուղի, որն անցնում է անդունդների կողքով, ապա դու կամ պետք է գնաս դրանով, կամ՝ ոչ: Ասել է թե՝ ոչինչ չանես ընդհանրապես: Դե իհարկե, եթե չանես ոչինչ, ապա սխալ էլ երբեք չես անի:  

Եւ հիմա, երբ եկել է ճիշտ ժամանակը, որ բոլորը մատնացույց անեն այդ ճիշտ ճանապարհը, ավելին՝ գնան այդ ճիշտ ճանապարհով, պարզվում է, որ էլի մատնացույց անող չկա: Նրանք, ովքեր պիտի մատնացույց անեին դա, էլի հին երգն են երգում՝ բա դուք ինչի՞ սա արեցիք, էս որ արեցիք՝ շատ վատ էր, շատ սխալ էր: Այ եղբայրներ, հա, ենթադրենք՝ Կոնգրեսը միշտ սխալվել է, միշտ, ենթադրենք՝ վատն է, շատ վատը, (միշտն ու շատն էլ՝ ձեզ փեշքեշ), բայց եկեք հասկանանք՝ դուք ի՞նչ եք անում: Արե՛ք:

Ընդ որում՝ պետք է նաեւ հասկանալ մի պարզ իրողություն: Ճանապարհի սխալն ու ճիշտը որոշելու համար, նախ, պետք է հասկանալ՝ արդյո՞ք բոլորը դեպի նույն նպատակն են ցանկանում գնալ: Կոպիտ ասած՝ եթե մեկի երազանքը իրապես ազատ ու անկախ Հայաստան ունենալն է, մյուսինը՝ Ռիո դե Ժանեյրոն, ապա բնական է, որ երկրորդի համար առաջինի ընտրած ճանապարհը ամեն դեպքում ու միշտ սխալ է լինելու, որովհետեւ այդ ճանապարհը, իր կարծիքով՝ դեպի սխալ տեղ է տանելու: Եթե մի «ընդդամադիրի» կարծիքով պայքարի թիրախը ոչ թե Սերժ Սարգսյանը պետք է լինի, այլ՝ Պուտինը, թիրախը ոչ թե Հայաստանում իշխանափոխություն անելը պետք է լինի, այլ՝ արտաքին քաղաքական այս կամ այն խնդիրը լուծելը, ապա բնական է, որ Սերժ Սարգսյանի իշխանական ռեժիմի տապալմանը միտված ցանկացած քայլ համարելու է սխալ: Եւ ուրեմն, եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը:

Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա ակնհայտ է, որ անգամ մենակ մնալով՝ Կոնգրեսը չի դադարելու պայքարել իշխանական ռեժիմի դեմ: Թող ոչ ոք հույս չունենա, թե Կոնգրեսը «ցրվելու է տներով», եւ իրենք էլ այդ դատարկության ֆոնին վերջապես «ստանալու են գլխավոր» դերը: Կոնգրեսը պայքարում ու պայքարելու է: Անկախ այն հանգամանքից, թե ում դա դուր կգա, ում՝ ոչ: Իսկ թե կան այնպիսիք, ովքեր Կոնգրեսի ընտրած ուղիները սխալ են համարում, ապա ճիշտ ժամանակն է՝ հարթակ բերեք ձեր ճիշտ ուղիները, «կակռազ» հրապարակը առժամանակ ազատ է: Թե չէ, եթե էդ երկու ամիսն էլ վատնեցիք Կոնգրեսին քննադատելու համար, ապա չեք էլ նկատի, թե ինչպես ժամանակը անցավ, ու Կոնգրեսը նորից վերսկսեց հանրահավաքային պայքարը, իսկ դուք էլ մնացիք էլի Սերժի ԺԷԿ-ից ընդդիմադիրի թուղթ ստանալու հերթի հույսին:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ 2015-ի երկու ամիսներին օդային ճանապարհով մեկնել եւ չի վերադարձել 11536 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Համայնքի ղեկավարին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ ‘