‘Խմբագրական. «Ճոխ զավտրիկն» ու «պլոտնի ուտելը»՝ Հ. Աբրահամյանի քաղաքական տեսլականներ’

2562

Քչերն են, թերևս, որ իրենց կյանքով ապացուցել են սեփական ամենահայտնի ասույթ-աֆորիզմի իսկությունը։

Հովիկ Աբրահամյանն այդ քչերից մեկն է, որի անձն ու գործունեությունը փայլուն ապացուցում են նրա մտքի այն գոհարը, թե՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ Եթե անգամ ընդունենք, որ այդ բանը սեփական օրինակներով հաստատում են նաև նրա բազմաթիվ կուսակիցներ, միևնույն է, այդ շարքում նա մնում է առաջինը։Մի այլ առիթով էլ դրան հավելել է, թե խելք պետք է գործարարությամբ զբաղվելու համար։ Ու քանի որ ինքը շատ խելք ունի, իսկ քաղաքականության մեջ դրա կարիքը չկա, ահա նա էլ քաղաքական ինչ պաշտոնում էլ աշխատել է, այդ խելքն օգտագործել է գործարարությամբ զբաղվելու համար։

Հ. Աբրահամյանն իր կուսակիցներից շատերի (գուցե՝ բոլորի՞) նման բացարձակ չի հասկանում, թե ինչ բան է քաղաքականությունը՝ որպես այդպիսին։ Կամ՝ հասկանում է բոլորովին յուրովի, և նրա հասկացած «քաղաքականությունը» ամենաչնչին աղերս իսկ չունի աշխարհում ընդունված «քաղաքականություն» հասկացության հետ։ Նրա պատկերացմամբ ու վկայությամբ, օրինակ, քաղաքական առօրյայի բարձրակետերից է «ճոխ զավտրիկը» կամ «պլոտնի ուտելը»։ Սա էլ, իր հերթին, վկայում է, որ ինչ-որ տարիքում ուրիշների «ճոխ զավտրիկը» նրա համար տևական ժամանակ եղել է նախանձի առարկա, և «պլոտնի ուտելը»՝ որպես երանելի վիճակ։ Այդ ամենը նրա ներաշխարհում և էության մեջ կարծրացել, դարձել է անօտարելի մի բարդույթ, որից չի կարող ազատվել, թեկուզ (հիմա արդեն) վաղեմի այդ երազանքն ու երանելի վիճակը կրկնվեն օրական չորս անգամ։

Այն, որ Հ. Աբրահամյանն, իրոք, բացարձակ չի հասկանում, թե ինչ բան է քաղաքականություն, իսկ նրա էությունն էլ այլ բան չէ, քան «մթռուբության» մակարդակի ընչաքաղցությունն ու ագահությունը, մենք չէ՝ որ ասում ենք։ Այդ մասին, միմյանցից բացարձակապես անկախ, սեփական ապացուցողական բազայի վրա հենվելով՝ ասում են «գործը քննող» երեք շատ տեղյակ դատավորներ։ Արդ, ընթերցողի վզին չփաթաթելով մեր սուբյեկտիվ կարծիքը՝ ստորև ներկայացնենք այդ դատավորների՝ հավաստիության իմաստով անկասկածելի պնդումները։

ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզության տվյալները այդ երկրի կառավարությանն են փոխանցվել Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Էվանսի, Մարի Յովանովիչի և ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի գաղտնի զեկուցագրերում։ Այդ փաստաթղթերը ժամանակին հրապարակել է «հայտնի «Վիկիլիքս» կայքը։ Այստեղ միջանկյալ ասենք, որ անհնար է կասկածել այդ փաստաթղթերի հավաստիությանը։ Դեսպանները պարտավոր են իրենց կառավարությանը տալ հարյուր անգամ ստուգված, ճշգրիտ տեղեկատվություն։ Հակառակ դեպքում՝ նրանք պիտի համարվեին ձախողված և պաշտոնանկ արվեին։ Այսինքն՝ դրանցում Հ. Աբրահամյանին վերաբերող տեղեկությունները ևս հարյուր անգամ ստուգված ու հավաստի են։

Եւ այսպես, ԱՄՆ հետախուզության տվյալները հիմնականում համընկնում են նաև մեր հասարակության մեջ տարածված պատկերացումներին։ Գաղտնի այդ փաստաթղթերում Հովիկ Աբրահամյանը բնութագրվում է որպես «անկիրթ, կիսագրագետ ու գավառամիտ ֆիգուր, հանկարծակի հարստացած մի գռեհիկ անձնավորություն՝ հակված կեղտոտ փողերի քաղաքականության, պետության վարչական ռեսուրսների շահագործման և նենգ պատեհապաշտության»։  «Մեր կոնտակտները նրան պարզամիտ ավազակ են համարում»։ (Ջոզեֆ Փենինգտոն)։

Բոլորին է հայտնի, որ Հ. Աբրահամյանն է ավազակապետության պահպանման համար ստեղծված ընտրակեղծարարության մեքենայի կոնստրուկտորը։ Որպես 1998թ. ի վեր «Ռոբերտ Քոչարյանի և Հանրապետական կուսակցության օգտին կատարած լայնածավալ ընտրակեղծարարության»  ճարտարապետ է նրան ներկայացնում ԱՄՆ դեսպան  Ջոն Էվանսը։

Մարի Յովանովիչը նրան բնութագրում է որպես «տիպական ներկայացուցիչը Հանրապետական քաղաքական գործիչների…. քաղաքական օլիգարխների, ովքեր քաղաքական իշխանությունն օգտագործում են իրենց գործարարական շահերն սպասարկելու նպատակով, կամ հակառակը»։

Դեսպանները տեղեկություններ են հաղորդում նաև Հ. Աբրահամյանի ապօրինի ձեռք բերած ահռելի ունեցվածքի՝ գործարանների, լայնածավալ հողերի մասին։ ԱՄՆ հետախուզության տվյալներով ակնարկվում է, որ նա իր թալանած ունեցվածքով երրորդ տեղն է զբաղեցնում։

Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն ու բնութագրականն այն է, ինչի մասին ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերի տասնյակ էջերում բառ անգամ չկա։ Դա Հ. Աբրահամյանի որևէ կապը, աղերսն է քաղաքականության, քաղաքական հայացքների, սկզբունքների, որակների հետ և այլն։ Չեղած բանի մասին ի՞նչ գրեն ։

Ռուսական հետախուզություն

Ամերիկյան փաստաթղթերը շատ են, քանի որ մի քանի տարի առաջ Պետդեպից  ինֆորմացիայի մեծ արտահոսք եղավ։ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունից նման հսկայածավալ արտահոսք չի եղել։ Բայց այն, ինչը Ռուսաստանում ինչ-ինչ պատճառով հարմար են համարել հրապարակել, կազմակերպվել է որպես այդպիսի «արտահոսք» ։ Հենց այդպիսի մի նյութ «Հայաստանը թալանողները» վերնագրով հոդվածաշարում ռուսական մամուլում հրապարակվեց դեռ 2010 թվականին։

Հետաքրքիր է, որ ռուսական հետախուզության տվյալները հիմնականում համընկնում են ամերիկյանին։ Այստեղ ևս Հովիկ Աբրահամյանը համարվում է ընտրակեղծարարության կենտրոնական ֆիգուրը. «Աբրահամյանը եղել է 2003 թվականի նախագահական ընտրությունների հիմնական կեղծարարներից մեկը»։ Ըստ ռուսական տվյալների՝ նա է մտահղացել խաղաղ ցուցարարների դեմ խոշոր գործարարների թիկնապահների օգտագործման կեղտոտ գաղափարը. այս կերպ (փաստորեն՝ քրեական հանցավորությամբ) իշխանության հետ կապված գործարարների համար արդեն դժվար կլիներ «ազատ թփրտալ»։ Սակայն այստեղ ավելի շատ ուշադրություն են դարձրել ոչ այնքան նրա անձնական որակներին, այլ ունեցվածքի համեմատաբար լրիվ ցանկը կազմելուն։ Դա տպավորիչ ցանկ է 2010թ. դրությամբ (տես https://www.ilur.am/news/view/28975.html ), որից հետո այն, անշուշտ, ավելացել է։

Իր՝  Հովիկ Աբրահամյանի վկայությունները

 Անշուշտ, նա ոչ մի տեղ չի ասել, թե ինքն է Հայաստանում գործող դժոխային ընտրակեղծարար մեքենայի կոնստրուկտորը կամ ճարտարապետը։ Բայց նա և իր ընտանիքի անդամները («փոխկապակցված անձինք») արդեն քանի տարի, օրենքի պահանջով գրում են հայտարարագրեր ունեցվածքի և տարեկան ստացած եկամուտների մասին։ Դրանք գրավոր փաստաթղթեր են, որոնք ստորագրված են Հ. Աբրահամյանի ու նրա կնոջ կողմից։

Իրական ունեցվածքի համեմատ՝ այդ փաստաթղթերում, անշուշտ, չնչին բան է հայտարարագրված՝ հարյուրավոր անգամ պակաս իրականից։ Բայց անգամ հարյուրավոր անգամ պակաս հայտարարագրված նրանց ունեցվածքն ու եկամուտները, որ արտահայտված են միլիոնավոր դոլարներով, բավական են մի շարք պնդումների համար։

Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Հ. Աբրահամյանը, Սահմանադրության պահանջով, բիզնեսով զբաղվելու իրավունք չի ունեցել։ Մինչդեռ այդ նույն տարիների համար նա իր իսկ ձեռքով հայտարարագրել է միլիոնավոր դոլարների ունեցվածք և եկամուտ։ Եթե չկա դրա օրինական աղբյուրը, ուրեմն՝ այն կարող էր ծագել կա՛մ կաշառքից, կա՛մ գողությունից, կա՛մ կողոպուտից, կա՛մ ստվերային գործարարությունից։ Ըստ այդմ՝ Հ. Աբրահամյանը գրավոր խոստովանել է, որ ինքը կա՛մ կաշառակեր է, կա՛մ գող, կա՛մ ավազակ, կա՛մ էլ օրինախախտ հանցագործ։

Իր ողջ կյանքում «ճոխ զավտրիկի» և «պլոտնի ուտելու» պատանեկան երազանքներից մնացած  բարդույթով տառապող Հ. Աբրահամյանը չտեսաբար, «մկան նման» (այստեղ ժողովրդական խոսքը նկատի ունենք) հավաքել է ու չի կշտացել: Ու չի կշտանալու։ 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Խորենացի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը և Ուկրաինան դարձյալ համաձայնության չեն եկել գազի գնի հարցում’